38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եվրոպական հավակնությունները բավարարելով հասնել հակասությունների համահարթեցման

Եվրոպական հավակնությունները բավարարելով հասնել հակասությունների համահարթեցման
07.04.2009 | 00:00

ԱՄՆ-Ի ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
«Գերմանիան, ԱՄՆ-ն ու այլ արևմտյան երկրներ Գերմանիայի վերամիավորումից հետո, 1990-ին, խոստացան ինձ, որ ՆԱՏՕ-ն նույնիսկ մեկ սանտիմետր չի ընդարձակվելու դեպի Արևելք։ Սակայն ամերիկացիները չկատարեցին այդ խոստումը, իսկ գերմանացիներն անտարբերություն ցուցաբերեցին։ Հնարավոր է, որ նրանք նույնիսկ ձեռքերն էին շփում` ուրախանալով, թե ինչ հաջողությամբ կարողացան խաբել ռուսներին»։
ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎ

Հյուսիսատլանտյան դաշինքը նշում է հիմնադրման 60-ամյակը։ Այդ կարևոր տարեդարձի հանդիսությունները կայացան եվրոպական երեք քաղաքներում` Քիլում, Բադենում և Ստրասբուրգում։ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովը, հանդիսություններով ու հակագլոբալիստների ցույցերով հանդերձ, առարկայական առումով ապացուցեց, որ դաշինքի ներսում լուրջ հակասությունների մասին խոսակցությունները ցանկալին իրականի տեղ ներկայացնելու փորձեր են։ Լրագրողներն ու փորձագետները, և ոչ միայն Ռուսաստանից, գագաթաժողովի նախօրեին լուրջ տեսքով դատողություններ էին անում ՆԱՏՕ-ի ներսում ստորջրյա խութերի առկայության մասին, որոնք անխուսափելիորեն խորտակելու են 60-ամյա նավը։ Խոսվում էր Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից ամերիկյան նախաձեռնությունները շրջափակելու, ամերիկացիների ռազմական արկածախնդրություններին եվրոպացիների չմասնակցելու ակնհայտ ցանկության մասին։ Ինչպես նաև, որ ՆԱՏՕ-ն, իբրև ԽՍՀՄ-ին զսպելու համար ստեղծված դաշինք, կորցրել է իր գոյության իմաստը, քանզի հակակշիռ բևեռն այլևս չկա։
Սակայն գագաթաժողովն այլ բան ապացուցեց։ Դաշինքի անդամ պետություններին հաջողվեց հաղթահարել նոր գլխավոր քարտուղարի հետ կապված Թուրքիայի վետոն, և դանիացի Ռասմուսսենը, այնուհանդերձ, կստանձնի Հյուսիսատլանտյան դաշինքի համակարգողի պարտականությունները։ Ավելին, ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Արևելք, կարծես թե, այլևս «օրակարգային չէ», քանզի դաշինքը պարզապես մտադիր է տարածաշրջանային կազմակերպությունից վերածվել գլոբալ անվտանգության համակարգի, որն իր գործունեությունն է ծավալելու գրեթե ողջ աշխարհում։ Եթե տասը տարի առաջ վաշինգտոնյան դոկտրինում նշվում է, որ ՆԱՏՕ-ն «կարող է գործողություններ ծավալել իր տարածքից դուրս», ապա անվտանգության նոր հայեցակարգի համաձայն, ուղղակիորեն ենթադրվում է օպերացիաների անցկացում ամբողջ աշխարհում։ Բացի հումանիտար բնույթ կրող գործողություններից (օգնություն աղետներից տուժածներին, ծովահենության դեմ պայքար և այլն), ՆԱՏՕ-ն մտադիր է քայլեր ձեռնարկել էներգետիկ անվտանգության ոլորտում` անմիջական ռիսկերի հետ կապված։ Գագաթաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում նշվում է.
