...Որ Արցախը կայանա ու օրինակ դառնա աշխարհին
08.10.2019 | 00:24
(Նախորդ մասը)
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ
Արտասահմանյան զբոսաշրջիկները, որոնք այցելել են մեր հելիոպոլիգոնները, ծանոթացել են հայկական արևային խոհանոցի հետ, նշում են, որ իրենց շրջագայությունների ընթացքում երբեք ավելի հետաքրքիր բաներ չեն տեսել, ինչն իրողություն է: Զբոսաշրջիկները անակնկալի են գալիս, երբ տեսնում են, որ բոլոր ուտեստները իրենց աչքի առաջ և իրենց մասնակցությամբ պատրաստվում են անսովոր արևային տեխնոլոգիաներով, շատ համեղ են ստացվում: Այս տարի Էջմիածնում, «Մաչանենց» տուրիստական կենտրոնում բացվեց «Հելիոֆիկացված գյուղ» անվամբ արևային խոհանոցը: Այսպիսի խոհանոցներ կարող են կազմակերպվել Արցախի բոլոր տուրիստաշատ վայրերում՝ ի նպաստ տուրիզմի ու էկոտուրիզմի զարգացման:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Սա արդեն գյուղացիներին գերշահույթ ապահովող ուղղություն է: Հելիոֆիկացիան կնպաստի, որ Արցախում արտադրված գյուղմթերքները միջազգային շուկայում դառնան բացարձակ մրցունակ՝ մի շարք պատճառներով.
ա) արևային տեխնոլոգիաները թույլ են տալիս արտադրել էկոլոգիապես մաքուր և թունավոր նյութերից զերծ սննդատեսակներ:
բ) Սննդի արտադրության մեջ հնարավոր է ներդնել արտադրության կազմակերպման անհատական (տնայնագործական) եղանակը, որը կարող է ապահովել վերամշակման բարձր որակ: Որակի բարձրացումն այս դեպքում պայմանավորված է բերքահավաք-վերամշակում ժամանակային գործոնի կտրուկ կրճատումով:
գ) Վերամշակման գործը գյուղացին կարող է կազմակերպել անմիջապես դաշտում, որը նրան կտա լրացուցիչ և շատ օգուտ խոստացող առավելություններ. կարելի է թողնել, որ պտուղները լրիվ հասունանան և քաշ հավաքեն: Արտադրվող գյուղմթերքի որակը կանխավ կբարձրանա՝ արդեն բարձրորակ հումքի հաշվին` ի տարբերություն լաֆետներով գործարան տարվող խառը բերքի:
դ) Անհատ արտադրողները կարող են ինտերնետային առևտրի միջոցով անմիջական կապ հաստատել շուկայի էլիտար հատվածը ներկայացնող սպառողների հետ: Այստեղ իր վճռորոշ դերը կարող է ունենալ սննդի անվտանգության և անձնական վստահության գործոնը: Հեռու չէ այն օրը, երբ միջազգային տեռորիստական կազմակերպությունները կփոխեն իրենց ռազմավարությունը և, մարդաշատ վայրերում պայթյուններ կազմակերպելուց զատ, կանցնեն սննդամթերքի զանգվածային թունավորման ակցիաներին: Այս պարագայում քրիստոնյա և աշխարհի առաջին հելիոֆիկացված երկրի ճանաչում ստացած Արցախի գյուղմթերքները ոսկու գին կունենան:
Առաջարկվում է Արցախում կառուցել արևային էներգիայով աշխատող 50-100 պահածոների գործարաններ (նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Գայանե Համազասպյան), որոնք կարող են հիմք դառնալ նաև կոոպերատիվ արտադրություններ կազմակերպելու համար: Արևային համակարգերի միջոցով հնարավոր է ստանալ մինչև 6500օC ջերմաստիճանի էներգակիրներ յուղեր, ստացված էներգիան կուտակել հատուկ պահիչներում՝ այն օգտագործելով ամպամած եղանակներին ու գիշերվա ժամերին: Էներգիայի հաշվարկային կորուստը չի գերազանցի 1 %-ը՝ 24 ժամվա ընթացքում: Արևային ջերմային էներգիայի պիկային հզորությունը հաշվարկվում է 0,3-2 մեգաՎատտ-ժամի սահմաններում, արևային էլեկտրական էներգիան՝ 15-50 կՎտ-ժամ: Արտադրական տարածքները՝ 200-1000 քմ, աշխատողների թիվը՝ 10-40 հոգի, հիմնականում կանայք: Արևային էներգիայով աշխատող պահածոների գործարանները կարող են արտադրվել որպես արտադրատեսակ՝ այլ երկրներ արտահանելու համար՝ «տՏՊ Սսþփ» տեղադրման սխեմայով:
դ) Միայն արևային տեխնոլոգիաներին է հատուկ, որ գյուղմթերքների ջերմային մշակումը ընթանա էկոլոգիապես բացարձակորեն մաքուր կվարցե ամանների մեջ:
ե) Ջերմային մշակման ենթարկվող զանգվածի հավասարաչափ ծավալային տաքացման հաշվին նվազում են ջերմաստիճանային գրադիենտները, հետևաբար իջնում է ուռուցքածին (կանցերոգեն) նյութերի առաջացման հավանականությունը: Սովորական ջերմային մշակումների դեպքում բարձրջերմաստիճանային կուտակումները և կանցերոգեն նյութերի առաջացումն անխուսափելի են:
զ) Վերամշակման պրոցեսների համար կարելի է օգտագործել արևի սպեկտրից վերցրած և նախապես հայտնի գույները, ինչը տեխնոլոգիական եզակի հնարավորություն է ստեղծում աշխատելու սպեկտրի ուլտրամանուշակագույն, տեսանելի ու ինֆրակարմիր դիապազոններում, օրինակ, բարձրորակ չիփսերի արտադրության մեջ: Վերամշակման արևային ֆոտո-ջերմային տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ տեխնոլոգիական բացառիկ հնարավորություններ՝ ջրահեռացման, վիտամինների պահպանման, արոմատիկ ածխաջրածինների առաջացման, բորբոսասնկերի և միկրոբների դեմ պայքարի և այլ ճակատներում:
է) Լույսի էներգիայի կլանումը իներցիոն երևույթ չէ, ինչը թույլ է տալիս բարձր (մինչև 0,001օC) ճշտությամբ ապահովել տեխնոլոգիական ջերմաստիճանների լոկալ և ակնթարթային ծրագրային կարգավորումը: Էլեկտրական ՏԷՆ-երով կամ շապիկավոր կաթսաների դեպքում դա չի ստացվում: Հելիոտեխնոլոգիաներն ունեն առավել կարևոր առանձնահատկություններ, որոնք կարող ենք անվերջ թվարկվել: Սմբուկի արևային պահածոների, լոլիկի արևային մածուկի, արևային քաղցրավենիքի, արևային կոնյակի կամ արևային մրգահյութերի բարձր որակները գալիս են հաստատելու հելիոտեխնոլոգիաների ներդրման կարևորությունը Արցախի համար: Արևով ու գազով խորոված սմբուկները տարբեր տեսք ու համ ունեն, այն երևում է նաև անզեն աչքով, իսկ համային տարբերությունների մասին խոսելն անգամ ավելորդ է, արևով խորովածը շատ համով է, ուղղակի արևահամ է: Մեր մասնագետները մշակել են գյուղմթերքների վերամշակման, պահածոյացման, ապխտման և նմանատիպ մոտ 200 արևային տեխնոլոգիաներ: Նման «կանաչ» տեխնոլոգիաներով մշակված գյուղմթերքների առաջ միջազգային շուկայի դռները միշտ բաց են լինելու. դրանք բացարձակ մրցունակ են: Վերջին 15 տարիներին արևային քաղցրավենիքով, չրերով և արևով պատրաստված չոր մուրաբաներով մասնակցել ենք ԱՄՆ-ի և եվրոպական տարբեր քաղաքներում (Մարսել, Փարիզ, Սան Ֆրանցիսկո, Բեռլին և այլն) կազմակերպված մոտ 60 միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսների: Հետաքրքրությունը մեծ է: Ամստերդամի ֆիրմայի բիզնես-առաջարկն ապշեցուցիչ էր. արևային քաղցրավենիքի նրանց պահանջարկը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով 300 տոննա էր: Մոսկվայի «Մագնոլիա» սուպերմարկետների ցանցը պատրաստ էր ամեն օր ընդունելու 10 հազար տուփ արևային քաղցրավենիք: «Քարֆուր» ընկերությունը պատրաստ է իր սուպերմարկետներում բացելու արևով պատրաստված գյուղմթերքների հատուկ բաժիններ: Արևային գյուղմթերքների համաշխարհային շուկան իսկական դանայան տակառ կդառնա հայ ապրանքարտադրողների համար: Աշխարհով մեկ կարելի է բացել արցախյան «քարֆուրներ»՝ որպես արևային գյուղմթերքների վաճառքի համար նախատեսված նոր ցանց: Մեր գյուղմթերքները կարող են ամենուր հաջողությունների հասնել՝ հաղթահարելով տարբեր երկրների առևտրային ու ստանդարտային խոչընդոտները:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Եթե աշխարհի հելիոֆիկացիայի գործընթացը սկսվի Արցախից, ապա երկիրը կարող է դառնալ մեկ ընդհանուր միջազգային հելիոպոլիգոն, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել սարքերի նորագույն կոնստրուկցիաների փորձարկման, նոր տեխնոլոգիաների մշակման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման գործընթացներ: Միջազգային լայն համագործակցությունը մեր մասնագետներին և Արցախին թույլ կտա հելիոտեխնիկայի և հելիոտեխնոլոգիաների բնագավառներում ստանձնել առաջատարի դերը` մեր մշտական ներկայությունը պահպանելով նաև աշխատանքի միջազգային բաժանման այս կարևոր հատվածում:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ռուսաստանը և Ղազախստանն ունեն արևային տեխնիկայի զարգացման իրենց մոտիվացիան, որը հատուկ է էներգետիկ պաշարներով հարուստ երկրներին: Այդ երկրներն ապրում են էներգակիրների արտահանման հաշվին և գիտեն, որ օրերից մի օր դրանք սպառվելու են, յուրաքանչյուր էներգետիկ գերտերություն երազում է, որ իր պաշարները սպառվեն վերջին հերթին: ԱՄՆ-ն այդ խնդիրը արդեն լուծել է` 60-ական թվականներից դադարեցնելով նավթի արդյունահանումը և անցնելով ներմուծվող վառելիքի: Ռուսաստանն իր էներգետիկ մահակի գործողության ժամկետը փորձում է երկարաձգել՝ նավթային և գազային նոր հանքավայրեր շահագործելով Սիբիրում ու, նույնիսկ, Արկտիկայում` չմոռանալով նաև զարգացնել արևային էներգետիկայի սեփական ոլորտը:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Այս համագործակցությունը կարելի է արդեն սկսված համարել: Հելիոպոլիգոն կազմակերպելու համար Սպիտակում մեծ սիրով մեզ հողամաս և արտադրական տարածքներ է տրամադրել ֆրանսահայ գործարար Վազգեն Մելքոնյանը: Արևային տեխնիկայի բնագավառում ներդրումներ և համատեղ աշխատանքներ կատարելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հայ գործարարներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից: Խնդիրը կարևոր է ոչ միայն ֆինանսական ներդրումների առումով: Հայրենիք-սփյուռք համագործակցությունը մեզ թույլ կտա լուծել բազմաթիվ կարևոր խնդիրներ.
