ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Մենք պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք ինչ-որ բան վերցնելու»

«Մենք պետք է հոգեբանորեն պատրաստ  լինենք ինչ-որ բան վերցնելու»
31.05.2012 | 13:19

Քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ զրույցի թեման 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը վավերացրած Իրավարար վճիռն է։


Վիլսոնը Հայկական հարցի հայանպաստ լուծման և անկախ հայկական պետության հզորացման ջատագով էր։ Պաշտպանում էր ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու գաղափարը։ Սևրի պայմանագրի իրողություններն ամրագրելու նպատակով, Ազգերի լիգայի հանձնարարությամբ, Վիլսոնը գծեց հայ-թուրքական նոր սահմանագիծը, որը հայտնի է «Վիլսոնի իրավարար վճիռ» անվամբ: Սակայն արագ փոփոխվող միջազգային կացությունը, Խորհրդային Ռուսաստանի հզորացումը և հակագրոհը, այդ նպատակով նրա մերձեցումը Թուրքիայի հետ, որի արդյունքում դադարեց Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը, ձախողեցին ինչպես Հայաստանի մանդատի ընդունումն ԱՄՆ-ի Սենատում, այնպես էլ Սևրի պայմանագրի իրագործումը:
Միջազգային հանրությունն այսօր որքա՞ն է տեղյակ Վուդրո Վիլսոնի ժառանգությանը, նրա Իրավարար վճռին։ Արա Պապյանը նշում է, որ 1920-ական թվականների հետ համեմատած՝ այսօր միջազգային հանրությունը շատ ավելի քիչ է տեղեկացված իրավարար վճռին։ 20-ականներին առնվազն երկու անգամ փաստաթուղթը քննարկվել է ամերիկյան Սենատում։ Բայց եթե համեմատելու լինենք 2000-2005 թթ. հետ, այսօր ավելի շատ գիտեն այդ փաստաթղթի մասին, որովհետև 5 տարի առաջ փաստաթուղթը տպագրված չէր։ «2011-ի մայիսին մենք տպագրեցինք Իրավարար վճռի ամբողջական փաթեթը՝ իր բոլոր քարտեզներով, հավելվածներով, և դրեցինք շրջանառության մեջ։ Այն նվիրեցինք խնդրով զբաղվող անձանց, ուղարկեցինք համապատասխան կառույցներին։ Արդեն ավարտվել է և շուտով Արգենտինայում լույս կտեսնի Իրավարար վճռի իսպաներեն թարգմանությունը։ Ընթացքի մեջ են հայերեն, ռուսերեն և թուրքերեն թարգմանությունները, որոնք, հուսանք, 2013-ի գարնանը կտպագրվեն, բնականաբար, այդ լեզուներով մատչելի դառնալով նաև ընթերցողներին։ Հետագայում ևս 3-4 լեզուներով կթարգմանենք։ Այնպես որ, աշխարհի ամենատարածված լեզուներով փաստաթուղթը մատչելի կլինի»,- նշում է Արա Պապյանը։
Իրավարար վճիռը բաղկացած է 2 հիմնական մասից։ Առաջինը՝ 89 մեքենագիր էջ, բուն վճիռն է, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմաններին։ Մյուս բաժինը` 159 էջ, Իրավարար վճռի մաս կազմող տարբեր հավելվածներն են՝ բնակչության, տնտեսության, ֆինանսների, պաշտպանելիության և այլ ոլորտների վերաբերյալ։ Սա լուրջ ուսումնասիրություն է՝ կատարված Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի և հատուկ հանձնաժողովի կողմից։
Ըստ Իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները տարածվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103599 քառ. կմ։ Նշենք, որ իրավարար վճիռներն անբեկանելի են և վաղեմության ժամկետ չունեն: Իրավարար վճիռը կարող է անկատար մնալ, ինչպես այս պարագայում, բայց դրանից իր ուժը չի կորցնում:
Արա Պապյանը կարծում է, որ մեր հասարակությունը, հատկապես գիտական, չպետք է սպասեր, որ Հայաստանն անկախանար, և հետո նոր ինչ-որ մեկը զբաղվեր այդ հարցով։ «Այդ ամբողջը, թեկուզ չհրապարակված, մենք պետք է ունենայինք, որպեսզի անկախությունից հետո անմիջապես դնեինք շրջանառության մեջ։ Ցավոք, Անկախության 2-րդ տասնամյակի վերջում միայն այս ամբողջի մասին սկսեցին խոսել։ Պետք է ձևավորվի հասարակական կարծիք»,- նշում է պարոն Պապյանը՝ ավելացնելով, որ փաստաթղթի նկատմամբ հետաքրքրություն, իհարկե, առաջացել է, բայց ասել, որ դա գերակա հետաքրքրություն է, ինչպես Ցեղասպանության հարցը, չի կարելի։ Թեև այս հարցը, ըստ Պապյանի, առավել կարևոր է, քան Ցեղասպանության ճանաչումը։
Թուրքիան գիտակցում է այս փաստաթղթի իրական լրջությունը և, բնականաբար, հակազդող քայլեր է անում։ Այդ հակազդումը շատ հարցերում ուղղված է Արա Պապյանի դեմ. դրանք սպառնալիքներից մինչև կաշառքի տեսք ունեն։
Քաղաքագետը համոզված է, որ իրավարար փաստաթուղթը հզոր լծակ է Հայաստանի ձեռքին, որը կարելի է օգտագործել բանակցությունների ժամանակ։ Եթե մենք ցանկանում ենք թուրքերի հետ հարաբերություններ հաստատել, սահմաններն ապաշրջափակել, չենք կարող խնդրանքներով կամ արձանագրություններով դա անել։ Մենք պետք է ունենանք մի ռեալ փաստաթուղթ։ Նա կարևորում է Իրավարար վճռին վերաբերող փաստաթղթերի խորացված, իրավաբանական վերլուծությունները։
Արա Պապյանը նշում է, որ պատմության մեջ զարգացումներն անկանխատեսելի են. «Եթե 1985-ին որևէ մեկն ասեր, թե ԽՍՀՄ-ը 5 տարի հետո կկործանվի, բոլորը նրան խելագարի տեղ կդնեին։ Դա անգամ տեսականորեն ենթադրել հնարավոր չէր։ Բայց եղավ։ Հավատացեք՝ աշխարհում փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօրվա Թուրքիայի հզորությունը չի նշանակում, որ 5-10 տարի հետո էլ Թուրքիան հզոր է լինելու։ Մենք պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք ինչ-որ բան վերցնելու։ Պետք է պատրաստ լինենք նաև իրավաբանորեն, որպեսզի ցանկացած պահի համապատասխան փաթեթը դնենք սեղանին՝ մեր իրավունքները հաստատելու համար, հակառակ դեպքում հաջողության պահը կգա-կանցնի։ Եկեք պատրաստ լինենք, մնացածը պատմական զարգացումները ցույց կտան։ Եվ եթե վերապահված է, որ մենք կրկին պետք է վերագտնենք մեր կորցրածը, դա կանենք»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