«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍՈԲՅԱՆԻՆԸ ԿՓՈՐՓՐԻ «ԼՈՒԺԿՈՎՅԱՆ ՄՐՋՆԱՆՈՑԸ»

ՍՈԲՅԱՆԻՆԸ ԿՓՈՐՓՐԻ «ԼՈՒԺԿՈՎՅԱՆ ՄՐՋՆԱՆՈՑԸ»
19.10.2010 | 00:00

Եվ այսպես, առաջին հայացքից վերջին ամսվա կարևոր քաղաքական ինտրիգներից մեկը` Մոսկվայի քաղաքապետի ազատումն ու նշանակումը, լուծվեց, ինչպես ասվում է, բերելով ընդհանուր համաձայնություն ու հանգստություն։ Նախագահ Մեդվեդևը, երկար մտորումներից հետո, չորս թեկնածուներից ընտրեց փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինին։ Նրանց հանդիպումը, որի ժամանակ արվեց այդ հայտարարությունը, տեղի ունեցավ Վենեսուելայի ղեկավար Հուգո Չավեսի Ռուսաստան կատարած այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսից անմիջապես հետո (խորհրդանշական զուգադիպություն է, այնպես չէ՞)։ ՈՒ թեև Մոսքաղդուման դեռ նոր պետք է հավանություն տա թեկնածությանը, կասկած չկա, որ այն մարմինը, որտեղ պատգամավորական տեղերի մեծ մասն զբաղեցնում են «Միասնական Ռուսաստանի» անդամները, համերաշխորեն և ուրախությամբ կասի իր «այո»-ն։ Ավելին, հիմա արդեն քաղաքական գործիչներից և «ժողովրդի ծառաներից» շատերն սկսել են փառաբանել նոր քաղաքապետին։ Նրանց մեծ մասը հայտարարել է, որ դա սողոմոնյան որոշում է, որ Սոբյանինը Ռուսաստանի ամենափորձառու կառավարիչներից մեկն է, որ մոսկվացիները կունենան ամենաարժանավոր քաղաքապետը։ Բարեհաճ մեկնաբանները միաձայն խոսում են Սոբյանինի կառավարման եզակի փորձի մասին և հուսով են, որ նա խնամքով կփորփրի «լուժկովյան մրջնանոցը» և վերջ կդնի կոռուպցիային։ «Իշխանական կերակրատաշտի» (և ոչ միայն ռուսական) սովոր և անփոփոխ օրենքով նոր տիրոջը ողջունելու գործում առանձնապես ջանադիր են նախկին «խոլոպները»։ «Մեծ» Ծերեթելին, օրինակ, իրեն հատուկ գիգանտամոլությամբ ու հավակնոտությամբ հայտարարեց, թե «Ռուսաստանի և ռուսական գեղարվեստի ակադեմիայի քառասուն հազար նկարիչները պաշտպանում են այդ որոշումը», իսկ մինչև վերջերս Լուժկովի տեղակալ Ռեսինը պակաս պերճախոս չէր` նախագահը «բառացիորեն տասին է խփել», և հիմա «նախկին ժայռաբեկորին փոխարինելու կգա անհատականությունը»։ Միայն Լուժկովի ընկեր Կոբզոնը լուռ մնաց, նա այս ամբողջ հուզմունքից գիտակցությունը կորցրեց համերգի ժամանակ և հիվանդանոց ընկավ։ Իսկ ընդդիմությունն այնքան էլ լավատես չէ, և մոսկվացիներին ուղղված իրենք իրենց իշխանությունն ընտրելու հնարավորություն ընձեռելու կոչերը, ինչպես միշտ, և՛ չլսվեցին, և՛ խլացան «կուսակցության ու կառավարության գործողությունների» ընդհանուր գովաբանության ժխորում։ Թեև, Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնի կողմից այս տարվա հոկտեմբերի 8-11-ին անցկացված