ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԶԻՋՈՒՄ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԳՐԱՎԵԼՈՒ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ Է ԾՆԵԼՈՒ»

«ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԶԻՋՈՒՄ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԳՐԱՎԵԼՈՒ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ Է ԾՆԵԼՈՒ»
28.05.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ
-Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ավարտը կարո՞ղ ենք արձանագրել, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ զարգացումներ դեռ ակնկալվում են:
-Եթե օբյեկտիվորեն գնահատենք այդ գործընթացի մասնակից բոլոր կողմերի գործողությունները և ոչ թե խոսքերը, պիտի արձանագրենք` չի մնացել որևէ պետություն կամ կառույց, որը հույսեր է կապում հայ-թուրքական արձանագրությունների հետ, բոլորի համար գործընթացն ավարտվել է, բացի Հայաստանի իշխանություններից: Գործընթացը ներկայացնելով որպես սեփական նախաձեռնողական քաղաքականություն` իշխանությունը խնդիր ունի ապացուցելու, որ ինքն այդ ճանապարհին ճիշտ էր:
-Բայց ճանապարհն անցա՞նք, թե՞ «ողջամիտ ժամկետում» կանգ առանք:
-Գործընթացի կասեցումը բոլորովին էլ պետք չէ կապել «ողջամիտ ժամկետի» հետ: Եթե Թուրքիայի հետ ստորագրեինք պայմանագիր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, ինչը մենք միշտ առաջարկել ենք, կամ սովորական, ստանդարտ համաձայնագիր, ինչն արվել է այլ պետությունների հետ, կամ, որ իդեալական տարբերակ կլիներ, ստորագրեինք համաձայնագիր ցեղասպանության ճանաչման և հատուցման վերաբերյալ, չէինք սպասի թուրքական կողմի վավերացմանը, առաջինը կվավերացնեինք` համոզված, որ ճիշտ ենք: Այսօր բազմաթիվ միջազգային պայմանագրեր վավերացնում ենք առաջինը` չկապելով մյուս կողմի հետ: Իշխանությունը տեսավ բոլոր պրոբլեմները և վտանգները, որ արձանագրությունները բերում են, և «ողջամիտ ժամկետը» գործընթացից նվազագույն կորուստներով դուրս գալու հնարավորություն դարձրեց: Շատ ավելի լավ է խոստովանել սեփական սխալը և հետ կանգնել, քան հանուն կեղծ սկզբունքայնության գնալ կործանման: Այդ առումով իշխանությունների քայլը ողջունելի է: Լավ կլիներ, որ իշխանություններն էլ անկեղծ լինեին և ասեին, որ այդ տարբերակով հարաբերությունների բարելավումը արդյունք չէր կարող բերել: Մենք ունենք ոչ թե կոնֆլիկտ 2 կամ 3 պետությունների միջև, ոչ թե պարզապես սահմանային խնդիր, տնտեսական շահերի բախում, ինչը տարբեր պետությունների հակամարտությունների հիմքում է, տարածքային վեճ, ինչպես Ռուսաստանի կամ Ճապոնիայի միջև է, իրավիճակը բոլորովին այլ է: Մեզ բազմիցս օրինակ են բերում Գերմանիայի և Ֆրանսիայի դարավոր հակամարտությունը, բայց նրանց թշնամանքը երբեք չի բնորոշվել մեկը մյուսին ոչնչացնելու քաղաքականությամբ, եղել են պատերազմներ Եվրոպայում գերիշխանություն ունենալու, ինչ-որ տարածքների տիրանալու, տնտեսական շահերի համար: Մենք ունենք այլ իրավիճակ` Ադրբեջանը և Թուրքիան վիճարկում են սեփական հայրենիքում ապրելու հայ ժողովրդի իրավունքը: Նմանատիպ հակամարտություն կա միայն Իսրայելի և Պաղեստինի միջև, որտեղ մի կողմը վիճարկում է մյուսի` այդ տարածքում ապրելու իրավունքը, դա է պատճառը, որ այդ կոնֆլիկտը ևս չի լուծվում: Ովքեր փորձում են լուծել այս կոնֆլիկտները, չեն հասկանում դրանց դարավոր գոյության պրոբլեմը:
-Արդյոք չե՞ն հասկանում, գուցե երկու կողմերին ընդունելի լուծում չեն գտնում, որ նաև իրենց է պետք:
