ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Ռոբերտ Քոչարյանը հետ է պահանջում իր պարտքերը

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Ռոբերտ Քոչարյանը հետ է պահանջում իր պարտքերը
14.01.2014 | 12:12

Քոչարյանը, թերևս անգիտակցաբար, ակնհայտորեն լեգիտիմացնում է Տիգրան Սարգսյանին, որովհետև, խոսելով գազային խայտառակ պայմանագրերից, ակնարկելով երկրի կախումը «Գազպրոմից», Քոչարյանը ուղղակիորեն չնկատելու է տալիս իր օրոք կնքված «Գույք պարտքի դիմաց» խայտառակ գործարքը, մոռանում է նշել, որ գազի գնի սուբսիդավորման և դրա դիմաց պետության հարստությունը կոպեկներով սպառելու տխուր ավանդույթը ինքն է ձևավորվել: Քոչարյանի հերթական դարակազմիկ շարահյուսությունը ցնցում է իր սկզբունքայնությամբ: «Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում»,- հայտարարում է Քոչարյանը՝ առանց կարմրելու: Մտավոր թույլ կարողություններ են պետք՝ մոռանալու համար, որ քաղաքական գործիչներին փչացնելու, բանտերը նետելու և պառլամենտում անուղեղ առանձնյակներ բուծելու ավանդույթը առանձնակի դաժանությամբ հենց Քոչարյանի ժամանակաշրջանին բնորոշ երևույթ էր: Հենց նրա օրոք ձևավորվեց այն ավանդույթը, որ առանց փողի խորհրդարան մտնելը միայն լավագույն երազներում կարելի էր տեսնել: Ի վերջո, Քոչարյանը այս իշխանությունների կնքահայրն է: Այսօրվա կառավարությունը երկրորդ նախագահի կողմից 10 քաղաքացիների արյան, հարյուրավոր վիրավորների, քաղբանտարկյալների, հալածյալների և վտարանդիների գնով ձևավորված իշխանություն է: Արյան գետերի վրայով ընծայած իշխանության բոստանը քար նետելը, ճիշտն ասած, կասկածելի գործարքի տպավորություն է թողնում: Կամ էլ Քոչարյանը պահանջում է հետ վերադարձնել իր պարտքը: Իսկ որ նրան արյան գետեր են պարտք, դա փաստ է: Շատ կարևոր է, որ հասարակությունը սթափ գնահատի իրավիճակը և վերջին «փոխհրաձգությունը» երկու գործիչների մեջ դիտարկի ոչ թե քաղաքական, այլ սոսկ առևտրային հարթության մեջ: Քաղաքական հարթության մեջ խնդրի դիտարկումը կբերի Քոչարյանի հետվերադարձի մշուշոտ ուրվականի պարզեցմանը, և, տուրք տալով քաղաքական պարզունակ տեխնոլոգիաներին, հասարակությունը մոսկաների վարպետին սկուտեղի վրա իշխանություն կնվիրի: Սա ներիշխանական մեծ խաղ է հիշեցնում: Հիշեք, որ սիամական երկվորյակները, որքան էլ բժշկական միջամտությամբ առանձնացվեն, կրում են նույն ճակատագիրը, կիսում նույն քայլերը: Հիշեք, թե որտեղից են սկսվել հարվածները կառավարության դեմ, հիշեք հարվածողների կապերը իշխանությունների հետ, հոտընկայս կենացները, և պատկերը առավել քան պարզ կլինի: Ուղղակի հնարավոր է, որ ներքին պայմանավորվածության արդյունքում իշխանությունները զոհեն իրենց «իզգոյներին», հանուն հիմնական նպատակի: Իսկ թե ովքեր են «իզգոյները»՝ ուղղակի ակնհայտ երևում է:

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