38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՄԻ ԼՈՒՅՍ ԱՂՋԻԿ, ՄԻ ԼՈՒՅՍ ՀԵՔԻԱԹ...»

«ՄԻ ԼՈՒՅՍ ԱՂՋԻԿ, ՄԻ ԼՈՒՅՍ ՀԵՔԻԱԹ...»
28.09.2010 | 00:00

«Ո՞վ գիտի,
գուցե
նորից է գալու,
գունատ ու խաղաղ,
որ նստի երկար,
որ նայի երկար,
որ լռենք երկար…»։

(Սվետլանա Խանումյան, «Մի լույս հեքիաթ»)

Երկրային կյանքի իրենց ճանապարհն ամփոփած ոչ բոլոր մահկանացուներն են հայտնվում մոռացության, անգոյության տիրույթներում: Նրանց հիշում ու խնկարկում են մերձավորները, հարազատ-բարեկամները: Առավել բախտավորներին, որոնց ճակատին ի սկզբանե դրոշմված է օժտվածության կնիքը, հիշում ու պատվում են ազգովին: Այդպիսիներից մեկն էր հայ պոեզիայի ճանաչված մեկնաբան, հրաշալի ասմունքող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՆՈՒՄՅԱՆԸ: Օրեր առաջ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ նրա հիշատակին նվիրված երեկո, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց «Մի լույս աղջիկ, մի լույս հեքիաթ…» խորագիրը կրող տեսաերիզը: Այն պատմում է Սվետլանա Խանումյանի անցած ստեղծագործական ուղու մասին, պարունակում պատառիկներ` տարբեր տարիների ելույթների և հեռուստահաղորդումների տեսագրություններից:
Թեև ստացել է պատմաբանի և բանասերի մասնագիտական կրթություն, այնուամենայնիվ, Սվետլանա Խանումյանը հավատացած էր, որ իր կոչումը բեմն է, արվեստը: Եվ այդ ներքին զգացողությանը հետամուտ` դեռևս ուսանողական տարիներից սկսել է իր հաղթարշավը հայ, ապա և համաշխարհային բեմերում:
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շահեն քահանա Հայրապետյանի կարդացած տերունական և հանգուցյալ հոգիների հիշատակին նվիրված աղոթքներով սկսված երեկոն վարում էր նշանավոր լրագրող, արձակագիր Կլարա Թերզյանը: Նա նշեց, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը նախագծող ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանը երազում էր շինությանը տալ եկեղեցու տեսք, մի բան, որ անցյալ դարի 60-ականներին անհնար էր: Սակայն հոգևորի, եկեղեցականի դրսևորումները հետագայում ներդրվեցին այս պատերի ներքո ոչ թե ձևի, այլ բովանդակության միջոցով` այստեղ հնչած երաժշտության, ասմունքի, ոգեղեն միջոցառումների տեսքով:
Սվետլանա Խանումյանի հիշատակին նվիրված երեկոյին դահլիճում հավաքված հանդիսատեսը հուզված էր. բեմի վրա սիրելի արտիստուհու լուսանկարներն էին, էկրանից շողարձակում էր նրա կենսունակ ժպիտը: Իսկ ծաղկեփնջերը նույնքան առատ էին, որքան իր կենդանության օրոք:
«Armenian times» թերթի` Սվետլանա Խանումյանին նվիրված համարն ամբողջացնում էր հիշատակի երեկոյի տպավորությունը: Նշանավոր արվեստագետների, մտավորականների (Սիլվա Կապուտիկյան, Լևոն Անանյան, Արա Շիրազ, Ռուբեն Մաթևոսյան, Սարգիս Նաջարյան, Վերա Հակոբյան, Մետաքսե, այլք) գնահատական-վերլուծությունները և բուռն ստեղծագործական կյանքի հպանցիկ դրվագները երևակող լուսանկարներն անգնահատելի նվեր էին Սվետլանա Խանումյանի արվեստի երկրպագուներին:
Իմ անձնական շփումները Սվետլանա Խանումյանի հետ սկսվել են 1990-ականներից: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում (որի վարիչն եմ երկար տարիներ) պարբերաբար կազմակերպվող գրական հանդիպում-քննարկումների մշտական մասնակիցն էր, իր մատուցմամբ նորովի էր հնչեցնում ոչ միայն Դեմիրճյանի, այլև ժամանակակից հայ պոետների, արձակագիրների ստեղծագործությունները: Եթե միջոցառմանը ներկա էր Սվետլանա Խանումյանը, օրն առանձնակի հմայք ու բովանդակություն էր ստանում: Բայց ամեն անգամ, երբ փորձում էի շնորհակալություն հայտնել իր բարձրարվեստ ելույթների, իր ներկայության համար, խոսքս ընդհատում էր, կանխում ինձ ու բեմի մարդու արտիստական կոկետությանը ոչ հարիր պահվածքով ասում. «Ես եմ շնորհակալ, որ ինձ արտահայտվելու, խոսքս տեղ հասցնելու հնարավորություն ես ընձեռում: Չէ՞ որ դա իմ կոչումն է»: Եվ սա ասում էր մի արտիստուհի, որին որոտընդոստ ծափողջյուններով էին դիմավորում աշխարհի տարբեր բեմերում, ընդարձակ լսարաններում: Թերևս, նաև այս վարքագիծն էր նրան դարձնում առավել թանկ ու սիրելի իր հանդիսատեսի համար:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5130

Մեկնաբանություններ