Հունիսի 26-ին նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը բանակցել են տեսակապի ձևաչափով: Ելիսեյան պալատը նշել է, որ խոսակցությունը «խոր ու բովանդակալից էր»: Էմանուել Մակրոնն ընդգծել է իր հավատարմությունը «վստահության ու անվտանգության երկխոսությանը՝ սկսված 2019-ի օգոստոսին ՌԴ նախագահի Բրեգանսոն այցի ժամանակ»:
«Այդ երկխոսության արդիականությունը միայն մեծանում է համաշխարհային հավասարակշռության վերակառուցման արագացումից՝ կապված պանդեմիայի և եվրոպական ինքնիշխանության հաստատման հետ»՝ հաղորդել է Ելիսեյան պալատը: Փարիզը տեղեկացրել է՝ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը վստահեցրել են, որ պատրաստ են աշխատել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ 5 երկրների հանդիպման նախապատրաստման վրա: Նախագահները քննարկել են կոնֆլիկտները Լիբիայում, Սիրիայում ու Ուկրաինայում: Էմանուել Մակրոնը հայտարարել է կոնֆլիկտի կարգավորման «ճանապարհային քարտեզի» արագ իրականացման կարևորությունը, որ հավանություն է ստացել Նորմանդական քառյակի Փարիզում 2019-ի դեկտեմբերին հանդիպմանը: Վլադիմիր Պուտինի հետ խոսելով Լիբիայի իրավիճակի մասին՝ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել վերջ դնել «արտասահմանյան վտանգավոր միջամտությանը» և նշել է հակամարտող կողմերի երկխոսության վերսկսման կարևորությունը 5+5 ձևաչափով, նաև երկխոսությունը ՄԱԿ-ի հովանու ներքո: Սիրիայի վերաբերյալ Էմանուել Մակրոնը նշել է իր անհանգստությունը հումանիտար իրավիճակով, որ ավելի է վատացել պանդեմիայի պատճառով: Մակրոնը կարևորել է տրանսսահմանային մեխանիզմների պահպանումը ՄԱԿ-ի հովանու ներքո, որպեսզի պատասխան տրվի քաղաքացիական բնակչության շտապ կարիքներին: Ելիսեյան պալատը նշել է, որ նախագահները քննարկել են նաև առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության, մշակույթի հարցերում համագործակցության հնարավորությունները և «նշել են իրենց հավատարմությունը երկու երկրների քաղաքացիական հասարակությունների երկխոսությանը»: Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի խոսակցությունը կայացել է Մոսկվայի Մեշչանսկի դատարանում թատերական գործով դատավճռի կայացման օրը: Ելիսեյան պալատը նաև նշել է, որ Ռուսաստանում նացիզմի դեմ հաղթանակի հանդավոր միջոցառումներից հետո Էմանուել Մակրոնը ասել է, որ Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում այն զոհերին, որ ունեցել է սովետական ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 27 միլիոն մարդ՝ զինվորականներ ու խաղաղ բնակչություն: Նա նաև հարգանքի տուրք է մատուցում Արևելյան Եվրոպայի ժողովուրդներին, որ տառապել են այդ ծանր պատմական ժամանակներում: Նա Ֆրանսիայի աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Ռուսաստանին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում:
RFI
Հ.Գ. Կրեմլը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը Նովո Օգարյովոյից տեսակապով բանակցել է Ֆրանսիայի նախագահի հետ: Հիմնավոր քննարկվել է միջազգային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ընդհանուր կարծիք է հայտնվել, որ ռուս-ֆրանսիական գործընկերային փոխգործակցությունը պահանջված է արդիական համաշխարհային խնդիրների լուծման և գլոբալ սուր մարտահրավերների պատասխանների մեջ՝ ինչպես միջազգային ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունները, աշխարհի շատ ռեգիոններում կոնֆլիկտային ներուժի մեծացումը: Դատելով Կրեմլի հաղորդագրության անսովոր երկարությունից ու հանդիսավոր տոնից՝ Պուտինը գոհ է եղել Մակրոնի հետ խոսակցությունից և նրան հրավիրել է Մոսկվա «լիարժեք այցով»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