38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանը կարող է անդամակցել եվրոպական ճառագայթաբանների ասոցիացիային

Հայաստանը կարող է անդամակցել եվրոպական ճառագայթաբանների ասոցիացիային
07.04.2009 | 00:00

ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հիվանդության ճիշտ և ժամանակին ախտորոշումն ապաքինման լավագույն երաշխիքն է, իսկ մեր օրերում այն իրականացնել առանց բարձր տեխնոլոգիաների` համակարգչային ու թվային տոմոգրաֆի, մամոգրաֆի, նկարահանման, ճառագայթման, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման, անհնար է։ Ասել, թե Հայաստանն այս ոլորտում առաջատար տեղ է զբաղեցնում, ճիշտ չի լինի, սակայն ընդգծենք, որ վերջին տեղում էլ չէ։ Կարևոր է, որ առողջապահության նախարարության քաղաքականության մեջ այս բնագավառի զարգացմանը ռազմավարական նշանակություն է տրվում։ Այս մասին փաստում էին նաև Երևանում կայացած գիտաժողովի մասնակիցները։ «Կարևորն այն է, որ նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում կադրերի մասնագիտացման խնդրին և այդ նպատակով թե՛ երիտասարդ, թե՛ կայացած բժիշկներ ուղարկում այլ երկրների առաջատար կլինիկաներ` մասնագիտացման մեջ հմտանալու նպատակով։ Իսկ դա նշանակում է, որ ցանկացած պահի, երբ տվյալ բժշկական կենտրոնը ձեռք բերի անհրաժեշտ սարքավորումներ, ստիպված չի լինի, ինչպես ՌԴ-ի այլ կլինիկաներում, հրավիրել մասնագետների, որոնք կկարողանան աշխատել այդ տեխնիկայով»,- ասաց Մոսկվայի ուռուցքաբանության կենտրոնի պրոֆեսոր Գալինա Կորժանկովան։
Ըստ էության, կարելի է ասել, որ այս շաբաթ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հրավիրված ճառագայթաբանության միջազգային գիտաժողովը ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարության տրամաբանական շարունակությունն էր։ Գիտաժողովը գլխավորում էր Ավստրիայի Գրաց քաղաքի բժշկական համալսարանի պրոֆեսոր, եվրոպական ճառագայթաբանների ասոցիացիայի համանախագահ ՌԵՆ ՄՅՈՒԼԼԵՐԸ։ Քննարկվող հարցերն առնչվում էին ճառագայթային ախտորոշման նորագույն եղանակներին և միջոցներին (համակարգչային տոմոգրաֆիա, մամոգրաֆիա, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն ու թվային նկարահանման ժամանակակից գործնական մեթոդներ)։ Նկատենք, որ այս գիտաժողովը թվով երկրորդն է, առաջինը տեղի է ունեցել երեք տարի առաջ` «Էրեբունի» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ, և ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում էլ «Էրեբունիի» ու Գրաց քաղաքի բժշկական համալսարանի միջև կնքվեց կադրերի ուսուցման և վերապատրաստման փոխհամաձայնություն։
-Երեք տարի է, ինչ ծրագիրը գործում է։ Ի՞նչ փոփոխություններ եք նկատում ոլորտում,- հարցրինք Ռեն Մյուլլերին։
-Երեք տարի առաջ, երբ մենք այստեղ դասախոսություններով հանդես եկանք, շատերի համար անհասկանալի էր, թե ինչու իրենք պետք է հսկայական գումարներ վճարեն, ասենք, համակարգչային տոմոգրաֆ ձեռք բերելու համար։ Իսկ այսօր արդեն ուրախալի փաստ է, որ ձեր երկրի առողջապահության նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում բուժհիմնարկների տեխնիկական հագեցվածության խնդրին։ Դրա մասին վկայում է ոչ միայն այն փաստը, որ Եվրոպայից մասնագետներ են հրավիրվում Հայաստան դասախոսություններ կարդալու, այլև Հայաստանից Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ են գործուղվում բժիշկներ` մասնագիտության մեջ խորանալու նպատակով։ Այսինքն, ուսուցողական գործընթացը երկուստեք է, և մենք շատ բան սովորում ենք հայ մասնագետներից։
-Օրինակ, Դուք ի՞նչ եք սովորել։
-Հայ մասնագետների բարձրացրած հարցադրումները շատ խորիմաստ և տեղին են, դրանք ստիպում են մտածել կոնկրետ խնդրի վերաբերյալ այլ տեսանկյունից, որի շուրջ, հնարավոր է, մինչ այդ չես մտածել։ Օրինակ, ձեր մասնագետները հարցրին` ինչո՞ւ է կիրառվում համակարգչային տոմոգրաֆիայի ուսումնասիրություն, եթե նույն խնդրի դեպքում ուլտրաձայնով կարելի էր ստանալ նույն ախտորոշումը` առանց ճառագայթման ենթարկելու հիվանդին, և որը նաև քիչ ծախսատար է։ Ես պրոֆեսոր եմ, դասախոս, ու իմ խնդիրը ոչ միայն ուսանողներին սովորեցնելն է. յուրաքանչյուր դասախոս ինքը նույնպես շատ բան է սովորում ուսանողներից։
-Այս տարիների ընթացքում Հայաստանից քանի՞ ուսանող է սովորել Ձեր կենտրոնում, և արդյո՞ք բոլորը միայն մեկ բժշկական կենտրոն են ներկայացրել։
-Ծրագիրն ունի պետական նշանակություն, թեև կնքվել է երկու բժշկական կենտրոնների միջև, ուստի ծրագրով նախատեսված է ոչ թե մեկ, այլ տարբեր կլինիկաների մասնագետների ուսուցանում և վերապատրաստում։ Հայաստանից նշված ժամանակահատվածում մեզ մոտ ուսուցում է անցել տասը մասնագետ տարբեր կլինիկաներից։ Ընդգծեմ, որ նույն ժամանակահատվածում ԱՊՀ-ի յուրաքանչյուր երկրից սովողների թիվը ևս տասն է եղել։
-Այս գիտաժողովից հետո նոր ծրագրեր կարո՞ղ են ի հայտ գալ։ Մասնավորապես, հայկական ճառագայթաբանների ասոցիացիայի անդամակցությունը եվրոպական ընտանիքին։
-Մեզ համար կարևոր է, որ այդ կառույցի գործունեությունը և քաղաքականությունն ամբողջությամբ համահունչ լինեն եվրոպական չափանիշներին։ Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք Հայաստանի ճառագայթաբանների ասոցիացիայի հետ։ Կարծում եմ` եթե վերջիններս հետևողական լինեն մեր առաջարկների ու պահանջների նկատմամբ, արդեն այս տարի կարող են անդամակցել եվրոպական ճառագայթաբանների ասոցիացիային։ Ի դեպ, պահանջները վերաբերում են զուտ առողջապահության քաղաքականությանը և ոչ երկրի բնագավառում իրականացվող քաղաքականությանը` լայն իմաստով։
Գիտաժողովին հետևեց և զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3088

Մեկնաբանություններ