38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՄԵՆՔ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆՔ ԱՅՆ ԱՄԵՆԻ ՀԱՆԴԵՊ, ԻՆՉԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՄԵԶ ՄԵՐ ԻՍԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿՐՈՂՆԵՐԻՆ»

«ՄԵՆՔ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆՔ ԱՅՆ ԱՄԵՆԻ ՀԱՆԴԵՊ, ԻՆՉԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՄԵԶ ՄԵՐ ԻՍԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿՐՈՂՆԵՐԻՆ»
23.03.2012 | 00:00

Հայազգի մեծ բարերար և արդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 170 և մահվան 100-ամյակներին է նվիրված տնտեսական մշակութաբան ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԻ «Ալեքսանդր Մանթաշյանց. հուշագրություններ, հրապարակումներ, փաստաթղթեր» ստվարածավալ աշխատությունը, որի շուրջ հեղինակի հետ մեր հարցազրույցը «Իրատես de facto»-ում տպագրվել է ամիսներ առաջ: Հավանաբար, ասելիքն այդ գրքի մասին չէր կարող սպառվել մեկ հարցազրույցի շրջանակներում, ուստի կփորձենք մեկ անդրադարձ ևս անել բանասերի մանրակրկիտությամբ կազմված և բծախնդրորեն շարադրված մենագրությանը:
Գիրքը մեծարժեք փաստաթղթերի և դրանց հանգամանալից վերլուծությունների շտեմարան է հիշեցնում, որի էջերից ու տողերից հառնում է լեգենդար հայորդու կերպարը` իբրև հմուտ ու հաջողակ ձեռնարկատիրոջ, իբրև ազգասերի, իբրև հեռատես գործչի, իբրև անաչառ ու մեծահոգի գործընկերոջ, իբրև հումանիստի, իբրև աշխարհի հզորների հետ հարաբերություններում ճկուն ու արժանապատիվ դիվանագետի, իբրև համաժողովրդական սեր ու հարգանք վայելող մեծատունի:
Մանթաշյանցի կյանքի, արդյունաբերական և բարեգործական առաքելության մասին հանգամանալից պատումը լրացվում է բացառիկ լուսանկարներով, նրան ձոնված երգ-խաղիկների նոտագրություններով, տեղեկություններով այն անձանց վերաբերյալ, որոնց հասել է Մանթաշյանցի հոգածու ձեռքը: Միայն թվարկելով այդ անունները` արդեն իսկ շատ բան ասած կլինենք Մանթաշյանցի մեծ ու անգնահատելի ծառայության մասին, որի պտուղները ազգովին վայելում ենք մինչև այսօր: Ահավասիկ` Կոմիտաս, Ստեփան Շահումյան, Շիրվանզադե, Գալուստ Գյուլբենկյան: Եվ անվանիներից ու հայտնիներից զատ` քանի՜-քանի անհայտ ու անանուն ընչազուրկներ, բանվորներ, ուսումնականներ… պարզապես հայ մարդիկ:
Գիրքը տեղեկություններ է պարունակում ոչ միայն Մանթաշյանցի բուն կենսագրության վերաբերյալ. մեծ հայորդու մասին պատումն սկսվում է նախածննդյան ժամանակներից` ծագումնաբանությունից, և հասնում մինչև հետմահու դիպվածներն ու ընտանիքի անդամների ճակատագրերը:
Մանթաշյանցի ծագումնաբանության մասին մանրամասների ենք ծանոթանում գրող, դրամատուրգ, պատմաբան, հասարակական գործիչ Գալուստ Շերմազանյանի «Նիւթեր ազգային պատմութեան համար: Երեւելի հայկազունք ի Պարզկաստան» գրքից բերված հատվածից:
Տպավորիչ ու բազմաբովանդակ է «Սգաքրոնիկոն» բաժինը` պարբերականներից բերված հրապարակումներով և Բենիկ վարդապետ Տեր-Դանիելյանի ընդարձակ դամբանաճառով: «Մշակը» գրում էր. «Եթե Մանթաշեանը Փարիզի պես մի աշխարհահռչակ վայրում, որ մայրաքաղաքն է լուսաւորութեան, բայց և մայրաքաղաք անհավատութեան, աթեիզմի, եկեղեցի կառուցեց, դրդապատճառը սին փառամոլութիւնը չէր, ինչպես կարող են ենթադրել ոմանք, այլ խորին համոզմունք, մի անեղծ գաղափար, որի առջև մենք միայն պետք է խոնարհուենք»: Իսկ դամբանաճառում ասվում է. «Աշխարհէ աշխարհ շրջելիս և իր հայրենիքի վրայ աչք ձգելիս նա սրտով զգաց թէ մահուան մէջն է ապրում մեր հէգ հայրենիքը, կեանքի մէջ ամեն օր է մեռնում մեր տարաբաղդ ազգ: Եւ ահա իր կենսուրախ աչքերու մէջ ժպիտի փոխարէն արցունք ծաղկեցաւ. աւանդական հայրենասէր հոգին խօսեց իր մէջ, և նա ձեռք զարկաւ ազգութեան խախտուած հիմերն ամրացնելու»:
Հնարավոր չէ չկիսել գրքի հեղինակի անթաքույց վրդովմունքն ու մտահոգությունն այն առթիվ, որ մենք ազգային հատկանիշի ենք վերածել երախտամոռությունը: Այսպես է մեկնաբանում Խաչատուր Դադայանը ազգի մեծերին բաժին ընկած ճակատագիրը. «Ազգիս հանճարներից ոչ ոք չգիտեր, որ այդպիսին է, և ազգը ոչ ոքի կենդանության օրոք հանճար չի անվանել, քանզի ոչ թե կյանքը, մա՛հն է հանճարեղության կապարակնիքը, ու հետմահու կյանքը` հավաստագիրը»:
Մանթաշյանցի կերպարին անդրադարձը սոսկ հոբելյանական տարելիցներին տուրք տալու միտում չէ հեղինակի կողմից: Սա յուրօրինակ «խրատանի» է, նորօրյա «փողվորներին» քարոզ կարդալու անշնորհակալ տքնանք: Անշնորհակալ, քանզի համոզված ենք, որ մանթաշյանական դասերի առաջ կույր ու խուլ է Դադայանի որակմամբ` «փողվորը», բայց չկորցնենք մեր հույսը, որ կանցնեն տարիներ, ու կգա գործարարների մեկ այլ սերունդ, որի գերխնդիրը չի լինի ամեն գնով միայն սեփական փորն ու գրպանը տռզեցնելու «տեսլականը»: Բայց առայժմ ունենք այն, ինչ ունենք, ու չենք էլ հավակնում ունենալու ավելին: ՈՒ նաև չենք ցանկանում իմանալ, տեղեկանալ նախկինում ունեցածի մասին, որովհետև այն խանգարում է անպատիժ ու խիղճը լռեցրած գործելուն: Փաստորեն, մենք, մեղմ ասած, անտարբեր ենք այն ամենի հանդեպ, ինչը հիշեցնում է մեզ մեր իսկական արժեքներն ու դրանց կրողներին, որովհետև այսօր այդպես ապրելն ավելի դյուրին է, ապագան` անհամեմատ անդորրավետ: Այնինչ որքա՜ն տեղին է այս գրքում զետեղված անուրանալի փաստերն ու ճշմարտությունները հասու դարձնել ոչ միայն հայ, այլև համայն աշխարհին` բացահայտելու համար, թե ինչ հիմքի վրա է բարձրացել ու հզորացել ադրբեջանական նավթարդյունաբերությունը: Սա արդեն ռազմավարության ոլորտից է, որն այսօր մեր ազգի թիվ մեկ խնդիրն է ադրբեջանցիների հայուրաց ու հայատյաց վարքի պայմաններում:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