Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Քաղաքակրթական ցիկլի կրկնություն

Քաղաքակրթական ցիկլի կրկնություն
06.09.2023 | 08:03

Սոցիալական կյանքում և միջպետական հարաբերություններում առավելագույն ազդեցիկության ձգտումը ուրիշների նկատմամբ՝ նրանց վրա առավելագույն գերիշխանություն հաստատելու և միաժամանակ առավելագույն հարստությունների տիրանալու տեսքով ու այս ամենի ծնած մրցակցությունը նշված նպատակներին հասնելու համար, եղել և մնում են մարդկության պատմության հիմնական շարժիչ ուժերը։

Մյուս կողմից էլ, մարդկության զարգացման տարբեր մակարդակներում իշխանությունը գրավելու ու ինչքան հնարավոր է այն երկար պահելու և հարստանալու հիմնախնդիրները տարբեր լուծումներ են պահանջել և ունեցել։

Մարդկության երկար ու ձիգ պատմության ընթացքում վերը նշված նպատակներին հասնելու համար կենտրոնական նշանակություն են ունեցել երեք հիմնական գործոններ, այն է՝ կրիտիկական ռեսուրսները, մարդկանց արտադրողականությունն ու այն ապահովող տեխնոլոգիաները, ինչպես նաև իշխանական հիերարխիան կազմակերպելու մեթոդները։

Կրիտիկական ռեսուրսները, տեխնոլոգիաներն ու մարդկանց ստեղծարար աշխատանքը ստեղծել են հարստություն, որի մի մասն ապահովել է ուժ ու հզորություն իշխանության կայունության համար, իսկ մյուս մասը՝ նոր տեխնոլոգիաների մշակման ու հարստության հետագա աճի համար։

Ուրիշ խոսքով, մարդկային քաղաքակրթության պատմությունը եղել է իշխանության ապահովման և հարստության գեներացման դինամիկ պարադիգմերի շղթա, որն ուղեկցվել է նաև մարդկանց բարեկեցության և իրավունքների աճով։

Աստիճանաբար մարդկանց ուղղագիծ ու բիրտ շահագործմանը փոխարինելու են եկել ավելի նուրբ մեթոդներ, որոնք նպաստել են մարդկանց արտադրողականության աճին, որը հնարավոր է միայն նոր տեխնոլոգիաները զարգացնելով ու մարդկանց գոնե մի մասին մղելով դեպի ստեղծագործական աշխատանք, որն էլ, իր հերթին, անհրաժեշտաբար ուղեկցվել է կրթական համակարգի բարեփոխումներով և մարդկանց իրավունքների աճով։

Մյուս կողմից, մարդկային քաղաքակրթության զարգացման ընթացքը պետք է դիտել որպես տարբեր լոկալ քաղաքակրթությունների հաջորդականություն և մեկը մյուսին փոխարինելու շղթայաձև պրոցես։

Ըստ որում, շատ հետաքրքիր է և որևէ լոկալ քաղաքակրթության զարգացման ներքին դինամիկան, որը մարդկանց բարեկեցության աճի և քաղաքակրթական հիմնարար հատկություններն ու պասիոնարությունը կորցնելու փոխկապակցված պրոցես է, և քաղաքակրթական հիմնական ֆունկցիաների ու տեխնոլոգիաների փոխանցումը հերթական պասիոնար հարևանին։

Եվ որևէ լոկալ քաղաքակրթական դինամիկան, և հզորության ու տեխնոլոգիաների փոխանցման մեխանիզմները նախկինից հաջորդին ունիվերսալ են։

Պասիոնար նախկինը իր գործունեության սկզբից սկսած բարեկեցության աճի հետ միասին աստիճանաբար կորցնում է իր պասիոնարությունը։

Ընկնող պասիոնարության և աճող բարեկեցության ինչ-որ արժեքների դեպքում նախկին լոկալ քաղաքակրթությունը հասնում իր հզորության պիկին, որից հետո այն սկսում է նվազել, քանի որ աճող բարեկեցությունը վճռական ու պայքարող մարդկանց աստիճանաբար դարձնում է հաճույքների հետևից վազող անկամ աննպատակների։

Հարևան պոտենցիալ պասիոնարն ու հզոր հաջորդը իր գործունեությունը սկսում է նախկին լոկալ քաղաքակրթության ստեղծած արժեքների աստիճանական յուրացումով, որը նպաստում է նրա հզորացմանն ու բարեկեցության աճին։

Ժամանակի ինչ-որ պահի նախկինի նվազող հզորությունը և հաջորդի աճող հզորությունը իրար հավասարվում են և ինչ-որ ժամանակահատված նրանց միջև ստեղծվում է ուժային հավասարակշռություն, որից հետո դոմինանտ ուժը դառնում է հաջորդը։

Հաջորդի հաջորդ ավելի նոր պասիոնարի ասպարեզ իջնելով քաղաքակրթական ցիկլը կրկնվում է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2634

Մեկնաբանություններ