Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԻՆՉՈ՞Ւ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՆՎԱՃԱԾ ԴԱՐԵՀԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՉԱՊՍՏԱՄԲԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԴԵՄ

ԻՆՉՈ՞Ւ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՆՎԱՃԱԾ ԴԱՐԵՀԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՉԱՊՍՏԱՄԲԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԴԵՄ
22.12.2009 | 00:00

Նիկոլո ՄԱՔԻԱՎԵԼԻ

Դիտարկելով, թե ինչ դժվար է պահպանել իշխանությունը նվաճված պետությունում, զարմանալ կարելի է` ինչո՞ւ Ալեքսանդր Մեծի ամբողջ կայսրությունը, երբ նա ընդամենը մի քանի տարում նվաճեց Ասիան ու արագ մահացավ, հակառակ սպասումների ոչ միայն չտրոհվեց, այլև խաղաղ անցավ նրա ժառանգորդներին, որոնք կառավարման ընթացքում չունեցան այլ հոգսեր, բացի նրանցից, որ ստեղծում էին իրենց փառասիրությամբ: Միանձնյա կառավարվող բոլոր պետությունները, որ մնացել են մարդկանց հիշողության մեջ, բաժանվում են այնպիսիների, որտեղ տիրակալն իշխում է հպատակներով շրջապատված, որոնք նրա բարեհաճությամբ ու կամքով նշանակված են բարձր պաշտոնների և օգնում են նրան կառավարելու, և այնպիսիների, որտեղ տիրակալը կառավարում է բարոններով շրջապատված, որոնք իշխում են ոչ թե տիրակալի բարիկամեցողությամբ, այլ շնորհիվ իրենց տոհմի վաղեմության: Այդ բարոններն ունեն ժառանգված պետություններ ու հպատակներ, որոնք ճանաչում են նրանց իշխանությունը և բնական կապվածություն ունեն նրանց հետ: Այնտեղ, ուր տիրակալն իշխում է հպատակների միջոցով, մեծ իշխանություն ունի, քանի որ ամբողջ երկրում հպատակները գիտեն միայն մի տիրակալի, եթե ենթարկվում են նրա հպատակներին, միայն իբրև աստիճանավորների ու պաշտոնատար անձանց` նրանց նկատմամբ ոչ մի պարտավորվածություն չունենալով:
Կառավարման տարատեսակ ձևերի օրինակն են մեր օրերում թուրքական սուլթանը և ֆրանսիական թագավորը: Թուրքական միապետությունը ենթարկվում է մեկ տիրակալի, պետության մեջ բոլորը նրա ծառաներն են, երկիրը բաժանված է շրջանների` սանջակների, որտեղ սուլթանը նշանակում է իր տեղապահներին, որոնց փոխում ու տեղափոխում է, ինչպես ցանկանում է: Ֆրանսիայի թագավորը, հակառակը, շրջապատված է բազում տոհմիկ ազնվականներով, որոնց ընդունում ու սիրում են իրենց հպատակները, որոնք ունեն այնպիսի արտոնություններ, որոնցից նույնիսկ թագավորը չի կարող անպատիժ զրկել:
Եթե համեմատենք այս պետությունները, կտեսնենք, որ սուլթանի միապետությունը դժվար է նվաճել, բայց նվաճելուց հետո հեշտ է պահպանել, և հակառակը` Ֆրանսիայի պես պետությունը հայտնի իմաստով հեշտ է նվաճել, բայց պահպանել իշխանությունը չափազանց դժվար է: Սուլթանի պետությունը հեշտ չէ նվաճել, որովհետև նվաճողը չի կարող հույս ունենալ, որ իրեն կկանչի որևէ տեղական իշխան, կամ սուլթանի մերձավորների դավադրությունը կհեշտացնի իշխանությունը նվաճելը: Սուլթանի մերձավորները նրա ստրուկներն են և քանի որ ամեն ինչով պարտական են նրա ողորմածությանը, նրանց ավելի դժվար է կաշառել, բայց կաշառված ստրուկներից էլ շատ քիչ է օգուտը, քանի որ նշված պատճառներով նրանք չեն կարող իրենց հետևից