Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Տառապանքով է ծնվում արվեստը, որովհետև արարողական աշխատանք է»

«Տառապանքով է ծնվում արվեստը, որովհետև արարողական աշխատանք է»
24.09.2022 | 10:59

ՀՀ նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված ծննդյան 70-ամյակին:


Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը բացման խոսքում նշեց, թե հատկապես այս օրերին շատ են անհրաժեշտ նման ցուցահանդեսները, քանի որ «արվեստի միջոցով արվեստասեր հասարակությունը կարողանում է կտրվել իրականությունից և տեղափոխվել մի դաշտ, որտեղ միայն սեր է և խաղաղություն»:
Սուրեն Սաֆարյանն ընդգծեց, որ «նվիրական է Իսաբեկյանի կատարած աշխատանքը, և անձնուրաց ներդրումը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կայացման և զարգացման գործում»:
ՀՆՄ նախագահը նշեց, որ նկարչի «ստեղծագործությունները զարդարում են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարաններ և մասնավոր հավաքածուներ՝ պատիվ բերելով մեր հայրենիքին»:


Ցուցահանդեսի համադրող Օսյա Քարամյանը նկատեց, որ դժվար է նման իրավիճակում կազմակերպել ցուցահանդես կամ միջոցառում, բայց սա կրկին անգամ փաստում է, որ մենք ուժեղ ենք, մենք չենք ընկճվելու և շարունակելու ենք ապրել ու ստեղծագործել:
Նա գնահատեց նաև Իսաբեկյան-ուսուցչի կերպարը, որպես մարդու, որը երկար տասնամյակներ սերունդներ է կրթել, թև ու թիկունք է եղել երիտասարդներին և նույն ոգևորությամբ, նույն ավյունով շարունակում է նաև այսօր:


Իր խոսքում Արամ Իսաբեկյանը նկատեց՝ ի հեճուկս ծանր իրականության, ստեղծագործողը շարունակում է արարել, քանի որ իսկական արվեստագետը չի կարող չստեղծագործել: «Կյանքը կարճ է, պետք է հասցնես ներկայանալ հանրությանը սեփական աշխատանքներով, որպեսզի հանրությունն էլ իմանա, որ ունի ստեղծագործողներ: Դրանցից մեկն էլ ես եմ,- փաստեց նա:-Ովքեր ինձ գիտեն, կվկայեն` առանց աշխատելու, հիմանականում առանց նկարելու իմ կյանքը չեմ պատկերացնում: Ամեն մի նկարը հաճելի է և տառապանքի արդյունք է: Տառապանքով է ծնվում արվեստը, որովհետև արարողական աշխատանք է»:
Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես 2022-ին, այնպես էլ վերջին երեք տարիներին ստեղծված աշխատանքներ:


Անժելա Վարդանյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 27377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