ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՄԵԾ ՔԵՌԻՆԵՐԻ» ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՏՆԵԼ

«ՄԵԾ ՔԵՌԻՆԵՐԻ» ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՏՆԵԼ
04.10.2011 | 00:00

Էրդողանը կարծես խելքը հացի հետ կերած լինի։ Նրա հրահանգով ամբողջ երկիրն սկսել է իրեն պահել մանկահասակ խուլիգանի նման, որը որոշել է ապացուցել, թե ով է իրենց փողոցի «լավ տղեն»։ Ընդ որում, թուրքերը, իբր, մոռացել են, որ «մեծ քեռիների» համբերությունը կարող է հատնել, ու այդ ժամանակ իր ականջները պարզապես կքաշեն (առայժմ աշխարհը ներողամտորեն հետևում է դեպքերի ընթացքին)։ Հենց այսպիսի, քաղաքականությունից հեռու գնահատականներով, թերևս, կարելի է բնութագրել Թուրքիայի ներկա վարքագիծը։
Պալմերի հանձնաժողովի հաշվետվությունից հետո մի ահավոր աղմուկ բարձրացավ, որը դեռ շարունակում է մոլեգնել (հիշեցնեմ` Ջեֆրի Պալմերը` Նոր Զելանդիայի նախկին վարչապետն ու ՄԱԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, ղեկավարում էր «Մավի Մարմարա» նավի վրա անցած տարի տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետաքննությունը)։ Իրավիճակի նրբությունն այն էր, որ հաշվետվության տեքստը մամուլում հայտնվեց դրա պաշտոնական հրապարակումից առաջ, և բառացիորեն այն բանից հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը համաձայնեց «խաթր անել» ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և ՄԱԿ-ի հանձնաժողովի հաշվետվության հրապարակումը հետաձգել ևս մեկ ամսով։ Այդ ընթացքում, ենթադրվում էր, այնուամենայնիվ, գտնել փոխզիջման բանաձևը։ Ո՞վ և ինչո՞ւ է «ջրել» ՄԱԿ-ի հանձնաժողովի գաղտնի փաստաթուղթը։ Այս հարցը դեռևս բաց է։ Բայց դատելով այն բանից, որ «արտահոսքը» կարելի էր բանի տեղ չդնել կամ էլ այդքան սուր չընդունել և, հաշվի առնելով, որ գնահատականները դեռ մի քանի ամիս առաջ էին հայտնի, ապա շատ հավանական է, որ հենց Անկարան էլ գլխավոր սադրիչն է այս գործում։ Ընդ որում, հարկ է ուշադրության առնել, որ միջազգային հանձնաժողովի հաշվետվությունը լիովին արդարացնում է Իսրայելին և միարժեքորեն օրինական է համարում նրա գործողությունները, միաժամանակ բացատրում է, որ Երուսաղեմն իրավունք ուներ Գազայի ծովային շրջափակում սահմանելու։ Բացի այդ, հաշվետվության մեջ ասված է, որ Անկարան ոչինչ չի արել նավերի երթը կասեցնելու համար, ավելին` անգամ աջակցել է «ազատության տորմիղին», գիտակցելով, թե ինչ վախճան կարող է դա ունենալ։ Այդուամենայնիվ, հաշվետվության մեջ Իսրայելի գործողությունները գնահատված են «չափազանց կոշտ» և ասված է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի զոհվածների ընտանիքներին։ Ինչպես և պետք էր սպասել, Թուրքիայի վարչապետը մերժել է Պալմերի զեկույցը և հայտարարել, թե «այդ զեկույցը ոչինչ չարժե, այն հրապարակել է աչառու աղբյուրը», իսկ «Իսրայելը սովոր է չոր դուրս գալ ջրից, իրեն համարում է օրենքից վեր, և նրան արդեն չի բավարարում պետական ահաբեկչությունը, որ գործադրում է պաղեստինցիների դեմ»։ Թե ի՞նչ օրենքի մասին է խոսքը, նա չի ճշտել, սակայն, թուրքական հին ավանդույթի համաձայն, ամեն ինչ գլխիվայր է շուռ տվել և, առաքինի ձևանալով, սկսել է «կարգուկանոն հաստատել»։
