«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Փափուկ ձեռքով հանցավորության և սոցիալական այլանդակությունների դեմ չես պայքարի»

«Փափուկ ձեռքով հանցավորության և սոցիալական  այլանդակությունների դեմ չես պայքարի»
09.12.2014 | 00:08

Վերջերս լրատվամիջոցներում ի հայտ եկան բավական տարօրինակ հաղորդագրություններ այն մասին, որ բարձրակարգ հյուրանոցների որոշ տերեր հապշտապ սկսել են արհեստականորեն իջեցնել իրենց հինգաստղանի հյուրանոցների կարգանիշը։ Պատճառն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում չինացի պաշտոնյաներին արգելվում է իջևանել թանկ հյուրանոցներում։ Արգելքներ են սահմանվել նաև թանկ ընդունելությունների կազմակերպման, ճոխության ու կենցաղում անժուժկալության ցուցաբերման վրա, այդ թվում` պաշտոնյաների և կուսակցական գործիչների ընտանիքների անդամների կողմից։ Այսինքն, չինացիները կոռուպցիայի ամբողջ խնդիրը հստակորեն բաժանել են մասերի, և նախ սկսել են պարզել ստորին մակարդակում դրա դրսևորումները։ Առաջնայնության տրամաբանությունը հասկանալի է. շարքային մարդը սովորաբար բախվում է հենց կենցաղային կոռուպցիային, և ըստ դրա կարծիք կազմում խնդրի չափերի մասին։ «Անվայել վարքագիծ» ձևակերպումը, ի դեպ, քրեորեն հետապնդելի չէ, բայց, ընդսմին, այն, որպես կանոն, հանգեցնում է կուստոմսի կորստյան, ուրեմն և՝ կարիերայի վրա խաչ քաշելուն։ Ի դեպ, ինչպես պնդում են մասնագետները, դա վերաբերում է նաև չինական ավանդույթին։ Հնում պաշտոնյան պատժվում էր, ըստ էության, ոչ թե կաշառակերության, այլ «դեմքը կորցնելու» համար, այսինքն, եթե նա, չարաշահելով իր լիազորությունները, խախտում էր վարքագծի նորմերն իր անձնական շահի համար, ինչը, ի վերջո, հանգեցնում էր սոցիալական բնույթի պատժի և առաջ բերում իշխանությունից ժողովրդի դժգոհությունը։
Հիմա առաջ է քաշվել մի նոր կանոն. այն պաշտոնյաները, որոնց ընտանիքների անդամները մշտապես բնակվում են արտասահմանում, ՉԺՀ-ում զրկվում են ծառայողական առաջխաղացման իրավունքից։ Դա բավական ծանր հարված է կոռուպցիային, քանի որ հենց արտասահմանում բնակվող հարազատների անունով են փոխանցվում հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտները, բացվում ֆիրմաներ, գնվում արժեթղթեր և այլ ակտիվներ։ Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի տվյալներով, 1995-2005 թթ. մշտական հիմունքներով արտասահմանում են գտնվել չինացի պաշտոնյաների ավելի քան մեկ միլիոն երեխաներ ու կանայք։ Պարզվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ճնշող մեծամասնության մերձավոր հարազատներն ունեցել են ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի քաղաքացիություն կամ կեցության թույլտվություն։ Ընդհանուր առմամբ, 90-ականների կեսերից Չինաստանից փախել են 16-18 հազար տարբեր մակարդակի պաշտոնյաներ, որոնք երկրից դուրս են տարել մոտ 127 մլրդ դոլար։ Ավելին, գոյություն ունի թալանված միջոցների դուրսբերման և օրինականացման, ինչպես նաև ՉԺՀ-ից կոռուպցիոներների ու նրանց