ա) Սփյուռքում կազմակերպել հայկական հելիոտեխնիկական սարքերի բազային գործարաններ` տեղական և հարակից շուկաները սպասարկելու նպատակով: Շրջափակված, վատ կոմունիկացիաներ ունեցող Արցախում շատ դժվար է առաջ տանել սերիական արտադրություններ կազմակերպելու գործը, հումքի ներկրման և պատրաստի արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերը միշտ էլ բարձր են մնալու, էներգակիրների խնդիրները ևս բացասաբար են ազդելու արտադրանքի ինքնարժեքի վրա: Ավստրալիայում, ԱՄՆ-ում կամ ՈՒրուգվայում բացվելիք արևային տեխնիկայի գործարաններում նման խնդիրներ չեն առաջանա:
բ) Սփյուռքի գործարարների հետ կազմակերպված հելիոտեխնիկական սարքերի գործարանների առկայության դեպքում տվյալ երկրում (տարածքում) անիմաստ կդառնա ուրիշ արտադրողների կողմից նմանատիպ այլ գործարանների կառուցումը: Դա թույլ կտա տեղական շուկաներում ստանալ մոնոպոլ դիրքեր:
գ) Աշխարհի տարբեր շրջաններում տեղակայված հայկական ձեռնարկությունները հեռու կմնան ռեգիոնալ տնտեսական ճգնաժամերից:
դ) Հայկական հելիոտեխնիկական գործարանների համար սփյուռքում ավելի հեշտ կլինի լուծել նորագույն տեխնոլոգիաների ու տեխնոլոգիական սարքավորումների և նյութերի ներդրման խնդիրները, ինչը երկարաժամկետ մրցակցային առավելություն կտա մեր արտադրատեսակներին:
ե) Հելիոտեխնիկական արդյունաբերության բնագավառում ձեռք բերած հաջողությունները օրինակ կծառայեն զուգահեռաբար արդյունաբերության այլ ճյուղերի զարգացման համար, ինչի արդյունքում կբյուրեղացվի համահայկական (հայրենիք-սփյուռք) ինտեգրված արդյունաբերություն ստեղծելու հեռանկարային գաղափարը: Հայրենիք-սփյուռք արդյունաբերական համալիրի զարգացման համար օգտակար և ցանկալի կլինի բոլոր ռեգիոնալ միավորումների, այդ թվում Մաքսային միության հետ անդամակցելը:
զ) Արցախի բիզնես միջավայրը գնահատվում է որպես միջին ռիսկային: Արտասահմանյան ներդրողները հիմնականում խուսափում են նման երկրներում խոշոր ներդրումներ կատարելուց: Հայրենիք-սփյուռք համատեղ արտադրական ընկերությունները կարող են կազմակերպվել այն երկրներում, որտեղ ռիսկայնությունը ցածր է: Հայաստանը կարող է իր վրա վերցնել լոկ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներ իրականացնելու պարտականությունները: Գիտությունը՝ Արցախում, արտադրությունը` սփյուռքում:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ`ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎ
Արևային տեխնիկայի պրակտիկ օգտագործման համար անհրաժեշտ է կազմակերպել բազմաթիվ օժանդակ նյութերի, տեխնիկական սարքավորումների և, հատկապես, կվարցե ամանների և տարաների արտադրություններ: Կա երկրների արդյունաբերական մակարդակը գնահատելու մի հայտնի բնորոշիչ. երկիրը համարվում է տեխնոլոգիապես զարգացած, եթե տիրապետում է կվարցե ապակու տեխնոլոգիաներին: Հայաստանն ունի կվարցիտների հարուստ հանքեր, և պետք է մտածել կվարցային ամանների արտադրության առաջին գործարանը Արցախում կազմակերպելու մասին: Կվարցե ամանները պետք են գալու և՛ հայկական արևային սրճարաններին, և՛ մեր ֆերմերներին, և՛ արևային ջեռուցման համակարգերին՝ որպես բարձրջերմաստիճանային կլանիչների համար նախատեսված կոնստրուկցիոն կարևոր բաղադրիչ:
