ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՂՋ ԱԶԳԸ «ԿԹՌՉԻ»... ՏԻԿԻ՛Ն ՄԱՐԻ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՂՋ ԱԶԳԸ «ԿԹՌՉԻ»... ՏԻԿԻ՛Ն ՄԱՐԻ
08.04.2011 | 00:00

Այս հարցն է հուզում ՀՀ-ում ԱՄՆ-ի տիկին դեսպանուհուն, որն էլ «արտացոլվում է» հայաստանյան քաղաքական ուժերի հետ նրա հանդիպումների, ճաշերի ժամանակ:
«ՍԱՄԱԼՅՈՏ-ՍԱՄԱԼՅՈՏ, ԱՐԻ ԻՆՁ ՏԱՐ ՊԱՊԱՅԻՍ ՄՈՏ»
Մինչ հարցը հայ քաղուժերին հղելը, տիկին Յովանովիչը հարկ է համարում տեղեկացնել. իրենք՝ մեծարգո ԱՄՆ-ը, խստորեն, մի քանի մակարդակներով, դատապարտել են ադրբեջանական կողմի հայտարարությունը: Այդ ասելուց հետո էլ հարցնում է. դուք կմիանա՞ք Սերժ Սարգսյանին՝ այդ թռիչքի ընթացքում:
ՈՒզում է ճշգրտել ինչպիսի՞ն է հայաստանյան արձագանքը:
Բնականաբար, ստանում է պատասխան՝ անշո՛ւշտ: Հավելմամբ` նման անթույլատրելի հայտարարություն կարող են անել միայն ահաբեկչակական կազմակերպությունները, և ոչ երբեք՝ պետությունները:
Տիկին Յովանովիչն էլ իր հերթին ևս մեկ անգամ անընդունելի է համարում նման հայտարարությունն ու սահուն անցում է կատարում առավել հրատապ՝ հայաստանյան ներքաղաքական հարցերին (այս մասին` մեր հաջորդ նյութում):
Ինչպես նկատում եք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները բոլորովին տարբեր արձագանք ունեն նույն՝ դեպ Ստեփանակերտ մեկնող ինքնաթիռների «ճակատագրի նկատմամբ»: Հաշվի առնելով հանգամանքը, որ այդպես էլ որևէ ձեն-ձուն ռուսական կողմից համառորեն չեղավ:
Եվ դա այն դեպքում, երբ համակրելի Մեթը, իր բան ու գործը թողած, զբաղված է այս հարցն օր ու գիշեր արծարծելով. ում հետ ասես նա այս մասին չխոսեց, քանի անգամ հայտարարություն չարեց:
Ինչպես տեսնում եք՝ տիկին Մարին ևս այդ պայքարի անխոնջ մարտիկներից է, և խնդիրը կլանել է ներհայաստանյան նրա օրակարգի «առյուծի բաժինը»:
Եվ դա այն դեպքում, երբ այս փուլում ղարաբաղյան խնդրի լուծման «պապա» (քաղաքագիտորեն ձևակերպած) է նշանակվել Ռուսաստանը՝ Դմիտրի Մեդվեդևով հանդերձ:
Եվ դա այն դեպքում, երբ Ռուսիո ԱԳ ներկայացուցիչ Կելինն անչափ ընդարձակ «հաղորդմամբ» է հանդես եկել առ այն, թե «էդ շերեփը դեսը տվեք»: Այն է՝ «այժմ արդեն պետք է ղարաբաղյան հարցի լուծման նախաձեռնությունը մեր՝ ռուսական, ձեռքը վերցնենք», որովհետև հասկանում եք, «տղերքը»՝ Սերժն ու Պուճուրը, Մեդվեդևին շատ են ընտելացել (էն պա՞պս էր Մեդվեդևի թույլ լինելու, անկարողության մասին WikiLeaks-ին «ինֆորմացնում»), հեշտ են պայմանավորվում, և ուրեմն, իրենք՝ մայր Ռուսիան, պրոցեսը տանում են ուղիղ «դեպ խաղաղ համաձայնագրի կնքումը»:
Հե՜ր օրհնած, բա որ էդպես «կնքահայրն» ես, «խաղաղն» ես, ինչո՞ւ մի բերան էլ չես ասում, պարոն Ադրբեջան-Պուճուր, էդ ի՞նչ ես ասել՝ կգնդակոծեմ Ստեփանակերտ մեկնող ինքնաթիռները, սիրելի Պուճուր, սույն տաֆտոլոգիան (չհասկանալ՝ տուֆտոլոգիան, չնայած այս եզրույթը ևս կարող է տեղի ունենալ), խիստ անընդունելի է Ռուսաստանի համար, այն էլ Սոչիի պայմանավորվածությունների ֆոնին, ուստի Ռուսաստանը խստորեն դատապարտում է նման մոտեցումը։
