ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Ինձ մնում է միայն ձեռքս թափ տալ և գլխահակ հեռանալ այս միջավայրից

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Ինձ մնում է միայն ձեռքս թափ տալ և գլխահակ հեռանալ այս միջավայրից
09.04.2014 | 11:20

Այսօր շաբաթվա իմ ոչ աշխատանքային միակ ազատ օրն էր: Հանդիպումներ ունեի, որոնք կուտակվել էին շաբաթվա ընթացքում և ստիպված էի դուրս գալ տնից ու գնալ քաղաքի կենտրոն:
Սիրում եմ իմ քաղաքը, ավելի ստույգ, նրա մասին հուշը: Հաճելի է քայլել քո մանկության, երիտասարդության, հասունության տարիների հետքերով, հիշել դեպքեր և դեմքեր: Ավելորդ եմ համարում նվնվալը, որ արդարացնեմ ինքս ինձ՝ իմ սիրելի քաղաքի նկատմամբ վերաբերմունքիս և տրամադրվածությանս նահանջի համար: Տարբեր առիթներով շատերն են վկայակոչել փաստեր, որոնք մեր քաղաքին անհարիր և անհանդուրժելի են, ինչպես նաև այնտեղ բնակվողներից շատ- շատերը, ում համար այն սոսկ կացարան և աշխատավայր է և ուրիշ ոչինչ:Ինքս էլ բազմիցս անդրադարձել եմ որոշ խնդիրների: Այստեղ վաղուց մշակութային, հոգևոր միջավայրն իր տեղը զիջել է անհամար սրճարանների, ռեստորանների, հացատներ-թոնրատներ-դեղատների, հյուրանոցների, անբնակ բնակելիների և անհաճախորդ մնալու սպառնալիքի տակ գոյատևող տաքսի-տուր-անշարժ գույքի օֆիսների, ավտոլվացման-ավտովերանորոգման կետերի և առևտրային զանազան շոփերի: Ակամայից մտածում ես՝ արդյոք այս փողատերերի միտքն այդչափ անաշխատունա՞կ է, որ դրանցից անդին մտածել ու երևակայել պարզապես անկարող են, և պետք է հուշել, որ կարելի է նաև թանգարան կամ մշակույթի տուն կառուցել:
Իսկապես ցավ է, և նվնվալուց խուսանավել չի լինում, երբ հատկապես տեսնում ես հին Երևանից մնացած մի պատառիկ մասունքն ինչպես է վարկաբեկվում իր հետնամասում երկինք խոյացած բարձրահարկի ստորին մասում՝ խեղճ ու կրակ, արհամարհված, որպես քաղաքաշինական խոտանն ու անամոթությունը քողարկող պատմամշակութային հիշողության վավերագիր: Երևի անցյալը քանդել-ոչնչացնելը, ընդհանրապես հողին հավասարեցնելն ավելի ազնիվ կլիներ, քան նման ինքնախաբեությունն ու խիստ ինքնատիպ, կարկատանված լուծումներ «արարելը»:
Բայց վերադառնամ խնդրո առարկային. մի շարք վայրերում դարձյալ հանդիպեցի գիտությանն ու կրթությանն իրենց ծառայությունները սիրահոժար և բացահայտ առաջարկող ունիվերսալ կազմակերպությունների (որպիսիք չեմ հանդիպել աշխարհի ոչ մի երկրում ) վահանակների, որոնք պատրաստ են համապատասխան գումարի դիմաց գրել դիպլոմային աշխատանքներ, ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ, գիտական թեզեր և այլն՝ առանց թեմատիկ խտրականության: :Եվ սա՝ քաղաքի կենտրոնում, բուհերի ու գիտական հաստատությունների հարևանությամբ, որտեղով ամեն օր անտարբեր անցուդարձ են անում մեր գիտության և կրթության ներկայիս ու գալիքի «ռահվիրաները»:
Եթե վաղվա գիտելիքահեն տնտեսության, գիտության ու կրթության կրողներն այս ճանապարհով են թափանցելու իրենց ոլորտները, եթե ՀՀ ԳԱ ակադեմիան, իր բազմաճյուղ ինստիտուտներով և ղեկավարությամբ, ՀՀ ԳԿ նախարարությունը, իր բազմանդամ համակարգով, հանդուրժում են այս իրողությունը, ապա ինձ մնում է միայն ձեռքս թափ տալ և գլխահակ հեռանալ այս միջավայրից դեպի իմ յայլաները, իսկ նրանց խորհուրդ տալ՝ գոնե օրինականացրեք մտավոր հանցագործությունը և, ինչպես ոմանցից եմ լսում ԱԺ-ում, բերեք օրինական դաշտ:

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