«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՈՉ ՄԻ ՏԵՂ ՄԻԱՅՆ ՍԱՏԱՆԱՆԵՐ ԿԱՄ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»

«ՈՉ ՄԻ ՏԵՂ ՄԻԱՅՆ ՍԱՏԱՆԱՆԵՐ ԿԱՄ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»
11.02.2011 | 00:00

Երեկ «Իրատես de facto» ակումբում «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ Հայաստանի քաղաքական վիճակի շուրջ մեկնաբանությունները սկսեց պատկերավոր համեմատությամբ։ Ըստ քաղաքական գործչի, Հայաստանը բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը։ «Նման է մի կենդանու, որի պոչն ինչ-որ մեկը հասցրել է բերանին, ու նա, առնելով արյան համը, սկսել է պոչից խժռել ինքն իրեն։ Ամենալավը բերանի վիճակն է, քանի որ խժռողն առայժմ բերանն է։ Մարմնի մյուս մասերը նախանձում են բերանին ու ոչ թե փորձում են «փրկել» պոչը, այլ իրենք են ուզում դառնալ բերան»,- նշեց Մանուչարյանը` Հայաստանում ստեղծված վիճակը նմանեցնելով ձյան պատճառով լեռնանցքում առաջացած խցանման հետ, որը փորձում է կարգավորել ավտոտեսուչը։ Ակումբի հյուրի դիտարկմամբ` «ավտոտեսուչի» դերը տրանսֆորմացիայի ծրագրով մի կողմից անգլո-սաքսոնական աշխարհն է փորձում ստանձնել նորանոր հաջողություններ արձանագրելով, մյուս կողմից` Ռուսաստանը, որը գիտակցում է, որ իր «պատառիկը» խլում են։
Այնինչ, Մանուչարյանի կարծիքով, Հայաստանի ներքին ուժերը պետք է ստանձնեն «ավտոտեսուչի» դերը։ Այս համատեքստում, անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես ԲՀԿ-ՀՀԿ հակասություններին, բանախոսն ընդգծեց, որ դա ընդամենը պայքար է տնտեսական ռեսուրսներին տիրանալու համար։ Վստահեցնելով, որ այդ քաղաքական ուժերի միջև վեճը որևէ էական նշանակություն չունի Հայաստանի համար, քաղաքական գործիչը շեշտեց, թե և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն չեն ցանկանում իրավիճակը փոխել, այլ քաղաքական տերմինոլոգիան կիրառում են ընդամենը տնտեսական լծակների պայքարում։ «ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունները գտնվում են «պոկելու» հարթության մեջ։ Նրանք մտածում են` ձյան ստեղծած խցանումից իրենց համար օգտակար բան կարող են կորզել։ Այդ բախումները մեր ժողովրդի համար նոր բան չեն պարունակում, դրանք ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից»,- ասաց Մանուչարյանը` փաստելով, որ այսպիսի մթնոլորտն ազդելու է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, սակայն կարող է նաև նպաստավոր լինել արժեքային լուրջ փոփոխություններ իրականացնող ուժերի համար։ «Ոչ մի տեղ միայն սատանաներ կամ հրեշտակներ չեն լինում»,- նրբորեն իրավիճակը գնահատեց ակումբի հյուրը։
Ի դեպ, մինչ խորհրդարանական ընտրություններ Աշոտ Մանուչարյանը չբացառեց նոր ուժերի ի հայտ գալը, որոնք կունենան լիովին այլ արժեհամակարգ։ Բանախոսը չբացառեց, որ հնարավոր է այդ ուժերի մեջ լինի նաև ինքը։ «Հայաստանում ոչ մի կայուն կետ չկա, հատկապես քաղաքականության մեջ։ Քաղաքական ուժերն այսօր զբաղված են տնտեսական ոլորտի վերաբաշխմամբ և ոչ թե քաղաքականությամբ»,- ընդգծեց նա` հնարավոր համարելով ընդդիմադիր ուժերի միավորումը, չնայած նկատեց, որ այսօր հաճախ ընդդիմադիր ուժերը ցրված են գործում։ Ինչ վերաբերում է Տիգրան Կարապետյանին, նշեց, որ Կարապետյանը լավ գործ է անում` ոտքի հանելով զանգվածներին։ Իշխանության դրածոն է, թե ոչ, Մանուչարյանի դիտարկմամբ, ամեն մարդ իր գործունեությամբ ցույց կտա, թե ինքն ով է և ինչ է իրականում անում։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին` քաղաքական գործիչն արձանագրեց, որ Քոչարյանը միշտ եղել ու մնալու է քաղաքականության մեջ։ «Նրա քայլերի մեջ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, դրանք հետաքրքրություն չեն պարունակում»,- հավաստեց Աշոտ Մանուչարյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