ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇՆԵՐԸ ՔԱՆԴՎԵՑԻՆ»

«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇՆԵՐԸ ՔԱՆԴՎԵՑԻՆ»
30.03.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Ակոս» թերթի խմբագիր ԱՐԻՍ ՆԱԼՃԻՆ
-Արիս, այնտեղ` Թուրքիո ներսից, ինչպե՞ս են երևում հայ-թուրքական հարաբերությունները:
-Էրդողանի` հայերի տեղահանմանն առնչվող վերջին հայտարարությունից հետո պետք է ասել` այդ հարաբերությունները բավականին պրկված են: Մյուս կողմից էլ` հայ համայնքը վերջին 10 տարիներին ամեն ապրիլ ամսին լսում է այդ սպառնալիքները: Ավելին` 1923-ից սկսած` նույն նախադասությունը հնչում է ու հնչում հայերիս համար: Դա է պատճառը, որ մենք, նախ և առաջ, մտածում ենք, որ Էրդողանի ասածն ընդամենը քաղաքական նպատակներ հետապնդող հայտարարություն է:
-Էրդողանը ևս շատ արագ սրբագրեց այդ հայտարարությունը, այսպես կոչված, քաղաքական խաղը:
-Բոլոր դեպքերում, որպես քաղաքական-դիվանագիտական խաղ, այն իսկապես խիստ անհաջող էր, որովհետև ստացվում է` ողջ աշխարհի առաջ նա սուտ խոսեց, մասնավորապես սուտ խոսեց Թուրքիայում ապրող հայերի թվաքանակի առնչությամբ, որովհետև այդ հարցում ոչ կոմպետենտ նա հաստատ չէր կարող լինել:
-Իսկ ի՞նչ եք կարծում, արձանագրությունների վավերացումը, սկսված հայ-թուրքական երկխոսությունը կմտնե՞ն փակուղի:
-Կարծում եմ` այո:
-Իսկ ի՞նչ բառ է այս անգամ գտնելու Օբաման, որ կարողանա խուսանավել իր նախընտրական խոստումներից. անցած տարի լուծումը «փայլուն» էր:
-Ինքնին հասկանալի է` Օբաման դարձյալ չի գործածի «ցեղասպանություն» բառը: Ցեղասպանության ճանաչման գործում հասկանալիորեն շատ մեծ է ԱՄՆ-ի հրեական լոբբիի դերակատարությունը: Վերջինս մինչ այժմ առաջնորդվել է քաղաքական և նյութական առաջնահերթություններով: Այս անգամ ևս բացառություն չի լինի:
-Եվ, այնուհանդերձ, թուրք-իսրայելական հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ լավ չեն:
-Թուրք-իսրայելական հարաբերություններն ամեն ժամանակ էլ լավ են. յուրաքանչյուր տարի` ապրիլի 24-ի մերձակա և հետագա վեց ամիսների ընթացքում, դրանք շատ լավ են լինում. մասնավորապես, ռազմական համագործակցությունն այդ երկու երկրների միջև երբեք քննարկման առարկա չի կարող լինել, հետո սկսվում են ինչ-ինչ քաղաքական խաղեր: Ընդամենը:
-Իսկ կարո՞ղ ենք եզրակացնել, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունն այդպես էլ ոչինչ չտվեց կողմերին, աշխարհին:
-Այդպես չէ, այն շատ բան տվեց կողմերին էլ, աշխարհին էլ: Առաջին հերթին` հոգեբանական պատնեշները քանդվեցին: Երկու ժողովուրդներն սկսեցին միմյանց հետ շփվել ավելի սերտ, կարողացան հնարավորինս մոտիկից ճանաչել իրար: Այս անգամ մեզ հետ Հայաստան են եկել նաև թուրք պատմաբաններ, նրանք առաջին անգամ տեսնում են, թե հայերն ովքեր են: Ի դեպ, ասեմ` նրանց մեջ շատ բան է փոխվում նման այցերից, շփումներից հետո:
-Ի՞նչ տեսան նրանք այստեղ:
-Տեսան, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին հայաստանյան հասարակությունում առկա մտահոգություններն ու մտայնություններն ամենևին չեն տարբերվում այն ամենից, ինչ խորհում են թուրք հասարակությունում:
-Ի՞նչ խոհեր են դրանք:
-Յուրաքանչյուրն էլ, թե՛ մեզանում, թե՛ այնտեղ, ցանկանում է սահմանի բացում, խաղաղություն: Չմոռանանք մեր անցյալը, սակայն հարևանություն անենք միմյանց հետ: Սա:
-Իսկ թուրք հասարակությունն Էրդողանի ու Դավութօղլուի նման կարևորո՞ւմ է Ադրբեջանը, Ղարաբաղի հարցը, թե՞ լրիվ անտարբեր է այդ խնդրի նկատմամբ:
-Գիտեք` թուրք հասարակությունը բաղկացած է 72 մլն մարդուց, 72 միլիոնի կեսից ավելին գրեթե չգիտի Ղարաբաղի տեղը, չգիտի այդ պրոցեսը, չգիտի, թե ինչ է պատահել այնտեղ, նույնիսկ գրողները, արվեստագետները Թուրքիայում չգիտեին այդ մասին:
-Էրդողանը գիտի՞:
-Էրդողանը գիտի: Բայց նրան էլ պետք է հարցնել` ինքը մեկ հայ ծանոթ ունի՞, արդյոք մեկ հայ տեսե՞լ է, թե՞ ոչ, խոսե՞լ է նրա հետ։
