«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հենց այդ գիշեր, և ոչ թե ամիսներ անց, ԱԺ-ի նախագահ դարձավ Հովիկ Աբրահամյանը, և հենց այդ գիշեր ԱԺ-ի նախագահի պաշտոնը կորցրեց Տիգրան Թորոսյանը»

«Հենց այդ գիշեր, և ոչ թե ամիսներ անց, ԱԺ-ի նախագահ դարձավ Հովիկ Աբրահամյանը, և հենց այդ գիշեր ԱԺ-ի նախագահի պաշտոնը կորցրեց Տիգրան Թորոսյանը»
15.09.2009 | 00:00

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ` ՍԽԱԼՎԵԼՈՒ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ
Հնուց անտի ընդունված է քաղաքական, թե իրավական գործընթացները տրամաբանական ավարտին հասցնել կամ այն եզրագծին, որն այդ պահին կհամարվի տրամաբանական ու ավարտ: Հասարակական գիտակցությունն այս իրողության հետ համարյա շփման կետեր չունի, սա զուտ քաղաքական գնահատական է` այն, ինչ այդ պահին իշխանությունները կարող են թույլատրելի համարել: Այս գործընթացների ավարտի կամ վերսկսման համար առանձնապես մեծ իրադարձություններ պետք չեն` ընդամենն իշխանության փոփոխություն:

Ի վերջո` ի՞նչ է եղել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում: Ի սկզբանե ակնհայտ էր` դա երբևէ չի պարզվի իր ամբողջության ու մանրամասների մեջ: Բայց նաև ի սկզբանե ամեն ինչ պարզ էր:
2008-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծվել էր յուրօրինակ երկիշխանություն` իշխանությունն իր բոլոր բաղադրիչներով մի կողմում էր, ժողովրդի ստվար հատվածը` հակառակ: Ընտրություններից հետո անցած ընդամենը 10 օրում այնքան փոփոխություններ եղան, որ չէին եղել նախորդ 10 տարում: Ամենավտանգավոր փոփոխությունը մարդկանց գիտակցության մեջ էր` բացահայտորեն ինչ-որ բան ավարտվել էր ու ինչ-որ նոր բան էր սկսվում: Եթե այդ վիճակը շարունակվեր ևս մի քանի օր, ճեղք տված իշխանական բուրգում լինելու էին անկասելի փլուզումներ: Դեֆակտո ու դեյուրե իշխանության ոչ մի բևեռից միմյանց ընդառաջ քայլեր չէին արվում, եթե ինչ-ինչ հնարավոր կամուրջներ էլ մնացել էին, անխնա այրվում էին: Ակնհայտ էր` այդպես երկար շարունակվել չէր կարող...
Կողմերից որևէ մեկը պետք է քայլ աներ` վճռական քայլ, որից հետո մյուս կողմն արդեն հարկադրված կընդուներ իր պարտությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր համակիրներով, որոնք դեռ ընտրություններից առաջ պնդում էին` «Մենք հաղթել ենք», այդ քայլը չարեց: ՈՒներ մի քանի հիանալի, նվազագույնը մեկ անմերժելի հնարավորություն, բայց չարեց: Հեշտ է, ու թվում է տրամաբանական` նրան անվճռականության ու սխալների համար մեղադրելը: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ դա նրան կարող էր հաջողվել, կարող էր չհաջողվել: Խնդիրն այն է, որ իշխանության գալու հաջորդ օրը նա ստիպված էր լինելու պատասխանել «Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ» հարցին: Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ թե՛ այդ, թե՛ բոլոր մյուս հարցերի պատասխանները, բայց իբրև ընտրված նախագահ, ոչ թե Ազատության հրապարակից նախագահական նստավայր մտած մեկը: Եվ հետո` նա անուղղելի ինտելիգենտ է` գիտակցված բռնության գնալու ու արյան մեջ հաղթանակ փնտրելու համար:
Այդ քայլն արեց Ռոբերտ Քոչարյանը: Թվում էր` նա փրկեց երկիրը քաղաքացիական բախումների ավելի մեծ աղետից: Համենայն դեպս` փրկեց ու պահպանեց այն իշխանությունը, որի համար 11 տարի ամեն ինչ արել էր: Ռոբերտ Քոչարյանն առանձնապես մեծ երկվություն չապրեց և առանձնապես մեծ երկընտրանք չուներ: Բարոյական, հոգեբանական, իրավական, քաղաքական հարցեր այդ իրավիճակում նրա համար արդեն չկային: Կար օբյեկտիվորեն գոյացած «թշնամի», որն ապրում էր Ազատության հրապարակում, այնտեղից նրան պետք էր վտարել: Սա էր միակ խնդիրը, որ պետք է լուծեր իր նախագահության վերջին օրերը հաշվող Ռոբերտ Քոչարյանը: Դե, մի՞թե դա խնդիր էր «վոյինի» ու 10 տարի երկրի միակ տղամարդու համար: Իրականում նույնիսկ այդ խնդիրը չէր նրան մտահոգում, նա այլ խնդիր պիտի լուծեր` ինչպե՞ս պահպանել հնարավորինս շատ իշխանություն` իշխանությունից հեռանալուց հետո: Այս խնդիրն էլ լուծում ուներ` նոր նախագահն ամեն ինչով իրեն պարտական պիտի լինի, ու դա պիտի իմանան ոչ թե երկուսով, այլ ամբողջ հանրությունը: Իհարկե, նա, ի ծնե կասկածամիտ լինելով և իշխանական ինտրիգներում էլ բավականին թրծված, այդ հարցի պատասխանը նախագահության վերջին մի քանի օրերին չէր թողել, վաղուց անհրաժեշտ քայլերը ձեռնարկել էր, բայց իրադարձությունների այդ ընթացքով ամեն ինչ կարող էր փոխվել: Եթե ոչինչ էլ չփոխվեր, երաշխիքներ էին պետք: Նրան պետք էին այնպիսի հանգամանքներ, որ ոչ միայն ինքը, իր ամբողջ կլանը` հայտնի ու անհայտ շոշափուկներով, անվնաս մնան ու գործունակ: Դա անիրական խնդիր է ցանկացած նոր նախագահի պարագայում, եթե նույնիսկ նախորդն ու հաջորդը երկվորյակներ են:
Զարմանալի է գուցե, բայց բոլոր այս հաշվարկների մեջ ընդհանրապես բացակայում են ժողովուրդ, ընտրություն, վստահություն, արդարություն և նման սենտիմենտալ հասկացությունները: Սա արդեն ախտորոշում է երկրի համար:
Նույնիսկ «քայլ առաջ» ու «ամենաժողովրդավարական» նման ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը կարող էր դառնալ անկախ նախագահ և համապատասխանաբար` ուժեղ: Սակայն այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը երբեք չէր ունեցել, Սերժ Սարգսյանը չպիտի ունենար` դա նախորդի ու հաջորդի նուրբ ու դժվար անցումի հոգեբանական բարդույթ չէր, հետագա փոխհարաբերությունների կառուցման ու իրադարձությունների կառավարման սառն ու սթափ հաշվարկ էր:
Իրադարձությունների առաջին շերտն է, թե մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում բախվում էին առաջին ու երկրորդ նախագահներն իրենց կողմնակիցներով, իրականում երկրորդ ու երրորդ նախագահների և երկրի հետագա հինգ տարիների ընթացքն էր որոշվում 2008-ի մարտին Մյասնիկյանի խրոխտ-անտարբեր հայացքի տակ: Ռոբերտ Քոչարյանը միանշանակ հաղթեց Սերժ Սարգսյանին այդ գիշեր ու հետագա ժամերին: Այս մասին ընդհանրապես ընդունված չէ խոսել, ինչպես ջրահեղձի տանն աշխատում են ջրից չխոսել, բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն:
Արդեն բավականին ժամանակ անցել է` հասկանալու համար, որ ինչպես իշխանությունը, ճիշտ նույնպիսի ճգնաժամի մեջ էր ընդդիմությունը` երկկողմանիորեն ունեին մի հարց` ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից, ու սպասում էին միմյանց քայլերին, որպեսզի հակաքայլեր ձեռնարկեն: Օրըստօրե իշխանության նյարդերը տեղի էին տալիս` շինծու մեղադրանքներով ձերբակալություններն այդ են վկայում, բայց ընդդիմությունն էլ, որ իր համոզմունքով ընտրություններում հաղթել էր, ոչինչ չէր անում այդ հաղթանակն Ազատության հրապարակից դուրս տարածելու համար: Կամ անում էր աններելի դանդաղ և անհամոզիչ: Ճիշտ է` հանրահավաք առ հանրահավաք մասնակիցների թիվը մեծանում էր, ճիշտ է` տարբեր գերատեսչություններից նոր մարդիկ էին Ազատության հրապարակ գալիս, անգամ պատգամավորներ ու փոխնախարարներ, բայց ելքը չէր երևում: Այդ ընթացքով մի քանի տարի էր պետք, որ երկրի ամբողջ ժողովուրդը Ազատության հրապարակ գար, իսկ իշխանությունն այդքան համբերելու ժամանակ չուներ:
Ելքը «գտավ» Ռոբերտ Քոչարյանը, ըստ Սահմանադրության միակ մարդը, որ կարող էր կրակելու հրաման տալ:
Բայց նա միամիտ չէր, որ անփորձ ու ուղղագիծ գործեր: Ազատության հրապարակից անհիմն արտաքսված ժողովրդի ու ոստիկանության հետ այդ օրը Գրիգոր Լուսավորիչ փողոցում էին հայտնվել հայ իրականության վերջին տասնամյակի ամենահերոսական անձինք` նրանք, որ ամբողջ երկրում անպատիժ ամեն ինչ անելու արտոնություն ունեն` իրենց լայնաթիկունք շեֆի թիկունքում ու նրա անունից: Բոլոր ժամանակներում էլ ստահակների ծառայությունները գին ունեն, ամենացավալին այն է, որ դա համարվում է նվիրվածություն, հավատարմություն, ռիսկ ու ծառայություն: Նրանց «նվիրվածությունը» շատ որոշակի գին ունի, նրանք հանուն այդ գնի պատրաստ են ամեն ինչի: Վերջին հաշվով` նրանք էլ պայքարի իրենց տեղամասն ունեին` չէ՞ որ իշխանության փոփոխությունը վտանգի տակ էր դնում նրանց շեֆերի, ուրեմն և անմիջապես իրենց անամպ գոյությունը, ուրեմն մարդիկ անկեղծորեն ու շատ շահագրգիռ ինքնապահպանման հարց էին լուծում: Ի՞նչ մեղադրես:
Հենց այդ գիշեր և ոչ թե ամիսներ անց Ազգային ժողովի նախագահ դարձավ Հովիկ Աբրահամյանը, նա առանց չեմուչումի, շատ գիտակցորեն, տղամարդու պես կանգնեց ու ասաց` Սեդրակիչ, թե Ազատիչ, հո չեմ թողնի, որ այսքան տարի կուտակածս ձեռիցս գնա: Հենց այդ գիշեր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը կորցրեց Տիգրան Թորոսյանը, որ հուզաթաթավ, խայտառակ անհամոզիչ ու տաղտուկ ճառեր էր արտասանում հատուկ դրության անխուսափելիության մասին: Նա էլ ելք չուներ` Հովիկ Աբրահամյանի անհամբեր շնչառությունն իր թիկունքին նա վաղուց էր զգում: Առանձնապես մեծ էլ չէր Սերժ Սարգսյանի երկընտրանքը` Աբրահամյան, թե Թորոսյան: Առաջինն ուներ անուրանալի ծառայություններ գահի առաջ, որ պետք էր փոխհատուցել, երկրորդը չուներ ոչ այդքան փող, ոչ «շրջապատ», ընդհանրապես, թիմի մարդ չէր, միայնակ ինտելեկտուալ էր, որ ով գիտի ինչպես ու ինչու էր հայտնվել իշխանական կուսակցության վերնախավում: Նրա կորուստը վտանգավոր չէր գահի համար, շատ-շատ մի երկու հոդված պիտի գրեր, կամ էլ հուշերի գիրք` է, մեր ժամանակներում կարդացողն ո՞վ է, հիմա ուրիշ արժեքներ են հարգի: Թվում է` գոնե Ռոբերտ Քոչարյանը պիտի պահեր նրան, բայց նախ` Քոչարյանի խնդիրը մարդիկ չէին, այլ լծակները, և հետո` այդ փոփոխությունը ձեռնտու էր հենց Քոչարյանին` իշխանության էր գալիս այն մարդը, ով կյանքում իրեն «ոչ» չէր ասել, «պահեստում» էր հայտնվում ևս մի «նախկին», որ այդքանից հետո անհրաժեշտ պահին չէր վարանի անհրաժեշտ քայլն անել` իշխանության վերադառնալու համար, իսկ եթե կվարաներ` արդեն ինքն էր մեղավորն ու իր բնավորությունը: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի համար «Թորոսյա՞ն, թե՞ Աբրահամյան» ընտրությունը հարց չէր, նրանց չէր հետաքրքրում մարդկային ճակատագրի խնդիրը, նրանց մտահոգում էր` «ո՞րն է իրենց ձեռնտու» հարցը: Իրենց, ո՛չ խորհրդարանին, իրենց, ո՛չ գործին, ո՛չ նույնիսկ կուսակցությանը: Ի վերջո, ի՞նչ պիտի աներ կուսակցությունը, Անդրանիկ Մարգարյանի մոռացված ժամանակներից մնացած մի քանիսը միայն գուցե հանդգնեին ի պաշտպանություն Թորոսյանի ինչ-որ բան ասել, որակյալ մեծամասնությունը պաշտպանելու էր Աբրահամյանի թեկնածությունը, որովհետև իշխանական կուսակցության մեջ կշեռքի նժարին միշտ ծանր ու թեթև է արվում ո՛չ թե ճշմարտությունը և պետության անհրաժեշտությունը, այլ իշխանական նպատակահարմարությունը, և յուրաքանչյուրի համար կարևոր է դառնում բոլորի հետ լինելը, մենակ չմնալը, նրանք շատ լավ գիտեն` ինչ է նշանակում «իզգոյ»...
ԵՎ հետո` առանձնապես ի՞նչ տարբերություն օրենսդրական կամ քաղաքական տեսակետից: Օրենքները կառավարությունն է գրում, ԱԺ-ն էլ բոլորն ընդունում է, մի՞թե սկզբունքային հարց է` ո՞վ կդնի իր ստորագրությունն այդ օրինագծերի տակ: Հազիվ թե: Քաղաքական տեսակետից էլ` նույն կուսակցության շրջանակներում ո՞ւմ ինչ գործն է` կադրային ինչ փոփոխություններ են լինում: Հասարակական կարծի՞քը: Մի քանի վարկաբեկիչ հոդված սրա մասին, մի քանի փառաբանող հոդված նրա մասին` առաջին անգամ չէ, քանի տարի նույն գործի վրա են, կարճ ժամանակում «հասարակական» ճիշտ կարծիք կձևավորվի: Պրոբլեմ կա՞:
Հենց այդ գիշեր իսկապես անձեռնմխելի ու Սերժ Սարգսյանին համարյա արյունակից հարազատ դարձավ Գագիկ Ծառուկյանը, ում մարդիկ, ինչպես մի տարի հետո պարզվեց, հաճելի զբոսանքի էին դուրս եկել այդ տարածք` անտեղյակ այնտեղի խառնակությունից: Սույն կուսակցապետը հատկապես թանկ էր Ռոբերտ Քոչարյանի համար, տնտեսական ու քաղաքական կենսական կարևորություն ունեցող: Եվ այնպես պետք էր անել, որ նա ոչ մի տեղ նահանջի ճանապարհ չունենա: Իսկ Սերժ Սարգսյանը նրան պետք է ընդուներ իր նոր դերով` իշխանության պահպանման հարցում նրա ունեցած հզոր ու նոր ներդրումով` ի վերջո ո՞վ, եթե ոչ «Գագիկ թագավորը» պիտի կարգ ու կանոն հաստատեր: Չէ՞ որ նա միայն իր հայրենակիցներին բարիք էր կամենում ու ամեն ինչ անում էր ժողովրդի բարեկեցության և Հայաստանի բարգավաճման համար: Եվ այդ գործընթացից գոհ էին բոլորը` թե՛ նրանք, ովքեր բարերարում էին, թե՛ նրանք, ովքեր բարերարվում էին: Առաջիկա հինգ տարիներին էլ տիկին Ռոզա Ծառուկյանը կարող էր որոշել` հարկեր վճարե՞լ, թե՞ ոչ, իսկ նրա որդին ներիշխանական խաղերում քավության նոխազից խաղաղության աղավնի կամ հակառակ ճանապարհը մի քայլով անցուդարձի մեջ էր:
Հենց այդ գիշեր իրականում «ընտրվեց» նաև Երևանի քաղաքապետը, որ նույնպես այլընտրանք չուներ, պետք էր շարունակել ճանապարհը` «Առաջ, Հայաստան»: Նոր դեմքեր էին պետք իշխանական բուրգում, ճիշտ է, Կենտրոնի թաղապետին նոր չես անվանի, բայց նա վաղուց հավատարմությունն ու գործունակությունն ապացուցել էր` պարգևի արժանանալու համար:
Այդ գիշեր ամեն ինչում ճիշտ լինելու արտոնությունը ևս հինգ տարով երկարացրին նաև այլք` մի 5-10 մարդ ընդհանուր թվով: Նրանք բոլորն էլ առաջնորդվում էին սեփական ճշմարտության և բացարձակ անպատժելիության անխախտ գիտակցությամբ, ո՞վ պիտի իրենց պատժեր, երբ իրենք են օրենքն ու իշխանությունը: Այսինքն` հազիվ թե նույնիսկ նման մտքեր այդ գիշեր ծագել են` եղել է հրահանգ, կատարել են, միշտ էլ մեկը մեղավոր է` կատարողի համար հրահանգ տվողը, հրահանգ տվողի դեպքում` կատարողը:
Մարտի 1-ին նախագահականում եղե՞լ է, թե՞ չի եղել շտաբ: Այդ ժամանակվա ոստիկանապետն ասում է` եղել է: Հայկ Հարությունյանի խոսքերը հետո ժրաջան ու փութեռանդ ջանացին խմբագրել-սրբագրել, բայց մարդն ազնվորեն ճիշտն ասել էր: Պարզապես այդ շտաբը չի գործել ինչպես գործում են դասական իմաստով շտաբները` տարերայնորեն ձևավորված այդ խումբը «հավատարմության» իր մահացու ցատկի մեջ աշխատել է նույնքան տարերային` ով ինչ իր պատկերացումով կարևոր է համարել, արել է: Նրանք ունեցել են շեֆի դաբրոն, մնացածը կատարվել է տեղում կողմնորոշվելու սկզբունքով: Նրանք զինված են եղել և կրակել են ոչ հանուն ինքնապաշտպանության: Նրանք երկրի ու հայրենիքի իրենց պատկերացումն են պաշտպանել չգիտես որտեղից հայտնված թշնամիներից, որ ուզում էին այդ ամենը խլել: Ո՞վ լիներ, որ տար:
Եվ ստացվեց հստակ խճանկար` ընդդիմությունը պարտված է, պայքարն` ընդհատված, իրավիճակը` լիցքաթափված, սպանություններից ու ձերբակալություններից հետո ժամանակ է պետք, որ մարդիկ ուշքի գան, հատուկ դրությունը մեծ փորձանք չէ, որոշ ժամանակից կհանենք, որ միջազգային հանրությունն ասի` կայունանում է երկրում իրավիճակը և վերահսկելի է, ուրեմն` ամեն ինչ արդեն ավարտվեց... Դե, թող Սերժ Սարգսյանը գա ու մի երկու տարի մտածի, թե առանց իր իմիջը ոտնատակ տալու այսքան ձերբակալվածներին ո՞նց նստեցնի կամ բաց թողնի, այսքան զոհերի համար ի՞նչ պատասխան տա, ինչ ու ինչքան դատավարություններ անի... Ռոբերտ Սեդրակիչը նրա նախնական զբաղվածության մասին հոգացել է ու այնպիսի ժառանգություն է թողել, որ ցմահ նախագահ էլ լինի` արյունով իշխանության եկածի խարանը մնալու է: Իսկ երկրի ամենաերիտասարդ թոշակառուն պիղատոսաբար ձեռքերը կլվա ու կասի` ես հանգստանում եմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, իրականում կփորձի իր նախկին բոլոր խամաճիկների թելերը ձեռքում պահել: Դա դժվար ու անշնորհակալ գործ է: Եվ դեռ հարց էլ կա` ինչո՞ւ: Որովհետև կյանքը շարունակվում է, և նրան պետք են նոր լծակներ, ինչ իմանաս` ինչեր են լինելու:
...Էլ ի՞նչ եղավ մարտի 1-2-ին Երևանում: Ժամանակավոր հանձնաժողով, փաստահավաք խումբ: Զբաղվեցին, զբաղվում են, կզբաղվեն, եղածին, հայտնիին ոչինչ չեն ավելացնի, ո՞ւմ է դա պետք: Բոլորն ամեն ինչ գիտեն, ոչ ոք ոչինչ չգիտի` միանգամայն հավասարարժեք այս հասկացությունները կմնան ասպարեզում:
Իշխանության նպատակը մնաց ինքնապահպանումն ու ինքնավերարտադրումը, վերստին բոլոր հաշվարկների մեջ բացակայում են ժողովուրդ, ընտրություն, վստահություն, արդարություն և նման սենտիմենտալ հասկացությունները: Սա արդեն ախտորոշում է:
Իսկ մարտի 1-2-ի իրադարձություննե՞րը, ԵԽԽՎ բանաձևե՞րը, ներքին ու արտաքին կայունությո՞ւնը:
Չնայած արտաքուստ բարեկամական ու անխախտ ընկերական հարաբերությունների տարբեր առիթներով ցուցադրությանը` երկրի երկրորդ ու երրորդ նախագահները հեռակա մենամարտում են` իրենց սպասարկող ուժերով ու անձնակազմերով, որոնք հաճախ համարյա ընդհանուր են ու հարկադրված պիտի որոշեն` ում հետ են, որովհետև երկրորդը մնում է խաղի մեջ, երրորդը խաղում պահանջում է հավատարմություն, իսկ առաջին նախագահը սպասում է մենամարտի ելքին, վստահ, որ այս ամենը երկար չի տևի: Գուցե դա խելամիտ քայլ է` ուժերը չտարաբաժանելու առումով, գուցե ռիսկ է` ընդհանրապես գործունեության իմաստն ու ժամանակը կորցելու առումով: Իսկ ժողովուրդը ֆինանսատնտեսական ճգնաժամի, գործազրկության, փողի բացակայության, բարձր գների, այլևայլ փորձանքների հետ շարունակում է ապրել, որպեսզի իշխանության ու ընդդիմության համար անհրաժեշտ պահին աշխատի որպես ընտրազանգված, մի մասի համար` փողի դիմաց, մի մասի համար` հանուն իդեալների ու գաղափարների:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