տանել ժողովրդին: Հետևաբար, ով հարձակվում է սուլթանի վրա, պետք է հաշվի առնի, որ հանդիպելու է միակամ դիմադրության և ավելի շատ հենվի իր ուժերի, քան թե այլոց տարաձայնությունների վրա: Բայց եթե սուլթանը հաղթված է, և նրա զորքը գլխովին ջախջախված է, նվաճողը պիտի զգուշանա միայն սուլթանի արյունակից հարազատներից: Եթե նրանք էլ ոչնչացված են, կարելի է ոչ մեկից չվախենալ, քանի որ ուրիշ ոչ ոք չի կարող իր հետևից տանել հպատակներին: Եվ ինչպես մինչև հաղթանակը իմաստ չուներ հույս դնել ժողովրդի աջակցության վրա, այնպես էլ հաղթանակից հետո պետք չէ ժողովրդից զգուշանալ:
Այլ է վիճակը Ֆրանսիայի պես պետություններում։ Այնտեղ դժվար չէ թափանցել` բարոններից որևէ մեկի հետ դավադրելով. նրանց մեջ միշտ կգտնվեն դժգոհներ և փոփոխությունների ցանկություն ունեցողներ: Նրանք կարող են ապահովել նվաճողի մուտքը երկիր և հեշտացնել հաղթանակը: Բայց պահպանել այդպիսի երկիրը դժվար է, քանի որ վտանգի սպառնալիք կա և՛ նրանց կողմից, ովքեր քեզ օգնել են, և՛ նրանց կողմից, ում դու նվաճել ես: Այստեղ արդեն բավական չէ ոչնչացնել տիրակալի տոհմը, քանի որ միշտ կգտնվեն բարոններ, որոնք պատրաստ են գլխավորելու նոր դավադրությունը, և քանի որ ո՛չ բավարարել նրանց հավակնությունները, ո՛չ գլխատել նրանց դու չես կարող, առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք քեզ կիշխանազրկեն:
Դարեհի պետությունը նման է սուլթանի տերությանը, այդ պատճառով էլ Ալեքսանդրը պետք է կործաներ նրանց մի հարվածով` ջախջախելով Դարեհի զորքը բաց ճակատամարտում: Բայց այդպիսի հաղթանակից ու Դարեհի զոհվելուց հետո նա կարող էր չզգուշանալ իր իշխանության հաստատունության համար: Եվ նրա ժառանգորդները կարող էին իշխել խնդիրներ չունենալով, եթե փոխադարձ համաձայնության մեջ ապրեին, երբեք նրանց պետություններում չէին ծագի այլ խռովություններ, բացի նրանցից, որ սերմանում էին հենց իրենք:
Ֆրանսիայի պես կառուցվածք ունեցող պետություններում տիրակալը չի կարող այդքան հանգիստ կառավարել: Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, որտեղ կային մանրիկ իշխանիկներ, անընդհատ խռովություններ էին ծագում հռոմեացիների դեմ: Քանի դեռ հիշվում էր նախկին կառուցվածքը, Հռոմի իշխանությունը հաստատուն չէր, բայց ինչքան մոռացվում էր, հռոմեացիները, շնորհիվ իրենց հզորության ու պետականության երկարատևության, առավել հաստատուն էին դարձնում իրենց իշխանությունն այդ երկրներում: Երբ հռոմեացիները պատերազմում էին միմյանց դեմ, հակառակորդներից յուրաքանչյուրը պայքարի մեջ էր ներգրավում այն նահանգները, որտեղ ավելի խոր արմատներ ուներ: Եվ տեղացի բնակչությունը, ում վաղեմի տիրակալները ոչնչացված էին, հռոմեականից բացի, այլ իշխանություն չէր ընդունում: Եթե այս ամենը հաշվի առնենք, կհասկանանք` ինչո՞ւ Ալեքսանդրը հեշտությամբ պահպանեց ասիական տերությունը, մինչդեռ Պյուռոսից և շատ ուրիշներից վիթխարի ջանքեր էին պահանջվում` իրենց գրաված երկրները պահպանելու համար: Պատճառը հաղթողի մեծ կամ փոքր խիզախությունը չէ, այլ նվաճված պետության պետական կառուցվածքը:
(շարունակելի)
Թարգմանությունը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2933

Մեկնաբանություններ