հարցման համաձայն, մոսկվացիների 46 և ռուսաստանցիների 47 տոկոսը կնախընտրեին վերադարձնել մայրաքաղաքի ղեկավարի ուղղակի ընտրությունները։ Ի դեպ, թե՛ ընդդիմության, թե՛ Արևմուտքից սպասվող հովանավորների համար դեղահաբը, այնուամենայնիվ, որոշեցին մի քիչ քաղցրացնել և թույլ տալ անցկացնելու մի ակցիա` «Վլադիմիր Պուտինին` պաշտոնաթողություն» կարգախոսով (ֆանտաստիկ «համարձակություն» և ոչ պակաս ֆանտաստիկ «բացախոսություն», առավել ևս, որ նոր քաղաքագլուխը դեռ ոչ մի հարց չի լուծում)։ Իրոք, ինչպես ընդգծում են Մեդվեդևի աշխատակազմում, եթե բազմամիլիոն Մոսկվայում 200 մարդ ուզում է հավաքվել «անպայման ամսի 31-ին և անպայման «Տրիումֆալնի» հրապարակում», ապա իշխանությունները, մեծ հաշվով, դրանից ամենևին չեն տուժում։ Իսկ առիթը, երևի, հիանալի է` աշխարհով մեկ հայտարարել, թե, «ռուսական ավանդույթի համաձայն, ամեն մի նոր իշխանություն մեծահոգություն է ցուցաբերում», և ներողամտորեն ավելացնել` «թող հավաքվեն»։ Ընդ որում, շատ հետաքրքրական է, որ, Մոսկվայում սպասվող «ժողովրդավարացման» վերաբերյալ այդ գովազդային հնարքների առիթով, ռուսական մամուլում ի հայտ են եկել բավականին պերճախոս մեջբերումներ Սոբյանինի նախկին ելույթներից. «Ես չեմ կարծում, թե լրագրողը կարող է ազատ կողմնորոշում ունենալ, և մամուլը մեզ մոտ չի կարող ազատ լինել»։ Ավելին, անմիջապես վերհիշեցին նաև այն, որ Տյումենի նահանգապետի պաշտոնում Սոբյանինն առաջիններից մեկը պաշտպանեց ընտրությունների վերացումը տարածաշրջանում, արագ և կոշտ ձևով կատարեց բիզնեսի վերաբաշխում, փաստորեն, ոչնչացրեց ընդդիմությանն ու անկախ լրատվամիջոցները։
Մինչդեռ Դմիտրի Մեդվեդևն արդեն նախանշել է կարևորագույն խնդիրների շրջանակը մայրաքաղաքի ղեկավարի համար։ Այսպես, նախագահը հայտարարել է, թե հիմնական խնդիրների շարքում, որոնք նա պետք է լուծի, կոռուպցիան ու խցանումներն են (ինչպես միշտ, ռուսական պատմության մեջ գլխավոր խնդիրը «հիմարներն ու ճանապարհներն են»)։ Բայց, անտարակույս, ավելի կարևոր է այն, որ, հանդիպում ունենալով Սոբյանինի հետ, Մեդվեդևն արտահայտեց հետևյալ միտքը` Մոսկվան «չպետք է լինի մեկուսի տարածաշրջան», իսկ քաղաքի իշխանությունը «պետք է լիովին միաբան լինի դաշնային իշխանության հետ»։ Նկատենք, որ ինքը` Լուժկովը, ենթադրում է, որ իր պաշտոնաթողության գլխավոր պատճառն այն է, որ Կրեմլը ցանկացել է քաղաքապետի պաշտոնը հանձնել «իր շրջանակի» որևէ մարդու, իսկ իր քաղաքական ակտիվությունը վերևներում շատերին դուր չէր գալիս։ Իսկ հիմա, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի գլխավոր «վարկանիշարար» Վլադիսլավ Սուրկովը, «իր ընտրությունը կանգնեցնելով «Միասնական