Ինչպես Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը վերածվեց մշակույթի և ժամանցի կենտրոնի
06.09.2019 | 01:45
Տուն՝ տան մեջ, թանգարան՝ թանգարանում: Այսպիսի ձևաչափ ունի Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնը, որի ներսում՝ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանն է: Իբրև տուն-թանգարան գործել է 1934-ից: Ամբողջական համալիրը կառուցվել է 1978-ին՝ Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: Ճարտարապետը Սերվետ Պողոսյանն է:
90-ականներին, երբ պատվանդանից, ուղղակի և անուղղակի իմաստով, ցած էին բերվում սովետական հերոսները, Շահումյանի տուն-թանգարանը պահպանելու համար այն «վերաձևեցին» մշակույթի և ժամանցի կենտրոնի: Թանգարանի աշխատակիցների ջանքերով այստեղ ստեղծվեց նաև քաղաքի պատմության թանգարանը: Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ երկրաշարժից հետո տարածաշրջանի գրեթե բոլոր մշակութային կառույցները փլվել էին, միակ կանգուն շենքն այս համալիրն էր, նաև այդ պատճառով նպատակահարմար էր տուն-թանգարանը դարձնել մշակույթի և ժամանցի կենտրոն. «Հորինվածքով և ճարտարապետական ոճով սա եզակի կառույց է: Գործունեությամբ նույնպես առանձնանում է: Կենտրոնն ունի 3 բաժին` թանգարանային, ժամանցի և տեխնիկական: Թանգարանային բաժինն իր գործունեությունը կազմակերպում է թանգարանային կանոնադրությանը համապատասխան: Ժամանցի բաժնում գործում են գուսանական համույթը, տիկնիկային թատրոնը, վոկալի, քանոնի, դեկորատիվ-կիրառական արվեստի, կերպարվեստի, շախմատի, պարի խմբակներ: Կազմակերպվում են ցուցահանդեսներ, իրագործվում են կրթական, մշակութային տարատեսակ ծրագրեր՝ ներգրավելով տարածաշրջանի երեխաներին»:
Կենտրոնում կարելի է տեսնել Ստեփանավանի պատմությանը, մշակույթին, անցյալին ու ներկային վերաբերող բազմապիսի ցուցանմուշներ: Թանգարանն ունի ֆոնդային պահուստ, որն ակտիվորեն գործում է, համալրվում, հաճախակի թարմացվում, նյութեր են դուրս բերվում և կենտրոնում, և արտագնա ցուցադրությունների համար: Վերջին ցուցահանդեսը, օրինակ, անցկացվել է Մայորի ձորում, որտեղ Շահումյանը ժամանակին գաղտնի ժողովներն էր անցկացնում:
Կենտրոնի առանցքը եղել և շարունակում է մնալ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը: Այստեղ կարելի է տեսնել Շահումյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող բազմապիսի ցուցանմուշներ, այդ թվում՝ Շահումյանի մահճակալը, գրասեղանը, սեղանի գիրքը, Շահումյանի գրաֆիկական աշխատանքները, հացից պատրաստած կոշիկը և այլն:
Անդրադառնալով «Շահումյանը հերո՞ս է, թե՞ հակահերոս, այցելուների մոտեցումներն ինչպիսի՞ն են, կամ ինքներդ ինչպե՞ս եք ներկայացնում մարքսիզմի հայ տեսաբանին» հարցերին՝ Հասմիկ Մովսիսյանն ասաց, որ փորձում են շեշտը դնել Ստեփան Շահումյանի ծավալած գործունեության, առաջադիմական գաղափարների վրա. «Կարելի է ասել՝ իր ժամանակի մարդու իրավունքների պաշտպանն էր, փորձում էր ամեն ինչ անել հայ ժողովրդի բարօրության համար: Կյանքի ընթացքում հսկայածավալ ազգանվեր աշխատանք կատարեց»:
Անդրադարձանք նաև թանգարանի խնդիրներին: «ՈՒնի՞ Շահումյանի տուն-թանգարանը վերանորոգման կարիք» հարցին ի պատասխան տնօրենն ասաց, որ թե՛ տնակը, թե՛ ընդհանուր շենքը հիմնանորոգման կարիք ունեն: ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կենտրոնը պետական աջակցությամբ կարողանում է միայն մասնակի վերանորոգումներ անել: Գերխնդիր են համարում ապակիների հարցը (առաջին հարկն ապակեպատ է). դրանք փոխելու ենթակա են, արդեն քայքայված են, կարող են փշրվել- թափվել, վնասել անցորդներին, երեխաներին: Կա նաև ցուցանմուշները թարմացնելու անհրաժեշտություն: Մեր զրուցակիցը համոզված է, որ այս բարեփոխումները կարող են զգալիորեն ավելացնել այցելուների թիվը: Փորձեցինք ճշտել՝ ինչպե՞ս է փակ տարածքում գտնվող կառույցը օդափոխվում: Պարզվեց՝ ունեցել են օդափոխության համակարգ, որն անսարք է, վաղուց չի գործում, վերևի հարկում թթվածնի պակաս կա, ներքևում, հսկիչների հսկողությամբ, երբեմն դռները բացում են, փորձում հնարավորինս օդափոխել տարածքը: Կա նաև ջեռուցման խնդիր: Այստեղ ամռանը շատ շոգ է, ձմռան ամիսներին՝ ցուրտ, ինչը, սակայն, չի խոչընդոտում արդյունավետ աշխատանքին:
Ի դեպ, յուրատեսակ այս կենտրոնն ընդգրկված չէ զբոսաշրջային ծրագրերում, թեև աշխատակիցները գործուղվել են Երևան, թանգարանի մասին պատմող բուկլետներ են տրամադրել զբոսաշրջային ընկերություններին: Տուն-թանգարանի տոմսն արժե 400 դրամ: Ընտրել են նվազագույն գումարային շեմը: Ֆինանսական բացը փորձում են լրացնել նաև համերգային ծրագրերով, տիկնիկային ներկայացումներով և այլ միջոցառումներով: Թանգարանային բաժնի վարիչ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՔՈՒԼՅԱՆԸ պատմեց վերջին և սպասվող նորությունների մասին: Վերջերս Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համատեղ, նախադեպը չունեցող մշակութային-կրթական հեծանվարշավ է իրականացրել՝ զուգակցված խաչատրյանական երաժշտությամբ: «Ծրագրի առաջին փուլը մեկնարկեց մեր կենտրոնում, ներկայացրինք թանգարանը, որից հետո միջոցառման մասնակիցները, Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի անդամների հետ, ուղևորվեցին Լոռե բերդ, ծանոթացան բերդի պատմությանը: Արշավն ավարտվեց քաղաքային այգում՝ Սոս Սարգսյանի հուշարձանի մոտ: Արշավի ծրագրով ներկայացվեց երկու թանգարան: Ակտիվացավ թանգարան-համայնք կապը: Ծրագիրը շարունակական է լինելու»: Թանգարանային բաժնի վարիչը տեղեկացրեց նաև, որ հոկտեմբերի 20-ին երկօրյա «հեղափոխական» կինոփառատոն են նախատեսում՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ-հիմնադրամի հետ համատեղ, ԿԳՄՍ նախարարության հատկացրած դրամաշնորհով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