«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արցախը մնալու է հայկակա՛ն, միավորվելու ենք, որ միասին հարատևենք

Արցախը մնալու է հայկակա՛ն, միավորվելու ենք, որ միասին հարատևենք
02.09.2023 | 20:52

«Երբ ծանր ու դժվար կլինի, հիշեք, որ կա Արցախը` իր հպարտ ու անընկճելի ժողովրդով»,-գրող , հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի այս խոսքերը հիշատակում եմ հաճախ ու ամեն առիթով։ Եվ այս խոսքերը նույնպես դառնալու են պատմական, դասագրքային ճշմարտություն սերունդների համար։

Պատմությունը մեկ առ մեկ արձանագրելու է, թե Արցախի անկախությունն ինչպես էր ծնունդ առել թշնամու սանձազերծած պատերազմի բովում և դարձել մեր` Հայոց նորագույն պատմության լուսավոր հանգրվանը, դարձել էր մեզ ու՛ժ ու կորով տվողը, որ պետական բարձր մակարդակով սկսեինք պայքարել մեր պահանջատիրության և պատմական արդարության համար։

Իմ սերունդը մեծացավ` տեսնելով միաժամանակ երկու հայկական պետականություն։ Այսպիսի անշեղ ընթացք կունենար մեր ուղին, եթե չլիներ պետությունը զավթած մանկուրտների իշխանությունը:

Պատերազմ։

Շրջափակում:

Արցախը շրջափակված է արդեն 267 օր...

Սեպտեմբերի 1-ին շրջափակված Արցախում դպրոց գնացին բազմաթիվ հայ երեխաներ։ Գնացին դպրոց` ոտքով անցնելով տասնյակ կիլոմետրեր, քանի որ չկա տրանսպրոտային որևէ միջոց։

Անգամ գոյաբանական պատերազմի և հումանիտար աղետի պայմաններում արցախցին նվիրված է իր վաղվա սերնդին կրթելու գործին:

Այսպես է մաքառում Արցախ աշխարհը` դիմադրելով իրեն ու համայն հայությանը աշխարհի նետած գոյաբանական ու քաղաքակրթական մարտահրավերին։

Պատմության մեջ այս օրը` Արցախի անկախության օրը` սեպտեմբերի 2-ը, ամենքս մեր գաղափարական դաշտում այսուհետև պիտի հռչակենք Հայրենատիրության օր։ Եվ այդ պայքարը սկսվել է դեռ շաբաթներ առաջ` Մերձավոր Արևելքի մեր համայնքներից` Իրան, Լիբանան, և այս պահին էլ շարունակվում է Սփյուռքի մեր մյուս համայնքներում` ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Կիպրոս...

Շարքն ամբողջական չէ, և դեռ ընդլայնվում է:

Սա Արցախը պահպանելու և նրա ապագա վերածննդի քարտեզն է։

Եվ առանց այն վերաազատագրելու և երբևէ Հայաստանին վերամիավորելու ազգային երազանքի ոչ մի ճանապարհ չունենք որպես ազգ։

Աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ այսօր բարձրանալու է մեր եղբայրների արյամբ սրբացած Արցախի դրոշը, բոլոր ժամանակների պատերազմների մեր հերոսների գաղափարների կողքին պետք է հիշենք նաև Արցախում անմահացած հերոս Արամայիս Ոսկանյանի այս խոսքերը.

-Մենք ոչ մի թիզ Հող չունենք թշնամուն տալու:

Արցախը մնալու՛ է հայկական։

Արցախի համար պայքարը մեր լինելիությունն է։

Սա պայքար է պատմության մեջ մեր երթը շարունակելու համար։

Միավորվելու ենք, որ միասին բարձրանանք ու հարատևենք:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