«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ամփոփումների կիսատ ժամանակը

Ամփոփումների կիսատ ժամանակը
24.03.2015 | 00:55

Ամփոփումների օրեր ենք ապրում, բայց ամփոփում ենք այն, ինչ չի ավարտվել: Նկատե՞լ եք: Ամփոփեցինք համաժողովրդական շարժումը, ավելի ճիշտ՝ սգո պսակները դրեցինք ու հեռացանք: Բայց բուն համաժողովրդական շարժումը կա ու եթե Ազատության հրապարակում չէ, դեռ ոչինչ չի նշանակում: Ամփոփեցինք ոչիշխանական եռյակի պատմությունը, մեկական սգո պսակներ էլ հասցեատերերին ուղարկեցինք լռելյայն կամ մի քանի ոչինչ չասող խոսքերով: Բայց նրանք դեռ կան ու իրենց լինելությունը այս կամ այն կերպ պարտադրելու են մեզ: Ամփոփեցինք ՀՀԿ-ի հետընտրական անդորրը խանգարող ԲՀԿ-ի պատմությունը, բայց նույնիսկ սգո պսակ չուղարկեցինք, որովհետև այդպես էլ չհասկացանք՝ ավարտվե՞ց «չարիքի» պատմությունը, թե՞ ոչ: Չհասկացանք՝ ի՞նչ մնաց ու ի՞նչ դարձավ ԲՀԿ-ն: Ժամանա՞կ է պետք: Ոչ, սա այդ դեպքը չէ, այս դեպքում ոչ թե ժամանակն է ցույց տալու հավարտ ինչ եղավ, այլ ընթացքն է արդյունքը թելադրելու: Ամփոփեցինք Սահմանադրության փոփոխության բլիցկրիգը ու ստացանք ամենաանորոշ մի պատասխան՝ հայեցակարգը դեռ չի նշանակում, որ վերջնական որոշում է կայացվել, մտահոգություններ կան, որ չեն փարատվել, ներքին կայունության ու անվտանգության ապահովման հնարավորությունների վերջնական պատկեր չկա: Լավ, այդ դեպքում ի՞նչն ենք քննարկում, քննարկման ընթա՞ցքը: Ամփոփեցինք, թե ինչու ԵՄ-ի հետ չասոցացվեցինք, ու ձգտում ենք դեպի ԵՄ՝ փոխադարձ ձգողականության դաշտով: Քաղաքակիրթ Եվրոպայի հետ համաձայնագիր չկնքեցինք, որովհետև գազի գնից վախեցանք, բայց աշխարհում միայն գազի գինը չէր ամենասարսափելին: Համենայն դեպս, երբ ԵԱՏՄ հիմնադիր եռյակը հանդիպում է, մենք գնում ենք Բրյուսել: Ամփոփեցինք, որ ԵԱՏՄ մտանք, ու դեռ չենք հասկացել՝ որտե՞ղ ենք ու ի՞նչ ենք անում: Ամփոփեցինք հայ-թուրքական արձանագրությունները ու խորհրդարանի օրակարգից հանեցինք, բայց ստորագրությունը մնաց փաստաթղթի տակ, որովհետև մենք ոչնչից երբեք չենք հրաժարվում, բայց խնդիրը մնաց: Օսմանյան կայսրության տարածքում անցյալ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը ամփոփեցինք Հռչակագրով, որ անվանեցինք համահայկական, բայց ոչինչ որոշակի չասացինք՝ ապավինելով խորհրդավոր թղթածրարի: Շարունակեմ՝ շարունակվելու է, բայց հասկանանք՝ ինչո՞ւ են մեր բոլոր ամփոփումները այսքան կիսատ ու այսքան ապագայի առաջ փակ:
Օրինակ՝ սահմանադրական բարեփոխումների դեպքում, ինչքա՞ն հարցեր են մնում անպատասխան:
1. Ինչո՞ւ 2005-ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ այսօր բարձրացվող հարցերը չլուծվեցին, որքանո՞վ են այդ հարցերը արդիական: Իշխանության թևերի տարանջատումը, զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ստեղծումը, խորհրդարանի ու վարչապետի լիազորությունների մեծացումը այն ժամանակ էլ խնդիր էր, ու ի՞նչ արվեց:
2. Ի՞նչ լեգիտիմություն ուներ 2005-ի հանրաքվեն, ո՞րն է երաշխիքը, որ նոր հանրաքվեն չի անցնելու հանձնարարված արդյունքով: Ո՞րն է երաշխիքը, որ վերափոխված Սահմանադրությունը գործելու է: Քանի՞ ապացույց կա, որ գործող Սահմանադրությունը երկրում ճգնաժամային իրավիճակ է ստեղծում: Եթե ապացույցներ կան, իրավակա՞ն, թե՞ մարդկային գործոնով են պայմանավորված:
3. Երկրում երկու առաջնային մանդատ ունեցող ինստիտուտների առկայությունն իրականում հակակշիռների ու զսպումների մեխանի՞զմ է, թե՞ առճակատման հնարավորություն: Ինչո՞ւ նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը տարբեր կուսակցական պատկանելության դեպքում չեն կարող միասնական տեսակետ ունենալ ու անպայման պիտի հակադրվեն:

Այդ հակադրությունը վտանգ է իշխանությա՞ն, թե՞ պետության համար:
