Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նախ՝ սպառնում է պատերազմով, հետո խոստանում խաղաղություն և առևտուր

Նախ՝ սպառնում է պատերազմով, հետո խոստանում խաղաղություն և առևտուր
18.04.2024 | 17:01

Նիկոլ Փաշինյանը երեկ Տավուշ կատարած այցի ժամանակ կրկին մտել էր սրտացավի, հոգատարի, անկախության ու անվտանգության պաշտպանի կեղծ դերի մեջ, իսկ իրականում եղել ու շարունակում է մնալ խրոնիկ ստախոս։

Անցնենք մի քանի դրվագներով։ Փաշինյանը նշում է, որ հերթական միակողմանի զիջումը 100 անգամ կբարձրացնի այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը։ Հիշեցնեմ, որ նույն Փաշինյանը 2022 թվականի ապրիլին, երբ Արցախի հարցում նշաձող էր իջեցնում, աննախադեպ միջազգային կոնսոլիդացիա էր խոստանում, դա ավարտվեց 10-ամսյա դաժան բլոկադայով, 2023 թվականի հարձակմամբ, հարյուրավոր զոհերով, 120 հազար հայի տեղահանմամբ ու բոլորիս հայրենազրկմամբ։ Մեր երեսուն տարվա պայքարը արժեզրկվեց արագ տեմպերով՝ մեր աչքի առաջ։

Նույնը Նիկոլ Փաշինյանն անում է հիմա Տավուշում՝ շարունակ մեջբերելով միջազգային հանրությանը։ Այդ հանրության համար Արցախը կամ նախկին ԼՂԻՄ-ը վիճելի տարածք էր, հակամարտություն, որի ժամանակ ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց դա երբեք Ադրբեջանի տարածք չէր, Փաշինյանը դա դարձրեց Ադրբեջանի տարածք: Այդ հանրությունը խաղաղ կարգավորման կոչեր էր անում անգամ 2020 թվականի պատերազմից հետո, իսկ Փաշինյանը իր քաղաքական տեքստերով ամրագրեց պատերազմով ձևավորված իրողությունները։ Այս ստերի շարքը անվերջ է, բայց նաև շատ կարևոր՝ Արցախի հարցում։ Նույն Փաշինյանը Արցախի հետ միասին նաև զիջումների գնաց Հայաստանի համար կենսական կապուղիների հարցում՝ մատուցելով դա «անկլավներ» անվան տակ։

Հիմա նույնը արվում է Տավուշի հարցում, նույն սուտ խոստումները, միջազգայինների վրա բարդելու մոլուցքը, մինչդեռ պարզ մեխանիզմն է գործում՝ Ալիևն ասում է, Փաշինյանը անում է։ Անում է դա ամենաստոր ձևով՝ սկզբում սպառնալով պատերազմով, հետո խոստանալով խաղաղություն ու առևտուր։

Ի՞նչ առևտուր։ Երասխում անգամ գործարան չկարողացաք կառուցել, հիմա առևտրից եք խոսում, մինչդեռ իրականում խորացնում եք Հայաստանի շրջափակումը՝ նաև Ադրբեջանի վերահսկողությանը փորձելով զիջել ՀՀ-ն Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհները։

Նաև ասեմ, որ այս տարվա հունվարին Ալիևը շատ անկեղծորեն ասել էր քայլերի հաջորդականությունը. սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո՝ անկլավայինը, հետո արդեն ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ։ Սա Հայաստանի օկուպացիայի ու Հայաստանը խեղդելու ծրագիր է։ Տավուշից ոչ մի սահմանազատում էլ չի սկսվում, ոչ մեկն էլ սահմանազատման տրամաբանության շուրջ կոմպրոմիս ձեռք չի բերել, ոչ էլ քարտեզ կա ֆիքսված։ Տավուշից փորձում են սկսել Հայաստանի գլխին նոր էքզիստենցիալ վտանգներ բերելու գործընթացը։ Այդ ամենն արվում է «գյուղի տղա», «էդտեղի տղա» Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ»։

Նրա ստախոս լինելը արդեն վաղուց է ակնհայտ, իսկ եթե, այդքանով հանդերձ, մենք չենք կոնսոլիդացվում նրան հեռացնելու ու այս վտանգները կանխելու օրակարգով, ուրեմն, եկեք հետո ոչ մի միջազգայինի վրա մեղք չբարդենք: Իսկ այդ ամենի հետևանքները քաղելու է մեզանից յուրաքանչյուրը՝ 100-ապատիկ ավելի ծանր ու դաժան, քան ուզում ենք պատկերացնել:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