«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայելի չունենալու հետևանքները

Հայելի չունենալու հետևանքները
02.12.2014 | 00:10

«Հույս մի ունեցեք, թե ծովը մի օր կհանդարտվի։ Սովորեք լողալ ուժեղ քամու ժամանակ»՝ ասել է Արիստոտել Օնասիսը։ Ի վերջո, մեզնից յուրաքանչյուրն էլ այդ եզրահանգմանը կարող էր ինքնուրույն հասնել՝ նույնիսկ եթե ծով կյանքում չի տեսել: Կարևորը բնավ էլ ծովը կամ լողալը չէ, կարևորը դիմակայության ունակությունն է և ժամանակն ապարդյուն չվատնելու կարողությունը: Մեզնից յուրաքանչյուրը այդ ճշմարտությունը գիտի ու գիտի ապրիորի: Կա այդպիսի ճշմարտություն աշխարհում, հետո ի՞նչ: Իրեն ի՞նչ, այնքան հրաշալի ճշմարտություններ կան, կան՝ կան: Ընդհանրական ճշմարտությունների անտեսումը կենսակերպ դարձրած՝ մենք ապրում ենք լավագույնս յուրացրած սպառողական հոգեբանությունը: Ո՞վ ենք մենք: Փոքր երկիր, փոքրաթիվ ազգ, քաղաքական ու բնական աղետների և համաշխարհային անարդարության զոհ՝ սա է մեր պատկերացումը մեր մասին: Այսքան բացասականի հետ՝ միակ դրականը սովորել ենք համարել մեր մշակույթը՝ Մաշտոցից սկսած անուններն անգիր արտաբերելով առիթով ու անառիթ, ու՝ ամբողջ այդ ընթացքում խորագույն անտարբերության մատնած նույն այդ մշակույթը ստեղծողներին ու նրանց ստեղծածը: Լավագույն դեպքում՝ կա նաև մեդալի մյուս կողմը՝ ովքեր դարձել են արքունական (եղել է, թե չի եղել արքունիք), ապրել են Աստծո թևի տակ, ովքեր չեն դարձել, նույնիսկ բնական մահով մեռնելու հնարավորություն չեն ունեցել, կյանքի որակի մասին չեմ ասում: ՈՒ՝ ի՞նչ: Չէ, ոչինչ, պարզապես մենք ապրում ենք մեզ անարժան կյանքով: Ազգովին: Յուրովսանն:
2014-ի թեժ աշունն ավարտվեց: Պաշտոնապես՝ արդեն ձմեռ է: Իսկ կա՞ր թեժ աշուն: Քաղաքական դաշտը, որ խելամիտ բաժանված է իշխանական ու ոչիշխանական մասերի, գործում է պարզ ու հստակ, նպատակ առ նպատակ՝ հաջողությամբ կատարելով իր ծրագրի կետերը: Քաղաքական դաշտի ու հասարակության միջև անջրպետի պատճառը մեկն է՝ քաղաքական դաշտն ունի իր խնդիրները, հասարակությունը՝ իր: Եթե հասարակության խնդիրներն ընդհանուր են, հայտնի ու ինքնին հասկանալի, քաղաքական դաշտի խնդիրները երկու մասի են բաժանվում՝ հրապարակային, որոնց մասին խոսում են բոլորն ու անընդհատ, և իրական, որոնց մասին երդվյալ լռություն է բոլոր ուղղություններով: Եվ քանի որ գործողությունների հիմքում իրական խնդիրներն են, իսկ հասարակությունը նրանց գնահատելիս հիմք է ընդունում հրապարակայինը, ստացվում է չհաղթահարվող անջրպետի պատկերը: 2014-ը հետընտրական առաջին տարին էր ու տրամաբանորեն պիտի անցներ քաղաքական խաղաղության մեջ: Իրականում այդպես էլ անցավ, թեպետ հրապարակային դրսևորումներն այլ գնահատական են թելադրում: Տարեսկզբից ոչիշխանականները խոստացան թեժ գարուն, ամառ, աշուն, ու որովհետև իրականում ոչինչ չպիտի անեին, հնարեցին իրենց 12 կետերը, որոնց սրբազան կովի դեր էր վերապահված՝ մոտենալ չի կարելի, վկայակոչվելու են ցմահ: 12 կետերի նպատակը քաղաքական պարապը լցնելն էր՝ գործընթաց ձևացնելու համար: Քանի որ փոխշահավետ էր, երկու կողմերն էլ ընդունեցին խաղը: Որևէ մեկը նկատե՞ց՝ ե՞րբ ակտիվացավ ոչիշխանությունը, ինչո՞ւ հենց հոկտեմբերին, երբ Հայաստանն անդամակցելու էր ԵԱՏՄ-ին: Ինչո՞ւ: Եթե համաժողովրդական շարժման նպատակն արտաքին քաղաքական ու երկրից դուրս շահերի սպասարկումը չէր, այլ իսկապես իշխանափոխությունը:

Ինչո՞ւ հրապարակում հավաքված կրիտիկական զանգվածը նորից տուն ուղարկվեց: Ինչո՞ւ քառյակը դարձավ եռյակ, հետո եռյակը սկսեց սերտաճել մարդ-կուսակցություններով, բայց իրականում՝ կազմալուծվեց, թեպետ պաշտոնապես կա ու գործում է: Իբր: Իրականում նրանք լուծում են 2017-2018-ին համապետական ընտրություններում հնարավորինս շատ իշխանություն ունենալու, կամ հենց իշխանություն դառնալու պայմանավորվածության հասնելու նեղկուսակցական խնդիրները՝ մեկ, և ընդհանրական խնդիր. ներսում ու դրսում հիմնավորել, որ իշխանությունը Հայաստանում ՀՀԿ-ն է, ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, թեպետ իրենց ոչիշխանություն են անվանում: Սա թե՛ իշխանության, թե՛ ոչիշխանության ընդհանրական հաջողության նախապայմանն է՝ ոչ մի պարագայում երկրում չպետք է ի հայտ գա իրական ընդդիմություն՝ հետևանքները անկանխատեսելի են: Խաղը պարզ է, բայց ամեն ինչ այնքան պարզ չէ իրականում, որքան ծրագրելիս թղթի վրա է լինում: Կյանքում խաղի մեջ են մտնում մարդկային որակները՝ հավակնությունների ու հարաբերությունների տեսքով, որոնք ոչ միշտ է հնարավոր ճշգրիտ ծրագրել ու սահմանափակել: Այդպես միմյանց բախվեցին ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հավակնությունները: Բիզնես-նախագիծ դարձած ՀԱԿ-ը հընթացս պարզեց, որ իր քաղաքական հավակնությունները սահմանափակվում են, մանևրի տեղ չի մնում, որևէ վերլուծություն արագ հակասության մեջ է մտնում քաղաքական տրամաբանության հետ ու այլևս հնարավոր չէ հիմնավորել ոչինչը՝ ներկայացնելով իբրև հաղթանակ: Որ Լևոն Տեր-Պետրոսյանին իսկապես ոչինչ մնաց, հենց ՀԱԿ-ի ԲՀԿ-ին ուղղված քայլերն ու հայտարարություններն են վկայում: «Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»՝ սա դրվագ է ՀԱԿ-ի նախկինում գործած սխալների պատմությունի՞ց, թե՞ նախազգուշացում ԲՀԿ-ին, որ կարիք չունի հուշարարի: ԲՀԿ-ն ի սկզբանե իր խաղն է խաղում՝ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը պայմանական է եղել, բայց՝ փոխշահավետ: ՀԱԿ-ը ստացել է փող, որ վերջնականապես չմարգինալացվի, և զանգված, որ պահպանի ընդդիմադիրի դիրքը, ԲՀԿ-ն՝ քաղաքական ուժի իմիջ, որի անցյալում սև էջեր չկան: Ինքնին դա այնքան էլ կարևոր չէ Հայաստանի պայմաններում, բայց ԲՀԿ-ի պարագայում կարևորվում է, որովհետև միայն 2017-2018-ի նախօրեին կպարզվի, թե իրականում ինչ է ուզում ԲՀԿ-ն և ով է ուզում ԲՀԿ-ում: ՈՒ՝ ի՞նչ է ստանալու: Այս ամբողջ ընթացքում սեփական հրապարակային քայլերը չարած ՀՀԿ-ին պետք էր իր հրապարակավ տարտղնված իշխանության նույնքան հրապարակային վերահաստատում՝ հենց ոչիշխանության ձեռքով: Այդպես հրապարակ նետվեց Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնությունը: Հիանալի նախաձեռնությունը, որ դարձավ անավարտ մնացած խաղի փայլուն հանգուցալուծում: Շահում են բոլորը: Ինքը՝ նախաձեռնության հեղինակը, որ ամրապնդում է իր անհաշտ ընդդիմադիրի դերը: Հասարակական ընկալմամբ՝ ուրիշ ի՞նչ պիտի անի ընդդիմադիրը, եթե ոչ գործող նախագահի հրաժարական պահանջելը: Շահում է ՀԱԿ-ը, որ հնարավորություն է ստանում հայտարարել. «2012-ին խմբակցություն կազմավորելուց հետո առաջին իսկ նիստերի ժամանակ ՀԱԿ խմբակցությունը քննարկել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելու հարցը: Նիստում, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը, միաձայն որոշում է ընդունվել առայժմ զերծ մնալ պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելուց: Որոշման հիմնավորումն այն էր, որ Աժ-ում պաշտոնանկության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ մեծամասնության բացակայության պայմաններում` նման գործընթացի նախաձեռնումը դատապարտված է ձախողման, ինչը միայն կուժեղացնի Սերժ Սարգսյանի դիրքերը»: Բայց և անհրաժեշտ է համարում արձանագրել. «ՀԱԿ խմբակցությունը համարում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար կան բոլոր անհրաժեշտ իրավաքաղաքական հիմքերը (ընդ որում` տասնապատիկ ավելի ծանրակշիռ, քան պատգամավորի