Ռուսաստանի» թոփ-մենեջերի` հարյուր տոկոսանոց «եդինոռոս»-ականի վրա, նախագահը փաստորեն ընդգծել է, որ միանգամայն վստահում է այդ կուսակցությանը, և որ այն առաջվա նման իր համախոհների կուսակցությունն է»։ Նկատենք, Սոբյանինը ոչ թե պարզապես «Միասնական Ռուսաստանի» կողմնակից է, այլ նրա բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչը և կուսակցական հիերարխիայի ամենաբարձր գագաթներից մեկը։ Այնպես որ, այլ տարակույսների շարքում ակնհայտ է մեկ բան` նախագահի ընտրած քաղաքապետի ղեկավարությամբ Մոսկվան լիովին վերահսկելի կդառնա երկրի դաշնային ղեկավարության կողմից, ինչին հնարավոր չեղավ հասնել Յուրի Լուժկովի օրոք։
Անցնենք գլխավոր ինտրիգին։ Լուժկովին Մոսկվայից «քշելու» պահից ի վեր Ռուսաստանի ամբողջ խելամիտ հասարակությունը (և ոչ միայն Ռուսաստանի) գուշակություններ էր անում` ո՞ւմ կնշանակեն նոր քաղաքապետ` «Պուտինի՞, թե՞ Մեդվեդևի մարդուն»։ Իսկ հիմա երկրի իշխանությունները հայտարարում են, թե առաջադրված թեկնածուների շարքում փոխվարչապետը միակն էր, որ ձեռնտու է բոլոր կողմերին` թե՛ մոսկովյան իշխանություններին, թե՛ Ռուսաստանի նախագահին, թե՛ վարչապետ Պուտինին։ Շատ հետաքրքրական է, որ «մեդվեդևականները» չեն հոգնում կրկնելուց, թե նոր քաղաքապետը «նախագահի թեկնածուն» է, որ նա մի մարդ է, ով եղել է նրա ընտրարշավի կազմակերպման պատասխանատուն։ Վարչապետի կողմնակիցներն իրենց հերթին պնդում են, թե «նախագահին հնարավորություն տվեցին հանդես բերել ցարական ցասում և հաշվեհարդար տեսնել «կապը կտրած» բոյարի հետ։ Բայց նրան Մոսկվան չհանձնեցին, այն Մոսկվան, որը ցանկացած ռուս չինովնիկի երկնագույն երազանքն է», և որ Սոբյանինը մի մարդ է, որն ամենայն ակտիվությամբ առաջ էր մղում «պուտինյան քաղաքականությունը» և՛ նահանգապետի պաշտոնում, և՛ աշխատակազմում։
ՈՒստի փոխանակ գուշակելու, թե «ում մարդն է այդ լռակյաց և փոքր-ինչ մռայլ սիբիրցին», շատ ավելի հետաքրքիր կլիներ դիտարկել պարոն Սոբյանինի կարիերայի որոշ փուլեր։ Իհարկե, բոլոր այն խոսակցությունները, թե «ի խորին զարմանս տասը միլիոն մոսկվացիների, նրանց մեջ չգտնվեց գոնե մեկը, որին վստահեին իրենց քաղաքի ղեկավարումը», թե «համոթ մոսկվացիների» հարկ եղավ օգնության կանչել Ռուսաստանի քարտեզի վրա ինչ-որ տեղ կորած Կագալիմ քաղաքի նախկին ղեկավարին, քննադատության չեն դիմանում։ Մոսկվայի կառավարման վերջին ժամանակաշրջանի պատմության ընթացքում, սկսած խորհրդային տարիներից, միայն Գավրիլ Պոպովն ու Յուրի Լուժկովն են եղել բնիկ մոսկվացիներ։ Նկատենք` Սոբյանինի ուղին մի քաղաքապետի աթոռից մյուսը, ինչպես և նրա ամբողջ ծառայողական առաջխաղացումը վկայում են, իհարկե, նրա անձնական նշանակալի