Եվ հիմա թուրք վարչապետի արտքաղաքական կուրսը կարելի է անվանել «ամենօրյա սպառնալիքների կուրս»։ Խզվել են, փաստորեն, բոլոր դիվանագիտական հարաբերությունները Երուսաղեմի հետ, իսկ միջազգային տարբեր համաժողովներում, այդ թվում ՄԱԿ-ում, թուրքերն սկսել են իսրայելցիների երևալուն պես ցուցադրաբար հեռանալ դահլիճներից։ Դիվանագետների լեզվով` դա ամենամեծ վիրավորանքն է։ Կրճատվել են ավիաչվերթերն իսրայելական երթուղիներում, իսկ թուրքական օդանավակայաններում Իսրայելից ժամանող ուղևորներին ստուգում են բառացիորեն մերկացնելու աստիճանի։ Սկսել են խոսակցություններ պտտվել, թե Թուրքիան կարող է իսրայելական ավիաընկերություններին արգելել թռիչքներ կատարել թուրքական տարածքի վրայով (սա, իհարկե, միջազգային բոլոր հնարավոր նորմերի խախտում է, սակայն թուրքերի կողմից Հայաստանի ոչ պակաս ապօրինի շրջափակումն աշխարհը դեռևս չտեսնելու է տալիս)։ Այնուհետև թուրքական կառավարությունը հայտարարել է հրեական պետության հետ տնտեսական ու պաշտպանական ծրագրերը դադարեցնելու մասին (անգամ քուրդ ապստամբների դեմ մղվող պատերազմում այնքան անհրաժեշտ անօդաչու ինքնաթիռները թուրքերը հիմա մտադիր են գնել Մեծ Բրիտանիայից)։ Եվ ամենագլխավորը` ծրագրվում է մեծացել թուրքական ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան շրջանում։ Այդ ծրագիրն ստացել է «Բարբարոսա» անվանումը։ Սակայն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի վրա հարձակման նացիստական պլանի, որն իր անվանումն ստացել էր Ֆրիդրիխ Բարբարոսա կայսեր անունից, թուրքական գործողությունն իր անվանումն ստացել է ի պատիվ թուրք ծովակալ Հայր-ադ-դին Բարբարոսայի, որը գլխավորել է (հատուկ ուշադրություն դարձրեք այս հանգամանքին) խոշորագույն ծովահենային նավատորմը Միջերկրական ծովում։ Իհարկե, այս կապակցությամբ կարելի է ակնարկել թուրքերի առանձնակի հումորի զգացումը, եթե չլիներ այն փաստը, որ նրանց համար միշտ էլ բանդիտներն ու ավազակներն ազգային հերոսներ են եղել։ Սև ու Մարմարա ծովերից Միջերկրական ու Էգեյան ծովեր են տարվել լրացուցիչ երկուական հակասուզանավային ֆրեգատ և հրթիռակիր կորվետ, ինչպես նաև օժանդակ նավեր։ Եվ այս ամենը, պարզվում է, «նավագնացության պաշտպանության համար»։ Նաև նյութեր են նախապատրաստվում ընդդեմ Իսրայելի բարձրագույն ղեկավարության և այն զինծառայողների, որոնք մասնակցել են «Մավի Մարմարա» նավի կալանմանը։ Եվ սա այն դեպքում, երբ միջազգային ատյանները` ի դեմս ՄԱԿ-ի, արդեն ընդունել են Երուսաղեմի գործողությունների իրավաչափությունը։ Բացի այդ, Անկարան սկսել է խոչընդոտել Իսրայելի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ատոմային էներգիայի գործակալությունից պահանջել հրեական պետության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել միջուկային զենքի տարածման կոնվենցիայի խախտման համար (ինչպես հայտնի է, հրեաները հերքում են այդ զենքի առկայությունը, սակայն չեն բացառում դրա գործադրումը «հույժ անհրաժեշտության դեպքում»)։ Եվ վերջում Անկարան պայմաններ է թելադրել Իսրայելին, «որոնց կատարման դեպքում նա կարող էր փրկել իր նավատորմը»։ Դրանցից առաջինը Գազայի հատված մեկնող թուրքական ռազմանավերի դեմ իսրայելական նավերի կողմից որևէ միջոց ձեռնարկելու արգելքն է (այսինքն, մենք պիտի հարձակվենք, իսկ դուք պիտի սսկվեք)։ Բացի այդ, թուրքական տարածքային ջրերը կտրող-անցնող իսրայելական ռազմանավերին կսպառնան թուրքական ռազմանավերը, որոնց հրահանգված է մոտենալ 100 մետրի վրա և «վնաս հասցնել սպառազինությանը»։ Ընդ որում, այդ սպառնալիքը տարածվում է ոչ միայն Գազայի, այլև Իսրայելի նավթի ու գազի հորատման ծովային այն հարթակների վրա, որոնք գտնվում են Իսրայելի ափերից 60 մղոն այն կողմ։
