Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Թերլեմեզյանը» թլպատում են

«Թերլեմեզյանը» թլպատում են
30.10.2012 | 12:16

Ծանր, թերևս անփառունակ վիճակում է հայտնվել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը։ Քոլեջ, որը փառավոր պատմություն ունի, հրաշալի ավանդույթներ և անպատմելի գեղագիտական աուրա։ Նկարիչների շրջանում այս հաստատությունը հանրաճանաչ է որպես տեխնիկում։ Տեխնիկում ավարտողն արդեն իսկ պրոֆեսիոնալ կերպարվեստագետ է, քանզի հասակ է առնում և վարպետանում բարձր գեղագիտա-ուսումնական միջավայրում։ Մի խոսքով, այս հաստատությունը կոչենք իր հակիրճ, սակայն հանրահայտ անունով` «Թերլեմեզյան», հպանցիկ անդրադառնանք նրա պատմությանը և խորասուզվենք խնդրո առարկա նյութի խորխորատները, խորաթափանց հայացքով և անկաշառ գիտակցությամբ։ 1922-ի մի լուսապայծառ առավոտ Սովետական Հայաստանի ղեկավարությունը (հիշենք` բոլշևիկյան ղեկավարությունը) հիմնադրում է գեղարվեստա-տեխնիկական դպրոցը։ 1926-ին` կյանքի գեղարվեստական (ավելի ստույգ` գեղանկարչական-քանդակագործական) պահանջներին ընդառաջ, դպրոցը վերափոխվում է գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումի («Գեղարդ» տեխնիկում. ի՜նչ վսեմ հնչողություն)։ Արդեն 1938-ին այն վերջնականապես վերանվանվում է «Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան»։ Այն կառուցվեց Երևանի կենտրոնին հարակից Լեոյի փողոցում, որը ժամանակի ընթացքում ներգրավվեց մայրաքաղաքի էլիտար կենտրոնում։
Թերևս սա էր պատճառը, որ Թերլեմեզյանն անկախության տարիներին «քոչեց» պրոլետարական Արշակունյաց պողոտա։ Նախկին վայրում հյուրանոց կկառուցվի կամ մի այլ շուկայական գերշահութաբեր օբյեկտ։ Ավանդույթները, այնուամենայնիվ, մնացին։ «Հին Թերլեմեզյանի» վերջին տնօրենն էր գեղանկարիչ Սամվել Պետրոսյանը։ «Նորում» նրան փոխարինեց քրոջորդին, գեղանկարիչ, վաղամեռիկ Նարեկ Առուշանյանը։ Նարեկը սիրված և հարգված ղեկավար էր, բազմաթիվ մտահղացումներով լի, նաև այս կրթօջախի անզուգական ավանդույթների կրողն ու շարունակողը։ Այո, «Թերլեմեզյանն» ընդամենը գեղարվեստի հերթական կրթօջախ չէ։ Այն որոշակի գեղագիտություն է, մտածողություն, աշխարհայացք, պարտավորություն։
Նարեկ Առուշանյանին փոխարինում է գեղանկարիչ Գևորգ Սողոմոնյանը, բուն նկարչական աշխարհից, Հայաստանի նկարիչների միության անդամ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ և ուսանողական խորհրդի նախագահ, ով նաև բարձրագույն կրթական դասընթացներ է անցել Ֆրանսիայում, վերջերս էլ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը։ Ամենակարևորը` ավարտել է «Թերլեմեզյանը», շնչել կրթօջախի օդը, խմել ջուրը և այլն։ Մի խոսքով` թերլեմեզյանական է։ Հիշում եմ նրա ելույթը «Իրատես de facto»-ում` լրջախոհ, հեռանկարային։ Եվ ամենակարևորը` համարձակ ու սկզբունքային։ Սեպտեմբերի 1-ին Գևորգ Սողոմոնյանը նշանակվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և թևքերը քշտած անցնում գործի։ Խնդիրը մեկն է` շարունակել հաստատուն ավանդույթները, նոր ուղիներ փնտրել նոր ժամանակների պահանջները բավարարելու համար։ Ինձ զանգահարողները (թե՛ ուսանողներ, թե՛ դասախոսներ) տեղեկացնում էին, որ վերջինիս ընտրությունը բավականին նպատակային է, շատերի սրտով է, և նոյեմբերին նրան կվստահվի կրթօջախի տնօրենի պատվավոր ու պատասխանատու պաշտոնը։
