Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Անուղղակի գործողությունների և «մեղմ ուժի» ռազմավարությունները

Անուղղակի գործողությունների և «մեղմ ուժի» ռազմավարությունները
06.10.2013 | 11:30

Անուղղակի գործողությունների և «մեղմ ուժի» ռազմավարությունները ներկայումս միջազգային ասպարեզում աշխարհաքաղաքական պայքարի առավել արդյունավետ միջոցներն են, որոնք օգտագործվում են առկա և հնարավոր հակառակորդ պետությունների թուլացման նպատակով։ Չնայած այդ ռազմավարությունների կիրառման հարուստ պատմությանը (անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը), «հետմոդեռնի դարաշրջանում» դրանք նոր բովանդակություն ստացան նախկին խորհրդային տարածությունում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում «գունավոր» և «գարնանային» հեղափոխությունների իրականացման ընթացքում։
«Անուղղակի գործողությունների ռազմավարություն» տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել անգլիացի հայտնի ռազմական տեսաբան ու պատմաբան Բեզիլ Հենրի Լիդել Հարտը։ Նրա մեկնաբանությամբ, անուղղակի գործողությունների ռազմավարության հայեցակարգը տարածվել է զինված հակամարտության ոլորտի վրա, որը նա համարում էր միջազգային հարցերի լուծման առավել արդյունավետ եղանակը։ Պատերազմի ընթացքում, նրա կարծիքով, հակառակորդի նկատմամբ արագ հաղթանակի հասնելու նպատակով անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել գլխավորապես թշնամական բանակի թիկունքի օբյեկտներին և հաղորդուղիներին զանգվածային հարվածներ հասցնելու վրա, այդ կերպ ոչնչացնելով նրա նյութական բազան և փոխադրական ենթակառուցվածքը։ Դա հակառակորդին զրկում է արդյունավետորեն կռվելու և տևական դիմադրություն ցուցաբերելու հնարավորությունից։ Ընդ որում, ի տարբերություն պրուսական սպա և զինվորական գրող Կառլ ֆոն Կլաուզևիցի, Լիդել Հարտը կարծում էր, որ պատերազմի գլխավոր նպատակը ոչ թե թշնամական պետության զինված ուժերի ու տնտեսական կարողության լիակատար ոչնչացումն է, այլ նրա կառավարող շրջանակների հարկադրումը` ընդունելու այնպիսի պայմաններ, որոնք լիովին համապատասխանեին ագրեսոր պետության քաղաքական, տնտեսական ու ռազմական շահերին։
Ինչ վերաբերում է «մեղմ ուժի» ռազմավարության ի հայտ գալու պատմությանը, ապա դրա հեղինակը եղել է ամերիկյան հայտնի քաղաքագետ և համակարգաբան Ջոզեֆ Նայը, որը քաղաքական փոխակերպման ենթակա երկրի քաղաքական կարգերի խարխլման համար քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, հոգեբանական և տեղեկատվական մեթոդների զինանոցի կիրառման միջոցով ընդլայնում էր անուղղակի գործողությունների ռազմավարության գործողության ոլորտը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ ներկայումս ամերիկյան քաղաքական բառապաշարում ի հայտ է եկել այդ ռազմավարության ևս մեկ, մոտ իմաստ ունեցող հոմանիշ` «խելամիտ ուժ» տերմինը։
Նախկին խորհրդային տարածությունում ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցած «գունավոր» և «եղանակային» հեղափոխությունները հետևանք էին Միացյալ Նահանգների մշակած «կառավարվող քաոս» (կամ այլ կերպ` «վերահսկվող անկայունություն») տեսության, որի հեղինակներն են Ջին Շարպը («Բռնապետությունից ժողովրդավարություն» գրքի հեղինակ) և Սթիվեն Մաննը («Քաոսի տեսությունն ու ռազմավարական միտքը» գրքի հեղինակ)։
Քաղաքական վարչակազմերի փոխման` «կառավարվող քաոսի» տեսության հիմքի վրա մշակված տեխնոլոգիան ունի հետևյալ հիմնական սկզբունքները.
. հարկ եղած պահին և որոշակի վայրերում քաղաքական այն ուժերի միավորում, որոնք հանդես են գալիս օրինական կառավարության դեմ,
. երկրի ղեկավարության վստահության խարխլում, որ ինքը հնարավորություն ունի կայունացնելու իրավիճակը և որ ուժային կառույցները հավատարիմ են իրեն,
. հասարակության լուսանցքային խավերում առկա բողոքի տրամադրությունների պաշտպանության և բորբոքման միջոցով երկրի իրադրությունն անկայունացնելու հետևողական աշխատանք, որի նպատակը պետք է լինի կասկածներ սերմանելը գործող քաղաքական վարչակազմի օրինականության նկատմամբ,
. իշխանափոխություն պահանջել ընտրությունների արդյունքների ¥հաճախ դրանց ընթացքի¤ վիճարկման, քաղաքացիական անհնազանդության գործողությունների, «վրանային ավանների», «զանգվածային երթերի» կազմակերպման միջոցով։
