«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գագիկ Ծառուկյանի «հիման» անցավ, մնաց «երբեքը»

Գագիկ Ծառուկյանի «հիման» անցավ, մնաց «երբեքը»
14.02.2015 | 13:31

Հայոց քաղաքական փոքրիկ ասպարեզում մեծ գործեր են սկսվել: ՀՀԿ-ն լռեց, լռեց, լռեց գործողությունների մասով ու երբ պարզեց, որ «Մոսկվան Հայաստանում չի կարող սատարել օլիգարխի և օլիգարխի հետ կապված ընդդիմությանը», անցավ գործի: ԲՀԿ-ն, որ խոսում էր, խոսում էր, խոսում էր ու ոչինչ չէր անում, ՀՀԿ-ի թեթև ձեռքով վերջապես ակամա մղվեց ընդդիմության դաշտ: Ցավալի է՝ ոչ գաղափարական, այլ՝ փաստական: Այս օրերին հնչած բոլոր ելույթներում գաղափարական, համակարգային, քաղաքական որևէ առաջարկ չեղավ, մինչդեռ լիուլի փոխադարձվեցին քաղաքական ու քրեական մեղադրանքները: Որտե՞ղ է քաղաքական գործընթացը, երբ ամեն ինչ հավասարեցվել է միջկուսակցական հակասության, որի մեջ խոստանում են ներքաշել ժողովրդին: Իշխանության լծակների, ռեսուրսների վերաբաշխման համար պայքարում ժողովուրդը ի՞նչ գործ ունի: Միմյանց չարիք հռչակելու ու չարիքի վերացումը հանձն առնելու այս գործընթացը քաղաքականության հետ որևէ կապ չունի:

Գագիկ Ծառուկյանն իր պատասխան ելույթում չասաց ամենակարևորը՝ իր հետ միասին մանդատները վայր են դնում ԲՀԿ բոլոր պատգամավորները ու ԲՀԿ համամասնական ընտրացուցակի բոլոր անդամները: Եռյակի քաղաքական մյուս ուժերը իրենց հույժ դատապարտող հայտարարություններում չասացին, որ իրենք ևս վայր են դնում մանդատները իրենց համամասնական ընտրացուցակով ու միանում են «չարիքի» դեմ Գագիկ Ծառուկյանի հայտարարած պայքարին: Չասացին: Եվ դա արդեն ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» առաջին ու ամենամեծ ռազմավարական սխալն էր: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելու միակ սահմանադրական ճանապարհը անտեսվեց: Ինչո՞ւ: Որովհետև նախ ԲՀԿ-ն իր շարքերի նկատմամբ չունի նման վստահություն: Երկրորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ասպարեզում վերականգնում է իր առաջնորդի տարտղնված դիրքն ու հեղինակությունը: Ո՞վ է մնում, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս է մղվում քաղաքական դաշտից ու հայտնվում է քրեական դաշտում: Իսկ որ նա հայտնվում է քրեական դաշտում, պարզ էր ՀՀԿ նախագահի ելույթից ու հաստատվեց ԱԽ նիստով՝ «ԱԱԽ նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է ընդհանուր մոտեցում երկրի ազգային անվտանգությանը սպառնացող երևույթները գնահատելու և դրանց վտանգավորության աստիճանին համարժեք միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ: ԱԱԽ անդամները միակարծիք են եղել, որ ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի չեզոքացման միջոցները պետք է համապատասխանեն օրինականության և արդարության չափանիշներին» պաշտոնական հաղորդագրությունը դա է նշանակում: ՈՒ ի՞նչ: Հուզական ու լիովին կանխատեսելի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը վերստին չկատարեց իր խոստումը՝ նա «համազգային մոբիլիզացիայի» կոչ արեց, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) «հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից», ու, մեղմ ասած, կատարեց իր երկրորդ, արդեն աններելի սխալը՝ ժամանակ կորցրեց։ Համազգային մոբիլիզացիան այս հարցում ամիսների տևողություն չի կարող ունենալ: Սա այն դեպքն է՝ երբ գործում էր «Հիմա, կամ՝ երբեք» կարգախոսը: Գագիկ Ծառուկյանի «հիման» անցավ, մնաց «երբեքը»: Բազում օրինակներ կան, թե ինչպես են քանդվում, իշխանության հետ սերտաճում ու իշխանության սպասարկմանն անցնում իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցություններն ու նրանց անդամները: Առավել ևս՝ ԲՀԿ-ն, որ այդպես էր չհայտարարեց իրեն ընդդիմադիր: ԲՀԿ-ն դեռ զարմանում է, որ խախտվեց քաղաքական ստատուս քվոն, թեև մարտի մեկով ընդմիշտ շաղկապված էին ու նույն խրամատում խրված, շարունակում է զարմանալ, իսկ իշխանությունը գործում է իր բոլոր մեխանիզմներով: ՈՒ՝ ճիշտ է անում, որովհետև պատասխանատվություն ունի նախ և առաջ ինքն իր համար:
ՈՒ ի՞նչ: Որևէ խնդիր քաղաքական դաշտում չի լուծվում, երբ նույնիսկ ԲՀԿ-ն ինքնալիկվիդանում է, ուժերի վերադասավորում չի լինում՝ կար ՀՀԿ-ն իր շրջապատով, մնում է ՀՀԿ-ն իր շրջապատով՝ շքախմբից մեկ անդամ այս կողմ, այն կողմ՝ սուրբ տեղը թափուր չի մնում: «Ավազակապետության» դեմ պայքարի իր բուռն ժամանակներում Գագիկ Ծառուկյանին «Դոդի Գագո» էր անվանում Լևոն Տեր-Պետրոսյանը, քաղաքական դաշտի մաքրմանն իր բուռն պայքարում նույնն արեց Սերժ Սարգսյանը: ՈՒ եթե այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը ներկայանում են նույն ճամբարում, ինչո՞ւ վաղը նորից Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն լինի նույն ճամբարում: Իհարկե, որոշակի «կուլակաթափությունից» հետո: Իսկ դա քաղաքականության հետ նույնքան կապ ունի, որքան Լուսինը ազդում է Երկրում տեղատվությունների ու մակընթացությունների վրա: Ձգողականության դաշտի առանցքում այդպես էլ չի հայտնվում քաղաքականությունը, հայտնվում են քաղաքական գործիչներն ու միմյանց անվանում չարիք, իսկ հիմնավորում են միմյանց դեմ պայքարը պետության ու ժողովրդի շահով: ՈՒրեմն՝ նախ և առաջ պետք է սահմանազատել իշխանությունն ու պետությունը, ժողովրդին թողնել այն դերը, որ վերապահված է Սահմանադրությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը: Գոնե Հովիկ Աբրահամյանը գիտի՞ նրա տեղը, թե՞ քաղաքական խրամատների միջև հաղորդակցությունը այլևս հակացուցված է: Բայց եթե չգիտի ու չի ուզում իմանալ, հարկադրված է զբաղվել միայն իր վարչապետական պարտականություններով, որոնց կատարումն այնքան էլ հաջողություններ չի խոստանում: Գիտի՞ Գալուստ Սահակյանը՝ որտե՞ղ է ԲՀԿ խմբակցության ղեկավարը, ում անվերջ բացակայությունները հրահանգված էր համարել հարգելի, իսկ հիմա հրահանգվեց համարել անհարգելի: ՈՒ ԱԺ նիստում նրան պատգամավորական լիազորություններից զրկելու հարց է քննարկելու: ԱԺ նախագահը գիտի՞, որ եթե ուզում են դաշտը մաքրել, բացի Գագիկ Ծառուկյանից, շատ պատկառելի ցուցակ կա խորհրդարանի նիստերի ու քվեարկություններից բացակայած պատգամավորների, և նրանց ևս պետք է «մաքրել» խորհրդարանից՝ քաղաքական կառույց ունենալու համար, թե՞ Հայաստանում՝ ոնց Հայաստանում, ու պատերազմում՝ ոնց պատերազմում:

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