Եվ այստեղ ամենահետաքրքիրն է սկսվում։ Վաղուց բոլորին հայտնի է, որ «Մավի Մարմարայի» հետ կապված միջադեպը սոսկ պատրվակ է, և Թուրքիային ամենևին էլ պետք չէին Իսրայելի ներողությունները։ Այս կապակցությամբ շատ դիտորդների մեջ առաջացել է այն կայուն զգացողությունը, որ Թուրքիան սկսում է հանդես գալ Մերձավոր Արևելքի առաջնորդի դերում, մահմեդական երկրների հետ ձևավորելով դաշինքի կարգի հարաբերություններ։ Այսինքն, խոսքը, ինչպես երևում է, քաղաքական կուրսի արմատական փոփոխության մասին է։ Այդ կարծիքն առանձնապես խորացավ, երբ պարզ դարձավ, որ նոր գործընկերների փնտրտուքում Թուրքիան հակված է ռազմական դաշն կնքելու Եգիպտոսի հետ։ Ճիշտ է, տեխնոլոգիական առումով Եգիպտոսը որպես ռազմավարական դաշնակից չի կարող համեմատվել Իսրայելի հետ, և հետո` նման դաշինքի բուն ծագումը խնդրահարույց է. չէ՞ որ Եգիպտոսում պատմականորեն սառն են վերաբերվում Թուրքիային։ Այս խնդիրը կարող է լուծել միայն հակաիսրայելական հիստերիան, և պատահական չէ, որ այն եռանդագին բորբոքում են Էրդողանն ու նրա թիմը։ Հետևաբար, Իսպայելի հետ կոնֆլիկտը նոր նպատակների հասնելու միջոցներից մեկն է (որոշ ռուս և հայ փորձագետներ սկսել են, ինչպես միշտ, սիոնիստական դավադրության գաղտնի վարկածներ կառուցել, թեև նման բարդ և իրական սխեմաները գործնականում չեն կարգավորվում)։ Սակայն այն բանից հետո, երբ Թուրքիան «աքացի» տվեց Կիպրոսին, միանգամայն պարզ դարձավ, որ բանը «վսեմ գաղափարախոսությունն» ու պատվախնդրությունը չէ, այլ ընդամենը «դեղին մետաղը»։ Եվ Անկարան ոչ պակաս եռանդով ու չարությամբ հանդես եկավ արդեն Կիպրոսի, Հունաստանի, Իսրայելի և իրենց իսկ տարածքային ջրերում նավթի ու գազի նոր հանքավայրերում աշխատանքներն սկսելու նրանց ծրագրերի դեմ։ Թուրքերին չի զսպում նաև այն, որ այդ աշխատանքները պատրաստվում էին կատարել ամերիկյան ընկերությունները, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պաշտպանում էին Միջերկրական ծովի բնական պաշարները շահագործելու Կիպրոսի ցանկությունը։ Թուրքիան միայն իրեն հայտնի կանոններով շրջանը հռչակեց «վիճելի գոտի», հայտարարեց, որ այդտեղ էներգառեսուրսների արդյունահանումը հակասում է կիպրոսցի թուրքերի շահերին, և հայտարարեց, որ եթե հորատումն սկսվի, ապա Թուրքիան ռազմական պատասխան կտա դրան։ Պարզվում է, ինչպես հայտարարում են Անկարայի բարձրաստիճան պաշտոնյաները, «դա հենց այն պատճառն է, որի համար երկրները ռազմածովային նավատորմ են պահում»։ Եվ առանց տատանվելու Թուրքիան սկսեց պարեկել «վիճելի գոտում», օգտագործելով ֆրեգատներ ու տորպեդակիր կատերներ։ Բայց նկատենք, որ Կիպրոսի անկախ տնտեսական քաղաքականության առթիվ թուրքերի ցասումը հետզհետե մեծանում է դեռ անցյալ տարվանից, երբ Նիկոզիան ու Երուսաղեմը պայմանագիր ստորագրեցին երկու երկրների միջև բացառիկ տնտեսական գոտիների սահմանանշման մասին։ Նման համաձայնագիր մինչ այդ Կիպրոսի հետ ստորագրել էր նաև Լիբանանը, սակայն Թուրքիայից ունեցած վախը Բեյրութի իշխանություններին ստիպեց հրաժարվել փաստաթղթի վավերացումից։
