«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աշխարհի ապագան որոշվելու է Արևմտյան Հայաստանում, Միջագետքում և Կիլիկիայո՞ւմ

Աշխարհի ապագան որոշվելու է Արևմտյան Հայաստանում, Միջագետքում և Կիլիկիայո՞ւմ
14.11.2014 | 00:24

Մի քանի օր է` համաշխարհային հանրությունը զարմացած հետևում է Իրաքում ամերիկյան ռազմաօդային ուժերի հաջող գրոհներին, որոնց պատճառով, ինչպես երևում է տարաբնույթ տեղեկություններից, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին կամ իսրայելական գործակալ Շիմոն Էլիոթը, ինչպես հաղորդել են Իրանի հատուկ ծառայությունները, ոչ այն է` սպանվել է, ոչ այն է` վիրավորվել։ Այդ լուրերը նոյեմբերի 9-ին ինչ-որ չափով հաստատել են Իրաքի պաշտպանության նախարարությունն ու ԱԳՆ-ն։ Բայց եթե վիրավոր է, ապա որտե՞ղ է գտնվում։ Ամերիկյան, ապա և եվրոպական աղբյուրները պնդում են, որ ավազակապետին (իսկ միգուցե, այնուամենայնիվ, իրոք իսրայելական գործակալին) տարել են սիրիական Ռաքքա քաղաքի կողմը, որը ԻՊ խմբավորման յուրօրինակ «խալիֆայության մայրաքաղաքն» է։ Իրաքյան աղբյուրներն ասում են, թե Աբու Բաքր-Էլիոթը դեռևս Իրաքի տարածքում է։
Աբու Բաքր-Էլիոթի կյանքի ու մահվան շուրջ այդ անչափ հետաքրքիր «պարը» մեզ վերադարձնում է այն հարցին, թե ինչ ծրագիր են ունեցել ԻՊ խմբավորման հիմնադիր հայրերն ու խնամակալները, և ինչու են նրանք վճռել իրենց հանցավոր գործունեությունը ծավալել հենց Իրաքի ու Սիրիայի հյուսիսում։ Ընդ որում, մերթ գաղտնի դավադրության մեջ մտնելով իրաքյան քրդերի հետ, մերթ դրժելով պայմանավորվածությունները, հարձակվելով ու սպանելով քրդերին թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում։ Այն-էլ-Արաբ (կամ ինչպես քրդերն են ասում` Քոբանի) քաղաքավանը արդեն ավելի քան մեկ ամիս չի իջնում աշխարհի լրատվամիջոցների մեծ մասի էջերից ու ժապավեններից։ Քուրդ փախստականների քարավանները բառացիորեն լցվել են Թուրքիայի սահմանամերձ տարածքները։ Իսկ բուն Թուրքիայում շարունակ ընդհարումներ են տեղի ունենում տեղի քրդերի և թուրքական ոստիկանության ու անվտանգության ուժերի միջև, որովհետև քրդերը արդարացիորեն մեղադրում են Անկարային, որ նա չի ուզում օգնության ձեռք մեկնել սիրիական Այն-էլ-Արաբի քրդերին։ Իրոք, ի՞նչ մի մեծ բան է ներս թողնել թեթև հրազենով զինված 100 կամ 200 քրդերի, եթե Այն-էլ-Արաբի վրա գրոհում են մի քանի հազար ԻՊ զինյալներ, որոնց սպառազինության մեջ նաև քիչ չէ զրահատեխնիկան։ Եվ ամերիկացիները, գնդակոծելով վահաբականներին Այն-Էլ-Արաբի մերձակայքում և ներսում, հանկարծ ու երբեմն «սխալվում են», ինչի պատճառով օգնությունն ու զենքն ընկնում են ոչ թե պաշարված քրդերի, այլ... ԻՊ-ի զինյալների ձեռքը։ Ծրագրված է քրդերի զանգվածային ջա՞րդ...
