«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չինացիներն իրենց համար հայտնաբերում են աշխարհը, աշխարհն էլ նրանց է հայտնաբերում

Չինացիներն իրենց համար  հայտնաբերում են աշխարհը,  աշխարհն էլ նրանց է հայտնաբերում
26.09.2014 | 00:32

Վերջին ժամանակներս Շանհայում, ասենք, նաև ամբողջ Չինաստանում, գովազդային ու զբոսաշրջային գործակալություններն սկսել են զանգվածաբար առաջարկել այցելել «Անտարկտիդայի անծայրածիր ձյունաճերմակ հեռաստանները» և, ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, այդ տարաշխարհիկ, կարելի է ասել, էքստրեմալ ուղևորությունները մեծ ժողովրդականություն են վայելում երկրում. «տարեցտարի ավելի ու ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ են որոշում կրկնել Հարավային բևեռի նշանավոր հետազոտողների ճանապարհորդությունը»։ Այսպես, անցած տարվա նոյեմբերից մինչև այս տարվա մարտ Անտարկտիդա է այցելել 3367 չին զբոսաշրջիկ։ Անտարկտիդայի տուրօպերատորների միջազգային միավորման տվյալներով՝ Չինաստանն աշխարհում երրորդ տեղն է գրավում Հարավային բևեռ այցելելու առումով, զիջելով միայն ԱՄՆ-ին ու Ավստրալիային։ Չին զբոսաշրջիկները պատրաստ են բավական գումարներ ծախսելու Հարավային բևեռ այցելելու համար. 18-օրյա ուղևորությունը Անտարկտիդա նրանց յուրաքանչյուրի վրա նստում է 52800 յուանից (8627 դոլար) մինչև 200000 յուան։ Այս տարի զբոսաշրջիկների մեջ է եղել պեկինցի մի կին՝ Սյաո Ֆենը, որը նման ինքնատիպ ձևով նշել է իր 70-ամյակը։ Սյաո Ֆենի ասելով, Անտարկտիդայում անցկացրած ամեն ակնթարթ անմոռանալի տպավորություն է գործել իր վրա։ Կինը տեսել է պինգվիններ, այցելել չինական առաջին անտարկտիկական գիտահետազոտական կայան, որը կրում է Չանչեն անվանումը (Մեծ պարիսպ) և ստեղծվել է 1985 թ.։ Հիմա, ինչպես գրում են լրագրողները, խիզախ ճանապարհորդուհին ծրագրում է մեկնել Հյուսիսային բևեռ։
Այստեղ ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. ոչինչ այնքան ակնբախորեն ցույց չի տալիս ժողովրդի բարեկեցության մակարդակը, որքան նրա ձգտումը և, գլխավորը, հնարավորությունը տեսնելու աշխարհը։ Ընդ որում, առաջին հերթին, ուղևորությունները «շոպինգ-տուրիզմից» միարժեքորեն հեռու վայրեր։ Այնպես որ, Չինաստանում դեպի Անտարկտիդա ուղևորությունների հարաճուն ժողովրդականությունը, դեռ Հյուսիսային բևեռի մասին չեմ խոսում (այն մեկ զբոսաշրջիկի վրա նստում է 160000-300000 յուան), ուղղակիորեն վկայում է չինական միջին խավի ներկայացուցիչների բարեկեցության աճի մասին, որն անմիջականորեն կապված է ՉԺՀ-ի տնտեսության զարգացման հետ։ Ի դեպ, իմ կարծիքով, ևս մեկ հետաքրքիր մանրամասն. երբ ութ տարի առաջ ես առաջին անգամ այցելեցի Չինաստան, նրա բնակիչները նոր-նոր էին սկսել «ճաշակել» իրենց «տնտեսական հրաշքի» պտուղները։ Ընդ որում, սկզբում այս ամենը եղել է բառացիորեն. մթերքով լի խանութներ, հսկայական թվով բացվող և միշտ լեփ-լեցուն ռեստորաններ ու խորտկարաններ, և այդ առատությունից մարդկանց անթաքույց ուրախությունը, որոնք երկար տարիներ աղքատության մեջ էին ապրել։ Հետո սկսեցին տներ գնել, և սկսվեց բնակարանների գների երկրաչափական աճը. երկու ննջարանով, մոտ 180 քմ տարածքով բնակարանը Շանհայի ամենաբարձրավարկ շրջանում արժե մոտ 500000-650000 ԱՄՆ դոլար։ Ապա հետևեց նույնքան բարձրակարգ կազմտեխնիկայի ձեռքբերումը, և