Ընդ որում, հետաքրքիր է այս հարցում նաև հայկական կողմի, հայոց ԱԳՆ-ի պահվածքը: Հայրենական ԱԳՆ-ն պարտիզանական լռություն է պահպանում այս հարցում և որևէ կարգի դիվանագիտական մեսիջ, «նոտա» այս առնչությամբ չի հղում դեպ մեր գլխավոր-ռազմավարական «նապարնիկ»:
Վերջին շրջանում մեր ԱԳՆ-ն, ընդհանրապես, պարտիզան է դարձել: Նույն՝ ԱԳ նախարարների` Մոսկվայում նախորդ շաբաթ օրը սպասվելիք հանդիպման առնչությամբ ևս: Մենք, օրինակ, հստակ գիտենք, որ ԱԳՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, մասնակցելու այդ հանդիպմանը: Իսկ ահա ԱԳՆ-ից ասում են՝ նման հանդիպում նախատեսված չի եղել, «պատշաճ ժամին, տեղում, օրին-պատարագին» մենք տեղյակ կպահենք ձեզ՝ հանդիպման «մոմենտով»:
Մնում է տրվել վարկածներին, որոնց մեջ ամենահավանականն այն է, որ «մատը»՝ Ռուսիո, չի ցանկանում նեղացնել հանդիպումը տապալած ադրբեջանական իր «յոլդաշներին», ինչպես չի ցանկանում նեղացնել նրանց՝ օդանավերի ռմբակոծության անթույլատրելիության առնչությամբ:
«Կողմերը» չեն ցանկանում «շուխուր» լինի, որ «հեշտ» Մեդվեդևը չընկնի անհարմար դրության մեջ, ցուցանվի, որ նրան այդպես էլ չի հաջողվում խնդրի կարգավորման հարցում չնչին իսկ տեղաշարժի հանձնագրել: Կամ էլ՝ դա յուրովսանն ճնշում է հայկական կողմի վրա, որպեսզի վերջինս մեղմացնի իր մոտեցումները:
Ադրբեջանական կողմին «լկստվեցնելու» ռուսական-պապայական այս մոտեցումը հստակ մեսիջ է Պուճուրին՝ շատ չընկնել դես-դեն՝ հիմնականում Արևմուտքի ու ԱՄՆ-ի գիրկը, շատ չվախենալ արդեն Բաքվի կենտրոն հասած, բողոքի գրագետ ակցիաներ կազմակերպող ընդդիմադիրներից. «Москва за вами»:
Մանավանդ որ առջևում է Սերժ Սարգսյան-Ալիև նոր հանդիպումը՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում: Պաշտոնական Մոսկվան թերևս մտավախություն ունի. հանկարծ ադրբեջանական կողմը, ինչպես Աստանայում, ինչպես ԱԳ նախարարների չկայացած հանդիպմանը, չփորձի՞ ճողոպրել, ու Մեդվեդևի ողջ ջանքը ջուրը լցվի:
Բոլոր դեպքերում, հետաքրքիր է, Սանկտ Պետերբուրգում ինչի՞ «մասին» են թեյ խմելու կողմերը՝ Մեդվեդևի բարձր հովանու ներքո, երբ ապրիլն արդեն կես է դառնում, իսկ ԱԳ նախարարները, որոնց հանձնարարված է աշխատել «խաղաղ համաձայնագրի» սևագրի վրա՝ տեխնիկական խնդիրների շուրջ, դեռ չեն հանդիպել, երբ նախատեսված էր այդ ընթացքում իրականացնել նման մի քանի հանդիպում:
Երբ ՄԽ համանախագահներն այս պահին զբաղված են ընդամենը «դամքյաշությամբ», որպեսզի ապացուցեն, որ կենդանի են և իրենց մահվան մասին լուրերը «Կլավա Կ-ն» (էդ մենք չենք) է տարածել, գալիս են տարածաշրջան՝ դաշտային առաքելության ու «անդաշտ» հեռանում, որովհետև, հասկանում եք, Ադրբեջանն էստեղ էլ սրանց է բոյկոտում ու թույլ չի տալիս դաշտայնորեն առաքվել: Նրանք էլ, հասկանում եք, էնքան են էդ կողմերում «թոթվում» (թոթի օղին նկատի ունենք), որ գնում իրենց տուն, խումհարից ուշքի չեն գալիս, որպեսզի «մի դիմում էլ» իրենք գրեն առ այն, որ խստորեն դատապարտում են Ադրբեջանին Սոչիում՝ Մեդվեդևի բարձր հովանու ներքո ստանձնած հանձնառությունը չկատարելու համար, առ այն, որ Ադրբեջանը խանգարում է իրենց՝ իրականացնելու առաքելություն: Դաշտային:
«СА-МО-ЛЕТ! Я ВЕРНУСЬ СЮДА!»
