ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ամեն տարի, երբ նշվում է Թարգմանչաց տոնը, ծիծաղս գալիս է»

«Ամեն տարի, երբ նշվում է Թարգմանչաց տոնը, ծիծաղս գալիս է»
28.07.2009 | 00:00

«ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐՈՂՆԵՐԸ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ»
Արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտնի անուն է գրական աշխարhում: Հինգ գրքի հեղինակ է, արժանացել է գրական տարբեր մրցանակների: Նրա գործերը թարգմանվել են անգլերեն, հունարեն, պարսկերեն, ռուսերեն... Ընթացքի մեջ է հերթական գիրքը: Արձակագրի կարծիքով, եթե ընթերցողի ինտելեկտուալ, հոգեկան որակները բավարարում են գրականությունդ հասկանալուն, ուրեմն նա նույնքան տաղանդավոր է, որքան գրողը. ավելի լավ է տասը նման ընթերցող ունենալ, քան հարյուրը, որ կարդան ու անհաղորդ մնան: Այնուամենայնիվ, գրողի համար երկրորդական չէ սիրված, ճանաչված լինելը: Ի՞նչ է ուզում գրողը և ի՞նչ սպասելիքներ ունի մեր օրերում:
-Գրելիս առևտուր չես անում, գրականությունը շուկա չէ, որ գրես` փոխարենը ինչ-որ բան ստանալու համար,-ասում է Սուսաննա Հարությունյանը: -Եթե ես ուզում եմ գրել, գրում եմ. ինձ համար բացարձակ մեկ է` ինչպե՞ս կընկալվի, կընթերցե՞ն, թե՞ ոչ, կգովե՞ն, թե՞ կփնովեն: Գրողի համար գրելը հոգեկան պահանջմունք է, նրա կենցաղի մի մասը: Բարձրարժե՞ք գործ է ստացվում, թե՞ ցածրարժեք, դա էլ տաղանդի խնդիր է:
-Սակայն արվեստագետը չի արարում միայն իր համար…
-Լավ կլինի, որ ընթերցվի, գնահատվի, բայց մեր հասարակության մեջ մտավորականը ստորացված կարգավիճակում է: Ես իրատես եմ և գիտեմ ինչ հասարակության մեջ եմ ապրում: Դա գրողի համար ցավալի է, իհարկե, բայց ողբերգություն չի կարող դառնալ: Միջնադարում գիտնականներին ոչ միայն չէին գնահատում, այլև այրում էին խարույկի վրա, բայց դրանից գիտնականի տեսակը չվերացավ, ավելին` գիտությունը զարգացում ապրեց: Մի քիչ վերամբարձ կարող է հնչել, բայց սովորական մարդու գործն այսօրվա հետ է, մտավորականի գործը` հավերժության:
Հեռուստատեսությամբ ինչ-որ հաղորդաշարով փողոցն անցնող քսանամյա մի աղջիկ` ծամոնը բերանին, կարծիք է հայտնում այսօրվա գրողի մասին, ասում է` ես նրանց չեմ սիրում, որովհետև հայտնի չէ` ի՞նչ են գրում, ի՞նչ են անում: Դա իմ մեղքը չէ, որ չգիտի: Փողոցն անցնող պատահական մեկին ինչպե՞ս կարելի է նման բան հարցնել, երբ ոչ մի հեռուստաեթեր, ռադիո, պետությունը, վերջապես, ոչ ոք չի պրոպագանդում ու քարոզում մշակույթ ու գրականություն: Որպես կանոն, նույնիսկ մշակույթի էջ պատրաստող լրագրողները վատ գիտեն ժամանակակից գրականությունը և որպեսզի չասեն` չենք կարդում, չգիտենք, ընդամենը ասում են` գրող չկա, գրականություն չկա:
-Գուցե խնդիրն այն է, որ մեզ մոտ չկա գրական շուկա ասվա՞ծը։