սկսեցին հեծանիվներից «տեղափոխվել» ավտոմեքենաներ, այդ թվում՝ ամենաառաջնակարգ մակնիշների (2014 թ. կանխատեսումների համաձայն, ՉԺՀ-ում մարդատար ավտոմեքենաների վաճառքի ծավալը կկազմի ավելի քան 21 միլիոն, և, իհարկե, պատահական չէ, որ աշխարհում լայն ճանաչում ունեցող Շանհայի ավտոսալոնի համար այս տարի համաշխարհային ավտոարտադրողներն իրենց ամենալավ ու թանկ նորույթներն են պահել)։ Բացի այդ, բացվել են բրենդային և լյուքս կարգի խանութներ (Չինաստանն արդեն առաջին տեղն է գրավում աշխարհում ճոխության առարկաների վաճառքի և երկրորդ տեղը, ԱՄՆ-ից հետո, ադամանդի գնումների առումով)։ Սակայն, միաժամանակ, ամենաապահովված չինացիները շատ պարզ են հագնվում։
Եվ իհարկե, չինացիների «քաղցր կյանքի» գագաթնակետը դարձավ ճանապարհորդությունը։ Ընդ որում, եթե սկզբում նրանք շրջում էին իրենց երկրում, հետո հերթը գալիս էր Հոնկոնգին ու Մակաոյին (ՉԺՀ-ի կողմից կառավարվող երկու առանձին տարածքներ), ապա հիմա լուսանկարչական ապարատներով զինված և լավ փողեր ծախսելու պատրաստ չինացի զբոսաշրջիկների խմբեր կարելի է տեսնել ամբողջ աշխարհում։ Նշվում է, որ «անցած դարի 80-ականներին համաշխարհային զբոսաշրջային շուկայում ճապոնացի զբոսաշրջիկների հայտնվելը ոչինչ էր չինացիների այսօրվա հոսքի համեմատ»։ Ավելին, զբոսաշրջության փորձագետները կարծում են, որ չին զբոսաշրջիկների զանգվածը միանվագ փաստ չէ, այլ երկար տարիների հեռանկարային գործ։ Դա կապված է այն բանի հետ, որ Չինաստանը կայուն զարգացող երկրներից մեկն է, ուր նկատվում է միջին խավի հարստացում, որը, բնականաբար, ուզում է ծախսել իր փողերը։ Տուրօպերատորները ակնկալում են չին զբոսաշրջիկների ամենամյա ավելացում և հուսով են, որ 2015 թ. 100000000 չինացի կայցելի այլ երկրներ։ Ավելին, դա արդեն իր պայմաններն է թելադրում այն ընկերություններին, որոնք մասնագիտանում են հանգստի կազմակերպման ոլորտում. դրանք ոչ միայն տուրօպերատորներ են, այլև ավիաընկերություններ, ավտոսպասարկման ծառայություններ և ճանապարհորդական նավեր տրամադրող ընկերություններ։ Չինական մշակույթի առանձնահատկություններից ելնելով, հիմա զբոսաշրջային ոլորտի շատ գործիչների խորհուրդ է տրվում ավելի մանրազնին կազմակերպել իրենց սպասարկումը, «որպեսզի բոլոր հաճախորդները գոհ լինեն», այդ թվում՝ առանձնահատուկ, բայց աշխարհի խոշորագույն «չինացի ճանապարհորդների բանակը»։
Իսկ տուրօպերատորներն անհանգստության պատճառ ունեն։ Ինչպե՞ս անել, որ թե՛ չինացի հյուրերը գոհ մնան, թե՛ մյուս զբոսաշրջիկները չնեղանան։ Չէ՞ որ դեռ մի երկու տարի առաջ չինացիները համարվում էին «աշխարհի վատթարագույն զբոսաշրջիկներ»։ Ինչպես գրել է ամերիկյան «Vise» հանդեսը, «նրանք ամեն տեղ խցկվում են անհերթ, կարգապահ չեն», շատ են աղմկում, արագ են ավտոմեքենա վարում, ուրիշ լեզվով խոսել չգիտեն և միայն չինական սնունդ են ուտում (հիշում եմ, Մոսկվայում անցկացվող ցուցահանդեսում չինացի խոշոր գործարարների խմբի հետ աշխատող դուստրս ասում էր, որ նրանք ընդամենը մեկ անգամ ռեստորան գնացին, իսկ հետո սկսեցին իրենք իրենց ուտելիքը պատրաստել իրենց վարձակալած բնակարաններում)։ Հետաքրքիր է, որ արտասահմանում իրենց զբոսաշրջիկների բարեկրթության շրջանը սկսեց անհանգստացնել նաև Չինաստանի իշխանություններին, և որոշվեց մտցնել այնպիսի պահանջներ, որոնք զբոսաշրջիկներին կհամոզեին իրենց