Արևմուտքի ու Ռուսաստանի բազմաթիվ փորձագետներ արդեն նշում են, որ ԻՊ խմբավորման «սնումը» շատ թանկ է նստում ԱՄՆ-ի վրա։ Իսկ ամերիկացիների այն հույսերը, թե Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները կշարունակեն աջակցել «չափավոր սիրիական ընդդիմությանը»` ընդդեմ Սիրիայի մնացած ժողովրդի, ու նորից կաշխատեն «ընդդիմադիր ուժերով» տապալել նախագահ Բաշար ալ-Ասադին, մոտ երկու շաբաթ առաջ ի դերև ելան. «չափավորները» վերցրին ու անցան «Իսլամական պետության» գրոհայինների կողմը։ Եվ ահա տեղեկություն, թե Աբու Բաքր-Էլիոթը կարծես վիրավորվել է կամ սպանվել։ Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ այդ մարդուն շտապ «հանում են խաղից»։ Մագնիսի պես տասնյակ հազարավոր սալաֆական իսլամականների ձգեց-հավաքեց տարբեր երկրներից, այդ թվում` Արևմուտքի երկրներից, նույնիսկ Ռուսաստանից ու Չինաստանից, կենտրոնացրեց կոնկրետ «հողակտորի» վրա։ ՈՒ ժամանակն է «պատվով անհետանալո՞ւ»։ Վարկածը, սակայն, խոստումնալից է։ Բայց միայն իրադարձությունների հետագա զարգացումը ցույց կտա, թե ինչն է այդ վարկածում իրական և ինչը` ոչ։ Իսկ քրդե՞րը` Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի...
Դեռ հոկտեմբերի 30-ին թուրքական «Ջիհան» գործակալությունը հաղորդագրություն տարածեց Իրաքից Թուրքիայով դեպի Այն-էլ-Արաբ քաղաք մինչև 150 քուրդ փեշմերգների (զինյալների)` Անկարայի կազմակերպած ցուցադրական անցման մասին։ Քրդերն ընթացել են հատուկ պահակախմբերի տարբերակով` բաղկացած 80 մարտական ավտոմեքենաներից, ինչպես նաև շտապօգնության մեքենայից։ Նրանք սահմանն անցել են առանց անձնագրերի, ձեռքներին ունենալով միայն զինվորական փաստաթղթեր։ Հաղորդվում է, որ զինվորների անուններն ու նրանց զինամթերքի մանրամասն ցանկը նախապես են տրամադրվել Թուրքիային և ԱՄՆ-ին։ Հաղորդվում է նաև, որ քաղաք է եկել 12 բեռնատար` զենքով ու զինամթերքով բեռնված։ Թուրքական իշխանությունները նման գործողության դիմել են ԱՄՆ-ի և կոալիցիայի գծով մյուս դաշնակիցների հետ տևական բանակցություններից հետո։ Ընդ որում, կառավարությունն այդ առնչությամբ պաշտոնական որոշում չէր կայացրել, եթե հաշվի չառնենք արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե «ոչ մի խնդիր չկա, որ Քրդստանի պահակախումբը և քրդական աշխարհազորի մարտիկները թուրքական սահմանով անցնեն Սիրիայի հյուսիս»։ Մանավանդ որ Թուրքիայի խորհրդարանը, հավանություն տալով երկրի տարածքում կոալիցիայի շրջանակներում օտարերկրյա զինվորականների ներկայությանը, նկատի ուներ կոալիցիայի մասնակից պետությունների զորամասերը և ոչ թե իրաքյան Քրդստանը, որն ունի Իրաքի կազմում չճանաչված ինքնավարության կարգավիճակ։ Միևնույն ժամանակ, թուրքական շատ լրատվամիջոցներ ընդգծում են, որ իրաքյան քրդերին իր տարածքով դեպի Այն-էլ-Արաբ բաց թողնելու Անկարայի որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի ուժեղ ճնշմամբ։ ՈՒ իբր Թուրքիան Վաշինգտոնին խոստացել է ընդհանուր առմամբ Իրաքից բաց թողնել մինչև հազար փեշմերգի։