Ավա՜ղ, ինչպես շատ այլ դեպքերում, այս դեպքում էլ շաբաթը շրջանցում է ուրբաթին, և հոկտեմբերի 1-ին, ԿԳ նախարար տիար Աշոտյանի հրամանով, գեղանկարիչ-թերլեմեզյանական Գևորգ Սողոմոնյանն ազատվում է պաշտոնակատարությունից, իսկ նրա փոխարեն նշանակվում է... ՀՕՄ (Հայ օգնության միություն) գրասենյակի տնօրեն, մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանը։ Տիկին Աննայի կապը կերպարվեստի խորհրդավոր աշխարհի և Թերլեմեզյանի անվան գեղարվեստական քոլեջի հետ խիստ «անմիջական է»։ Նա լուսահոգի Նարեկ Առուշանյանի այրին է։ Ընդամենը։ Այսինքն, աչք ենք դնում հարևան Ազերբայջյանին, ուր Ալիևների գիշատչական տոհմը սեփական տնամերձի է վերածել ազերիների երկիրը։ Երեկ Հեյդարն էր նախագահը, այսօր` Իլհամ Հեյդարովիչը, վաղը` առաջինի հարսն ու երկրորդի կինը։
Իհարկե, այս խմորը, որ վստահաբար հունցված է նեխած ալյուրից, դեռ շատ ջուր է վերցնելու։ Նոյեմբերին քոլեջի հանձնաժողովը պիտի ընտրություն կատարի գեղանկարչի և հանգուցյալ գեղանկարչի կնոջ միջև։ Մեր ունեցած տվյալներով, տիար Սողոմոնյանն անվիճելի առավելություն ունի` հենց վերը նշված պատճառներով։ Սակայն Աննան անհայտ, բայց հզոր հովանավորներ ունի, ովքեր, ինչ-որ անհայտ ադաթի տուրք տալով, հանրապետություն են մուծում տոհմատիրական կարգեր։ Հավանաբար, փոթորկուն հեռանկարներով։ Այսինքն, եթե սույն անփառունակ փորձարկումը բարեհաջող ավարտ ունենա, տեսանելի ապագայում ոստիկանապետի որդին կփոխարինի հորը, խորհրդականի քենին կառաջադրվի և կհաղթի նրա տնամերձ ընտրատարածքում, և այսպես շարունակ։
Այսինքն` գլորվում ենք դեպի քարի դար։
Սա իր հերթին։ Իսկ մեզ մնում է պարզել և հանրությանը ներկայացնել, թե ով է (կամ ովքեր են) այս «գավառական խնամախոսի» հեղինակը։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Հ. Գ.- Այս տարվա սեպտեմբերին իր հայտնի հեռուստաելույթում տիար Արմեն Աշոտյանը ահազանգեց, որ որոշ դպրոցներում տնօրենի պաշտոնը ժառանգական է, սակայն շաբաթներ անց հենց ինքը դարձավ այդ նույն ժառանգականության կնքահայրը։
Ի դեպ, Թերլեմեզյանի կանոնադրությամբ միայն մանկավարժական աշխատանքի հինգ տարվա փորձ ունեցողը կարող է առաջադրել իր թեկնածությունը և ընտրվել տնօրեն։ Եթե անգամ մասնագիտությամբ անասնաբույժ է և մինչ այդ աշխատել է Երևանի անասնաբուժական- անասնաբուծական ինստիտուտում։ Սա առաջին «հրաշքն» է։
Ի դեպ, կանոնադրական սույն նոնսենսը հաստատված է ԳԿ նախարարի կողմից։ Սակայն սա այլ քննարկման նյութ է։ Այսօր էականն այն է, որ Աննա Մնացականյանը, առհասարակ, չունի մանկավարժական աշխատանքի անգամ մեկ ժամվա փորձ։ Սակայն այս պատնեշն էլ են փորձում հաղթահարել` վերախմբագրելով Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի կանոնադրությունը։ Համաձայն նոր մոտեցման, ընդհանրապես մանկավարժության և մասնավորապես կերպարվեստի հետ որևէ առնչություն չունեցողը կարող է գլխավորել այս փառահեղ կրթօջախը։

Դիտվել է՝ 42181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