ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ԹԱՏՐՈՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆԻՑ»

«ԹԱՏՐՈՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆԻՑ»
03.04.2012 | 00:00

Ասա` «ո՛վ» է շտաբդ, ասեմ` «ո՛վ» ես դու: Ինչո՞վ են զբաղված շտաբներն այս փուլում: Քանի որ սոցիոլոգիական հարցումներն ու Օսկանյանն անողոքաբար «պնդում» են` ԲՀԿ-ն վազանցիկ, վազապառկիկն է այս փուլում, սկսեցինք նրանից:

ԳԱՐԻ ՉԷԻՆ ԲԱԺԱՆՈՒՄ, ՍԵԼԻՏՐԱ` ՆՈՒՅՆՊԵՍ
ԲՀԿ-ն յուր շտաբն օրերս է բացել, այն միակն ու եզակին է, որ տեղակայված չէ կուսակցության գրասենյակում:
Ոչ միայն այդ, այլև մնացած «պարամետրերով» այն ահավոր սիմվոլիկ է: Մանավանդ տեղակայմամբ (հազար բարև, պարոն Օսկանյան, ինչպես ցավեցի, երբ տիկին Թամարի շարունակությամբ Ձեզ ԲՀԿ-ի շտաբում չհայտնաբերեցի` կրկին հիշելու մարտի 1-ը, Ձեր ասուլիսը. չնայած դրա կարիքը կարծես չկար էլ, Մյասնիկյանի արձանը նայում է ուղիղ ձեր շտաբի պատուհաններին, ու թե հավատանք, որ այս մեծ ու լուսավոր աշխարհում «мы все едины», ուրեմն ինքը` Մյասնիկյանի արձանը, ամեն օր, ամեն ժամ` Ձեզ կհարցնի. «Ո՞նց էր համը իմ ձագի», ու կհիշեցնի այն, ինչ ես այդ օրը չկարողացա հիշեցնել):
Բայց սիմվոլիկն էս դեպքում ո՛չ թե Մյասնիկյանի արձանն ու մարտի 1-ն էին, այլ հարևանությամբ գտնվող «Մոսկվայի տունը»: Այո, գործարանը պետք է կառուցել հումքի մոտ, ինչն էլ կոնկրետ դեպքում ապահովված էր` կուսակցական վեկտրիզացիայի և սիմվոլիկայի առումով:
Շտաբի դռանը լի՜քը ԲՀԿ-ի դրոշներ էին. մենք խրոխտ քայլեցինք դրանց կողքով ու սկսեցինք երգել` «Բարգավաճ Հայաստա՜ն, դու նոր էջ պատմությա՜ն». և ուրեմն` մենք այդ պահին մի քիչ նման էինք ԲՀԿ-ի վեցերորդ համագումարում շարքերի միջով դեպ ԲՀԿ-ի ամբիոն գնացող Գագիկ Ծառուկյանին, ու հենց այդպես էլ հաղթական մոտեցանք ԲՀԿ-ի «դռանը» (այդ օրը մենք էլի «փիս-փիս» բաներ էինք գրել ԲՀԿ-ի մասին, խմբագիրն ասել էր` գործ չունես, էսօր մի գնա ԲՀԿ: ԲՀԿ-ից պաշտպանվելու համար գեղամյանաբար կամուֆլյաժ էինք «հագել», պատրաստվել շտաբի մատույցներում ճակատամարտի, եթե ներս չթողնեն` ինչ ենք անելու, ինչպես ենք անելու, ումով ենք անելու) և ուրեմն դուռը սեղմեցի ու… հիասթափությանս չափ ու սահման չկար:
Շա՜տ մեծ նախասրահում` ոչ մի անվտանգության աշխատակից (մնացած շտաբներում կան), ոչ մի «телохранител», ոչ մեկը մեզ չի հարցնում` ինչո՞ւ ես եկել, ումո՞վ ես եկել, առաջին հարկի հսկա նախասրահը չի՞ հսկվում կարծես. հեռվում ինչ-որ մեկը պատերից կախված նկարներն էր դիտում ու ալարկոտ հարցրեց` ո՞ւր եք գնում: Մենք հաղթական բարձրանում էինք երկրորդ հարկ տանող աստիճաններով ու խիստ գործնական ասացինք` «Բաղդիկի մոտ` գործով», ինքն ահավոր հասկացող գլուխը շարժեց, իբր` գնացեք-գնացեք, ու մենք սկսեցինք «կասկածել». կարո՞ղ է, ամեն ինչ էստեղ մեր ինադու են անում:
Երկրորդ հարկում ընդհանրապես «լիբերալ» (Գուրգեն Արսենյա՞ն, Դուք ինչի շտաբում չէիք` մի հարցնեինք իմանայինք` Քոչարյանը եկե՞լ է Մոսկվայից, խոսելու-բան ասելո՞ւ է էս մի երկու օրը) մթնոլորտ էր. հսկա նախասրահում սեղաններ էին, կուսակցության «լուրջ» անդամները համակարգիչների դիմաց խորասուզված աշխատում էին, տիկին Թամարը մի պահ կտրվեց «կոմպից», նայեց մեր ուղղությամբ (մենք իր մասին էդ օրը նույնպես «փիս» բան էինք գրել), ֆիքսեց մեր ներկայությունը, կրկին խորասուզվեց այնպես, որ մոտ չգնանք, հարց չտանք, պատասխանողը չէ:

ԿԱՊԵՑԻՆՔ ՔՈՒՂԵՐԸ. ԱՅԴ ՆԱ ԷՐ
Նախընտրական «գլոբալ» խնդիրներով` սելիտրայի, գարու հարցով ստիպված էինք դիմել շտաբի պետ Վարդան Վարդանյանին: Նա «մույս» շտաբի պետերի նման քարտուղարուհի չուներ, «без галстука» (տանելի էր, թե չէ իրենց կուսակցության «պապա» Քոչարյանն առանց գալստուկի, ներեցեք` «վիզկապի», չի նայվում-ընկալվում), նստել էր նոր վերանորոգված ոչ մեծ սենյակում, գլխավերևում կախված էր Կոլյայիչի ահագին անհաջող նկարը` բոյով մեկ, ասինք` փոխեք, լավը չի, ու անցանք «հարցաքննության»:
Էս ո՞նց է գարի, սելիտրա չի բաժանվում, ոչ մի «աժիոտաժ» չկա «չորս հարյուրից հինգ հարյուր հազար» անդամ ունեցող, առաջին տեղում գտնվող կուսակցության գլխավոր շտաբում:
Երբեմնի «պարտիզանո» շտաբի պետը օլիմպիական հանդարտությամբ նախ բացատրեց, որ իրենք երբեք ու ոչ մի անգամ գարի չեն բաժանել. ինչ վերաբերում է պարարտանյութին, ապա այն չի կարելի կապել նախընտրական գործընթացների հետ. պայմանագիրը գյուղացիների հետ կնքվել է շատ վաղուց, ու քանի որ գարունը նոր է սկսվել, ինչն էլ համընկել է քաղաքական որոշակի զարգացումերի հետ, բարեգործական հիմնադրամն իր գործն է կատարում, ինչը ոչ մի կապ չունի շտաբի գործունեության հետ:
Չունի՞: Չունի՛: Բա ճակատին գիր ունեցող Սամվել Բալասանյանի «անտենանե՞րը», շարունակեցինք մենք:
Ինձնից են լսում նման բան, ասին:
«Ժերեբյովկայով» եք, էլի, համամասնական ցուցակը կազմել: Ո՛չ մի դեպքում, լրագրողական հերյուրանքներ են. առաջնահերթություններով կազմված, բավականին արդար համամասնական ցուցակ է. արձանագրեցին:
Տիկին Թամա՞րն ինչ է անում այդքան խորասույզ` ձեզանում: Քարոզարշավի նյութեր է պատրաստում` ե՞րբ ենք սկսելու, որտեղի՞ց, ի՞նչ ֆորմատով: Լա՞վ է աշխատում: Դժգոհ չենք:
Ե՞րբ եք սկսելու: Բնականաբար, ապրիլի 8-ից. բոլոր մարզերում միտինգներ ենք ունենալու Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ: Քանի՞ շտաբ ունեք: Յոթանասուն. հիսունվեցը մշտական գործող գրասենյակներում, մնացածը նոր ենք ստեղծել, գործընթացը շարունակվում է:
Մեկ է, մի տեսակ շա՜տ լուռ է շտաբում: Նպատակահարմար ենք համարում կիրառել` «ավելի շատ տեղերում, քան կենտրոնական շտաբում» աշխատանքային ֆորմատը, ամեն երեկո ամփոփում ենք տեղերի օպերատիվ արդյունքները, հարկ ենք համարել կուտակումներ չստեղծել շտաբում, բոլորին, այդ թվում և` քաղխորհրդի անդամներին, շտաբների պատասխանատուներին, ի անհրաժեշտություն ենք կանչում:
Քանի՞ անդամ ունեք: Շա՜տ: Շատ` ինչքա՞ն: Մի քանի հարյուր հազար («պարտիզանո»- հեղ.): Քանի՞ «մի քանի հարյուր»: Անդամագրումը կենդանի պրոցես է, շարունակվում է, առաջիկայում կամփոփենք, կտեղեկացնենք. աշխատելու ենք շատ բաց, թափանցիկ, ինչպես տեսնում եք:
Շարմազանովն ասում է` 37-ից 40 տոկոսն իրենցն է` ՀՀԿ-ինը, ձեզ բան չի մնում տակը, ձերն ինչքա՞նն է` ըստ ձեզ: Մենք թիվ չենք ասում. ժողովուրդն է որոշողը: Ասում են` առաջինն եք, միակն եք և վերջինը` «թյուրիմացաբար»: Ժողովուրդն է որոշողը:
Էս Օսկանյանն ո՞ւր է: Նա նույնպես ի անհրաժեշտություն է շտաբում լինում, որովհետև շատ զբաղված է. պարոն Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը քարոզարշավի ընթացքում առանձին բլոկներով ներկայացնելու են ԲՀԿ-ի ծրագրային դրույթները` ժողովրդին. մի քանի քարոզչական խմբեր ենք ունենալու, որպեսզի աշխատանքն առավել արդյունավետ լինի:
Մի՞թե. բա Հմայա՞կը. իրեն քարոզչական խումբ չե՞ք վստահել, պատասխանատվեցրել: Խմբերը ձևավորման փուլում են դեռ:
Բախումներ «նախատեսե՞լ» եք նախընտրական փուլում. արդեն ձենը գալիս է: Ո՛չ, երբեք, ո՛չ. պետք է անպայման բացառել նման զարգացումները։ Բոլոր կուսակցությունները պետք է բացառեն, անեն ամեն ինչ` հնարավորն ու անհնարն այդ ուղղությամբ:
Մյասնիկյանի արձանը շատ մոտիկ է ոնց որ. ի՞նչ հետընտրական զարգացումներ եք «նկատում»: Ո՛չ մի. շատ հանգիստ, խաղաղ ընտրություններ ենք նախատեսում, իսկ եթե նեղացածություն, կրքեր կլինեն, ակնկալում ենք, որ երկու-երեք օրվա ընթացքում հալվեն, վերանան:
Հավատո՞ւմ եք: Այո: Մնում է` փոխվեք:
-ՈՒ վստահե՛նք,- եզրափակեց «պետը»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