Սակայն բոլորը հասկանում են, որ Սիրիայի քրդերին Անկարայի նման ցուցադրական «օգնությունը» բավարար գործոն չէ ընդդեմ ԻՊ-ի մարտական խմբերի։ Չնայած մերթ քրդերը, մերթ ԻՊ գրոհայինները հայտարարում են, թե իրենք հաղթել են և լիովին վերահսկում են Այն-էլ-Արաբը, հասկանալի է, որ և՛ այդ փոքր քաղաքի, և՛ նրա քուրդ բնակչության ապագան ավելի քան մշուշոտ է։ Իսկ Այն-էլ-Արաբի քրդերի մեծ մասը գրեթե մեկ ամիս ծվարել է հենց Թուրքիայում։ Մենք մեկ անգամ ևս ուզում ենք խորհուրդ տալ ընթերցողներին ուշադրությամբ նայել աշխարհագրական քարտեզին և ուսումնասիրել այն տարածաշրջանը, ուր կատաղի մարտեր են տեղի ունենում։ Դա հայկական Միջագետքն է և Արևմտյան Հայաստանը։ Խնդրում եմ` այդ փաստը հիշել առանձնապես։ Հնարավոր է, նրանում է այն առեղծվածի վերծանումը, որ սարքել են ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի հատուկ ծառայությունները այդ տարածաշրջանում։ Առավել ևս, որ Թուրքիայի քաղաքներում տեղի են ունենում թուրքական քրդերի զանգվածային ցույցեր, որոնք իշխանություններից պահանջում են ավելի գործուն օգնություն ցուցաբերել Այն-էլ-Արաբին, լրատվամիջոցներում ի հայտ են գալիս հայտարարություններ այն մասին, որ հակառակ դեպքում «երկրի հարավարևելյան վիլայեթներում» քրդական ապստամբություններ կսկսվեն։ Այսպիսով, Թուրքիան միանգամից երկու ապակայունացնող գործոնի է բախվում.
1) ԻՊ-ն անմիջականորեն իր սահմանագլխին է, սակայն առայժմ գործում է իրաքա-սիրիական ռազմաճակատի մասշտաբներով,
2) քրդերի բողոքներն ու սպառնալիքները երկրի ներսում։ Ընդ որում, Թուրքիայի սահմանագլխին ստեղծվող ռազմաքաղաքական հանգույցի զորությունն առայժմ դժվար է հաշվարկել, քանի որ ԻՊ-ն ընդլայնում է գործողությունների գոտին, կոալիցիային թույլ չտալով հակամարտությունը կենտրոնացնել միայն Իրաքում և Սիրիայում, նրանում ներգրավելով Թուրքիային։
Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ տարակուսանք է հայտնել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմավարության առնչությամբ, որը «մի գլուխ ռմբակոծում է Քոբանին, իսկ Սիրիայի մյուս քաղաքները` ոչ»։ Իր հերթին Օլանդը նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել օգնությունը Այն-էլ-Արաբի քրդերին, անգամ եթե քաղաքում տեղացիներ չեն մնացել, և այդ հարցում կոալիցիայի երկրները «Թուրքիայի հետ հույսեր են կապում»։ Ի՞նչ են սպասում նրանից։ Փորձագետներից ոմանք, այդ թվում` ռուս, հետևյալ ենթադրությունն են արել. բացառված չէ, որ ԱՄՆ-ը Անկարային դրդում է «աշխարհաքաղաքական զոհ» դառնալու տարածաշրջանում։ Հիմա հիմքեր չկան հավատալու դրան, քանի որ նման պարագայում Թուրքիան Վաշինգտոնի հետ սակարկություն կաներ այն հարցի շուրջ, թե ինչի դիմաց Անկարան կարող էր ավելի գործուն օգնություն ցուցաբերել Սիրիայի և Իրաքի քրդերին։ Վերջերս ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում սենսացիոն հայտարարություն էր արել, թե ինքը ներողություն չի խնդրել Թուրքիայի նախագահ Էրդողանից իր այն խոսքերի համար, թե թուրքական կառավարությունն ու տարածաշրջանային իշխանությունները ֆինանսական օգնություն են ցուցաբերել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին։ «Ինձ ասում են, թե ես ներողություն եմ խնդրել Էրդողանից։ Ոչ, ես երբեք ներողություն չեմ խնդրել նրանից։ Ես լավ եմ ճանաչում նրան։ Ես աշխատել եմ նրա հետ,- ճշտել է