-Հնարավոր է և տեսած լինի, զի Գյուլի մայրը, ասում են, հայ է:
-Բոլոր դեպքերում, ես չեմ կարծում, որ նա հայ տեսած լինի, նրա հետ նստած` կարծիք փոխանակած լինի ոչ թե որպես պաշտոնյա, այլ պարզ-հասարակ մի մարդ:
-Դե, մի՞թե դա քաղաքական կատեգորիա է:
-Հարկավ, քաղաքական կատեգորիա է: Նախորդ անգամ մենք Հայաստան էինք եկել թուրք ազգայնական լրագրողների հետ, ովքեր միևնույն ժամանակ նաև քաղաքագետներ էին: Վերադառնալուց հետո նրանց պատկերացումներն ամբողջովին փոխվել էին, և նրանք այդ մասին պատմում էին Թուրքիայում:
-Հիմա մենք զրուցում ենք, ու ես այն եզրակացությանն եմ հանգում, որ մինչև «ֆուտբոլային» դիվանագիտությունն սկսելը պետք էր կողմերի միջև երկխոսություն «եփել», հասունացնել, նոր միայն քայլ անել:
-Ճիշտ եք` մի քիչ շտապեցինք: Մյուս կողմից էլ` ի՞նչն էր լավը. որ տեսանք` ոչինչ չգիտենք միմյանց մասին, չգիտենք, թե թուրք պոլիտիկներն ինչպես են խաղում, ինչ են անում, ինչ են մտածում: Հիմա միմյանց տեսանք, հասկացանք մեր անելիքը։ Օրինակ, Դուք ճանաչո՞ւմ էիք թուրք քաղաքական գործիչներին:
-Օ՜, ես տեսել եմ Գյուլին անձամբ` Բուրսայում, «Ալմիրա» հյուրանոցում` դեմ-դիմաց էինք կանգնած երկար ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը կիջներ Գյուլի` իրեն հատկացված հյուրանոցային համարից: Հետո մտանք բանակցությունների սենյակ, ու ես տեսա Դավութօղլուին էլ. նա, վիզն այս ու այն կողմ տանելով, ժպտում էր` իր ժպիտով:
-Բայց երկու տարի առաջ Դուք Գյուլին ճանաչո՞ւմ էիք: Ոչ: Որևէ մի քաղաքագետի ճանաչո՞ւմ էիք:
-Իսկ ի՞նչ եք կարծում` Էրդողանը կընտրվի՞ մայիսին:
-Այո՛:
-Բոլոր դեպքերում, Արիս, Էրդողանն ավելի պրոգրեսիվ քաղաքական գործիչ է, և արժե, որ նա ընտրվի:
-Համաձայն եմ, որովհետև նա ավելի շատ է կողմ հայ-թուրքական և ընդհանրապես` տարածաշրջանային խնդիրների լուծմանը և ավելի ակտիվ քաղաքականություն է իրականացնում այդ հարցերում: Եվ այնուհանդերձ, երբ մոտենում են ընտրությունները, նրանք ազգայնամոլների համար գոռում են` «Հայե՛ր, դեպի տուն»: Մյուս կողմից էլ` հաշվի առնենք, որ տասը տարի առաջ չէիք կարող խոսել Թուրքիո փոքրամասնությունների մասին. նկատի առեք` նույնիսկ խոսելն անթույլատրելի էր, իսկ հիմա բոլորովին այլ իրավիճակ է:
-Ի դեպ, տեսակետ կա, որ Թուրքիո «իմպերիան» հնարավոր է և մասնատվի, մեր դաշնակցականների ձևակերպած տեսլականով` «կայսրությունը կպայթի»։ Կպայթի՞ Թուրքիան:
-Ո՛չ, չի պայթի: Պարզապես խնդիրն այն է, որ այս մարդիկ` օրվա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, առաջին անգամ «պահարանը» բացեցին, և բոլոր խնդիրներն այնտեղից դուրս թափվեցին: Նրանք ցանկացան բոլոր հարցերը միանգամից լուծել, ինչն ուղղակի անկարելի է: Անկարելի է միաժամանակ լուծել քրդական հարցը, Աթաթուրքի հարցը, հայկական հարցը, կիպրական, ռեգիոնալ հարցերը։ Բոլոր դեպքերում պետք է նկատել, որ անցնող ութ տարիների ընթացքում այս կուսակցությունն այնքան հասունացավ, որ կարողացավ խոսել բոլոր այս պրոբլեմների մասին, ինչը նույնպես քիչ բան չէ: Բայց և` մի ութ տարի էլ անհրաժեշտ կլինի (եթե ոչ ավելի), որ այդ խնդիրները գոնե մասամբ լուծվեն:
-Եվ վերջում, Արիս, Դուք այնտեղ` Թուրքիայում, Ձեզ լիարժեք քաղաքացի զգո՞ւմ եք:
-Ես ինձ, այո, լիարժեք քաղաքացի եմ զգում: Եթե այդպես չլիներ, ես չէի մնա Թուրքիայում, կմեկնեի Եվրոպա, Միացյալ Նահանգներ` ապրելու:
-Անգամ Հրանտ Դինքի սպանությունից հետո Ձեզ լա՞վ եք զգում:
-Անգամ:
-Ձեր մաղթանքը:
-Գիտեմ, որ սահմանները կբացվեն, այսօր, թե հինգ տարի հետո, մինչև 2015-ը կբացվեն: Գիտեմ, որ Եղեռնի հարյուրամյակին կասենք` սահմանները բաց են, որովհետև 2015-ը չի կարող լինել երկխոսության տարի, երկխոսությունը մինչ այդ կայացած-ավարտված պետք է լինի:
Զրուցեց Դավիթ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