«Բնական գազի մատակարարման ընդհատումները 2009-ի հունվարին լրջորեն մտահոգել են ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ու դաշինքի գործընկերներին»։ Միաժամանակ նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր գործողություններում պետք է առաջնորդվի ոչ թե պարզապես Արևմուտքի պաշտպանական խնդիրները լուծելով, այլ վերածվի ժողովրդավարության տարածման կառույցի։ Եվ վերջապես, ՆԱՏՕ-ն աջակցում է Կովկասում հակամարտությունների արագ կարգավորմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք շարունակվող տարածաշրջանային հակամարտություններով Մոլդովայում և Հարավային Կովկասում։ Հաշվի առնելով դրանց շարժառիթները` մենք աջակցելու ենք այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն դրանց խաղաղ կարգավորմանը` ՆԱՏՕ-ի առաջնահերթությունների հիմքի վրա»,- ասված է հռչակագրում։
Բայց ամենակարևոր և, թերևս, խորքային միտումն այն է, որ կա նպատակ ու ցանկություն Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանական բնույթի ռազմաքաղաքական միավորումից վերածելու հարձակողական ռազմական կազմակերպության, որն ընդունակ կլինի գործողություններ ծավալել շատ ավելի լայն տարածքում, քան ընդգրկում են դաշինքի երկրները։ Անշուշտ, այս առումով գլխավոր ուղղությունն Աֆղանստանն է, որի կապակցությամբ գագաթաժողովի մասնակիցները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բնորոշմամբ` «աշխույժ և միակամ» վերջնական որոշում ընդունեցին։ «Մենք համաձայն ենք ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առաջարկած նոր ռազմավարության կիրառմանը։ Միջազգային կայունացնող ուժերն Աֆղանստանում կոչված են օգնելու այդ երկրին քիչ թե շատ կայուն պետություն կառուցելու։ Ծրագիրը նախատեսում է քաղաքացիական կառույցների ամրապնդում, և հույս ունենք, որ իրենց ներդրումը կունենան նաև Աֆղանստանի հարևան երկրները` Պակիստանն ու Իրանը»,- հայտարարեց Գերմանիայի կանցլերը։ Բացի այդ, գագաթաժողովը հաստատեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական զորախումբը մեծացնելու մասին որոշումը, մասնավորապես Գերմանիան պատրաստ է 600 զինվորից բաղկացած լրացուցիչ զորախումբ ուղարկել` նախագահական ընտրությունների անվտանգ ընթացքն ապահովելու համար։ Ընդհանուր առմամբ, այդ ընտրությունների հետ կապված, Աֆղանստան կմեկնեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների 3 հազար զինվորականներ, իսկ Օբամայի ծրագրով զորախմբի մեծացումը կներառի մինչև 5 հազար մարդ։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին նոր երկրների անդամակցելուն, ապա ակնհայտ է, որ դա այս կամ այն ձևով տեղի է ունենալու։ Ժամանակին Հյուսիսատլանտյան դաշինքը հիմնադրվեց ընդամենը 12 անդամ պետությունների կողմից, իսկ այսօր դրանց թիվը հասնում է 28-ի։ Հոբելյանական գագաթաժողովում հայտարարվեց ՆԱՏՕ-ին Ալբանիայի ու Խորվաթիայի անդամակցության մասին, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական բաղադրիչում իր մասնակցությունը վերականգնած Ֆրանսիան ակնհայտորեն որոշիչ դերակատարություն է ունենալու ՆԱՏՕ-ում։ Մի շարք ռուսական փորձագետներ պնդում են, թե ՈՒկրաինային ու Վրաստանին գագաթաժողովին չհրավիրելն իբր վկայում է այդ երկրներին մեկուսացնելու Ռուսաստանի հաջողված քաղաքականության մասին։ Սակայն գագաթաժողովի մասնակիցներն ընդգծեցին, թե չեն ցանկացել որևէ մեկին վիրավորել կամ էլ անհիմն հետևությունների առիթ տալ։ «Այս գագաթաժողովին հրավիրված չեն մեր գործընկերները, որովհետև սա մի տեսակ ընտանեկան տոն է։ Սակայն մենք ողջունում ենք նրանց իբրև նոր պոտենցիալ անդամների։ Ժամկետների հարցը կախված է իրենցից։ Նրանք պետք է շատ ջանքեր գործադրեն տնտեսության, պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման համար։ Մենք շարունակելու ենք աշխատել ՈՒկրաինայի ու Վրաստանի հետ համապատասխան հանձնաժողովների շրջանակներում»,- հայտարարեց ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ ՈՒՈԼԿԵՐԸ։ Իսկ սա նշանակում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակելու է իր ազդեցության հաստատման գործընթացը հետխորհրդային տարածքում։ Պատահական չէր, որ գագաթաժողովի ավարտից հետո Վրաստանի արտգործնախարարությունն իր գոհունակությունը հայտնեց ընդունված փաստաթղթի վերաբերյալ, ուր ՆԱՏՕ-ի պետությունները կոչ են անում Ռոսւաստանին` չեղյալ համարել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշումն ու կատարել ստանձնած պարտավորությունները։
Կրեմլի համար այս ամենում առկա է ևս մի տխուր հանգամանք. թեկուզ և Ռուսաստանի նախագահը կոչ արեց ՆԱՏՕ-ականներին` պատասխանատու մոտեցում ցուցաբերել ու գործել չվնասելու սկզբունքից ելնելով, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ռուսական թեմայով միակ քննարկված հարցը զինաթափման հարցն էր, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ չնայած Բրյուսելից հնչող համագործակցության կոչերին, իրականում շատ դժվար են ընթանում շփումները Մոսկվայի հետ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական հարցերում համաձայնություններ ձևավորելու շուրջ։ Թեպետ գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը նշում է, որ Ռուսաստանը կարևոր գործընկեր ու հարևան է, սակայն փոխադարձ կասկածամտությունը և նոր հակասությունների հավանականությունը շատ մեծ է։ ՈՒկրաինան ու Վրաստանը չեն հրաժարվի դեպի ՆԱՏՕ որդեգրած ռազմավարությունից, Մոսկվան իր հերթին երբեք չի համակերպվի այդ իրողության հետ։
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կարևոր արդյունքներից պետք է համարել Բարաք Օբամայի արդյունավետ ու հաջողված «դեբյուտը»։ ԱՄՆ-ի նախագահի համար եվրոպական մայրցամաք առաջին այցելությունը դարձավ նաև առաջին բախումը բազմակողմ եվրոպական դիվանագիտություն վարելու անհրաժեշտության հետ։ Ավելին, պարզվեց, որ հենց նրանից են սպասում Եվրատլանտյան համախմբման առաջին ազդակները, և որ Վաշինգտոնն էլ իր հերթին դեմ չպետք է լինի դաշնակիցների դերի մեծացմանը միջազգային գործընթացներում։ Օբաման Եվրոպայում իր լայն ժողովրդականությամբ ու անձնական հմայքով կարողացավ հասնել նրան, ինչ Սպիտակ տունը դրել էր իր առջև որպես նպատակ։ Այսինքն, եվրոպական հավակնությունները բավարարելով հասնել հակասությունների համահարթեցման։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն պետք է իր վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնի, և միաժամանակ ԱՄՆ-ի համար հենց դաշինքն է հանդիսանում ամերիկյան քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից մեկը` կարևորելով նաև ՆԱՏՕ-ի գործունեության աշխարհագրության ընդլայնումը։ Այս ամենն իր արտահայտությունը գտավ գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում, ինչը նույնպես կարելի է համարել ԱՄՆ-ի նոր ղեկավարի ձեռքբերումը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2867

Մեկնաբանություններ