Բայդենը։- Ես ուղղակի զանգել եմ նրան և ասել, որ այն, ինչ հաղորդել է մամուլը, այնքան էլ ճիշտ չի եղել։ Թյուրիմացություն է տեղի ունեցել։ Ահա թե ինչ եմ ես ասել։ Եվ պարզաբանել եմ, թե հատկապես ինչ եմ նկատի ունեցել։ Ես մտադիր չեմ փոխելու իմ վարկանիշը։ Ես երբեք հետ չեմ կանգնում իմ խոսքերից, անգամ եթե դրանք նեղացնում են այլոց»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին զեկուցումով հանդես գալով Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդու անվան պետկառավարման ինստիտուտում, Բայդենը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին մեղադրել էր Սիրիայի նախագահ Ասադին տապալելու ձգտման մեջ, «ինչի պատճառով առաջացան նոր արմատական խմբավորումներ, այդ թվում` ԻՊ-ն»։ «Սիրիայում Վաշինգտոնի գլխավոր գլխացավանքը դարձան իր մերձավորարևելյան դաշնակիցները,- ասում է Ջո Բայդենը։- Թուրքիան, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն այնպես էին ձգտում Բաշար Ասադին հեռացնել իշխանությունից, որ հարյուր միլիոնավոր դոլարներ ու տասնյակ հազարավոր տոննաներով զենք էին ուղարկում ցանկացած կազմակերպության, որը պատրաստ էր մարտնչելու Սիրիայի կառավարական զորքերի դեմ։ Նա ինձ ասաց. «Դու ճիշտ ես, մենք չափից ավելի շատ մարդկանց մոտ թողեցինք»։ Բայդենի այս խոսքերը մեջբերել էին այնպիսի աշխարհատարած գործակալություններ, ինչպիսիք են «Ֆրանս պրեսը», «Ասոշիեյթեդ պրեսը» և այլն։ Բայդենի հայտարարություններից հետո էլ ծայր առան այն խոսակցությունները, թե ԱՄՆ-ը ձգտում է ստիպել, որ Թուրքիան ինքը կռվի տարածաշրջանում։ Բայց եթե թուրքերն իրոք անտանելի վիճակում լինեին ԱՄՆ-ի ճնշմամբ, ապա մի՞թե վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Արևմուտքից կպահանջեր... նույն Բաշար ալ-Ասադի տապալումն ու կիսաքրիստոնեական Հալեպը, փաստորեն, կտար իսլամականներին։ Ոչ։ Եթե Թուրքիան իրոք պատին սեղմված լիներ ամերիկացիների կողմից, ինչպես պնդում են արևմտյան և թուրքական լրատվամիջոցները, ապա Էրդողանն ու Դավութօղլուն ԱՄՆ-ի հետ սակարկելու տրամադրություն, ուստի և տեղ ու ժամանակ չէին ունենա հակապահանջներ առաջադրելու Ասադի ու Հալեպի վերաբերյալ։
Մինչդեռ լրատվամիջոցները հաղորդում են Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսային կոշտ խոսակցության մասին, որի ընթացքում, իբր, կողմերը նույնիսկ ինչ-ինչ սպառնալիքներ են փոխանակել։ Իսկ Կատարի էմիրությունը պաշտոնապես խոստովանել է, որ «ֆինանսավորում է Սիրիայի ապստամբներին` ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և արևմտյան ու արաբական այլ հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ»։ Նոյեմբերի 6-ին իրանական հետախուզության և Իրաքի անվտանգության ծառայության համատեղ հետաքննության շնորհիվ Բաղդադում բացահայտվեց «Իսլամական պետության» զինյալների ընդհատակյա ցանց։ Հետաքննության համար առիթ էին ծառայել նոյեմբերի սկզբին, շիաների համար սրբազան Աշուրայի օրերից (Հուսեյն իմամի հիշատակի օրը, որ 680 թվականին նահատակվել է Քերբելայում, ներկայիս Իրաքի տարածքում) առաջ Բաղդադում շիաների դեմ կատարված ահաբեկչական գործողությունները։ Այդ ահաբեկչության պատճառով զոհվեց 24 