«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լույսի՞ արագությունն է մեծ, թե՞ մտքի

Լույսի՞ արագությունն է մեծ, թե՞ մտքի
23.09.2014 | 00:46

Շոտլանդիան կամավոր հրաժարվեց անկախությունից: 300-ամյա երազը բախվեց հարմարավետ ապրելու ցանկությանը: Երազի ու ցանկության միջև 55 տոկոսն ընտրեց ցանկությունը: Երկու ներհակ գաղափարների բախում չեղավ: Անկախանալ ցանկացող ու չցանկացող շոտլանդացիները իրար պատերազմ չհայտարարեցին, բարիկադներ չկառուցեցին Էդինբուրգի կենտրոնում ու արվարձաններում, երկիրը չխրամատավորվեց, մի քիչ կռվեցին Գլազգոյում: Սեպտեմբերի 19-ին Միացյալ Թագավորության ամենաերջանիկ մարդը վարչապետ Դևիդ Քեմերոնն էր՝ նրա սիրտը չէր կոտրվել. Մեծ Բրիտանիան առաջվա նման կազմված էր ՈՒելսից, Հյուսիսային Իռլանդիայից, Շոտլանդիայից ու Անգլիայից: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը սեպտեմբերի 19-ին Միացյալ Թագավորության ամենաերջանիկ մարդը չէր, բայց նրա սիրտն էլ չէր կոտրվել: Սելմոնդը Շոտլանդիայի համար արել էր առավելագույնը՝ ապահովելով ֆինանսատնտեսական անկախության մեծացում: Առավելագույնը, որ հնարավոր էր հանրաքվեի արդյունքներից ելնելով: Ալեքս Սելմոնդը հրաժարական ներկայացրեց: Կընդունվի՞, չի՞ ընդունվի, մասնավոր հարց է: Արևմտյան ժողովրդավարության դասական դեպք՝ անկախության հանրաքվեն չարգելվեց, արդյունքները չկեղծվեցին, հաղթողներ ու պարտվողներ չեղան, որքան հաղթողների, նույնքան չհաղթողների տեսակետները հաշվի առնվեցին: Հանրաքվեին նախորդող օրերին, երբ հարցումները համարյա հավասար թվեր էին ներկայացնում, Լոնդոնը տագնապեց՝ Շոտլանդիայի անկախությունը փոխելու էր ոչ միայն կղզիացած Մեծ Բրիտանիայի, այլև մայրցամաքային Եվրոպայի կյանքի ընթացքը: Ամենածանրը, այնուամենայնիվ, թագուհու վիճակն էր: Արքայական ընտանիքը իրեն պահեց արքայավայել: Գահաժառանգներից որևէ մեկը քարոզչությանը կամ հակաքարոզչությանը չխառնվեց՝ արքայական գործ չէր: Ելիզավետա Երկրորդը շոտլանդացիներին չասաց՝ մի քվեարկեք անկախության օգտին, մի բաժանվեք Մեծ Բրիտանիայից, նա ասաց՝ միևնույն է, ես մնալու եմ ձեր թագուհին: Քաղաքագետներն ու տնտեսագետները գուցե դեռ մի տասնամյակ բացատրեն, թե ինչու Շոտլանդիան այդպես քվեարկեց, երբ ինքն էր քայլ առ քայլ Լոնդոնից նվաճում սեփական խորհրդարան ունենալու իրավունքը, հետո հանրաքվե անելու իրավունքը, հետո… Եվ, այնուամենայնիվ, 1,5 միլիոն բրիտանացիներ քվեարկեցին հանուն անկախության: Նրանք չվախեցան, որ անջատումը տնտեսական դժվարություններ է բերելու, որ հայտնի չէ՝ ֆունտ ստեռլի՞նգը կմնա, եվրոյի՞ կանցնեն, թե՞ սեփական դրամային համակարգը պիտի ստեղծեն: Նրանք իրենց համարեցին ոչ թե մեծբրիտանացի, այլ շոտլանդացի: Եվ ոչ ոք ամբողջ այս ընթացքում չխոսեց Մեծ Բրիտանիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունից կամ տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունից ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Մեծ Բրիտանիայում նման խնդիր չծագեց: Նրանք չվախեցան, որ դուրս գալով Մեծ Բրիտանիայի կազմից, դուրս են գալիս նաև Եվրամիությունից ու ԵՄ-ին անդամակցության գործընթացը նորից պիտի սկսեն, ինչպես միջազգային մյուս կառույցներին: Նրանք չվախեցան Հյուսիսային ծովի նավթի պաշարները կորցնելուց: Նրանք պատրաստ էին կատարելու իրենց Սպիտակ գրքի պահանջները: Գիրք, որ առաջին նախարար Ալեքս Սելմոնդը անվանում էր Շոտլանդիայի անկախության հազար պատճառի շարադրանք: ՈՒ ոչ թե հանուն դեմ քվեարկածների, այլ կողմ քվեարկածներին է Լոնդոնը պատրաստ լրացուցիչ արտոնություններ տալ՝ հիանալի գիտակցելով, որ եթե ոչ այսօր, վաղը համարժեք արտոնություններ են պահանջելու ՈՒելսն ու Հյուսիսային Իռլանդիան: Եվ ստանալու են: Հաստատ:

Իր ներքին քաղաքականության մեջ բրիտանական ժողովրդավարությունը գերազանց հանձնեց ճակատագրական քննությունը. Բրիտանիան ոչ թե կմասնատվի, ավելի ստույգ՝ կքառատվի, այլ չորս ազգերի միասնությամբ կամրապնդի թագավորությունը՝ բոլորի շահերը համադրելով: Բրիտանական ժողովրդավարության արտաքին քաղաքականությունը, սակայն, լիովին հակառակն է: Ազգերի ինքնորոշման իրավունքի մենաշնորհը նրանք համարում են միայն իրենցը: Առավելագույնը՝ պատրաստ են ընդունելու այն պետությունների անկախությունը, որը համադրվում է բրիտանական շահերին: Մնացած դեպքերում բրիտանացիները անտարբեր են կամ կողմ տարածքային ամբողջականությանը, եթե խնդրո առարկա տարածքում ունեն իրենց տնտեսական շահը: Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների երկակի ընկալո՞ւմ, թե՞ յուրաքանչյուր առանձին դեպքում որոշման նժարին տնտեսական շահի ու քաղաքական դիվիդենդների կշռում: Հաստատ՝ երկրորդը: Կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում Լոնդոնը գործնականում առավել ծանրակշիռ է համարում Բաքվի նավթն ու գազը ¥British Petroleum-ը վկա¤, քան Ստեփանակերտի ինքնորոշման իրավունքը կամ Երևանի պատմական արդարությունը, նույնիսկ հաղթական պատերազմի արդյունքները: Շոտլանդիան, սակայն, այս քաղաքականության մեջ խրված սեպ էր, որ ¥նույնիսկ քվեարկության արդյունքները հաշվի չառնելով¤ հարկադրեց ճանաչել ինքնորոշման իրավունքը: Ինքնորոշման իրավունքի արդեն իսկ ճանաչում էր հանրաքվեի անցկացումը: Ի՞նչ կկատարվի նոյեմբերին Կատալոնիայում: Հանրաքվեն կկայանա՞ ընդհանրապես, ինչպե՞ս կքվեարկեն կատալոնցիները վճռական պահին: Եվրոպայի սառնարյուն հյուսիսի ու տաքարյուն հարավի ընտրությունը տարբե՞ր, թե՞ նույնը կլինի: Կատալոնիան, ինչպես և Շոտլանդիան, ցանկանում է ինքը տնօրինել իր ֆինանսական միջոցները, ինքը որոշել իր տնտեսական հզորությունների գործարկումը, միայնակ վարել իր արտաքին քաղաքականությունը, որ Մադրիդից կարող է չտարբերվել, բայց դա կլինի Կատալոնիայի ընտրությունը: Ճիշտ է, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, Մադրիդը հայտարարում է, որ երկրի Սահմանադրությամբ անկախության