ներկայացրած նախագծում), և համաժողովրդական շարժման ծավալմանը զուգընթաց գործի կդնի պաշտոնանկության սահմանադրական գործիքը այն ժամանակ, երբ նման գործընթացի նախաձեռնումը կնպաստի ռեժիմի կազմաքանդման գործին»: Հարմար դիրքորոշում է, չէ՞: Շահում է ԲՀԿ-ն, որ ավելի հասուն քաղաքական ուժ է ներկայանում, որի օրակարգում այսօր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության անիմաստ հարցը չկա, որը զբաղված է մարզային կառույցների հեռահար ամրապնդմամբ։ Մյուսնե՞րը: ՕԵԿ-ը, որ ժամանակին ճանապարհ էր անցել Ռոբերտ Քոչարյանի հետ, նախաձեռնությունը չի ստորագրի, որովհետև «նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի քանի տարի աշխատել են»։ «Ժառանգությո՞ւնը»: Զարուհի Փոստանջյանը կա ու կա: Դեռ Ալեքսանդր Արզումանյանն էլ՝ նվեր: Բայց ամենից շատ շահում է ՀՀԿ-ն, որովհետև հենց իր ձեռքով ոչիշխանությունը հայտարարում է, որ գործող նախագահի, ուրեմն և իշխանության դեմ չի պայքարելու: ՈՒրիշ ինչպե՞ս է լինում իշխանության հետ համագործակցությունը: Այսպես ավարտվեց ոչիշխանական աշնանային «համաժողովրդական» մարաթոնը՝ հրապարակային հաջողության 00 կետում, իրական հաջողության մեջ՝ բոլոր նախադրյալները ստեղծած, որ 2017-2018-ին իրենք կլինեն անձնապես ու կուսակցականորեն: ՈՒ ոչ միայն կլինեն, այլև կունենան ավելին: Ծրագիրը գործում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Մինչ խորհրդարանում քննարկվում է ԵԱՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու հարցը, ԵԱՏՄ-ն ներքին պատերազմների մեջ է: ՌԴ-ն արգելել է սննդամթերքի ազատ տարանցումը Ղազախստանի ու Բելառուսի տարածքով: Ներմուծվող բոլոր ապրանքները պետք է անցնեն ռուսական սահմանային կետերով և ստուգվեն՝ մաքսանենգությունը բացառելու համար: ՌԴ-ն, ի պատասխան ԱՄՆ-ի, Կանադայի ու ԵՄ-ի պատժամիջոցների, արգելել է այդ երկրներից սննդամթերքի ներկրումը: Բելառուսն ու Ղազախստանը ռեէքսպորտով ընդլայնում են շուկան ԵԱՏՄ-ում: Աստանան հայտարարել է, որ պատրաստ չէ ռեէքսպորտի հարցում համագործակցել Ռուսաստանի հետ և խոսք չի կարող լինել ԵՄ-ից Ղազախստան ներկրած ապրանքների տրանզիտի արգելման մասին: ԵՄ-ի ու ՌԴ-ի փոխադարձ պատժամիջոցները առնչություն չունեն Ղազախստանի հետ, Աստանան վարում է ներկրման ու արտահանման անկախ քաղաքականություն և արգելել է իր տարածքում ռուսական օղիների և գարեջրի վաճառքը՝ չեն համապատասխանում սննդի անվտանգության չափանիշներին, հետո էլ անջատել է սահմանամերձ ռուսական տարածքի էներգամատակարարումը: Բելառուսն էլ խոստանում է պատասխան քայլեր, եթե մսի տարանցումը մնա արգելված: Ո՞Ւր մնաց ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքը՝ ապրանքների, ծառայությունների, ֆինանսների ու աշխատուժի ազատ տեղաշարժը: Իր տեղում է: Պարզապես ԵԱՏՄ-ն դեռ չկա, ընդամենը պայմանագիր է, իսկ պայմանագրից ի՞նչ պահանջես: Ամենաշատը՝ կարող ես միանալ: Ինչը և հաջողությամբ կանի Հայաստանը: Եվ ամենից շատ այդ գործից կշահի Արտաշես Գեղամյանը. նա նոր գիրք կգրի, որի կազմին արդեն ոչ թե Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի լուսանկարը կլինի, այլ իր՝ Արտաշես Մամիկոնովիչի ու Վլադիմիր Վլադիմիրովիչի, Նուրսուլթան Աբիշևիչի ու Ալեքսանդր Գրիգորևիչի: Ո՞վ ասաց՝ մոնտաժ է: Ազգադավ ու արևմտամետ ստոր սրիկա է ասողը: Այդպես է, որ երկիրը երկիր չի դառնում: Իսկ իրականում չի դառնում, որովհետև մեզնից ոչ մեկը չի հասկանում, որ ընդհանրական ճշմարտությունները մեր անձնական ճշմարտություններն են: Եվ՝ մեզնից ոչ մեկը անձնապես ու Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև պետություն, հայելի չունի իր առաջ:

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