տաղանդների մասին։ Այդուամենայնիվ, ինչպես թվում է, նրա իսկական հաջողությունների արմատները պետք է որոնել այնտեղ` Սիբիրի լայնարձակ տարածքներում, դեռևս «զարգացած սոցիալիզմի» դարաշրջանում։ Ներկա քաղաքապետը ծնվել է Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի Նյաքսիմվոլ գյուղում, որտեղ դարեր ի վեր մանսիներն են ապրել։ Գուցե դրա համար է Սոբյանինը միշտ ընդգծում, թե ինքն ազգությամբ ռուս է և չի մոռանում նշել իր ուղղափառ դավանանքը։ Դեռ այն ժամանակ, երբ ո՛չ Մեդվեդևի, ո՛չ էլ Պուտինի մտքով, ամենայն հավանականությամբ, չէին էլ անցնում քաղաքականությունն ու իշխանությունը, պարոն Սոբյանինն արդեն սկսել էր իր քաղաքական կարիերան։ Սկսել էր նա, իհարկե, որպես կոմերիտական ղեկավար, արագորեն դառնալով Կագալիմի քաղգործկոմի քարտուղար, իսկ հետո` այդ փառապանծ գյուղաքաղաքի ղեկավարը։ Ելցինի կառավարման դարաշրջանում նա նշանակվեց ՈՒրալի դաշնային օկրուգում նախագահի ներկայացուցչի առաջին տեղակալ, բայց արդեն այն ժամանակ ասում էին, թե երիտասարդ քաղաքական գործչի թիկունքին կանգնած են ոչ այնքան Մոսկվան, որքան հին «նավթային» կլանի մարդիկ, այսինքն` այլ սերնդի և այլ կոփվածքի ներկայացուցիչներ։ Նրանք միշտ հասկանում էին, որ «փողն աղմուկ չի սիրում», բայց, լինելով խորհրդային փորձառու կառավարիչներ, արագորեն օգուտ քաղեցին վերակառուցումից, դարձան դրա ամենավստահելի «ջատագովները», Տյումենից կենտրոն փող կրողները և երիտասարդ կադրերի հովանավորները։ Ապա սկսվեց ամենահետաքրքրականը` 2000-ին Սոբյանինն առաջադրվեց Տյումենի մարզի նահանգապետի պաշտոնի թեկնածու։ Այն ժամանակ նոր-նոր նախագահի պաշտոնն ստանձնած Պուտինը հայտարարեց գործող նահանգապետին իր աջակցության մասին։ Իսկ պարոն Սոբյանինին, առաջվա նման, այն ժամանակ աջակցում էր ինչ-որ նախաձեռնող խումբ, որի թիկունքին կանգնած էին այդ նույն խմբի ներկայացուցիչները, որոնց Տյումենում խորհրդային շրջանում անվանում էին «նավթային գեներալներ»։ Եվ այնպես ստացվեց, որ իշխանությունների առաջադրած թեկնածուն այն ժամանակ խոշոր հաշվով տանուլ տվեց ընտրությունները։ Հաղթանակից հետո Սոբյանինն արագորեն վերածվեց «Կրեմլի մարդու», ավելին, պահպանելով նախկին կապերը, նա ապահովեց նաև մնացած «բիզնեսի արքաների» աջակցությունը։ Հիմա խոսում են Ռուսաստանի խոշորագույն օլիգարխների` Վիկտոր Վեքսելբերգի և Ռոման Աբրամովիչի հետ նրա անձնական ջերմ հարաբերությունների մասին (համարվում է, որ Աբրամովիչը եղել է այն լոբբիստական կառուցվածքի պարագլուխը, որը «տապալեց» Լուժկովին)։ Այնուհետև, Սոբյանինն սկսեց միարժեքորեն ապացուցել իր նվիրվածությունը կենտրոնին։ Նա դարձավ «Միասնական Ռուսաստանի» մեջ մտած առաջին