հանրաքվե նախատեսված չէ, և որևէ հանրաքվե իրավական հետևանքներ չի ունենա: Այնուհանդերձ, երկու աներկբա փաստ կա: Նախ՝ հաստատ հանրաքվեից հետո, ինչ արդյունքներ էլ լինեն, տանկեր ու ռմբակոծիչներ Մադրիդից չեն շարժվի Կատալոնիայի ուղղությամբ: Երկրորդ Սումգայիթ չի հաջորդի: Երկրորդ՝ Եվրոպան չի կարող այլևս շրջանցել պրոբլեմը, և ժամանակն է գնահատական տալու մեկ պետության ներսում պետական նոր կազմավորումների ձևավորման ձգտումներին: Անջատողականնե՞ր են նրանք, թե՞ ինքնորոշվող ազգեր: Հարցը մնում է արդիական նույնիսկ Եվրամիության գոյության պարագայում: Իտալիայի Հանրապետության տնտեսապես ուժեղ հյուսիսն ու թույլ հարավը ևս պատրաստ են անկախ պետություններ դառնալու, փոքր, բայց ինքնուրույն: Տասնամյակներ շարունակ ֆրանսերեն, նիդերլանդերեն ու գերմաներեն խոսող Բելգիայի Թագավորությունը ևս ֆլամանդացիների ու վալոնների դիմակայության խնդիր ունի: Մեծ Եվրոպայում շարունակվում են հարյուրամյակներ առաջ սկսված ազգերի ու պետությունների ձևավորման ու կազմավորման գործընթացները: Բնական գործընթացները, որովհետև խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական է ու քաղաքականության հետևանք, որքան ազգային: Եվ դա արդեն հնարավոր չէ շրջանցել:
Հելսինկյան եզրափակիչ ակտը ընդունվել է 1975 թվականին: Ոչ միայն անցյալ դարում, այլև այլ աշխարհակարգում: 1975-ի համեմատությամբ աշխարհի քաղաքական քարտեզն այսօր ուրիշ է, կյանքը նոր մարտահրավերներ, նոր պայմաններ, նոր պահանջներ է առաջադրում, իսկ միջազգային նորմերը շարունակում են մնալ անցյալ դարավերջի մակարդակին: Իրականությունից փախչելու քաղաքականությո՞ւնն է պատճառը, համաշխարհային իրավական մտքի նահա՞նջը՝ «Միևնույն է, նոր ոչինչ չես հնարի, ավելի դյուրին է հարմարվելը» պատճառաբանությամբ, թե՞ քաղաքականության պահպանողականությունը, որ փորձում է հին հագուստները հագցնել զավակին, որն արդեն մեծացել ու չի տեղավորվում փոքրացած հագուստների մեջ: Ինչո՞ւ նույն օրենքները միանգամայն տարբեր են գործում տարբեր երկրներում ու տարբեր երկրների դեպքում: Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ձևավորված պետությունները իրենց համաձայնագրերով հաստատված սահմաններում չեն արդեն: ԽՍՀՄ-ի փլուզումը ու նոր պետությունների ձևավորումը միակ դեպքը չէ: Բալկանները: Արևելյան Եվրոպան: Գերմանիայի վերամիավորումը: Արաբական հեղափոխությունների հետևանքները: Իրաքը: Սիրիան: Եգիպտոսը: Վրաստանը: ՈՒկրաինան: Յուրաքանչյուր առանձին դեպք գալիս է ապացուցելու, որ աշխարհը սրընթաց փոխվում է, հին կոնֆլիկտներից բացի նոր կոնֆլիկտներ են ծագում, ու ժամանակն է վերանայելու հին բանաձևերը, որոնք առավելագույնն ընդունակ են կառավարվող քաոսի ստեղծման: Քաոս, երբ ոչ միշտ է հնարավոր ասել. «Միևնույն է, ես մնում եմ ձեր թագուհին»: Համաշխարհային արդարություն չի եղել, չկա ու չի լինելու երբևէ: Աշխարհում միշտ էլ գնահատվել է ուժը՝ ռազմական ու տնտեսական, որ ուժեղ քաղաքականության հենարան է դարձել, իսկ ընդհանրապես ուժեղ քաղաքականությունն է ռազմական ու տնտեսական հզորություն ապահովել: Երկրի մեծ ու փոքր լինելը որոշիչ չէ: Տարածքի առումով հազիվ թե մեծ պետություններ են Իսրայելը, Բելգիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, Կատարը, ԱՄԷ-ն, բայց համաշխարհային քաղաքականության ու համաշխարհային տնտեսության մեջ իրենց ազդեցությամբ մեծ պետություններից պակաս չեն: Համաշխարհային արդարություն չկա, չի եղել ու չի լինելու, միշտ էլ երկակի ստանդարտներ են գործելու՝ սա երկար, դժվար, բարդ խոսակցության թեմա է, որտեղ ցանկացած դրույթ որքան հաստատող, այնքան էլ հերքող փաստարկներ կան պատմության գզրոցներում: Բայց աշխարհը նույնքան հետևողականորեն ապացուցում է, որ կյանքը միշտ ավելի առաջ է, քան կյանքը կարգավորող միջազգային ու տեղական օրենքներն են: Եվ դա արգելակում է քաղաքակրթության` ընդհանրապես ու առանձին երկրի զարգացումը: Դա չի նշանակում, որ մեծ փոփոխությունները կոչված են ու կարող են նախաձեռնել ու անել միայն մեծ պետությունները՝ հանդես գալով իբրև միություններ ու դաշինքներ ու պարտադրելով իրենց օրենքները մյուս պետություններին:
Հանրաքվեների պատմության մեջ մենք ունենք մեր էջը: Հայաստանի Հանրապետության անկախության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման: Եթե աշխարհը Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքները ճանաչեց, ու այսօր ՀՀ-ն միջազգային կազմակերպությունների անդամ է ու իրավահարաբերությունների սուբյեկտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մնում է չճանաչված պետություն: Պատճառները ավելորդ է թվարկել:
Իսկ անկա՞խ ենք մենք, որ իրականում շոտլանդացիներից պակաս անպատրաստ չէինք անկախությանը, բայց հանգամանքների բերումով անկախացանք, ու արդեն 23 տարի դեռ չենք պարզել՝ պե՞տք է մեզ անկախություն, թե՞ ոչ: Պարզապես մեր բախտը չի բերել այնքանով, որ Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում է, իսկ մենք շարունակում ենք կառչել ԽՍՀՄ-ից, որ Բելովեժյան թավուտում ինքնասպան եղավ, բայց մեզ համար անմահ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ոչ ոք երբեք չի որոշել ու չի էլ կարող՝ լույսի՞ արագությունն է մեծ, թե՞ մտքի: ՈՒ պատճառը միայն այն չէ, որ լույսի արագությունը հնարավոր է չափել, մտքի արագությունը՝ ոչ: Մտքի արագության չափման միավորը ընդունված ճիշտ ու սխալ որոշումների հարաբերակցությունն է: Իսկ թե որն է ճիշտ, որը՝ սխալ, արդյունքներն են վկայում, երբեմն էլ՝ հետևանքները: Մտքի արագության հայկական չափման միավորը զիջում է ոչ միայն լույսի արագությանը, այլև կրիայի, որ գերադասում է իր պատյանում անվտանգ անցկացնել կյանքը և պատյանից գլուխը հանում է, երբ քաղցած է ու պետք է սնունդ գտնի: Իսկ նրա շրջապատում որքան սնունդ, նույնքան էլ վտանգ կա:

Դիտվել է՝ 2099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