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվեց, ընդ որում, առավել շատ կյանք խլեց նոյեմբերի 1-ի ահաբեկչական ակտը, երբ մահապարտ վարորդը Բաղդադի հարավային մասի շիական շրջանում պայթեցրեց իրեն ու պայթուցիկ նյութերով լցված ավտոմեքենան։ Եվ զարմանալի է, որ Բաղդադում ԻՊ ցանցի բացահայտումից հենց հետո ինչ-որ ուժեր ակտիվացրին վահաբական ընդհատակը բուն Իրանում։ Եվ երկրորդ, արևմտյան լրատվամիջոցները, մասնավորապես բրիտանական «Թայմը», սկսեցին տեղեկություններ տարածել, թե իբր «Բաքվում գաղտնի բանակցություններ են լինելու Իրանի և ԱՄՆ-ի միջև»։ Նոյեմբերի 10-ին Թեհրանը պաշտոնապես հերքեց այդ լուրերը։ Հետո մի՞թե նկատելի չէ, որ այս ամենը պատահական զուգադիպություն չէ։
Իրանը թե՛ հարավային, թե՛ հյուսիսային Իրաքից դուրս է մղում ԻՊ-ի զինյալներին, միևնույն ժամանակ ձախողելով հենց Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետության ստեղծմանը նպաստելու ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագիրը։ Բաղդադի աղբյուրները հաղորդում են, որ մինչև հիմա (իսկ առաջին հաղորդումները եղել են դեռ այս տարվա հուլիսին) Իրաքում են գտնվում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քոդս» հատուկ ստորաբաժանման ջոկատները` Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենիի հատուկ հանձնակատար, «Ալ Քոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանիի գլխավորությամբ։ Իսկ դա գործոն է։ Եվ զուր չէ, որ, վերջապես, ԻՊ-ի պարագլուխները հայտարարել են, թե մտադիր են կռվելու նաև Իրանի հետ։ Եվ ահա «պատրվակը». ոչ այն է վիրավորվել է, ոչ այն է` սպանվել է Աբու Բաքր-Էլիոթը։ Սակայն արդեն հարյուր հազարավոր քրդեր Իրաքից ու Սիրիայից դուրս են մղվել Թուրքիա, Արևմտյան Հայաստան և հայկական Միջագետք։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է իր օգնական Էնթոնի Ջոն Բլինքենին պետքարտուղարի տեղակալ նշանակելու մասին (հենց նրան են վերագրում «Իսլամական պետության» առնչությամբ Սպիտակ տան ռազմավարության «հեղինակային իրավունքը»), նրան անվանում են նաև Իրաքի վարչապետ, շիական Նուրի ալ-Մալիքի պաշտոնանկության կողմնակից և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի վարչակազմի պատասխանատու հանձնակատար, պետք է խոստովանել, որ Արևմտյան Հայաստանի և հայկական Միջագետքի շուրջ տիրող իրադրությունը կշիկանա։ Ի դեպ, Բլինքենը սերում է հրեական ընտանիքից։ Ինչպես հայտնի է, 1914-20 թթ. Մերձավոր Արևելքի ապագան մեծապես կանխորոշվեց Արևմտյան Հայաստանում, Միջագետքում, ինչպես նաև Կիլիկիայում տեղի ունեցած իրադարձություններով, որի մի մասը հիմա Սիրիայի մաս է։ Բայց տեսնելով, որ այսօրվա իրադարձություններում այս կամ այն չափով արդեն ներքաշված են աշխարհի խոշորագույն տերությունները (նկատի ենք առնում Չինաստանը, հիշելով նաև նրա դերը սիրիական քիմիական զենքի հետ կապված պատմության մեջ) և Իրանը, մենք հարկադրված ենք արձանագրելու, որ 2014 թ. վերջին ստեղծվում է մի իրավիճակ, երբ ամբողջ աշխարհի ապագան կարող է որոշվել Արևմտյան Հայաստանում, Միջագետքում և Կիլիկիայում։ Ընդ որում, կարող են լինել ամենաանհավանական սցենարները։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