նահանգապետը, նա էլ առաջարկեց նախագահի լիազորությունների ժամկետը հասցնել յոթ տարվա։ 2005-ին հաջողակ նահանգապետ Սոբյանինին, շատերի համար անսպասելիորեն, նշանակեցին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Թե ինչու, հասկանալի դարձավ միայն 2007-ին, երբ նախագահի թեկնածու առաջադրված Մեդվեդևն ասաց, որ իր ընտրարշավի շտաբը գլխավորելու է Սոբյանինը։ Այսինքն` հենց այդ մարդուն «աշխարհի ուժեղներից» ինչ-որ մեկն այն ժամանակ հանձնարարեց ապահովել իշխանության ժառանգափոխությունը։ Իհարկե, համաձայնեք, այս ամբողջ կարիերան բավականին զարմանալի տեսք ունի։ Առավել ևս, որ Սոբյանինը գրեթե միակ մարդն է վերևներում, որը Սանկտ Պետերբուրգին ոչ մի առնչություն չունի և ոչ մի կապ չունի ուժայինների հետ։ Տարբերվում է նաև նրա վարքագիծը. նա համարվում է Ռուսաստանի ամենափակ քաղաքական գործիչներից մեկը, խույս է տալիս հրապարակային միջոցառումներից, փաստորեն, հարցազրույց չի տալիս։ Ասում են, թե հաճախ գիշերում է Կրեմլում։ Եկամուտների մասին տեղեկանքի համաձայն` Սոբյանինն ունի համեստ եկամուտ` 3,2 մլն ռուբլի, և 118 քմ մակերեսով բնակարան, որպես կնոջ հետ համատեղ սեփականություն։ Կնոջ` Իրինայի եկամուտը խորհրդանշական է` 18,5 հազար ռուբլի։ Ընտանիքը երթևեկում է ոչ այնքան համբավավոր «Ջիպ Չերոկի»-ով։ Սոբյանինն ունի երկու դուստր` Աննան (1986 թ.) և Օլգան (1997 թ.), նրանցից մեկի վրա ձևակերպված է 201 քմ մակերեսով մեկ բնակարան։
Այնպես որ, ով և, գլխավորը, ինչու է Սոբյանինին առաջադրել Ռուսաստանի այդ կարևորագույն պոստում, դեռ երկար պետք է գուշակել։ Նշվում է, որ առաջին հերթին պարոն Սոբյանինը կոչված է ճիշտ կազմակերպելու 2012-ի ընտրությունները, ինչպես 2008-ինը։ Երկրորդ հանգամանքը զուտ ֆինանսական է. պարոն Սոբյանինի թիկունքին, ինչպես տեսնում ենք, կանգնած են լուրջ ֆինանսներ ու մայրաքաղաքում դրանց ներդրման լուրջ հեռանկարներ, որոնց Լուժկովն իր տիկնոջ հետ մինչև վերջերս խիստ խանգարում էին։ Շատ հետաքրքրական է նաև այն, որ, մի շարք փորձագետների կարծիքով, Սոբյանինը որոշակի հանգամանքներում անգամ (եթե իշխանական տանդեմում, այդուամենայնիվ, համաձայնության չգան) կարող է դառնալ երկրի նոր նախագահ։ Չէ՞ որ ժամկետները սեղմում են, իսկ Պուտինն ու Մեդվեդևը դեռ չեն որոշել, թե իրենցից ով է քվեարկվելու Ռուսաստանի նախագահի պոստի համար։ Համապատասխանաբար սկսել են ակնարկներ երևալ երրորդ հավակնորդի հայտնվելու հնարավորության վերաբերյալ, խոսքը «Պուտինի ու Մեդվեդևի համատեղ թեկնածուի» մասին է։ Այսինքն, մեծ հաշվով խաղասեղանին ոչ միայն մեծ քաղաքականություն է, այլև մեծ ֆինանսներ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