ընտանիքների անդամների հեռացման ընդհատակյա կառույցների մի ամբողջ ցանց։ Այս բոլոր սխեմաները կազմվել և գործում են շնորհիվ, նախ և առաջ, չինական սփյուռքի։ Սակայն Չինաստանում անհնար են համարում օրենսդրորեն արգելել հարազատների ելքը արտասահման։ Միայն հիմա, նոր կանոններ մտցնելուց հետո, նման պաշտոնյաներն ինքնաբերաբար տեղափոխվում են հատուկ ցուցակ։ Աշխատակազմերի միջավայրում նրանք դառնում են «բորոտներ» և շատ արագ դուրս են մնում համակարգից։
Ասենք, այստեղ ոչ ոք չի հրաժարվում նաև վայրենաբարո պատիժներից. Չինաստանում կոռուպցիոներները գնդակահարվում են մշտապես։ 2001-ից ի վեր այստեղ կաշառակերության մեղադրանքով գնդակահարվել է, պատկերացրեք, 13 հազար պաշտոնյա։ Պետք է նկատել, որ, սկսած 1982-ից, քրեական օրենսգրքով կաշառակերությունը Չինաստանում պատժվել է կա՛մ ցմահ բանտարկությամբ, կա՛մ մահապատժով։ Ժամանակի ընթացքում փոխվել է միայն բուն մահապատժի տեխնոլոգիան. գնդակահարման փոխարեն մտցրել են մահացու ներարկումը։ ՉԺՀ-ի օրենսդրության մեջ կա մահավճռի երկու տեսակ. անհապաղ ի կատար ածմամբ և ի կատար ածման մինչև երկու տարի տարկետմամբ։ Տարկետման դեպքում մահվան դատապարտվածը կարող է խույս տալ պատժից, եթե այդ երկու տարում ոչ մի կշտամբանքի արժանացած չլինի։ Սակայն պատժից ամեն դեպքում նա չի կարող խուսափել, որովհետև մահապատիժը պարզապես կփոխարինվի բանտարկությամբ։ Բացի այդ, լրատվամիջոցները հաղորդում են, որ Չինաստանն այժմ ճարակել է կուսակցական, զինվորական ու քաղաքացիական պաշտոնատար անձանց, պետական կորպորացիաների ղեկավարների ինքնասպանությունների ալիքը։ 2013-ին գրանցվել էր բարձրաստիճան պաշտոնյաների 23 ինքնասպանություն, իսկ ընթացիկ տարվա սկզբից արդեն արձանագրվել է 40-ից ավելի նման դեպք՝ կապված հիմնականում կաշառակերության և գանձագողության վերաբերյալ գործերի քննության հետ։ Ամենայն հավանականությամբ, պաշտոնյաների անվանացանկի այդ ներկայացուցիչները մահը գերադասում են Կարգապահական կենտրոնական հանձնաժողովի քննությունից։ Եվ էլի մեկ բան. Չինաստանում, իրոք, նստեցնում ու գնդակահարում են ոչ միայն «ճանճերին»՝ ստորին օղակների մանր կաշառակերներին, այլև հաճախ «վագրերին»՝ նշանավոր գործիչներին։ Կոշտ ռեպրեսիաների են ենթարկվում ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, Չինաստանում պատժի վախով են համակված նաև խոշոր գործարարները՝ տեղի օլիգարխները։ Այսպես, մի քանի տարի առաջ մահապատժի դատապարտվեց երկրի ամենաերիտասարդ միլիոնատիրուհի ՈՒ Ինը։ Ցզինհուա քաղաքի միջին ատյանի դատարանը 28-ամյա բիզնեստիկնոջը մեղավոր ճանաչեց խաբեությամբ 384 մլն յուան (56 մլն դոլար) ստանալու մեջ։
