«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանի նոր քննությունը

Հայաստանի նոր քննությունը
03.04.2015 | 12:53

Ապրիլի 2-ին հայտարարվեց, որ Իրանը և վեց գերտերությունները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, ութօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, BBC-ի փոխանցմամբ, ասել է, որ բանակցությունների արդյունքում կարողացել են գտնել «լուծումներ»։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ «հիմնական կետերի շուրջ հասել են փոխադարձ համաձայնության»։ Լոզանի մամլո ասուլիսում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «Այսօր մենք վճռական քայլ արեցինք: Մենք համաձայնության եկանք համապարփակ համաձայնագրի առանցքային պարամետրերի վերաբերյալ: Քաղաքական վճռականությունը, բարի կամքը և լարված աշխատանքը դա հնարավոր դարձրին»: ՈՒրանի հարստացման հնարավորությունները կկրճատվեն, պաշարները երկրից դուրս կբերվեն: Համաձայնագրի պայմանները կատարելու դեպքում Իրանի նկատմամբ պատժամիջոցները խիստ կթուլանան՝ հայտարարեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը: Նրա կարծիքով` համաձայնագիրը կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: Պատժամիջոցները կգործեն՝ մինչև համաձայնագրի իրականացման ավարտը: Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրեց, որ պատժամիջոցներ նորից կմտցվեն, եթե Իրանը խախտի համաձայնագիրը: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասաց, որ նախքան համաձայնագրի կնքումը Իրանը վեցյակի առաջ որևէ նոր պարտավորություն չունի: ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցները կարճ ժամանակով կգործեն դեռ ՄԱԿ-ի կողմից վերացնելուց հետո, հետո ամբողջությամբ կհանվեն: Զարիֆը հայտարարեց, որ Իրանի միջուկային օբյեկտներից որևէ մեկը չի փակվի, ուսումնասիրությունները կշարունակվեն: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերահսկողությունը կշարունակվի 10- 25 տարի տարբեր առումներով: Թեհրանը 10 տարով կսահմանափակի ուրանի հարստացման հզորությունները և միջուկային ուսումնասիրությունները: Այդ ընթացքում, Reuters-ի տեղեկատվությամբ, կկանգնեցվի ուրանից հարստացման ցենտրիգուգների երկու երրորդը:

15 տարի Իրանը ուրանի հարստացման նոր օբյեկտներ կամ ծանր ջրով ռեակտորների չի կառուցի և կսահմանափակի հարստացված ուրանի իր պաշարները: ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությունը Իրանի միջուկային օբյեկտներում կշարունակվի 25 տարի: 2013-ին ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ժամանակավոր համաձայնություն կնքեցին Իրանի հետ, որով պատժամիջոցները մասամբ թուլացվեցին Թեհրանի միջուկային ծրագրի որոշ զիջումերի դիմաց և սկսվեցին Իրանի ու վեցյակի բանակցությունները: Վերջնական համաձայնագիրը կպատրաստվի մինչև հունիսի 30-ը:
Համարե՞լ, որ 12 տարվա բանակցությունները հունիսի 30-ին իսկապես կավարտվեն համաձայնագրով: Ռուսական լրատվամիջոցները, որ պնդում են, որ մինչև հունիսի 30-ը տեխնիկական համաձայնեցումների շրջանը կարող է ավելի դժվար լինել ու գործը համաձայնագրի չհասնի: Պատժամիջոցներն Իրանից հանելու Արևմուտքի ցանկությունը Մոսկվայում դիտվում է քայլ Ռուսաստանի դեմ՝ խնդիր, որով լուծվում է Եվրոպան ռուսական գազի կախվածությունից ազատելու հարցը: Այնուամենայնիվ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ջանադիր մասնակցում էր վեցյակի ու Թեհրանի բանակցություններին:
Ի՞նչ կփոխվի տարածաշրջանում, երբ Թեհրանը ձերբազատվի պատժամիջոցներից: Հազիվ թե Իսրայելն ու Թուրքիան դադարեցնեն Իրանի դեմ իրենց պայքարը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդեն հեռախոսել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ու հայտարարել, որ դեմ է իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններին: Նեթանյահուն ասել է, որ համաձայնությունը «սպառնալիք կլինի Իսրայելի գոյատևմանը», Օբաման նրան հանգստացրել է, որ Իրանի հետ գործարքը զգալի առաջընթաց է դեպի ամուր համաձայնությունը, որը կկտրի դեպի միջուկային ռումբ տանող ճանապարհը։ Բայց սա դեռ սկիզբն է:
Օբաման, համենայն դեպս, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քուվեյթի, Օմանի, Կատարի և Բահրեյնի առաջնորդներին հրավիրել է ԱՄՆ՝ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցերը քննարկելու համար, «լուծելու համար բազմազան հակամարտություններ, որոնք այդքան դժվարություններ և անկայունություն են առաջացրել Մերձավոր Արևելքում»:
Թուրքիան որոշել է ոչպաշտոնական պատվիրակություն ուղարկել Ղրիմ՝ տեղեկանալու թաթարների վիճակի մասին: Ոչ պաշտոնական պատվիրակության կազմում կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ՝ հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա ունի նաև կոնկրետ մտահոգություն՝ Ղրիմի կառավարությունը հրաժարվել է երկարաձգել թաթարական հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը: Թուրքիայի արտգործնախարարությունը վստահ է, որ դա Ղրիմի թաթարների դեմ քաղաքական ճնշում կիրառելու օրինակ է:
«Գազպրոմը» մտադիր է 277,9 մլրդ ռուբլի ներդնել «Թուրքական հոսքի» նախագծում՝ գազամատակարարման միասնական համակարգն ընդլայնելու համար: Նախագծի ընդհանուր արժեքը 714,6 մլրդ ռուբլի է:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Իրանի և միջազգային միջնորդների համաձայնությունն ու հայտարարել. «Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը»: «Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսքան տարբեր տեղեկատվության մեջ ո՞րն է Հայաստանի շահը:
Գործնականում յոթ երկրներ մոտ են համաձայնության կայացմանը, որը Իրանին կձերբազատի պատժամիջոցներից ու միանշանակ տնտեսական աճի հնարավորություն կտա, նաև կմեծացնի Իրանի դերը տարածաշրջանում ու աշխարհում: Իրանի աշխարհաքաղաքական դերի մեծացումը՝ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումով, վերջապես կարող է հնարավորություն տալ իրագործելու այն նախագծերը, որոնց անվերջ հետաձգումը հայ պաշտոնյաները բացահայտ ու ոչ բացահայտ կապում են միայն պատժամիջոցների հետ: Այդպե՞ս է: Բնականաբար՝ ոչ: Որովհետև Իրանի դերի մեծացումը, Իրանի էներգակիրների արտահանումը դեմ է ռուսական շահին, Իրանը մրցակից է Ռուսաստանի համար: Լոզանի բանակցությունների ավարտին վերջինը և ամենազուսպը արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որ արագ վերադարձել էր Մոսկվա՝ դեռ բանակցությունները չավարտված: Ռուսաստանը պատժամիջոցների բոլոր տարիներին շարունակում էր Իրանի հետ հարաբերությունները, իսկ հիմա նա այլևս միակը չի լինի: Թերևս դա է ռուս-թուրքական հարաբերությունների սերտացման հիմնական պատճառը՝ կանխել Իրանի առաջընթացը տարածաշրջանում: Ի՞նչ կարող են անել մյուս երկրները՝ Հայաստանն ու Վրաստանը: Եթե Վրաստանը համեմատաբար ազատ է իր քայլերում, Հայաստանը կարո՞ղ է դառնալ ադրբեջանաթուրքռուսական առանցքի հակակշռի մաս: Հավելեք Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը, որ ամերիկացիները սովոր են ամեն ինչում լինել առաջինը և Հայաստանի հետ տնտեսական կապերում էլ են ուզում առաջինը լինել: ԱՄՆ-ը որևէ ոլորտում առաջինը լինում է, երբ առաջինը չէ ՌԴ-ն: Մինչև հունիս Մոսկվան ժամանակ ունի խանգարել Իրանի հետ համաձայնության կայացմանը: Կարողանալո՞ւ է Հայաստանը ձեռնպահ մնալ այդ գործընթացից: Հարցին պատասխանելուց առաջ հիշեք ԼՂ հակամարտությունը: Ադրբեջանին և Թուրքիային Իրանի հետ մրցակցությունը բոլորովին պետք չէ: Ռուսաստանին՝ նույնպես: Բնական շահի պաշտպանությունը նրանց կարող է մղել տարածաշրջանում անկայունության խորացման հենց այս ճակատում: Հայաստանը նորից քաղաքական անկախության քննության առաջ է: Այս անգամ՝ ավելի քան լուրջ: Այս դեպքում Արևմուտք-Արևելք շահերի բախման իսկապես խաչմերուկ ենք դառնալու, երբ Իրանը պոկվում է տեղապտույտից ու Արևմուտքի հետ համագործակցությամբ՝ փորձում փոխել ուժերի դասավորությունը: Հայաստանի նվազագույն խնդիրը՝ կանխել կորուստները, առավելագույնը՝ սեփական քաղաքականությունը վարել հարևանների հետ՝ առանց ՌԴ-ի վերահսկողության: Երկրորդ խնդիրը Հայաստանը միայնակ չի կարող լուծել և ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պիտի գործնականում ապացուցեն՝ ինչ են նշանակում իրենց բոլոր հայտարարությունները: Խաղից դուրս մնալը Հայաստանի համար ամենավտանգավոր տարբերակն է, պատճառները ու հետևանքները հայտնի են:


Դիտվել է՝ 1333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