Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ամեն ինչ կարող է վերջանալ բոլորի պարտությամբ

Ամեն ինչ կարող է վերջանալ բոլորի պարտությամբ
25.07.2024 | 14:25

Մարդկությունը, քանի գնում, այնքան ավելի ու ավելի մեծ դժվարությունների է հանդիպում մարդկանց կյանքը համեմատաբար խաղաղ հունի մեջ պահելու համար։

Պատմությունը ցույց է տալիս, որ նախկին ժամանակներում նման վիճակը ավելի ծանրանալով, միշտ վերածվել է պատերազմների, իրենց ավերածություններով ու մարդկային կորուստներով։

Եվ մարդկությանը որևէ անգամ պատերազմ սկսելիս չի կանգեցրել դրա հետ կապված կորուստների ահռելիության հանգամանքը։

Ավելի շուտ մարդկանց կառավարել է հաղթելով մեծ շահ ունենալը, կամ էլ պարտվելու վախը և որևէ անգամ, որպես շատ կարևոր նկատառում, հաշվի չի առնվել մարդկային կորուստների հանգամանքը։

Մանավանդ, որ հին հերոսական ժամանակներից հետո, երբ Ալեքսանդր Մակեդոնացու նման քաջերն իրենք անձամբ էին մասնակցում կռիվներին՝ ռիսկի ենթարկելով իրենց իսկ կյանքը, ամեն ինչ փոխվել է։

Նոր ժամանակներում նման ռիսկերի դիմելը մնացել է անցյալում, քանի որ պատերազմների մասին որոշումներ կայացնող վերնախավերը շատ հեռու են կռիվներին անձամբ մասնակցելուց։

Եվ հաղթելու կամ պարտվելու հետ կապված նկատառումները շարունակում են մնալ շատ ավելի առջնահերթային քան մարդկային կորուստները՝ դրա վկան առաջին և երկրորդ աշխարհամարտերի և սառը պատերազմներին ուղեկցող պրոքսի պատերազմների ընթացքում ահռելի մարդկային կորուստները։

Բայց ատոմային զենքի հայտնագործումից հետո այս իմաստով ժամանակները կտրուկ փոխվեցին, քանի որ ատոմային պատերազմը հավասարապես կարող է ոչնչացնել և հասարակ մարդկանց, և վերնախավին։

Այս հանգամանքը բերեց նրան, որ ատոմային զենք ունեցող վերնախավերի համար ուղեցույց դարձավ փոխադարձ ոչնչացման վրա հիմնված վախը, մինչև որ Արևմուտքը հնար գտավ այլ ձևերով փլուզել Խորհրդային Միությունը։

Վերջին ժամանակների բոլոր մեծ ու փոքր պատերազմների ժամանակ հատկանշական է եղել այն հանգամանքը, որ որևէ անգամ հարցականի տակ չի դրվել Արևմուտքի հեգեմոն դիրքը։

Այդ իմաստով ներկայի աշխարհի մակարդակով հակամարտությունը աննախադեպ է վերջին 400-500 տարիների ընթացքում, քանի որ, առաջին անգամը լինելով, Արևմուտքի դերը հարցականի տակ է դրվում։

Սովորաբար պատերազմները շահերի ծայրահեղ բախման արդյունք են, կամ շահերի միջուկ հանդիսացող կապիտալների բախման արդյունք և այս իմաստով նախկին պատերազմները հիմնականում արևմտյան կապիտալի շահերի շրջանակներից դուրս չեն եկել։

Ներկայում, վերջին 25-30 տարիների ընթացքում աշխարհում կատարված փոփոխությունները, ուժերի ու կապիտալի տեղափոխումների ու վերաբաշխումների տեսքով, ստեղծել են բոլորովին նոր ու աննախադեպ իրավիճակ, երբ հակամարտության և գոյության պայքարի ծանրության կենտրոնը դուրս է Արևմուտքից և իրար հետ կռվի են դուրս եկել Արևելքն ու Արևմուտքը ու, ըստ էության, այդ պայքարը ավելի ու ավելի կֆոկուսանա արևմտյան ու ոչ արևմտյան կապիտալների միջև։

Բոլոր ծայրահեղ լարվածության հասած հակամարտությունների հատկանշական գիծն այն է, որ դրա բոլոր կողմերը գործում են իրենց հնարավորությունների վերին սահմանի մոտ, որտեղ մարդկանց վարքը ոչ գծային է ու պատահականություններով լի։

Դա նաև մարդկանց գործունեության այն ոլորտն է, որտեղ նրանց գործունեության հետ կապված դժվարությունները առավելագույնն են, որը և սխալների, ռիսկերի ու ձախողումների դաշտ է, բայց և որը հազվադեպ հանդիպող հաջողությունների ու հաղթանակների դաշտ է նաև։

Այս ֆոնի վրա ներկայի ատոմային պատերազմի մասին պրոպագանդան, որը մարդկանց զգոնությունը բթացնելու միտում ունի, լի է ծայրահեղ վտանգներով, քանի որ դրա հիմնական նպատակը հանգում է նրան, թե ով ում ավելի շատ կվախացնի ու նրան կստիպի առաջինը գնալ զիջումների։

Այսինքն, հակամարտության կողմերը խաղում են ծայրահեղ ռիսկերի ու հազվադեպ հաջողությունների դաշտում, որտեղ սխալվելու հավանականությունը շատ բարձր է և որտեղ ամեն ինչ կարող է վերջանալ բոլորի պարտությամբ։

Հիմա, այս իմաստով, մարդկության ճակատագիրը կարող են որոշել թյուրիմացության մեջ գտնվող որոշ մարդկային խմբեր, որոնց կթվա, թե հաընդհանուր կործանումը իրենց չի վերաբերում, բայց դա կլինի հնարավոր ամենամեծ սխալը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4148

Մեկնաբանություններ