-Եթե հասկանային, չէին առաջարկի եվրոպական կոնֆլիկտների լուծման մոդելը: Եվրոպական կառույցների փորձագետները կարծում են, որ տարածաշրջանի կոնֆլիկտները բավականին ծախսատար են կողմերի համար, նրանց բոլոր հաշվարկները հիմնված են ֆինանսական բաղադրիչների վրա, համոզված են, որ կոնֆլիկտի լուծումը կարող է բերել նյութական շահ և անկեղծորեն չեն հասկանում` ինչու են կոնֆլիկտի կողմերն այսքան համառ նման ծախսատարության պայմաններում: Միջազգային կառույցներում բազում շվեդներ ու անգլիացիներ մեզ փորձում են համոզել` ի՞նչ կարևոր է, թե տարածքը ո՞ր երկրի սահմաններում է, ի վերջո, սահմանները կվերանան, կլինի ապրանքների, ծառայությունների, մարդկանց ազատ տեղաշարժ, երբ բոլորովին էլ կարևոր չէ երկրի տարածքի չափը կամ սահմանների վայրը: Ասում են մարդիկ, որ Հյուսիսային Իռլանդիան համառորեն ուզում են իրենց տարածքում տեսնել ու չեն կարողանում լուծել Հյուսիսային Կիպրոսի խնդիրը: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ազգի հիմնական և հավերժ ռեսուրսը տարածքն է, միայն տարածքի առկայությունն է զարգացում ապահովում հարյուրամյակների կտրվածքով: Հրատապ շահերը պայմանավորված են որոշակի ժամանակահատվածով, միայն տարածքն է հնարավորություն տալիս ավելացնելու բնակչության թվաքանակը, ապահովում է ազգային անվտանգությունը, տնտեսական զարգացման նպաստավոր պայմանները:
-Հայաստանի խորհրդարանն արձանագրությունները կվավերացնի՞ առանց Թուրքիայի խորհրդարանի վավերացման:
-Թեև քաղաքական մեծամասնությունը նշել է, որ վավերացնելու է միայն թուրքական կողմի վավերացումից հետո, զարգացման որևէ սցենար բացառել հնարավոր չէ: Այդ պատճառով ենք մենք ասում, որ այս էջը պետք է փակել և սկսել նոր էջից: Հայ-թուրքական արձանագրությունները բիծ են մեր ներկա սերնդի վրա: Կարծես թե ստացվում է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը դեմ չէին այդ արձանագրություններին և չվավերացրին բացառապես Թուրքիայի կողմից չվավերացնելու պատճառով: Սա ծանր բեռ է լինելու հաջորդ սերնդի, հաջորդ իշխանությունների համար: Եվ մենք պետք է ամեն գնով այդ բծից ազատվենք:
-Գուցե Հայաստանը պետք է ուղղակի հե՞տ կանչեր իր ստորագրությունն արձանագրություններից` նոր էջ սկսելու կամ չսկսելու համար:
-Կասեցման փաստով երկրի նախագահն ուզում էր ճնշումների սլաքն ուղղել դեպի թուրքական կողմը` հստակ ասելով` մենք դուրս չենք գալիս գործընթացից, պատրաստ ենք շարունակելու թուրքական կողմի հստակ գործողություններից հետո:
-Դա թատերական քայլ չէ՞, հայտնի ընթացքով. Թուրքիան ի սկզբանե նախապայմանը դրել էր, անկախ արձանագրություններում կար, թե չկար, և մնում է իր տեսակետին` Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը` այն էլ Ադրբեջանի առաջարկած տարբերակով:
-Հիմա այս պատկերն է. միջազգային հանրությունն ու միջնորդները դիմում են Հայաստանին` արձանագրությունների վավերացման առաջարկով, Հայաստանն ասում է` կվավերացնենք Թուրքիայի վավերացումից հետո, դիմում են Թուրքիային` վավերացման առաջարկով, ասում է` կվավերացնենք միայն Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո: Խնդիրը վերադառնում է Հայաստան` բայց բոլորովին այլ տեսանկյունից: Եթե հետևում եք միջազգային իրադարձություններին, հայ-թուրքական արձանագրությունների մասին այլևս խոսք չկա, բոլորը խոսում են միայն Ղարաբաղի հարցի լուծման մասին: Իշխանությունները փորձում էին արձանագրությունների գործընթացն առաջ մղելով` խուսափել ԼՂ հարցի կարգավորման ոչ հայանպաստ լուծումից, բայց կասեցման արդյունքում նոր ճնշումներ ունեցանք Ղարաբաղի մասով: Ամենաբարձր մակարդակով հայտարարությունները, որ պատրաստ ենք տարածքներ զիջելու, չեն նպաստում մեր դիրքերի ամրացմանը: Պարտվողական տրամադրությունը կարող է գայթակղություն առաջացնել մեծացնելու ճնշումները Հայաստանի վրա: Կա նաև