Հարկ է նկատել, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությամբ ներկայումս առավել հաջողակ երկրների շարքին են դասվում Չինաստանն ու Հոնկոնգը։ Ասենք, Չինաստանում դա մեթոդիկ կերպով և հետևողականորեն իրականացվում է արդեն երկար տարիներ։ Չին մեծ բարեփոխիչ Դեն Սյաոպինին են պատկանում հետևյալ խոսքերը. «Փափուկ ձեռքով հանցավորության և սոցիալական այլանդակությունների դեմ չես պայքարի»։ Այս դրույթն է ընկած ՉԺՀ-ում կոռուպցիայի դեմ մղվող ամբողջ պայքարի հիմքում, բայց, որ պակաս կարևոր չէ, այն միշտ եղել է կշռադատված և երբեք վաղանցիկ կամպանիայի բնույթ չի կրել։ Այդուամենայնիվ, իրավիճակը լրջորեն փոխվեց այն բանից հետո, երբ բարձրագույն իշխանության գլուխ կանգնեց ՉԺՀ-ի ներկայիս նախագահ Սի Ցզինպինը՝ մի կոշտ ու տիրական մարդ։ Նա կոռուպցիայի դեմ պայքարի լայնածավալ, աննախադեպ կամպանիան դարձրեց ներքին քաղաքականության հիմքերից մեկը։ Հենց նրա օրոք ձեռնարկվեցին համակարգային միջոցներ, որոնք թույլ տվեցին էապես նվազեցնել ոչ միայն գողանալու, այլև գողացվածն օրինականացնելու հնարավորությունները։ ՉԺՀ-ի նախագահը բացեիբաց ասում է, որ կոռուպցիան դարձել է պետությանը, ընդհուպ մինչև երկրի ամբողջականությանն սպառնացող գլխավոր վտանգը։ Բանն այն է, որ կոռուպցիոն սխեմաները տանում են դեպի ոչ միայն ներկուսակցական, այլև տարածաշրջանային կլանների ստեղծում։ Անհամաչափ զարգացած շրջաններ, լեզվական և հոգեկերտվածքային տարբերություններ ունեցող Չինաստանում կոռուպցիոն և քրեական կլանները, ելնելով իրենց անձնական տեղայնական շահերից, լիովին կարող են պառակտողական գործեր ձեռնարկել, հատկապես տնտեսական և սոցիալական դժվարությունների պայմաններում։ Թեև այսօր դժվար է հավատալ իրադարձությունների զարգացման նման տարբերակի, այն համարվում է ոչ պակաս կարևոր խնդիր, քան բնակչության դժգոհությունը։
Բայց դե, թե՛ Չինաստանում, թե՛ հատկապես նրա սահմաններից դուրս տարածված է նաև այն կարծիքը, թե «ընկեր Սին, կարծես, անձնական հարցեր էլ է լուծում»։ Հոնկոնգցի պրոֆեսոր Վիլլի Լամը նշում է. «Բավարար ապացույցներ կան այն մասին, որ քննչական ճիրաններում հայտնված պաշտոնյաները, որպես կանոն, խմբակցային պայքարի զոհեր են դարձել»։ Դրա վառ վկայություն են համարում լայն արձագանք գտած «Բո Սիլայի գործը»։ Որոշ դիտորդներ վստահեցնում են, որ Կարգապահական կենտրոնական հանձնաժողովի զոհերի թվում գերակշռում են կուսակցության ներսի այն խմբակցությունների ներկայացուցիչները, որոնց ներկա ղեկավարը կցանկանար թուլացնել։ Դա ՉԺՀ նախկին նախագահ Ցզյան Ցզեմինի, ինչպես նաև բարձրագույն պոստում Սիի նախորդի՝ Հու Ցզինտաոյի խմբավորումն է։ Նրանք բոլորը պայքար են մղում կուսակցությունում գերիշխելու համար։ Ընդ որում, համարվում է, որ կուսակցության մեջ կոռուպցիոն սխեմաների ստեղծումը նպաստում է կենտրոնական իշխանության թուլանալուն։ Այն բանից, թե որքան է կառավարող խմբակցությունը վերահսկում ամբողջ կուսակցությունը, կախված է կառավարման ամբողջ համակարգի կայունությունը, և այս առումով կոռուպցիան, իրոք, լուրջ սպառնալիք է պետական անվտանգությանը։ Եվ հետո։ Զինված ուժերի վերնախավը միշտ էլ ՉԺՀ-ում հատուկ լիազորություններ ու իրավունքներ է ունեցել, և դրանք կասկածի չեն առնվել։ Սակայն հիմա զինվորականներն էլ են հակակոռուպցիոն արշավի թիրախ դարձել։ Այսպես, ս. թ. մարտին տեղի ունեցավ մի