-Գրական, մշակութային կյանքը մի քիչ այլ կերպ պետք է կազմակերպվի: Մեր սերունդը, ում կյանքի կեսն անցել է խորհրդային հասարակարգում (ավագ սերունդը` բացառապես), սովոր չէ հարցերն ինքնուրույն լուծելու, թվում է` մենք գրեցինք, ինչ-որ մեկը պիտի տիրություն անի, հրատարակի: Հաճախ է ասվում` ոչ մի երկրում գրողը չի ստանում նպաստ կամ պետպատվերի գումար: Բայց ուրիշ երկրներում հրատարակիչը, եթե հավանում է գործդ, քեզնից գնում է, հրատարակում և անում է իր բիզնեսը: Մեզ մոտ, անգամ եթե դու հանճար լինես, ոչ ոք չի վճարի քո տողի համար, լավագույն դեպքում, պետպատվերով կտպագրեն, հետո կասեն` գոհ եղիր, որ տպագրել ենք: Մինչդեռ մարդկանց մի հսկայական խումբ աշխատանք ունի զուտ այն պատճառով, որ ես գրում եմ` լրատվության վարչության բաժինը, տպարանը, խմբագիրը, սրբագրիչը, գրականագետը և այլն: Նրանց բոլորի աշխատանքը վարձատրվում է, գրողը պետպատվերի դեպքում երկու-երեք տարվա աշխատանքի դիմաց ստանում է վաթսուն-յոթանասուն հազար, ինչն ավելի լավ է չստանա:
-Պետպատվերով տպագրվող գրքերը մնում են գրապահոցներում, որ «գրական գերեզմանոց» են կոչվում։ Որքան գիտեմ, երբեմն նաև կորչում են գրքերը:
-Դա էլ ուրիշ խնդիր է. եթե պետությունը ծախս է անում, գիրք է տպագրում, ինչո՞ւ հետամուտ չի լինում, որ դրանք վաճառվեն: Գրախանութի աշխատողն ասում է` մենք չենք ընդունում այդ գրքերը, որովհետև չեն վաճառվելու: Վերջերս ես ուզում էի գիրքս հետ վերցնել գրախանութից, երկու ժամ պահանջվեց, որ վաճառողն այն գտնի: Շարել են ժամանակակից հայ գրականություն և «սալիկապատել» ռուսական բեսթսելլերներով: Այսինքն, կա գովազդի, պրոպագանդման, գրական գործակալի, գրականության կարևորությունը ժողովրդին հասցնելու խնդիր: Որոշ մարդկանց համար կուշտ ապրելը երջանկության բարձրակետն է. ինչո՞ւ կարդան, ինչո՞ւ հետաքրքրվեն, ինչո՞ւ հոգու վրա աշխատեն, երբ կարելի է առանց այդ ջանքերի ապրել և` ավելի լավ: Մեր հասարակության մեջ ամեն ինչ գլխիվայր է. ինչքան քո արժանիքները բարձր են, այնքան դու ավելի ստորացված ես:
-Մի առիթով ասացիք, որ գրականագետները գրողներին նայում են ինչպես հանգուցյալների` կա՛մ լավն են ասում, կա՛մ` ոչինչ: Ըստ Ձեզ, ո՞րն է գրաքննադատի դերն այս դեպքում, գուցե իրական տաղանդի բացահայտո՞ւմը:
-Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօրվա մեր գրականությունը մի քանի քայլ առաջ է, քան գրականագիտությունը: Այսինքն, այն, ինչ ասում է գրականագետը, ինձ այլևս պետք չէ: Այսօր մենք ուրախությամբ նշում ենք, որ կա գրականագետների երիտասարդ սերունդ, բայց կոնկրետ ինձ համար ուրախալի է, որ կա գրականություն սիրող երիտասարդություն: Թե՛ երիտասարդները, թե՛ ավագ սերունդը բավականին տաղանդավոր են, բայց վակուում եմ զգում. քննադատում են, դիտարկում զուտ խորհրդային չափանիշներով և զուտ այսօրվա գրական դաշտի համատեքստում: Եթե ես շոշափում եմ ինչ-որ թեմա, որի մասին որևէ դասական հիսուն կամ հարյուր տարի առաջ արդեն խոսել է, ոչ մի զուգահեռ չի անցկացվում, վախենում են մարդուն ասել, որ դու գրող չես կամ թույլ ես, կամ քո արածը ապարդյուն է, որովհետև հարյուր տարի առաջ նույն բանը քեզնից