դրսևորել հյուրընկալ երկրի կարգուկանոնին համապատասխան։ Նույնիսկ հրատարակվեց մի գրքույկ, որտեղ 128 էջում հեղինակները չափածո խոսքով սովորեցնում են, թե չինացիներն ինչպես պիտի իրենց դրսևորեն աշխարհում, ինչպես պետք է քաղաքավարությամբ հերթ կանգնել և սպասել, չաղմկել, չչարաշահել ուտելիքը, ինչպես նաև «վճռականորեն դեմ գնալ պոռնոգրաֆիային և մոլեխաղերին»։ Կան նաև չինացի զբոսաշրջիկների ավելի «անմեղ» հակումներ։ Այսպես, օրինակ, նրանց համար ճանապարհորդությունը համատարած լուսանկարչություն է, իսկ էքսկուրսիայի ժամանակ ամենամեծ դժբախտությունը լուսանկարչական ապարատի մարտկոցի նստելն է, ու մեկ էլ նրանք նախընտրում են փող տնտեսել հյուրանոցներում՝ ավելի շատ խանութներում ծախսելու համար, և գլխավորը, նրանց համար զբոսաշրջությունն իրենց ունևորությունը ցույց տալու միջոց է։ Բայց դե, այդուամենայնիվ, աշխարհը նրանց ընդունում է գրկաբաց։
Թեև չինացիները համարվում են «աշխարհի ամենավատ զբոսաշրջիկները», բայց, այդուամենայնիվ, ամեն երկիր ուզում է դեպի իրեն հրապուրել նրանց։ Չէ՞ որ, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 2013-ին նրանք Չինաստանի սահմաններից դուրս ծախսել են 117 մլրդ դոլար, ինչը 20 տոկոսով ավելի է, քան նախորդ տարում, և ավելի է, քան ծախսել են ԱՄՆ-ի ու Գերմանիայի զբոսաշրջիկները (գերմանացիներն ու ամերիկացիներն այդ նույն ժամանակ արտասահմանում թողել են 84-ական մլրդ դոլար)։ Եվ համապատասխանաբար, չինացի ճանապարհորդների մեծացող հոսքն ինդոնեզական Բալի կղզում փոխել է, ավելի չինական է դարձրել բուդդայական հուշանվերների դեմքերը։ «Լաֆայետ» և «Պրինտեմպս» վաճառասրահները, որոնք Փարիզի կենտրոնի ամենահայտնի առևտրական կենտրոններն են, հատուկ ցուցանակներ ու չինարեն գրառումներ են տեղադրել և հատուկ սպասարկում ստեղծել չինացի գնորդների համար։ Իտալիայի կառավարությունը մշակել է հատուկ թանկարժեք ծրագրեր՝ հարուստ չինացիներին գրավելու համար։ ԱՄՆ-ում որոշ հյուրանոցներ, այդ թվում՝ «Marriott International»-ը, ռեստորանների կերակրատեսակների մեջ ներառել են չինական նախաճաշեր, իսկ Մանհեթենի թանկ խանութներում մեծ պահանջարկ ունեն չինարենին տիրապետող վաճառողները։ Լոնդոնում էլ «չինացի զբոսաշրջիկ» բառակապակցությունն արդեն դարձել է «շռայլ գնորդի» հոմանիշ։ Բրիտանական գործակալությունների տեղեկությունների համաձայն, չինացիները Լոնդոնի լավագույն խանութներում անցած տարի ծախսել են ավելի քան 260 միլիոն ֆունտ (30 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ) և գնումների ճոխության առումով անցել են ռուսներից, նրանք միջին հաշվով 600 ֆունտ են ծախսում մեկ գնման վրա։ Եվ զարմանալի չէ, որ, «Դեյլի թելեգրաֆի» տվյալներով, ճոխության ապրանքների մանրածախ առևտրի կառույցների միջնորդությամբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը լուծել է ՉԺՀ-ից ժամանող հյուրերի անցակարգի դյուրացման հարցը։ Հատկանշական է նաև այն, որ աշխարհի շատ հյուրանոցներ ու խանութներ սկսել են ընդունել վճարման չինական բանկային քարտեր։