բան, ինչն առաջ որևէ մեկի մտքով իսկ չէր անցնի։ Կուսակցական քննիչները ձերբակալեցին ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի նախկին տեղակալ, գեներալ-գնդապետ Սյույ Ցայհոուին (դա զինված ուժերի կառավարման բարձրագույն մարմինն է, այն գլխավորում է երկրի առաջին դեմքը, իսկ նրա երկու տեղակալները համարվում են Չինաստանի ամենաբարձրաստիճան կադրային զինվորականները, և, իհարկե, «անձեռնմխելի են»)։ Շուտով Սյույը հեռացվեց կուսակցությունից, և նրա գործը հանձնեցին դատախազություն։ Այնուհետև լրատվամիջոցները հաղորդեցին, որ ձերբակալվածը խոստովանել է, որ հսկայական կաշառքներ է ստացել «անձամբ և իր ընտանիքի անդամների միջոցով»։ Ցզյան Ցզեմինի խմբավորման հետ կապված գեներալ Սյույին, հավանաբար, հրապարակային դատավարություն և խստագույն դատավճիռ է սպասում։
Մինչդեռ կոռուպցիայի բուն հասկացությունը, ինչպես վստահեցնում են չինագետները, խոր արմատներ է արձակել ազգի գիտակցության մեջ։ Կայսրական Չինաստանում կային հստակ կանոններ, որոնք կարգավորում էին մարդու կյանքի, փաստորեն, բոլոր կողմերը, ներառյալ իշխանության հետ փոխհարաբերությունները։ Այսպես, պաշտոնյայի մոտ դատարկաձեռն, առանց նվեր գնալը համարվել է վատ վարմունք, և այդ դեպքում չարժե դրական արդյունք ակնկալել խնդիրքի համար։ Մինչև օրս էլ Չինաստանում գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «խուանբաոն»՝ կարմիր ծրարը, որով փող են նվիրում ինչպես երեխաներին, անվանակոչիկներին, նորապսակներին, այնպես էլ գործընկերներին, գործակալներին կամ պետական պաշտոնյաներին։ Ընդ որում, կարևոր է ոչ այնքան գումարի չափը, որքան նվերի բուն փաստը, որն առանձնակի նշանակություն ունի անձնական փոխհարաբերություններում։ Այս ամենն արտահայտվում է մեկ այլ չինական հասկացությամբ. «մայ ժենցին»՝ գնել մարդկային զգացումները, և ծառայում է անհրաժեշտ կապերի հաստատմանը («գուանսի»)։ Հետևաբար, շատերն այն կարծիքին են, որ այստեղ անհնար է արմատախիլ անել կաշառքը. «ավաղ, չինացիները միշտ վերցրել են և կվերցնեն», և չնայած պայքարի ընդգրկմանն ու ընդգծված կոշտ մեթոդներին, հասարակության կոռումպացվածության աստիճանն ամենևին չի նվազում։
Բայց ճի՞շտ է, արդյոք, դա։ Կարելի է, իհարկե, չկասկածել, որ հակակոռուպցիոն «չինական մեթոդը» համադարման է, սակայն որպես օրինակ բերենք մասնագետների մեկ դիտարկում։ Պարզվում է, հիմա Չինաստանում կաշառքի չափը միջին հաշվով աճել է, բայց, միաժամանակ, բուն կաշառակերների քանակը նվազել է։ Այսինքն, հասկանալի է՝ հիմա ռիսկի են դիմում ոչ բոլորը, և եթե դիմում են, ապա շատ խոշոր գումարով։ Թե որն է ավելի լավ՝ ճաշակի հարց է, բայց մի բան պարզ է. ՉԺՀ-ում, ինչ պաշտոնի էլ լինի մարդը, հասկանում է, որ բռնվելու դեպքում իրեն չեն օգնի ոչ մի կապ, ոչ մի դիրք, ինքը կպատժվի, և շատ խստորեն։ Այս միտքը, իհարկե, չի զսպում բոլոր կաշառակերներին համատարած։ Բայց գլխավորն այն է, որ նրանց թիվն ավելի ու ավելի է կրճատվում։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