«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մի հեղափոխության պատմություն

Մի հեղափոխության պատմություն
07.11.2014 | 00:45

Հեղափոխությունը Հայաստանում շարունակվում է՝ բուռն ու երկարատև անգործության պայմաններում: Հակառակ Լևոն Տեր-Պետրոսյանի, որ տարիներ առաջ պահանջում էր քաղաքական բառարանից հանել «հեղափոխություն» բառը և հասկացությունը, հեղափոխությունը տնից տուն է մտնում ու նորանոր հասցեներ գտնում: Թեպետ թիվը Հայաստանում պայմանական է այնքան, որքան պայմանական է հայերի թիվն աշխարհում: Ամփոփենք կատարվածը: Հոկտեմբերի 24-ին ոչիշխանական եռյակը հրավիրեց հանրահավաք, որին ներկայացան ոչ միայն եռյակի ¥քառյակի¤ ուժերը, այլև՝ պահեստայինները: Նրանք եկան, որպեսզի շարժումը տեղում չդոփի, ու՝ լռվեցին: Ազգային անվտանգության ու ազգային համաձայնության կարիք, պարզվեց, չկա, բայց դա զրպարտանք է ու մարգինալիզմ: Առայսօր քաղաքական դաշտում լեթարգիական լռություն է՝ խոր թմրաքուն, որի մեջ հայտնվել են քաղաքական ու ապաքաղաքական տարրերը՝ ի հետևանս Գագիկ Ծառուկյանի ելույթի և ելույթը մեկնաբանող հարցազրույցի: Իշխանությունը ուշքի չի գալիս հզոր հարվածից և գերադասում է երկարաձգել բժշկական կոմատոզ վիճակը՝ մինչև ելքերն իրենք իրենց գան: Կամ՝ Գագիկ Ծառուկյանը կասի, որ հետդարձը, որ չկար, ճանապարհ է դեպի առաջ և այդ ճանապարհը բոլորը միասին են անցնելու, որովհետև ԲՀԿ-ն Հայաստանում չունի թշնամիներ: Տրամաբանական է՝ մի բուռ հայ ենք, քանի՞ մասի բաժանվենք: Բայց՝ դեռ առարկում է առաջին նախագահը: Նա պարզել է, որ եթե իր բարեկամի բարեկամը իր բարեկամն է, ուրեմն իր բարեկամն է Ռոբերտ Քոչարյանը, և քաղաքագիտական նոր վերլուծություն է պատրաստում՝ «Ով ում բարեկամն է իրականում, ով՝ ում թշնամին: Մարգինալիզմի ներհայաստանյան դրևորումները՝ խաչակիրների ժամանակներից մինչև մեր օրերը ու առաջիկա զարգացումները» թեմայով: Ասում են՝ ցնցող բացահայտումներ են լինելու: Լևոն Տեր-Պետրոսյանը միայն տեղեկատվական արտահոսք է արել, որ չի անդրադառնալու ռուսական գործոնին՝ համարում է անդառնալի ու վերջնական, ուստի ժամանակավրեպ: Ոմանք կարծում են, որ նա զգուշացրել է, որ ոչինչ չի ասելու՝ ամեն ինչ ասելով: ՀԱԿ-ական շրջանակները ակնարկում են, որ առաջին նախագահի արխիվում բոլոր հայերը ունեն իրենց տեղը, ուստի պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել: Ասվեց, չէ՞, մարգինալիզմ է: Իսկ ընդհանրապես էյֆորիան առաջին նախագահի քաղաքական զինանոցի գլխավոր զենքը չէ, նա քաղաքական շախմատի միջազգային գրոսմայստեր է՝ հաշվարկում է ոչ միայն իր, այլև մրցակցի ոչ թե հերթական երեք քայլերը, այլ հնարավոր չորս և ավելի, ուստի միշտ ունի հետդարձի մանևր, ի տարբերություն բազկամարտի, որտեղ կամ հաղթում ես, կամ չես հաղթում: Մի մոտեցումով: Դա ոչ միայն ռազմավարական, այլև մարտավարական տարբերություն է, որ զգալի էր մեկնարկում, իսկ վերջնախաղում կարող է հանգեցնել… Բայց այս կետում պետք է պահպանել խորագույն գաղտնիություն, ուստի չեմ շարունակի: Հայաստանում իշխանափոխության հուժկու գործընթացը շարունակվում է, դա առավելագույնն է, որ լուրջ հեռանկարներ է պարունակում իր խոր, շատ խոր ընդերքում: Ով շտապում է, թող ծանոթանա համաշխարհային հեղափոխությունների ժամանակագրությանը:

Կամ՝ այդ հեղափոխությունների հեղաշրջման վերածվելու պատմությանը: Նույնքան և ավելի՝ այդ հեղափոխությունների պարտությունների պատմությանը։ Ընդհանրապես քաղաքագիտությունը ճշգրիտ գիտություն է, բայց ի՞նչ ճշգրտության մասին է խոսքը մի ասպարեզում, ուր կա մարդկային գործոն: Վերջ: Առաջին նախագահը մտածում է, և դա լռության պահպանության լուրջ պատճառ է: Ֆրուստրացիայի մեջ չընկնեք, վհատությունը իշխանափոխության գործընթացին հակացուցված է: Զբաղվեք քաղաքականությամբ, բայց ոչ կանխատեսումներով, որովհետև ոչ թե կանխատեսումն է անշնորհակալ գործ, այլ՝ քաղաքականությունը: ՈՒ ընդհանրապես՝ ոտքի տակ մի ընկեք: Լյուստրացիան կարող է ձեզ հետ չար խաղ խաղալ՝ դուք ուզում եք բացահայտել ուրիշներին, բայց ինքներդ եք բացահայտվում: Ասում եմ, չէ, ոտքի տակ մի ընկեք: Բավարարվեք թշնամուս թշնամին իմ բարեկամն է, ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է, իշխանությունը մեր բարեկամն է բանաձևերով, այլապես դավաճանված կլինեն տրամաբանության կանոնները։ Այլ տրամադրությունների հող Հայաստանում չկա։ Չկա: Թե՞ կա: Չկա:
Ինքնիշխանությունը ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործադրելու ունակություն է։ Ո՞չ: Իսկ Գագիկ Նիկոլաևիչի բարեկամ Բատկա՞ն: Ո՞վ է ինքնիշխան, եթե ոչ նա: Նուրսուլթան Աբիշևի՞չը: Դուք հաստատում եք իմ պնդումը: Պատմությունն ավարտվել է, իսկ դուք ասում եք՝ չէ: Ասեք, հետո ինչ: Դուք, չէ, այլևս այդ թեմային չեմ անդրադառնալու, բայց մի վերջին անգամ ասեմ՝ մար-գի-նալ եք: Անեկդոտ պատմե՞մ: Չե՞ք ուզում, լավ, սպասենք Գագիկ Նիկոլաևիչի ու Սերժ Ազատովիչի հանդիպման արդյունքներին: Ի՞նչ հանդիպում: Բայց ինչո՞ւ ես պիտի ձեզ ասեմ: Ես Իվետա Տոնոյանը չեմ: Ոչ էլ Տիգրան ՈՒրիխանյանը:
Հետո ինչ, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Ես իշխանությունից ինքնակամ հեռացել եմ 1998-ին: Այդ հարցով դիմեք Գագիկ Նիկոլաևիչին: Նա է ասում, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Ինքն էլ թող տակից դուրս գա, իսկ ես կսպասեմ: Հա, գոնե հասկացա՞ք, որ սա իմ ելույթն էր հանրահավաքում: Ենթատեքստերով հանդերձ:
Ի՞նչ հանրահավաք: Բայց պարտադի՞ր է, որ ձեզ տնից-տեղից կտրենք, Երևան բերենք, էս ցրտին Ազատության հրապարակ լցնենք, ինչ է, թե հետո պիտի ասենք՝ տուն գնացեք, մենք մտածում ենք ճանապարհային քարտեզի մասին: Մենք այսուհետ անցնելու ենք վիրտուալ հանրահավաքների շարքի: Ասում էի, չէ, տակտիկայի մասին պետք չէ խոսել: Սա մեր տակտիկական նորամուծությունն է, նոր խոսք հեղափոխական տեխնոլոգիաների մեջ: Ձեզ համար նստում եք տանը ու մասնակցում եք հանրահավաքի: Տաք, հարմար, արդյունավետ:
Լևոն Տեր-Պետրոսյանը խոսքը տվեց ԲՀԿ նախագահին ու զարմացավ, որ չլսվեցին «Հիմա, հիմա» բացականչությունները, այլ՝ «Առաջ, առաջ»: Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց կարճ դադար վերցնել ու եռյակում ¥պահեստայիններին նա էլ լուրջ չի ընդունում¤ պարզաբանել՝ ինչ է նշանակում «Առաջ, առաջ»-ը, առաջ գնա՞լ, թե առաջներում ¥այսինքն՝ նախկինում¤ էր ամեն ինչ այնպես, ինչպես այլևս չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը նրա առաջարկը համարեց ելույթ ու ասաց՝ «Րաֆֆի, գնա բարևի ու հետ արի, մեկ է՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ ես ուզելու»: Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց շարֆը, երկտակեց ու այնպես գցեց, որ բոլորը հասկանան՝ իրեն խոսք չեն տալիս: Հասկացող համարյա չեղավ: Միայն Գառնիկ Իսագուլյանը փորձեց առաջ գալ, Լևոն Տեր-Պետրոսյանը սաստեց՝ հանուն քո ազգային անվտանգության, անցիր ընդհատակ: Այլ կամավորներ չեղան: Իսկ Գագիկ Ծառուկյանը չէր շտապում խոսել:
Նրան ասել էին՝ եթե դադար ես վերցրել, ձգիր: Ձգում էր: Անհարմար լռություն էր: Նա վիրավորված էր: Խորապես: Մի քանի օր առաջ «Հանրապետություն» կուսակցության նախագահը հրապարակավ խորհուրդ էր տվել ելույթից առաջ պատրաստվել, ու հիմա չէր կողմնորոշվում՝ պատրա՞ստ է, թե՞ ոչ: Չէ, թուղթը ձեռքին էր, բայց որ էլի տողերը խառնելով կարդա՞ր: Բանավո՞ր խոսեր՝ ինքն իրենից առաջ ընկնելով ինչ ասես՝ ասեր, իսկ հետո: Հետո ո՞նց ասեր՝ իմ խոսքը գործ է: Ասեր՝ իմ խոսքը ձե՞ր գործն է: Գագիկ Ծառուկյանը լայն ժպտում էր, ձեռքով հարթում սպիտակ պիջակի ճմռթված ճոթերը կարմիր սվիտերի վրա: Իսկ ընդհանրապես նա սպասում էր՝ Բաղրամյան 26-ում ասել էին՝ ժամանակ ձգի: Չէ, իհարկե, կարող էր չհասկացող կամ բողոքական կեցվածք ընդունել, մի քիչ էլ նեղացած ու ասեր՝ ժողովուրդ, իշխանությունը շատ պնդերես դուրս եկավ, չի հեռանում: Հակառակ մակրոտնտեսական ցուցանիշների, հակառակ բյուջեի դեֆիցիտի՝ չի հեռանում: Իշխանությունը արտագաղթելու մտադրություն չունի՝ հակառակ արտագաղթի ահագնացող տեմպերի: Հակառակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության: Հակառակ տրամաբանության ու բնության օրենքների: Հակառակ՝ նոր մարդկանց անհրաժեշտության: Չի հեռանում, դուք ինձնից ի՞նչ եք ուզում:
Ի տարբերություն նախորդ հանրահավաքների՝ ոչ Բաղրամյան 26-ում, ոչ էլ անգամ Բաղրամյան 19-ում արտակարգ դրություն չէր հայտարարված: Վստահ, որ գաղջ մթնոլորտը կայուն ու հաստատուն մեծություն է, Սերժ Սարգսյանը Հորդանանից վերադառնալով՝ պատրաստվում էր Հոնդուրաս գնալ: Որպեսզի այցն ավելի հեռանկարային լինի՝ առաջարկել էր հանդիպման ծրագրում ընդգրկել Հոնդուրաս-Վատիկան կապերի պատմությունը: Ասել էին՝ չկա, ասել էր՝ ստեղծեք, փող չունե՞ք: Գալուստ Սահակյանը հայտարարել էր՝ դուք ո՞ւմ եք լսում, դուք ինձ լսեք, ես ինչ ասեմ՝ լինում է: Միայն ՀՀԿ մամլո խոսնակն էր տուն-տեղ մոռացած սպասում՝ ինչ կասեն, որ ի պաշտոնե պատասխանի, թեպետ պատրաստի պատասխանների մի տրցակ տարբերակ ուներ՝ մնում էր մի քանի բառ փոխել: Հանրապետության հրապարակում խոր աշուն էր: Գեղեցիկ աշուն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնիսկ չէր հանձնարարել, որ կայքերից իրեն արագ տեղեկություններ փոխանցեն, ոչ էլ մարդ-մուրդ էր ուղարկել: Ինչի՞ն էր պետք: Պարա՞պ էր: Իրիկունը տանը կասեին՝ ինչը ոնց եղավ, կապի այդ տեսակն ամենաապահովն է Հայաստանում:
Ամենազայրացուցիչը Հ1-ի, Հ2-ի, Հ3-ի, «Արմենիայի», «Շանթի», «Արմնյուզի», «Երկիր-մեդիայի» պահվածքն էր, ոչ մի վերաբերմունք, ինչ ուզում էին՝ ցույց էին տալիս: Եվ միայն «Կենտրոնի» վրա էր կենտրոնացած հեղափոխության, ներեցեք՝ իշխանափոխության, և ուրեմն՝ Գագիկ Ծառուկյանի, պաշտպանության ծանր գործը: Այնքան ծանր, որ եղանակի տեսության մեջ էլ հարկադրված էին ներկայացնել ԲՀԿ-ի առաջնորդի ¥Չինգաչգուկի հետ չխառնել, հետո ինչ թե հիմա ցեղեր չեն, կուսակցություններ են, վոժդը մնում է վոժդ¤ բարեգործություններն ու կուսակցական գործունեությունը: Գագիկ Ծառուկյանը արդեն հասկացել էր՝ ժամանակը պետք է ձգել, ցանկացած գնով, բայց՝ դեմքը փրկել է պետք: Մտքում, իհարկե, մի նախագիծ կար՝ Ռուսաստանի Դաշնությունը մի քանի օր առաջ էր անցել ձմեռային ժամանակի, հետևաբար Կրեմլը համաձայն է օրացույցի հերթական փոփոխության ու նույնիսկ որոշ ռեգիոնների ազատություն է տվել՝ իրենք ընտրեն իրենց ժամային գոտին: Դա չի՞ նշանակում, որ Հայաստանում 2015-ի փոխարեն կարող են հայտարարել, որ եկել է 2017-ը, այսինքն՝ խորհրդարանական ընտրությունների տարին, հետո էլ՝ բնականաբար 2018-ը, այսինքն՝ նախագահական ընտրությունների տարին, ու մի քանի ամսում հարցը իրեն-իրեն կլուծվի: Ճիշտ է՝ սփյուռքից սպառնացել էին՝ ձեռքներդ հեռու 2015-ից, Ցեղասպանության 100-ամյակի տարին է, բայց ո՞վ է ասում, որ 2015-ը հետ չէին բերելու, ասենք՝ 2016-ին, մեկ է, Թուրքիան մտադիր չէ ոչ այս, ոչ եկող տարի իրեն մեղավոր ճանաչել: Հիմա ասե՞ր, թե՞ չասեր հայ-ռուսական գաղտնի բանակցությունների մասին: Ասեր՝ ռուսները նեղանալու էին, ասելու էին, էլի առաջ ընկար, առաջինը մենք պիտի ասեինք՝ Կիսելյովը կգար, Միհրանյանը, Զորի Գայկովիչը նամակ կգրեր: Չասեր, բա ի՞նչ ասեր: Արամ Սարգսյանը երկրորդ անգամ կգնար «Արմենիա» ու ժպտացող Սաթիկ Սեյրանյանին կասեր՝ երրորդ դեմքով ու պարոնով իր մասին խոսելու փոխարեն, առաջին դեմքով ու անձամբ թող ասի՝ ինչ անել: Իրավիճակը նորից փրկեց Րաֆֆի Հովհաննիսյանը, անհամբեր շարժումով շարֆը շուրթերից իջեցնելով՝ նա վճռական մոտեցավ խոսափողին ու ասաց՝ «Ոչ մի բարև: Հիմա բոլորով, առանց դեսուդեն ընկնելու, մեկ առ մեկ ու միասին, իբրև իրավատեր ու անտեր ժողովուրդ, ժրաջան շրջանցում ենք Բաղրամյան պողոտան, թող ինձ մեծահարգ մարշալը ների, ու անաղմուկ գնում ենք Մոսկվա, ոտքով, աղոթելով, ճանապարհին կմտնենք Ծիծեռնակաբերդ, սուրբ կրակի առաջ երդում կտանք, կմտնենք Մայր աթոռ սուրբ Էջմիածին, կաթողիկոսի աջը կհամբուրենք, Զվարթնոցի ավերակներում մոմ կվառենք, Փարաքարի լույսերը կանջատենք ու կգնանք: Կրկնում եմ՝ միասին, առանց դես ու դեն ընկնելու, թող պարոն Ծառուկյանը մտածի: Դասալիքներ չլինեն, Մոսկվայից հետո գնալու ենք Բրյուսել»: Գագիկ Ծառուկյանը թեթևացած ուզում էր շունչ քաշել, բայց Բրյուսել բառից վեր թռավ: Վիրտուալ հանրահավաքը շարունակվում էր: Լևոն-Տեր Պետրոսյանը նորից ձեռքն էր առել ծխամորճը ու հարթակում ճեմում էր իբրև առաջին ու իրենց մեջ միակ նախագահ: Եվ միայն Վարդան Օսկանյանն էր դեմ առաջին արտգործնախարարի առաջարկին՝ պնդում էր նստացույց. «Սիվիլիթասը» մի քանի հազար ինքնատաքացվող վերմակներ էր ստացել հովանավորներից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Լռություն: Եռյակը մտածում է: Ժամանակ չկա: Թե՞ կա:

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