Սակայն հարկ է նկատել, որ ոչ միայն աշխարհն է սովորում հյուրընկալել չինացիներին, այլև նրա՛նք տեղում չեն դոփում։ Ընդ որում, վկայում եմ, որ այդ հինավուրց ազգն անպատվաբեր չի համարում ուրիշից սովորելը և շատ արագ սովորելը, ու չինացիները վարքագծի առումով փոխվում են բառացիորեն աչքիդ առաջ։ Այսպես, եթե հենց վերջերս նրանք ճամփորդում էին միայն մեծ ու աղմկոտ խմբերով, ապա հիմա երկրի զբոսաշրջային ինդուստրիայի գլխավոր նպատակներից մեկն էլ ինքնուրույն շրջագայել նախընտրողների հանգստի կազմակերպումն է։ Իսկ նրանց թիվն արդեն կազմում է չինացի զբոսաշրջիկների 70 տոկոսը։ Երբ նրանք նոր-նոր էին սկսել շրջել աշխարհում, ապա հիմնական ուշադրությունը նվիրում էին գնումներին։ Իսկ հիմա, ինչպես ասում են տուրօպերատորները, «չինացի զբոսաշրջիկները մշակութային ծրագրերով մեկնում են Փարիզ, այցելում Լուվր կամ ուզում են մասնակցել շոկոլադի պատրաստման «վարպետաց դասերի», փոխանակ գլխապատառ վազելու խանութից խանութ»։ Ավելին, արդեն աշխարհ տեսած և փող ունեցող մարդկանց մեջ նոր պահանջարկներ են ի հայտ գալիս։ Նշվում է, որ ներկայումս էլիտար զբոսաշրջության շուկան Չինաստանում շատ ակտիվորեն է զարգանում։ Ապահովված մարդկանց նոր սերունդը Չինաստանում ամեն ինչ անում է հետ չմնալու Արևմուտքի ու բարձրաշխարհիկ խավից, ուստի աճում է ոչ միայն պահանջարկը, այլև սպասարկման մակարդակին ներկայացվող պահանջները։ Հարուստները պատրաստ են հսկայական գումարներ ծախսելու ծառայությունների լայն ընտրության վրա։ Շատ ֆիրմաներ հիմա չին զբոսաշրջիկներին նման հնարավորություն ընձեռում են։ Ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում նպատակային շրջագայությունները. ներկայումս հարուստ չինացիների կարելի է հանդիպել Փարիզում՝ 17-րդ դարի գինիներ համտեսելիս, Աֆրիկայում կամ ամազոնյան ջունգլիներում որս անելիս (ականջդ կանչի, Ռոբերտ Քոչարյան- թարգմ.), Նյու Յորքում կամ Արկտիկայում սառցահատի տախտակամածին Սուրբ ծննդյան տոները նշելիս։ «Լյուքս» կարգի ուղևորությունները վիթխարի պահանջարկ են վայելում տարբեր կարգի չին զբոսաշրջիկների շրջանում։ Այսպես, 2013 թ. «Աշխարհի շուրջ՝ 80 օրում» շրջագայության բոլոր տեղերը գնեցին չինացիները՝ վաճառքն սկսվելուց հետո 15 վայրկյանի ընթացքում, և դա այն դեպքում, երբ այդ ուղևորության արժեքը մի պատկառելի գումար էր՝ 192000 դոլար։ Բացի այդ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ երիտասարդ չինացիների համար (24-34 տարեկան) արտասահմանյան ուղևորություններն արդեն սովորական բան են դարձել։
Վերջերս զբոսաշրջության չինական ինստիտուտը հրապարակեց մի զեկույց «Չինաստանում 2014 թ. արտասահմանյան զբոսաշրջության զարգացման մասին» վերտառությամբ, որտեղ նշվում է, որ ընդամենը վերջին տասը տարում արտասահմանյան զբոսաշրջությունը Չինաստանում դարձել է ընդհանուր տնտեսության աճի նոր տանող ուժ։ Արտասահմանյան զբոսաշրջության շուկայի ընդլայնումը, երկրում և արտասահմանում չինացի զբոսաշրջիկների ծախսերի աճը նկատելիորեն բարձրացրել են երկրի վարկը զբոսաշրջության համաշխարհային շուկայում և, իհարկե, դարձել ՉԺՀ կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ակնբախ վկայություն։ Այնպես որ, չինացիներն իրենց համար հայտնաբերում են աշխարհը, աշխարհն էլ, իր հերթին, նրանց է հայտնաբերում։ Եվ փոխում է։ Իսկ ընդհանուր առմամբ, զբոսաշրջության փորձագետներն ասում են, որ «փաստորեն անհայտությունից» չինացի զբոսաշրջիկների ի հայտ գալը մի նշանակալի, կարելի է ասել՝ դարակազմիկ իրադարձություն է ամբողջ համաշխարհային զբոսաշրջային շուկայի պատմության մեջ։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