Այնպես որ, հարևանների հետ Թուրքիայի հարաբերություններում եղած ճգնաժամը, թերևս, բազմաքայլ քաղաքական գործողության սոսկ միջանկյալ փուլն է։ Էրդողանն ստեղծում է Օսմանյան նոր Բարձր դուռ, և ամեն ինչ, այդ թվում` գազի ու նավթի համար պայքարը, ենթարկված է «կայսրության վերակերտման» խիստ տրամաբանությանը։ Իսկ Իսրայելի հետ դաշինքը, իհարկե, նրա համար բեռ է, առավել ևս, որ այն կնքվել է վաղուց, դեռևս նրա ներքին թշնամիների օրոք և ձեռնտու է նրանց, այլ ոչ թե իրեն։ Այնպես որ, Անկարան «գնացել է վա-բանկ» և փայլուն խաղացել Իսրայելի հետ ճգնաժամը` նախ հրահրելով ընդհարում «Ազատության տորմիղի» շուրջ, հետո էլ վիրավորված ձևանալով ՄԱԿ-ի զեկույցների առնչությամբ։ Խիստ հատկանշական է, որ թեև ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում են Իսրայելի, Հունաստանի ու Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի հրահրած ճգնաժամին և, իհարկե, ամեն դեպքում աշխատում են թույլ չտալ, որ այն վերաճի թուրքական ռազմական գործողության, թուրք գլխավոր գաղափարաբան Դավութօղլուն հայտարարում է, որ իրենց միջնորդ պետք չէ. «Թուրքիայի պահանջները պարզ ու հասկանալի են։ Նույնքան էլ հասկանալի են մեր գործողությունները, եթե չհաջողվի հասնել այդ պահանջների կատարմանը»։ Ապա, ինչպես միշտ, հետևում են սպառնալիքները. «Ես ոչ ոքի խորհուրդ չէի տա փորձել մեր կամքը»։ Ավելին, թուրքերը խոստացել են սառեցնել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե Կիպրոսը դառնա այդ կազմակերպության «հերթապահ նախագահ»։ Ի դեպ, պետք չէ մոռանալ, որ Կիպրոսը Եվրամիության անդամ է, և դա եվրոպական երկրներին պարտավորեցնում է Թուրքիայի հարձակման դեպքում սատարել նրան։
Եվ այսպես, ներկա փուլում Թուրքիան ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն կերպ պաշտպանելու իր քաղաքական շահերը և թքած ունի մեկ ուրիշի կարծիքի վրա։ Արդյո՞ք սա պատերազմի իրական սպառնալիք է նշանակում։ Հազիվ թե։ Անկարայում, այնուամենայնիվ, հասկանում են, որ, ի դեմս Իսրայելի, լուրջ հակառակորդ ունեն։ Բայց, թեև պատերազմը քիչ հավանական է, միևնույն է, «մարդը մտադրվում է, Աստված` տնօրինում»։ Չի կարելի բացառել, որ թուրքերն անգամ ակամա կարող են հրահրել այն (նրանք շատ են հրապուրվել ռազմաքաղաքական սադրանքներով)։ Իսրայելն ու Հունաստանը, ըստ երևույթին, իրավիճակն ավելի լավ գիտեն, և կարծում են, որ թուրքական սպառնալիքն իրական է ու գիտակցված։ ՈՒստի և որոշել են փոխաջակցության պակտ ստորագրել։ Կողմերն առայժմ մանրամասները չեն հրապարակել, սակայն զինվորական աղբյուրները ենթադրում են, որ առաջին փուլում իսրայելական ռազմածովային և ռազմաօդային ուժերը կտեղաբաշխվեն հունական միջերկրածովյան բազաներում, և ծառայություններն արդեն համաձայնեցնում են պայմաններն ու մանրամասները։ Հունական ռազմաբազաներից իսրայելական զինվորականները հնարավորություն կունենան գործելու թուրքական ուժերի թիկունքում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