ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հիշողներն ու պահանջողները. Կարո Վարդանյան

Հիշողներն ու պահանջողները. Կարո Վարդանյան
27.04.2023 | 22:20

Երբ բոլորն իրենց լուսանկարներից ու հիշողություններից թոթափեցին հիշելու ու պահանջելու բաները, Արտաշիս հետ դուրս եկա փողոցները չափչփելու: Մի բանկի մասնաճյուղի մոտ նկատելի ելումուտ կար, բայց ուշադրությունս գրավեց ճակատի պաստառը. «ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈ՛ՒՄ»: Շատ հուզվեցի: Գիտեի, որ բանկիրները թասիբով մարդիկ են ու երկար հիշողություն ունեն, ուստի որոշեցի ներս մտնել ու երախտագիտությունս հայտնել: Մտա, հարգանքով դիմակս հանեցի, որ գլուխ տամ: Մի կնիկ, որոշակի հեռավորություն պահպանելով, ասաց.

- Կտրոն վերցրեք ու դրսում սպասեք:

- Կտրոն չեմ ուզում, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մինչև հիմա հիշում եք ու պահանջում:

- Շնորհակալություն պետք չի: Մենք ամեն օր էլ հիշում ենք ու պահանջում: Իսկ երբ տոկոսներն ու տուգանքները շատ են աճում՝ սկսում ենք հիշեցնել ու ավելի շատ պահանջել:

- Մի վայրկյան, դուք այդ ի՞նչն եք հիշում ու պահանջում:

- Ո՞նց թե՝ ինչը: Մեր վարկառուներին, նրանց տոկոսները ու տոկոսների տոկոսները:

- Վայ ձեր քոքը...

- Բան ասացի՞ք:

- Չէ, ես հենց այնպես...

- Եսիմ թե:

Որդուս հետ դուրս եկա ու դառնացած առաջացա: Լավ էր՝ դառնությունս դիմացի տաղավարի մոտ ցնդեց: Նամշած բանջարեղենի մի խեղճ տաղավար էր: Մուտքի մոտ նստած էր մի պառավ տատի, որի լաչակի վրա պարզ երևում էր. ,,I REMEMBER AND DEMAND,,: Հուզմունքից շունչս կտրվեց.

- Տատի ջան... ինչ լավ տատի ես, ուրեմն հիշում ես ու պահանջո՞ւմ:

- Ո՞նց չեմ հիշում: Տես՝ էս տետրակի մեջ բոլորի անունները գրել եմ:

- Այ քեզ տատի: Մի տետրակի մեջ միլիոնուկես անուն ես գրե՞լ:

- Էդ ի՞նչ վախենալու թվեր ես ասում, այ մարդ: Էստեղ հազիվ մի քառասուն անուն կա:

- Չէ, խառնում ես, տատի, պիտի շատ լինի:

- Այ բալա, ես իմ կլիենտներին հատիկ-հատիկ գիտեմ: Ափսոս չեմ տեսնում, որ տետրը աչքները խոթեմ:

- Սպասի հլը. էդ ի՞նչ տետր ա:

- Նիսյայի տետրն ա:

- Է~, տատի, քեզ ու քո հիշածն էլ իմացա...

Ավելի չարացած առաջացա, մեկ էլ տղաս անհամբեր ձգեց ձեռքս.

- Պապ, հշո՞ւմ ես...

- Հիշո՛ւմ եմ և պահանջո՛ւմ:

- Ի՞նչ ես, է~, խոսում, ասում եմ՝ հիշո՞ւմ ես...

- Ասացի՝ հիշո՛ւմ եմ և պահանջո՛ւմ:

- Զզվացրիր, պապ, ասում եմ՝ հիշո՞ւմ ես, որ պիտի կանֆետ առնեիր:

2020թ.

Դիտվել է՝ 7057

Մեկնաբանություններ