Անուղղակի գործողությունների, «մեղմ ուժի» և «կառավարվող քաոսի» ռազմավարություններին հակազդեցության տարբերակներն են.
. երկրի անվտանգությանն սպառնացող բացահայտ և քողարկված, արտաքին և ներքին վտանգների առնչությամբ զգոնության պահպանման ռազմավարությունը։ Հասարակությունը պետք է գիտակցի երկրին սպառնացող իրական և հնարավոր վտանգները և ժամանակին արձագանքի դրանց, քանի որ սպառնալիքներին հակահարված տալը ռեսուրսների համախմբման և համապատասխան միջոցների ձեռնարկման զգալի ժամանակ է պահանջում։ Այլ խոսքով, դա կարող է նշանակել ժողովրդի պաշտպանական գիտակցության առկայություն, որը պետք է ներառի հանրության ռազմական, գաղափարական, իմացական-վերլուծական, տեղեկատվական և կրոնադավանական բնագավառները։
Սակայն պաշտպանական գիտակցությունն ինքնաբերաբար չի ծնվում, դրա առաջացման համար պետք է հայտնի լինեն բացահայտ կամ քողարկված հակառակորդները։ Ռազմական սպառնալիքների առումով խնդիրը բավական պարզ է, թեև այդ հարցը ներկայումս խոր վերլուծական և սցենարային մշակում է պահանջում։ Բայց և վերոհիշյալ մյուս բնագավառներում էլ սպառնալիքներն ու մարտահրավերներն անհնար է տեսնել առանց տեղեկատվական պատերազմների տեխնոլոգիայի, քաղաքական տեխնոլոգիաների, «կառավարվող քաոսի» տեսության իմացության և ցանցային կառույցների գործունեության։ Պաշտպանվող կողմի համար իրավիճակը բարդանում է նրանով, որ հակառակորդը քողարկման նպատակով «հետաձգված սպառնալիքի» ռազմավարություն է կիրառում,
. հանրության գաղափարական և մշակութային ինքնության հենքի աղճատման ու ձևախեղման նպատակով արտաքին ու ներքին ուժերի փորձերի նկատմամբ պետական և սոցիալական հաստատությունների և հանրային գիտակցության դիմացկունության ապահովման ռազմավարությունը։ Այդ ռազմավարությունը ենթադրում է սեփական ցանցային կառույցների ստեղծում, որոնք կընդգրկեն տեղեկատվական (առաջին հերթին լրատվամիջոցներին է վերաբերում), կրոնադավանական և գաղափարախոսական ոլորտները, որոնց գործունեության վերահսկողությունը պետք է դրվի գործադիր իշխանության համապատասխան մարմինների վրա,
. ցանցային տեղեկատվական հակամարտության տեղեկատվական կառավարման ռազմավարությունը երկրում տիրող իրադրության մասին հավաստի տեղեկությունների լայն և օպերատիվ տարածումն է։ Այստեղ կարևորը կերպարների ու խորհրդանիշերի այլոց լեզվից իրադարձությունների մեկնաբանման քո լեզվին անցումն է` գաղափարական և մշակութային արժեքային աքսիոմների սեփական համակարգի շրջանակներում, ինչպես նաև խաղի քո կանոնները թելադրելու և սեփական տեղեկատվական դաշտի շրջանակներում իրադարձությունների մեկնաբանությունը իր ձեռքում պահելու ունակությունը,
. պետականության և ազգի մշակութային-կրոնադավանական ինքնության ոչնչացման ցանցային տեղեկատվական տեխնոլոգիաների վերլուծության ու դրանք մարդկանց գիտակցությանը հասցնելու ռազմավարությունը,
. ազգային գաղափարախոսության, ազգային գաղափարի ձևավորման, երկրի պետականության և ազգային շահերի ասպարեզում ձեռք բերած հաջողությունների հիման վրա բնակչության, պետական ծառայողների և ուժային կառույցների շրջանում սոցիալական լավատեսության թվացուցիչը անհրաժեշտ մակարդակի վրա պահելու ռազմավարությունը։
Սա հրատապ է դարձնում ՀՀ ազգային անվտանգության դոկտրինի մեջ մտցնելու ազգային շահերին ու ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների ու մարտահրավերների նույնականացմանը ցուցաբերվող մոտեցումները` դրանց ծագման վաղ փուլերում։ Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում, երբ միջազգային ասպարեզում պայքարի ծանրության կենտրոնը տեղափոխվում է տեղեկատվական-հաղորդակցական տարածություն, պետական հաստատություններից պահանջվում է միջազգային իրադրության զարգացման գործում առկա բացասական միտումները ժամանակին ի հայտ բերելու ունակություն` դրանք արդյունավետորեն չեզոքացնելու նպատակով։ Պետական համակարգում համապատասխան կազմակերպական կառուցվածքների և աշխարհաքաղաքական հակամարտության իրողություններին համարժեք ազգային անվտանգության ապահովման մշակված հայեցակարգերի բացակայությունը երկիրը դատապարտում է ինքնիշխանության կորստյան և որպես ինքնուրույն պետական կազմավորում նրա կործանման։

Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 16514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