Բա հիմա էսքանից հետո ԱՄՆ-ը չանհանգստանա՞: Բա մեր համակրելի Մեթն իր բան ու գործը չթողնի՞ ու ադրբեջանական ՀԿ-ների համար թիթեռ նկարի, սույն «քաղաքացիական հասարակությանը» մեկ անգամ ևս զգուշացնելով՝ «նե՜լ-զյա՜». ձեր ինքնաթիռները Նախիջևան են թռչում հայաստանյան տարածքով, բա որ կատուն գա ձեզ վրա:
Այնուհանդերձ, ինչո՞ւ է ԱՄՆ-ն այսքան անհանգստացած: Համատարած այս «ինքնաթիռ-գեյթն» ինչո՞վ բացատրել:
Մինչ այդ, նախ, փորձենք հասկանալ, թե ինչու է այս պահին ԱՄՆ-ը կիրառում «Ղարաբաղը մերն է, բայց ռուսների ձեռն է» կոնֆիգուրացիան:
ա) ԱՄՆ-ը շատ լավ գիտի, որ այս փուլում բացարձակապես անհնար է որևէ լուրջ տեղաշարժ ապահովել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իսկ մանրիկ ու չնչին հարցերում, խնդրեմ, դեմ չեն:
Ընդ որում, եթե այնպես լինի, որ հանկարծ ու Դմիտրի Անատոլիչին հաջողվի (դե որ գլուխն ազատված լինի «բարիշնյա» Սոբչակի հաշվով մերոնց զանգելուց, նրան մեր գլխին կապելուց... իբր մեր «էնիքները» մեզ քիչ էին) ու կարողանա իսկապես լուրջ հաջողություն գրանցել հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, ԱՄՆ-ը հաստատապես կփսորի այն ու թույլ չի տա:
Այն պարզ պատճառով, որ դեռ Բժեզինսկու սկսած առաջին՝ Սովետմիությունը քանդելու շախմատային պարտիայի բանալի դարձած ղարաբաղյան խնդիրը տարածաշրջանը բացելու խոշոր բանալին է նաև երկրորդ, առավել խոշոր՝ մերձավորարևելյան պարտիայի պարագայում ու դեռ տևական ժամանակ այն պետք կգա։
բ) Ռուսաստանին Ղարաբաղի հարցում քարտ-բլանշ տալով՝ ԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են հաճելին համակցել օգտակարի հետ: Նրանք բարձրացնում են Մեդվեդևի դերակատարությունը բոլոր ուղղություններով, այդ թվում և՝ Հարավկովկասյան: Հնարավորություն տալով վերջինիս՝ «պապա» կարգվել ոչ միայն հետխորհրդային տարածքի, այլև համաշխարհային «զարգացումների» վրա, մինչև կարողանան նրան Ռուսիո ցար դարձնել, Պուտինին խաղից հանել:
Ամեն բան Մեդվեդևին այս փուլում կներվի: Սակայն և այնուհանդերձ, ԱՄՆ-ը չի վստահում Ռուսաստանին: Չի վստահում Ադրբեջանին: Չի վստահում Թուրքիային: Եվ վառոդի տակառ համարվող այս տարածաշրջանում զգուշանում է դույզն-ինչ անկանխատեսելի շարժումից, ինչպիսին կարող է լինել Ստեփանակերտ թռչող հայկական ինքնաթիռը, որովհետև փոքր-ինչ անկանոն շարժում՝ տակառը կարող է պայթել՝ պայթեցնելով ողջ տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքում սկսված խաղը. ոչ այն ժամին, ոչ այնպես, ինչպես ցանկանում է արդեն Սիրիայի կողմերը հասած, Իրանին առայժմ սպիտակ դրոշ պարզած ԱՄՆ-ը:
Ընդ որում, որքան էլ Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան գործընթացը խաղաղության հասցնելու մաստեր-պլանով, որքան էլ չի ցանկանում, որ ռեգիոնում նման կարգի որևէ պայթյուն լինի, այնուհանդերձ, ինչպես 2008-ի վրացական, այնպես էլ այս դեպքում հնարավորություն է ստանում արագ արձագանքելու և իր նույնքան (դե, էլի) արագ արձագանքման՝ ՀԱՊԿ-անման զորքերը մտցնել տարածաշրջան: Ի անհրաժեշտություն: Նայած՝ մերձավորարևելյան զարգացումներն ինչ արդյունք և ինչ քարտեզ գծած կլինեն այդ ընթացքում:
Համենայն դեպս, առ այս պահը (որքան էլ համարում են, որ ԱՄՆ-ը մի քիչ ուշանում ու դանդաղում է արաբական աշխարհում, ավելի խոր հայացքի դեպքում, կարդացե՛ք Բժեզինսկի, ակնհայտ է. նուրբ հաշվարկ կա բոլոր գործընթացների նկատմամբ, և մաստեր-պլանի վերահսկողությունն ԱՄՆ-ը բացարձակ չի կորցրել, այլ բան է, որ այդ փակ խաղը շատերին, եթե չասենք՝ բոլորին, ամենևին էլ հասկանալի չէ):
Ահա սա է պատճառը, որ տիկին Յովանովիչի քուն ու դադարը խլած դեպ Ստեփանակերտ ինքնաթիռների թռիչքը՝ ադրբեջանական Պուճուրի «կկվի բնի վրայով», այս պահին համարվեց «տեխնիկապես դեռ անհնար». «սարքերը չեն բերվել», «միջազգային նման կազմակերպությունների հետ լրիվ չեն պայմանավորվել»:
Եվ չնայած պնդումին, որ օր չէր նշվել դեպ Ստեփանակերտ թռիչքի համար, այնուհանդերձ, այնպիսի օր էր ընտրվել՝ մայիսի 9-ը (խոստովանենք. լավ խոդ էր բոլոր առումներով, թե՛ քարոզչական, թե՛ ուշադրություն հրավիրելու, թե՛ Ադրբեջանին քաղաքակրթորեն սադրելու), որ հարված հասցնելու հնարավորություն իսկապես կարող էր լինել. պատերազմում պարտված, վիրավոր Պուճուրը, մեկ էլ տեսար գլուխն ազատեց յուր Մեհրիբանից, մաքսային միության անդամ Լուկաշենկոյից ու փորձեց Շուշիի ազատագրման օրը սուբլիմացնել իր բոլոր դարդերը...
Սա է պատճառը, որ մեր սիրելի տիկին Մարին, տանտիկին դարձել, ճաշ էր պատրաստում հայոց քաղաքական ուժերի համար, դնում սեղանին, նստում նրանց կողքը, նրբագեղ, ամերիկյան ձեռքը դնում նույնքան նրբագեղ ծնոտի տակ ու հարցնում. «հը՞, dear տղերք, կթռչե՞ք Սերժ Սարգսյանի հետ դեպ Ստեփանակերտ»:
-Իհարկե, կթռչենք, որ տանի,- պատասխանում են նրան «տղերքը»:
Ի դեպ, «դեպքն» այնպիսին է, որ անհրաժեշտության դեպքում ողջ ազգը «կթռչի»... տիկի՛ն Մարի:
Ինչպես եղավ 1990-94-ին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