մտահոգիչ այլ փաստ` Թուրքիայի ակտիվությունը Նախիջևանում: Կասեցման պայմաններում Թուրքիան հնարավորություն է ստացել շարունակելու Կովկաս մտնելու ծրագիրը: Եթե նախկինում նման նկրտումները լուրջ հակազդեցություն էին ունենում Ռուսաստանի կողմից, հիմա այդպես չէ: Թուրք պաշտոնյաների այցերը Ռուսաստան այդ քայլերի համար «դաբրո» ստանալուն էին ուղղված նաև: Էրդողանի վերջին հայտարարությունը, թե թուրքական էքսպանսիան Նախիջևանում ոչ մեկին թող չանհանգստացնի, բնավ Հայաստանին չէր ուղղված, այլ Ռուսաստանին, որի գործողություններն այնքան էլ մեզ համար հուսադրող չեն: Ռուսաստանին կարծես հաջողվել է համոզել, որ տնտեսական շահերի դիմաց տարածքային էքսպանսիա կարելի է իրականացնել Կովկասում: Թուրքիայի մուտքը Նախիջևան ոչ միայն սոցիալական վիճակի բարելավում է բերում, արտագաղթի կասեցում կամ թուրքական տնտեսական շահի ամրացում, այլև ռազմական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: Թուրքիան փորձում է Նախիջևանում ռազմական հենակետ տեղակայել: ՈՒնենալով թիկունքում նման պրոբլեմ` մենք վտանգելու ենք ԼՂ անվտանգությունը. մեծանալու է ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի գայթակղությունը, որ այսօր կանխվում է ոչ միայն Ղարաբաղի բանակի մարտունակության, այլև Ադրբեջանի ցանկացած տարածքի վրա Հայաստանի հնարավոր հակահարված հասցնելու պատճառով:
-Այդ կտրվածքով` առաջիկայում հնարավո՞ր է ԼՂ հարցով համաձայնագրի ստորագրում:
-Մինչև հայ-թուրքական գործընթացի սկիզբը Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ըստ էության, ամբողջ աշխարհի համար կարգավորված էր, բացի Հայաստանի իշխանություններից և Ադրբեջանից: Այդ խնդիրը գոյություն չուներ Թուրքիայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար, բոլորն ընդունում էին հավասարակշռության վիճակը:
-Հիմա բոլորը դեմ են ստատուս քվոյին, բացի մեզնից: Մեզ իրո՞ք ձեռնտու է ստատուս քվոն:
-Եթե մեր մտածելակերպը փոխենք, այո: Իրականում Ղարաբաղի խնդրի լուծումը, թեկուզ փոխզիջումներով, չի կարող մեզ ապահովել երկարաժամկետ խաղաղությամբ: Ցանկացած տարածքի զիջում նոր տարածքներ գրավելու գայթակղություն է ծնելու: Երբեք Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարի Հայաստանին դիտել որպես թշնամու: Նրանց հետ խնդիրները կարգավորելու մեր բոլոր միամիտ փորձերը խաղաղության և փոխզիջումների հիման վրա, ի վերջո, ուղղվելու են մեր դեմ: Միակ լուծումը Հայ դատի և պահանջատիրության վերջնական լուծումն է, որը Թուրքիային և Ադրբեջանին կտարանջատի իրարից մի քանի հարյուր կիլոմետրով, որը հայ ժողովրդի զարգացման նախապայմաններ կստեղծի, և Թուրքիան այլևս գործոն չի լինի Կովկասում: Իսկ այսօրվա պայմաններով մենք երբևիցե խաղաղություն չենք ունենա:
-Իսկ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով, ինչի՞ հաշվին:
-Յուրաքանչյուր պետականություն պետք է ունենա սեփական գաղափարախոսություն: Անսեռ, անատամ պետությունը, ինչպիսին է Հայաստանն այսօր, իր պետական խոսքը հստակ չասող պետությունը չի կարող խնդիրներ լուծել: Պետությունը պետք է կարողանա ասել «ոչ», պիտի ունենա իր կարմիր գիծը, որից այն կողմ երբեք չի զիջի: Պետությունը պետք է ասի, թե ինչ է ուզում աշխարհից: Միշտ էլ աշխարհում կգտնվեն համապատասխան ուժեր, որոնք կամ կողմ կլինեն, կամ դեմ, բայց պետք է մտնել պայքարի մեջ: Նման խնդիրը մեկ տարում չի լուծվում, հայ ազգը մի քանի տարվա կյանք ունեցող ազգ չէ` հավերժ է ապրելու: Աշխարհը շատ արագ է զարգանում, և բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել:
-Ես չեմ հարցնում` ե՞րբ, ես հարցնում եմ` ինչպե՞ս: Հայաստանն ունի՞ այդ քաղաքական, տնտեսական, մարդկային, բարոյահոգեբանական ներուժը:
-Իհարկե` այո: Առաջին խնդիրը` զարգացման գաղափարախոսություն ունենալն է: Բոլոր ոլորտներում: Մենք պետք է կառուցենք հստակ ազգային պետականություն մեկ հիմնական սկզբունքի վրա` հայերը ոչ մի ազգից վատ չեն և ի վիճակի են անելու և ունենալու այն ամենը, ինչ արել են կամ ունեն զարգացած պետություններն ու ազգերը: Այս մտածելակերպի արմատավորումը, արժանապատվության և ինքնավստահության վրա հիմնված այս քաղաքականության որդեգրումը և իրականացումը լուրջ արդյունքներ կարող են տալ: Երբ մենք առաջնորդվում ենք բացառապես նյութական շահով, այդ արդյունքը չենք կարող ունենալ, Հայաստանում պետք է լինի վերնախավ, որը կարող է այդ խնդիրները դնել և տանել առաջ: Պետք է լինի մի սերունդ, որ կգնա զոհողության հանուն հաջորդ սերունդների և կձգի ազգը դեպի վեր: Իշխանությունը կամ քաղաքական ուժերը ոչ թե պետք է գնան ժողովրդին քծնելու, հարմարվելու, մի հատվածի վատագույն ցանկություններն իրականացնելու, այլ ազգին առաջնորդելու ճանապարհով:
-Խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանխատեսո՞ւմ եք:
-Արտահերթ ընտրությունների համար պետք է լինի հասարակությունում ուժերի այնպիսի վերադասավորում, որն անկարելի դարձնի ներկա վիճակի պահպանումը: Այսօր դա չկա, սակայն չի նշանակում, որ ականատես չենք լինի լուրջ փոփոխությունների 2012-ին: Մինչև ընտրությունները կլինեն քաղաքական դասավորություններ. այդ խնդիրները կան ոչ միայն արտախորհրդարանական ու խորհրդարանական ընդդիմության, այլև հենց իշխանության մեջ: Հայ-թուրքական գործընթացը ընդգծեց հակասությունները տարբեր քաղաքական ուժերի միջև, և հասարակայնությունը հստակ տեսավ քաղաքական ուժերի դիրքորոշումները: Չմոռանանք տնտեսական վիճակի վատթարացումը: Տնտեսական անկման պայմաններում միջին և խոշոր բիզնեսի միջև կիսվող բլիթի փոքրացումը բերում է լուրջ տարաձայնություններ տնտեսական դաշտում` բոլորի եկամուտները նվազել են, իսկ ծախսերը շատանում են: Դա չի կարող չազդել նախընտրական գործընթացների վրա:
-Այսինքն` կերակրատաշտի՞ վերաբաշխման հարց է, ո՞չ քաղաքական:
-Կերակրատաշտից սկսած մինչև արտաքին քաղաքականության խնդիրներ իշխանական թևն ունենալու է, առաջին խնդիրը` հասարակությանը սեփական հավաստիությունն ու վստահելիությունն ապացուցելն է, ընդդիմության արտախորհրդարանական հատվածը պիտի բացատրի` ո՞րն է իրենց և իշխանության տարբերությունը, բացի իշխանափոխության պահանջից, որը վերջերս չի էլ լսվում: Այս բոլոր հակասությունները սրվելու են նախընտրական շրջանում և չեն կարող փոփոխությունների չբերել:
-Այդ պարագայում նոր քաղաքական ուժ կարո՞ղ է ի հայտ գալ` խուսափելու համար ձայների փոշիացումից, որ առկա է բոլոր ընտրություններում, իհարկե, եթե բացառենք նկարչությունը:
-Ոչ մի քաղաքական ուժ այսօր չի կարող վստահորեն ասել, որ իր վարկանիշը բարձրացել է, բայց փոշիացումը հանգեցնելու է վերադասավորումների: Հույս ունեմ, որ այս անգամ ունենալու ենք գաղափարական պայքար, որովհետև դժվարանում եմ պատկերացնել` ինչպե՞ս Ղարաբաղի հարցում զիջումների կողմնակիցները կարող են դաշինքի գնալ անզիջում կեցվածք ունեցող քաղաքական ուժերի, հայ-թուրքական քիրվայության կողմնակիցները` պարտվողականությունը մերժող ուժերի հետ:
-Իսկ քաղաքական շա՞հը:
-Նայած քաղաքական շահ ասելով` ի՞նչ ենք հասկանում. եթե հերթական անգամ փող աշխատելը և պաշտոն ունենալը` տարբեր ուժեր կգնան դաշինքի, դա էլ է, ի վերջո, սկզբունք, բայց հասարակությունը պետք է ընդունի, որ ընտրում է ինչ-որ մարդկանց պաշտոններ զբաղեցնելու ցանկության և ինչ-որ մարդկանց քաղաքական հայացքների միջև:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