ավելի լավ արդեն ասվել է: Մենք կտրված ենք աշխարհից, ես կուզեի իմանալ` Անգլիայում, Ֆրանսիայում ի՞նչ է գրում իմ տարիքի գրողը, ինձ չի բավարարում այն, որ 400 գրողի մեջ ես գովասանքի եմ արժանանում: Ի վերջո, ուզում եմ հասկանալ` մեր այսօրվա գրականությունը համաշխարհային մշակութային ֆոնի վրա ինչ-որ արժեք ունի՞: Այստեղ առաջ է գալիս թարգմանության խնդիրը: Վատն այն է, որ չենք մտածում մերը մատուցել աշխարհին, անընդհատ ուրիշինն ենք թարգմանում: Ողբում ենք, որ առայսօր Նարեկացին ինչպես հարկն է մատուցված չէ աշխարհին, կամ Չարենցը, մինչդեռ նման հզոր սփյուռք ունեցողի համար թարգմանության հարց լուծելը, երևի, հեշտ պիտի լիներ:
-Միայն դա՞ է պատճառը, որ չունենք համաշխարհային հնչողություն ունեցող գրական անուններ:
-Ո՞վ ասաց` չունենք: Ո՞վ գնահատեց: Մեզ հայտնի՞ է այլ ժողովրդի ժամանակակից համաշխարհային անուն: Ի՞նչ չափանիշով ենք ճշտում համաշխարհային կամ տեղական փառքը: Չէ՞ որ մեր` կազմակերպիչների ասեմ, թե ձեռներեցների ճաշակը առայժմ հասունացել է մինչև Կոելյո փառաբանելու աստիճանի: Ինտերնետում ինչ կարդացիր, կարդացիր: Պրոֆեսիոնալ թարգմանիչներն էլ մի գլուխ Շեքսպիր ու Ֆոլքներ են թարգմանում, մինչդեռ նրանցից հետո հազարավոր հանճարներ են աշխարհ եկել:
Այսօր հնարավորություն կա տարբեր մրցույթների մասնակցելու, թեկուզև համացանցի միջոցով, բայց նկարիչ կամ երաժիշտ չես, որ գործդ տեղադրես ու հասկանալի լինի ասելիքդ: Աշխարհին ներկայանալու համար գրողն այսօր ունի թարգմանության խնդիր: Ամեն տարի, երբ նշվում է Թարգմանչաց տոնը, ծիծաղս գալիս է: Դասագրքերից սկսած, ֆիլմերով վերջացրած` ով ոնց կարող է` թարգմանում է: Պրոֆեսիոնալ թարգմանիչը չի երևում ոչ մի տեղ, իսկ գուցե և չկա՞: Չէ՞ որ թարգմանչի շփումը լեզվի հետ պիտի կայանա, նա պիտի գործուղումների գնա, շփվի, ծանոթանա տվյալ լեզվի նորաբանություններին և փոփոխություններին: Պատշգամբում նստած ուզում ենք թարգմանիչ ու թարգմանություն ունենալ: Անձնագիրը թարգմանում են 2000 դրամով, իսկ գրական մամուլում տպագրվող մի հսկայական գրքի թարգմանության համար 6-7 հազար դրամ են վճարում: Բայց, դե, կարևորը տո՜նն է` պետականորեն նշվում է:
-Ի՞նչ կասեք ՀԳՄ-ի գործելաոճի, կառուցվածքի մասին:
-Առհասարակ փոփոխություններ չեմ սիրում, փոփոխությունների հետ դժվար եմ հաշտվում, բայց այս դեպքում կողմ եմ թարմությանը, փոփոխություններին: Ճիշտն ասած, իմ կյանքում շատ չեմ կարևորում գրողների միության դերը: Միության գոյությունն ինձ համար արժեքավոր է այնքանով, որ այնտեղ իմ ընկերներն են, որոնց հետ շփումը ինձ հոգեկան բավականություն է պատճառում: Կուզենայի, որ այսօր գործող գրական խմբավորումներն իրարից այդքան մեկուսացած չլինեին, և շփումն այդ խմբերի միջև լիներ զուտ գրական ու ավելի ակտիվ, ոչ թե` ամեն մեկը իր համար: Գրողը նախ և առաջ կենդանի մարդ է, խառնվածք, բնավորություն և ազատ հնարավորություն ունի այդ խմբերի միջև ընտրություն անելու` ըստ իր տեսակի: Չգիտեմ` ինչ ասել է ՀԳՄ գործելաոճ, բայց ինձ համար` որպես գրողի, իդեալական տարբերակ կլիներ գրողների միության անդամների (ոչ թե միության, այլ անդամների) լուծարումը, որովհետև սովետական տարիներից ի վեր բազմաթիվ չգրողներ են կուտակվել այդ շարքերում: Իմ դիտարկմամբ` ներկայումս գրողների միության շարքերում կան վաստակած շատ գրողներ, որոնք այլևս գրական արտադրանք չեն տալիս, թարգմանիչներ, որոնք պակաս կարևոր չեն, քան գրողները, գրականագետներ, սիրողական մակարդակով ստեղծագործողներ, լրագրողներ, արվեստաբաններ, չը՛գրողներ և այլն: Ստացվում է` գրողների միությունում գրողները փոքրամասնություն են, որ գրական կյանքը կենդանի պահող մոտ քառասուն գրող կա, ինչը, ի դեպ, Հայաստանի նման երկրի համար վատ ցուցանիշ չէ:
-Որքանո՞վ է առողջ գրական մթնոլորտը:
-Գրական մթնոլորտը ո՞րն է: Նկատի ունեք` քննարկո՞ւմ, բանավե՞ճ, բանախոսությո՞ւն… Անկեղծ ասեմ` սալոնային կյանքն ինձ ձանձրացնում է: Շատ դեպքերում չեմ էլ մասնակցում: Ինձ համար գրական մթնոլորտը կյանքն է: Կյանքը չի կարող բացարձակ առողջ լինել, որովհետև վարակված է բազմաթիվ միկրոբներով: Կարևորն այն է, որ մենք ինքներս չվերածվենք միկրոբների:
-Ժամանակակիցներից ո՞ւմ գործերն եք արժևորում:
- Բանաստեղծներից` Ռազմիկ Դավոյան, Հրաչյա Սարուխան, Լյուդվիգ Դուրյան, Ներսես Աթաբեկյան, Արմեն Մարտիրոսյան, Արտաշես Ղազարյան… Կարող եմ էլի թվարկել: Ցավոք, պոեզիայում իմ ճաշակը բավարարող երիտասարդ անուն չեմ գտնում։ Չէ, մի հոգի կա, նույնիսկ երկուսը` Գևորգ Թումանյանը Գյումրիից և Աշոտ Գաբրիելյանը, ու եթե կյանքը նրանց չխանգարի կայանալ, լավ բանաստեղծներ են: Արձակն ինձ ավելի է ուրախացնում` Լևոն Խեչոյան, Վահագն Մուղնեցյան, Վահագն Գրիգորյան, Հովիկ Երանյան, Հովիկ Վարդումյան, Հրաչ Բեգլարյանը Սևանից։ Երիտասարդներից` Հրաչյա Սարիբեկյան, Համբարձում Համբարձումյան, Մհեր Բեյլերյան, Արամ Պաչյան, որոնք դեռևս կայացման խնդիր ունեն, արձակագրին կյանքի բազմաթիվ շերտերի իմացություն է պետք, ինչի համար պետք է ապրել, կյանքի փորձ ձեռք բերել, այս դեպքում միայն տաղանդը բավարար չէ: Ամեն դեպքում ուրախալի է, որ այդ երիտասարդները տեր են կանգնում ոչ միայն իրենց ստեղծածին, այլև մեր գրական ժառանգությանը:
-Կա՞ տարիքային սահմանափակում` կապված գրել սկսելու կամ, այսպես ասած, «սպառվելու» հետ:
-Բնության մեջ ամեն ինչ հնարավոր է. մեկը հինգ տարեկանում հանճար է, մյուսն իննսուն տարեկանում նոր-նոր սկսում է մտածել։ Այլ հարց է, որ տարիների ընթացքում հոգիդ կոպտանում է, զգացողություններդ բթանում են: Այն նրբությունը, որ աչքդ տեսնում է քսան տարեկանում, քառասունում սովորական է դառնում, քեզ այլևս ոչինչ չի զարմացնում: Երևի հենց դա է մահը, երբ կյանքը դառնում է սպանելու չափ ձանձրալի ու ճանաչելի: Գուցե և ինքնապաշտպանական բնազդ է. ինչքան կյանքը վրա է տալիս, այնքան հաստացնում ես պատյանդ, և օրերից մի օր կյանքն այլևս քեզ չի դիպչում:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