ԱՐԵՎԱՅԻՆ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ
Արևի էներգիան օգտագործող արևային խոհանոցների վրա հիմնված սրճարանների գաղափարը շատ կենսունակ է: Նման հայկական սրճարանները կարող են կազմակերպվել աշխարհի տարբեր ծայրերում սփռված հանգստյան գոտիներում և, հատկապես, լողափերում: Այդ սրճարանների համար որպես տեխնոլոգիական սարքավորումներ օգտագործվելիք հելիոհամակարգերի ծավալները հաշվարկվել են 2 տրիլիոն դոլարի սահմաններում` չհաշված այն ապրանքների իրացման ու ծառայությունների հետ կապված եկամուտները, որոնք կարող են ստացվել այդ սրճարաններից: Հիշենք, որ լողափերում հանգստացողները հարուստ և իրենց անձի համար շռայլություններ չխնայող մարդիկ են, դա էլիտային շուկայի առանձնահատկություններից ամենակարևորն է:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
Տարբեր երկրներում գործող «կանաչների» միությունները և էկոլոգիական տարբեր կազմակերպություններն իրենց հավաքները կարող են կազմակերպել Արցախում՝ արևային պոլիգոններում կազմակերպելով էկոլոգիական երիտասարդական խաղեր, կանաչ օլիմպիադաներ և այլն: 2002 թվականին մեզ հաջողվեց անցկացնել «Արևային խաղերի» անդրանիկ մրցումները «Golden Spoon» մրցանակի համար` դպրոցական և ուսանողական թիմերի մասնակցությամբ: Շատ հետաքրքիր ու կրակոտ միջոցառում է ստացվում: ՈՒնենք հելիոֆիկացիայի ծիրանագույն դրոշը և հելիոֆիկացիայի օրհներգը` հայերեն և անգլերեն տարբերակներով:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ
Ակադեմիկոս Պարիս Հերունու ջանքերով արևային տեխնիկայի գաղափարները խոր արմատներ են գցել Հայաստանում: Ամեն օր բազմաթիվ նոր գաղափարներ և նորարարական առաջարկություններ ենք ստանում մեր քաղաքացիներից: Մեր բանվորների, ինժեներների և գիտնականների նորարարական ակտիվությունն ուղղակի զարմանք է առաջացնում: Առավել զարմանալի է, որ իրենց սեփական գաղափարները մարդիկ պատրաստ են տրամադրելու անվճար, աշխարհի որևիցե երկրում նման երևույթի չես հանդիպի, հայերս յուրահատուկ ենք նաև այս հարցում, ինչը հույսեր է ներշնչում: Մեր քաղաքացիների հետ մենք կարող ենք ստեղծել միասնական (ժողովրդական) արևային գիտություն ու տեխնիկա, որը կլինի մեր հաջողությունների հիմնական գրավականը: Ժամանակային այն առավելությունը, որը մրցակիցների նկատմամբ մենք արդեն ստացել ենք (Պարիս Հերունու շնորհիվ արևային թեմատիկան մեր երկրում թռիչքային զարգացում ապրեց՝ ավելի քան 25 տարի առաջ սկսելով զարգացնել այն ֆունդամենտալ գաղափարները, որոնց ուղղությամբ այսօր համայն աշխարհն է աշխատում), հավանաբար, մենք կկորցնենք՝ ի չիք դարձնելով մրցակցային տնտեսություն ունենալու այսօրվա մեր ռեալ հնարավորությունները, եթե արագ տեմպերով չզարգացնենք հելիոտեխնիկական արդյունաբերությունն ու չդառնանք աշխարհի առաջին հելիոֆիկացված երկիրը: Հելիոֆիկացիայի ծրագիրը մշակվել է Արցախի ու Հայաստանի համար և պետք է ծառայի մեր ազգային նպատակներին հասնելուն:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