ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Նա կլիներ մեր հասարակության ազնիվ ըմբոստը

Նա կլիներ մեր հասարակության ազնիվ ըմբոստը
23.03.2023 | 10:14

Մարտի 22-ը ՀՀ Ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ հիշատակի օրն էր:

ՈՒթ տարի առաջ՝ 2015 թվականի այդ օրը կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը՝ ինքնատիպ արտիստ, ով իր տեսակով «մի գավաթ բարություն» էր, ինչպիսին եղել է նրա խաղացած ներկայացումներից մեկի վերնագիրն ու իր մարմնավորած հերոսը: Սովորաբար, այսպիսի առիթներով միշտ փորձում ենք հիշատակել արտիստի ժառանգությունը, նրա թողած հետքը մշակույթի պատմության էջերում:
Կարեն Ջանիբեկյանն արվեստագետ էր, ով հարուստ ժառանգություն թողեց և՛ հայ թատրոնում, և՛ կինոյում: Հարուստ է Վարպետի ֆիլմադարանը, թատրոնում խաղացած նրա դերացանկը: Իսկ թե ինչպիսի հզոր ու կարևոր դերեր է խաղացել «Հեռուստաթատրոնում», սա էլ իր հերթին մի առանձին ընդարձակ գրքի, հոդվածի ու վավերագրական ֆիլմի նյութ է: Այս ամենի մասին սիրով ու խոնարհումով մի օր անդրադառնալու եմ՝ չափազանց ընդարձակ հոդվածով: Որովհետև սերունդների համար շատ կարևոր է իմանալ ու խճանկարի պես հավաքել մեր մեծերի հետ կապված ամեն մի դրվագը, թեկուզ որևէ ֆիլմում խաղացած մի փոքրիկ էպիզոդը:
Կարեն Ջանիբեկյանը կյանքից հեռացավ ութ տարի առաջ: Չհասցրեց ապրել այն մթնոլորտում, որ տիրում է երկրում: Հիշելով նրա կերպարը՝ միշտ մտածել եմ՝ արդյո՞ք Վարպետը կդիմանար, երբ տեսներ, թե ինչպես մեր երկիրը դարձրին սև ու սուգի մի հովիտ:
Արդյո՞ք կհանդուրժեր մեր իրականությունը:
Մտածել եմ, և իրեն պատկերացրել եմ ճիշտ իր մարմնավորած հերոսներից մեկի կերպարում:
Բոլորս, հավանաբար, դիտել ենք հեռավոր 1985 թվականին նկարահանված ֆիլմը՝ «Բարի լույս»-ը…
Հիշենք ֆիլմի այդ տեսարանը. հավաքվել են մարդիկ ու քծնում են գյուղի պաշտոնյային: Իսկ Կարեն Ջանիբեկյանի հերոսը ստել չգիտի: Իր կողմից մի փոքրիկ հաճոյախոսությունն ուղղված անարժան մարդուն, նրան հանգիստ չտվեց, անգամ քնել չկարողացավ:
Մութ գիշերին նա տեղից վեր է կենում ՝ քայլերն ուղղելով դեպի գյուղապետի տուն:
-Իմ ստի վրա արևը չպիտի ծագի,-ասում է ֆիլմի հերոսը:
Գնում է, թակում մարդկային նկարագիր չունեցող այդ պաշտոնյայի դուռը թակում, երեսին ասում այն ողջ ճշմարտությունը, ինչ իրականում մտածում է: Երբ ոտքով վերադառնում է տուն, արդեն ամպերի հետևից երևում են արևի առաջին շողերը , և Կարեն Ջանիբեկյանի հերոսը, հանգիստ շունչ քաշելով՝ հոգում ծանր ու տխուր մի խաղաղություն, տխուր ժպիտով նայում է երկնքին ու ասում.
-Բարի լույս…
…Գիտե՞ք, Վարպետ, թե արդեն քանի՜ տարի, քանի՜ օր մեր երկրում երեկոներն առավոտ չունեն: Քանի՜ տարի է, որ հայ մարդն այլևս չի կարողանում իր դիմացինին ողջունել «Առաւօտ լուսոյ, արեգակն արդար» -ի սպասումով, երբ դարեր ի վեր Ներսես Շնորհալու այս շարականը հայ մարդու հոգու երգն է եղել…
Մենք հայրենիք կորցրեցինք, Վարպետ, ու շարունակում ենք կորցնել:
Դուք « Հեռուստաթատրոնում» այնպիսի մեծակտավ դերեր եք կերտել, որոնք սերունդներին փոխանցում են պատմության երթում հայ մնալու դասերը, ազգի պատմական հիշողությունը, պատերազմի ցավը:
Դրանց մասին նույնպես գրել եմ և գրելու եմ միշտ:
Բայց ինչու՞ եմ այս պահին հատկապես դա մտաբերել…որովհետև մտաբերել եմ նաև պատմական փաստերը, որ եղել են հնագույն ժամանակներ, երբ պատմության թատերաբեմից անհետացած շատ ժողովուրդներ իրենց թողած սկզբնաղբյուրներում հայ մարդուն համարել են ազնվության և արդարամտության սիմվոլ և հոմանիշ:
Այսպիսին ենք եղել մի ժամանակ:
Եթե Դուք այսօր մեր կողքին լինեիք, մեր այսօրվա ծանր իրականության մեջ հասարակության այդ ազնիվ ու արդար ըմբոստներից կլինեիք… որովհետև ազնիվ էիք ծնվել, չափազանց ազնիվ…
Իսկ ճշմարիտ արվեստը սիրում է, որ իրեն մոտենան մաքուր խղճով ու ձեռքերով:
Եվ Դուք հենց այդպիսին էլ մնացիք մեր մեջ:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3546

Մեկնաբանություններ