4. Նախագահական կամ կիսանախագահական մոդելը Հայաստանում գործո՞ւմ է, թե՞ գործում է իրավականորեն ամրագրված, բայց գործնականում այլ տարբերակ՝ հակառակ Հիմնական օրենքի:
5. Խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ պիտի ունենա նախագահը, ո՞վ է լինելու երկրի ռազմական անվտանգության պատասխանատուն, բանակի գերագույն գլխավոր հրամանատարը:
6. Խորհրդարանական կառավարման մոդելը կգործի՞ Հայաստանի քաղաքական դաշտում, կուսակցությունների կայացածության մակարդակը թույլ կտա՞, որ խորհրդարանական կառավարումը ընդհանրապես հնարավոր լինի՝ վտանգ չկա՞, որ կստեղծվի մեկ կուսակցության գերիշխանությամբ կուսակցությունների կաստա, որոնց փոխհարաբերությունների հիմքը կլինեն ոչ թե ընտրությունները, այլ քաղաքական պայմանավորվածությունները:
7. 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կկատարվի՞, և ի՞նչ սկզբունքով են կազմվելու համամասնական ընտրացուցակները: Կուսակցության ղեկավարը իր նպատակահարմարությամբ շարելո՞ւ է, թե՞ այդտեղ ևս ընտրական մեխանիզմ է գործելու:
8. 131-ից 75 կամ մի քիչ ավելի, մի քիչ պակաս թվով պատգամավորների կրճատումը ի՞նչ նպատակ է հետապնդում՝ խորհրդարանը իսկապես պրոֆեսիոնա՞լ դարձնել, թե՞ արտախորհրդարանական ու խորհրդարանական անցանկալի ուժերի առաջ ԱԺ դուռը փակել, կներեք, տոմսերը սպառվել են:
9. Կառավարման մոդելի փոփոխությունը որքանո՞վ է համակարգային փոփոխություն, ի՞նչ ածանցյալ փոփոխություններ են լինելու, և որքանո՞վ են այդ փոփոխությունները համարժեք իրական պահանջներին:
10. Խորհրդարանական ընտրություններում ապահովվելո՞ւ է իսկապես ընտրություն, թե՞ հակառակը՝ խորհրդարանական կառավարման մոդելին անցումը այդ ընտրությունները դարձնելու է բացարձակ նշանակովի:
Շարունակեմ՝ էլի կշարունակվի, բնական է, գործընթաց է, որ հենց կոչված է հարցերը վերհանելու ու պատասխանները որոշակիացնելու: Եվ պետք չէ այդ գործընթացը ի սկզբանե ու միանշանակ քաղաքականացնել, քաղաքական խնդիրները լուծելու բազում տարբերակներ կան, չի կարելի կենտրոնացնել Սահմանադրության վրա՝ այդ սխալն արդեն արել ենք 1995-ին: Սահմանադրությունը չի կարող ու չպիտի լինի մեկուսի քաղաքական շահի սպասարկման միջոց, ու դա բոլորի խնդիրն է՝ իշխանության, ընդդիմության, ժողովրդի: Մեկը մյուսին մեղադրելու փոխարեն պետք է խնդիը լուծել:
Եթե սահմանադրական փոփոխություններն անընդունելի են, պետք է բացատրել պատճառները, ինչո՞ւ Հայաստանում չի կարող խորհրդարանական կառավարման մոդելը գործել, ի՞նչ օրենսդրական ու քաղաքական վտանգներ կան կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեպքում խորհրդարանական կառավարման մոդելում, ինչո՞ւ հիմա անցումը նպատակահարմար է կամ չէ, ի՞նչ խնդիրներ պետք է լուծել մինչ այդ: Քաղաքական կոնսոլիդացիան կարող է լինել ինչպես սահմանադրական փոփոխություններին կողմ քաղաքական ուժերի, այնպես էլ այդ փոփոխություններին դեմ քաղաքական ուժերի միջև՝ դա է ենթադրում պարզ տրամաբանությունը: Եվ այս պարագայում կուսակցական ու միջկուսակցական հարաբերությունները պետք է մնան իրենց տեղում՝ իրենց բոլոր առանձնահատկություններով, հարցը փոխհարաբերություններին չի վերաբերում, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին չի վերաբերում, ընդդիմության տարբեր թևերին չի վերաբերում, հարցը վերաբերում է Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքին: Դեռ կոմունիստական կուսակցության ժամանակներից փառավոր ավանդույթներ ունենք «աշխատանքային կոլեկտիվներում քննարկելու և հավանություն տալու»: Անկախ Հայաստանի պատմության մեջ էլ այդ ավանդույթները նույնքան փառավոր շարունակել ենք հաճախ, այդ թվում նաև Սահմանադրությանը վերաբերող քննարկումներում: Դա ոչ մեկին պետք չէ, ձևական «այո»-ն ու ձևական «ոչ»-ը պատճառ են դառնալու, որ և քննարկումները, և հանրաքվեն, և հանրաքվեի արդյունքները հավատ չներշնչեն ու շարունակվի Ավետարանի և Սահմանադրության վրա պաշտոնակալության արարողությունների ժամանակ երդվելու, իսկ հետո Սահմանադրությունը մի կողմ դրած՝ գործնական քաղաքականությամբ առաջնորդվելու ավանդույթը: Հայաստանի Հանրապետությունն իբրև պետություն վաղուց արդեն նորանկախ չէ, վաղուց արդեն անցումային շրջանում չէ ու հասունացել է նաև սեփական սխալներն ուղղելու չափ: Մենք բոլորս տարված ենք կուսակցական շահերով և խաղերով ու կուսակցականից դուրս դադարել ենք տեսնել պետությունն ու պետականությունը, մինչդեռ անկյունաքարը ոչ թե կուսակցությունն է, այլ պետությունը: Սխալ ենք կառուցում մեր արժեհամակարգը, որի առանցքը մարդը պիտի լինի, իսկ մեր դեպքում մարդը պտուտակ է, որ այս ու այն կողմ է պտտվում՝ օրվա իշխանության շահերի ուղղությամբ, կուսակցությունները պիտի ծառայեն հասարակությանը, ոչ թե հասարակությունը տրոհեն ու դարձնեն հատվածական, ներհակ, հաճախ թշնամական խմբավորումների բաժանված ընտրազանգված, որի միակ նպատակը այս կամ այն կուսակցությանն իշխանության բերելն է կամ իշխանությունը պահպանելը, որպեսզի հետո այդ նույն կուսակցության հովանու ներքո կյանքը դառնա օազիս անապատում: Այդպես հայրենիք չեն պահում: Ես բոլորովին վստահ չեմ, որ Սահմանադրությունը համակարգային փոփոխության միջոց է, համակարգային փոփոխությունը նախ պետք է կատարվի հասարակության գիտակցության ու ինքնագիտակցության մեջ, հետո արդեն դրսևորվի իբրև իշխանության բարեփոխում, փոփոխություն կամ պահպանում: Ինչքա՞ն կարելի է միմյանց մեղադրել ու բացահայտել: Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը դարձել է ընդհանրական դատավարություն, որտեղ բոլորը բոլորին մեղադրանքներ են ներկայացնում, անվստահություն հայտնում ու մահապատիժ պահանջում, իսկ դատավորը ձեռքը թափ է տվել ու գնացել է տուն, որովհետև պարապ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կդառնա՞ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ կառավարման սահմանադրական մոդելին անցման պարագայում: Տեսականորեն՝ այո: Խորհրդարանական ընտրությունները 2017-ին են, երբ նա դեռ նախագահ է մինչև 2018-ը, ուստի կամ պիտի հրաժարական տա, կամ շարունակի պաշտոնավարել: Հրաժարականը ռիսկային է: Պաշտոնավարելու պարագայում չի կարող և նախագահ, և պատգամավոր լինել, եթե նոր Սահմանադրության մեջ հոդված չլինի, որ նախագահը, վարչապետը, կառավարության անդամները նաև պատգամավորներ են կամ նշանակվում են պատգամավորներից: Բոլոր դեպքերում ՀՀԿ համամասնական ընտրացուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը: Եթե անցում կատարվի 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, նա կարող է մնալ ցուցակում և մտնել խորհրդարան: Եթե պահպանվի նաև մեծամասնական ընտրակարգը, միշտ կգտնվի մեծամասնական ընտրակարգով ընտրված մի պատգամավոր, որ մանդատը վայր կդնի ու նոր ընտրություն կկատարվի՝ այդպես Հովիկ Աբրահամյանը 2008-ի ամռանը 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո մտավ ԱԺ ու դարձավ ԱԺ նախագահ: Օրենսդրությունը միշտ ունի տարբերակներ, խնդիրը մնում է քաղաքական կամքը՝ օգտագործել, թե չօգտագործել հնարավորությունները: Պատասխանների բազմազանությունը չի կարող մնալ, որոշակիությունը միայն Հայաստանի Հանրապետության համար կապահովի ներքաղաքական կայունության իրավական հիմքեր ու երկրի քաղաքականության կանխատեսելիություն, որ միջազգային վարկի ու հեղինակության համար պարտադիր պայման է: Մենք չենք կարող մեր քաղաքականությունը միշտ պայմանավորել գերտերությունների շահերի համադրմամբ, այդպես դառնում ենք մեկնումեկի քաղաքականության կցորդը, որը ինքնիշխանության կորստի սպառնալիք է:

Դիտվել է՝ 1334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