38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ՍՈՒՏԸ, ԻՍԿ ՄԵՆՔ ՄԵՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` ՈՉ»

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ՍՈՒՏԸ, ԻՍԿ ՄԵՆՔ ՄԵՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` ՈՉ»
08.10.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ն սիրով հյուրընկալել է ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, ում համար տարին հոբելյանական է, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք նրան: Մինչ զրույցն սկսելը Արա Գևորգյանի ձայնագրման ստուդիայում անցկացրած ժամանակաընթացքում, փաստորեն, ականատես և ականջալուր դարձանք արվեստագետի հերթական ստեղծագործության ծնունդին: Վստահ ենք, որ այն կսիրի հայ և օտարազգի հանդիսատեսը:
«ՈՂՋ ԵՐԵԿՈՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆՉՈՒՄ ԷՐ ՄԻԱՅՆ ԻՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԿ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ»
-Արա, Ձեր 50-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարության շրջանակներում ո՞րն է եղել ամենատպավորիչ իրադարձությունը:
-Իհարկե, ամենատպավորիչն օպերայի դահլիճում, առանց իմ կամքը հարցնելու, ծննդյանս օրը նշելն էր: Նախաձեռնողն էր Մոսկվայի «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը» (ռեժիսոր` Լևոն Իվանյան): Այդ օրը շատ անակնկալներ եղան: Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով: Ներկա էին հանրապետության առաջին տիկինը, մշակույթի, սփյուռքի նախարարները, շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և պարզապես ինձ համար սիրելի մարդիկ` ընկերներ, բարեկամներ, մտերիմներ: Բոլորին նախապես տրամադրվել էին հրավիրատոմսեր: Կարելի է ասել, որ միջոցառման վրա ոչ մի դրամ չի ծախսվել: Որովհետև ես այն բախտավորներից եմ, ում երաժշտությունը կատարում են ազգային օպերայի սիմֆոնիկ նվագախումբը, ազգային նվագարանների պետական նվագախումբը, ոստիկանության փողային նվագախումբը: Նրանցից բացի, ելույթ ունեցան նաև Հայաստանի պարի պետական, «Բարեկամություն», ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարի անսամբլները, «Էլեն Գրիգորյան» պարային ստուդիան, ինչպես և անհատ կատարողներ` Լեյլա Սարիբեկյան, Արամե, Նաիրուհի Ալավերդյան (որ եկել էր Արցախից), Միքայել Պողոսյան: Բոլորն էլ սիրահոժար մասնակցեցին իմ հոբելյանական երեկոյին, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Ողջ երեկոյի ընթացքում հնչում էր միայն իմ երաժշտությունը` մեկ բացառությամբ:
-Նկատի ունեք «Արձագանք» անսամբլի «Ծնունդդ շնորհավոր» ե՞րգը, որը Ձեզ հուզեց արտասվելու աստիճան:
-Այո՛: Դա հուզիչ անակնկալ էր: Եվ ես շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին` ինձ այդպիսի տոն նվիրելու համար:
«ԵՍ ՑԱՆԿԱՑԱ ՀԵՆՑ ԱՐՑԱԽԻՑ ՀՆՉԵՑՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ»
-Արցախի անկախության տարեդարձն այս տարի դիմավորել եք Ստեփանակերտում ունեցած ելույթով: Ֆրանսիացի գրող Լուի Ֆերդինանտ Սելինն ասում է. «Շնչող թավիշ. ահա թե ինչ ասել է խաղաղ ժամանակներ»: Գտնվելով իր խաղաղ (կամ` հարաբերականորեն խաղաղ) ժամանակներն ապրող Արցախում, ունեցա՞ք «շնչող թավշին» հպվելու զգացողությունը:
-Ասեմ, որ հուրախություն ինձ, Արցախում կայացավ «Կարոտ» միջազգային երրորդ փառատոնը, որին ինքս հնարավորություն ունեցա մասնակցելու: Առաջին անգամ էի համերգով հանդես գալիս Արցախում, և հատկանշական է, որ կոնկրետ իմ ելույթը նվիրված էր խաղաղությանը: Բեմահարթակում էին աշխարհի տարբեր երկրներից (Սիրիա, Լիբանան, Ամերիկա, Ռուսաստան, Մոլդովա, Վենեսուելա, Հնդկաստան) ժամանած երաժիշտներ: Մենք միասին կատարում էինք իմ «Սիրեցէ՛ք զմիմեանս» ստեղծագործությունը և խաղաղության մեր կոչն էինք հղում ողջ մարդկությանը: Մեզ հաճախ են անվանում զավթիչ, ու ես ցանկացա հենց Արցախից հնչեցնել խաղաղության կոչը, ասել, որ մենք խաղաղություն սիրող ժողովուրդ ենք` չնայած պատմության ընթացքում անցել ենք շատ դառնությունների միջով: Ի դեպ, այս միտքը շեշտեց նաև հանրապետության նախագահն Անկախության օրվա իր ելույթում, նշեց, որ մեզ համար թանկ է խաղաղությունը, և այն ամեն գնով պետք է պահպանել: Ասեմ, որ ինչպես «Ադանա» երգն է ձայնագրվել 19 լեզվով, այդպես էլ «Սիրեցէ՛ք զմիմեանս»-ը կձայնագրվի (արդեն պատրաստ են հայերեն, շվեդերեն, ֆիններեն, գերմաներեն, անգլերեն, արաբերեն, հնդկերեն տարբերակները), քանի որ խաղաղության կոչ հնչեցնելը հայի արած քաղաքական մեծ քայլ է:
«ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ», «ՔՐԻՍՏՈՆՅԱ ՂԱՐԱԲԱՂ»
-Մենք շատ հաճախ ստիպված ենք լինում արձանագրել Ադրբեջանի աչալրջությունը և մեր հապաղումները քարոզչական գործունեության ոլորտում։ Համաձա՞յն եք:
-Այո, նրանք շատ արագ են արձագանքում ցանկացած փոքր մանրուքի, իսկ մենք` ոչ: ՈՒղղակի խոսում ենք, բայց գործ չենք անում: Մենք չպիտի առիթ տայինք, որ իրենց զրպարտանքը փաթաթեին մեր վզին ու տարածեին ամբողջ աշխարհում: Պիտի բարձրաձայնեինք նրանց մասին ողջ ճշմարտությունը, որպեսզի Արցախի ճակատագրի համար քվեարկողները հստակ իմանային, թե ինչպիսի ազգի հետ գործ ունեն իրենք` զավթի՞չ, թե՞ ազատագրող, քրիստոնյա՞, թե՞ իսլամական, խաղաղասե՞ր, թե՞ պատերազմատենչ: Ադրբեջանական քարոզչությունն արագ տեմպով կարողանում է աշխարհից թաքցնել իր դեմքը, իրականությունը: Ես Եվրախորհրդարանի հայ պատգամավորներին մի խորհուրդ ունեմ. իրենց բոլոր ելույթների տեքստերում թող ընդամենը երկու բառ ավելացնեն, որից շատ բան կփոխվի: Ամեն անգամ` Ադրբեջանի և Ղարաբաղի մասին խոսելիս, թող ասեն. «իսլամական Ադրբեջան» և «քրիստոնյա Ղարաբաղ»: Ես չգիտեմ, թե դիվանագիտական առումով որքանով է սա ընդունելի մոտեցում, բայց վստահ եմ, որ այս բառերը կստիպեն Ղարաբաղի ճակատագրի համար քվեարկող եվրոպացի քրիստոնյաներին կայացնելու ճիշտ ընտրություն: Մանավանդ որ Ադրբեջանն իսլամական անվանելով` մենք վիրավորական ոչինչ չենք անում նրա նկատմամբ, ինչպես վիրավորական ոչինչ չկա մեզ համար, երբ Հայաստանը կամ Արցախը կոչում են քրիստոնյա: Թե չէ ստացվում է, որ Ադրբեջանը կարողանում է պաշտպանել իր սուտը, իսկ մենք մեր ճշմարտությունը` ոչ:
«ԵՍ ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԻՆՁ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ ԵՄ»
-Հայկական մեծ դրոշը, որ գտնվում է Ձեր ստուդիայում, ներշնչանքի աղբյո՞ւր է Ձեզ համար:
-Այս դրոշն ինձ Ամերիկայում են տվել, որ փոխանցեմ հանրապետության նախագահին: Իշխանուհի Պետրոսյանի ձեռքով պատրաստված դրոշ է: Նա այդպես էլ ասաց. «Արա՛ ջան, այս դրոշը պատրաստել եմ նախագահի համար: Տո՛ւր իրեն, թող դնի իր աշխատասենյակում»: Բայց ես չեմ փոխանցել, որովհետև շատ գեղեցիկ դրոշ է, ցանկացա ինձ մոտ պահել:
-Փաստորեն, այս հրապարակման միջոցով նախագահը կարող է իմանալ, որ իր նվերը «յուրացրել» եք: Չե՞ք անհանգստանում:
-Եթե նախագահը ցանկանա ստանալ այս դրոշը, ես հենց վաղը կտանեմ-կհանձնեմ իրեն: Բայց հանրապետության նախագահի մոտ կան բազմաթիվ դրոշներ` հատուկ սկզբունքներով պատրաստված: Իսկ այս դրոշը ձեռքի աշխատանք է, վրան էլ կա գրություն, որն էլ դարձել է դրոշն ինձ մոտ պահելու հիմնական պատճառը: Դրոշի անկյունում գրված է. «Անդրանիկ Հարությունյան հիմնադրամ»: Անդրանիկ Հարությունյանն Արցախում կռված հերոս ազատամարտիկ է, հրամանատար: Ես էլ 1992-ին եղել եմ նրա ջոկատում: Ամերիկայի հայերն այնքան են սիրում այդ տղային (որն իսկապես հերոս էր), որ դրոշի վրա գրել են նրա անունը: Չգիտեմ, թե որքանով է նպատակահարմար այդպիսի գրությամբ դրոշը հանձնել հանրապետության նախագահին: Սա է խնդիրը, թե չէ իմ տուն բերելու դրոշ չկա՞ր, որ պիտի «յուրացնեի» նախագահին նվիրած դրոշը:
-…Եվ շարունակելով հայկական դրոշի թեման. օրեր առաջ հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը Անթալիայում անցկացված մրցաշարում: Իբրև հայ` Դուք առանձնահատո՞ւկ ուրախություն եք ապրում, որ հաղթանակը մեզ տրվեց Անթալիայում, և հենց այդ երկրում վեր խոյացավ հայոց եռագույնը:
-Ընդհանրապես ինձ շատ չի հետաքրքրում, թե հատկապես որ երկրում կբարձրանա հայկական դրոշը: Կարևորն այն է, որ Աստծու կամքով այն հաճախ և լավ առիթներով բարձրանա: Բայց անտարակույս, ցանկացած հայ այդ մեդալի համար առավել շատ ուրախացած կլինի, այդ թվում և իրենք` մարզիկները: Թուրքական պետության մթնոլորտում ինչ-որ բան կա, որ նրանց մեջ հավելյալ ուժ է ծնում: Իրենք գտնվում են մեր թշնամի պետության տարածքում (բառացիորեն մեր թշնամիներն են), ում հետ մենք դեռ խնդիրներ ունենք լուծելու հետագա պատմության ընթացքում: Էդ երկրում նվաճել մեդալ, բարձրացնել մեր դրոշը և ցույց տալ, որ «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում», արդեն կրկնակի հաղթանակ է: Այդպիսի հաղթանակներով կարողանում ենք ապացուցել, որ ոչ թե մենք փոքր պետություն ենք, իրենք էլ` մեծ ու հզոր, այլ ստիպում ենք համեմատականներն անցկացնել այլ կտրվածքներում: Կան տարբեր բնագավառներ, որոնցում մենք` որպես ազգ, շատ ավելի հզոր ենք, քան մեզ շրջապատող որոշ ազգեր: Եվ սա այն դեպքում, երբ մենք փոքրաթիվ ենք, և ընտրության դաշտն ավելի նեղ է: Չէ՞ որ տասնյակ միլիոնավոր, միլիարդավոր բնակչություն ունեցող ազգությունների, գերտերությունների համար ընտրության հնարավորություններն ավելի լայն են, այնինչ մենք ընտրում ենք մի քանի միլիոնից: Եվ այդ նեղ դաշտում կարողանում ենք հասնել այն բանին, որ մեր շախմատիստները, ծանրամարտիկները, ըմբիշները, մշակույթի գործիչները դառնում են առաջինն աշխարհում: Սրանով ապացուցում ենք, որ հզոր է մեր ազգային ոգին, որ իսկապես հզոր ու տաղանդավոր ենք մենք` որպես ազգ, և որ չպետք է որևէ մեկի առաջ խեղճանանք:
-Ձեր ստեղծագործություններից շատերում առկա է քաղաքական ենթատեքստը: Խնդիրներ չե՞ք ունենում այս պատճառով:
-Ես ինձ միշտ ապահովագրում եմ նախօրոք: Օրինակ` Թուրքիայում պետք է համերգ ունենայի` նվիրված Կարագյոզյան որբանոցի 90-ամյակին: (Խանգարեց իրաքյան պատերազմը): Համերգային ծրագիրը կոչվում էր «Ո՜վ Հայոց աշխարհ»: Յուրաքանչյուր ստեղծագործություն պիտի ուղեկցվեր համապատասխան հայկական պատմական քաղաքների` Մուշի, Վանի, Կարսի, Ադանայի, Սիսի, Տիգրանակերտի, Անիի, մյուս վայրերի վերաբերյալ ֆիլմերի ցուցադրությամբ: Տեղի հայերը միայն մի բան խնդրեցին, որ «Ադանա» ստեղծագործության ժամանակ չցուցադրեմ ցեղասպանության կադրեր և փոխեմ «Արցախ» ստեղծագործության անունը: Ես համաձայնեցի` ելնելով զինվորական այն սկզբունքից, որ զոհաբերելով մի զինվորին` փրկում են ամբողջ ջոկատը: Պատվիրված էր նաև մեծ խաչ, որ լազերային համակարգով պետք է պտտվեր դահլիճում: Նույն լազերային համակարգով պետք է ցուցադրվեր մեր այբուբենը, և համերգը պետք է եզրափակվեր կոչով. «Կա՛նք, պիտի լինե՛նք ու դեռ շատանա՛նք»: Եվ սա պետք է լիներ Ստամբուլում` 6000-տեղանոց դահլիճում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես պիտի վերահսկվեր համերգը գաղտնի ծառայությունների կողմից. այդքան հայ էր հավաքվում միևնույն տեղում: Վստահ էի, որ թույլ չէին տալու համերգն ավարտին հասցնել, որ իմ դեմ սկսվելու էին հետապնդումներ, բայց գնացի այդ քայլին: Թեև համերգը չկայացավ, բայց ես մեր հանրապետության այն ժամանակվա նախագահին` Ռոբերտ Քոչարյանին, և արտգործնախարարին` Վարդան Օսկանյանին, տեղեկացրել էի իմ ծրագրի մասին, որպեսզի իրենց վերաբերմունքն իմանայի. ճի՞շտ է, մեր ազգային շահերին հարի՞ր է նման ակցիա իրականացնելը, թե՞ ոչ: Սա շատ կարևոր եմ համարում: Հնարավոր է, որ ինքնագլուխ ինչ-որ բաներ անեի, և դրա պատճառով անգամ պատերազմ սկսվեր Հայաստանի դեմ: Նույն կերպ, երբ ես մշակեցի «Տեր ողորմյա»-ն` նորովի, այլ «հագուստով» այն ներկայացնելով, թույլտվություն ստացա կաթողիկոսից: Ես բոլոր հանգամանքներում ինձ ապահովագրում եմ: Ինքնագլուխ ոչինչ չեմ անում, երբ հարցը վերաբերում է ազգային հնչողություն ունեցող երևույթներին: Օրինակ` «Ադանա» ստեղծագործությունը, որի խոսքերի հեղինակն ամերիկացի է` Դանիել Դեքերը, թարգմանվել է 19 լեզվով: Հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար բոլոր թարգմանությունները ժամանակին հանձնեցի լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` խնդրելով համապատասխան մասնագետների միջոցով վերստուգել և համեմատել բնագրի հետ: Կարող էին, չէ՞, թարգմանական տեքստերում սպրդել այնպիսի բառեր, որ կվնասեին մեր ազգային արժանապատվությանը: Ես կանխավ փորձում եմ բացառել այդպիսի բաները:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2711

Մեկնաբանություններ