38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ
13.01.2009 | 00:00

ԵՎրասիայի կենտրոնական տարածաշրջաններում Չինաստանի տպավորիչ հաջողությունները, գեոտնտեսական էքսպանսիայի առումով, գնալով ավելի են արժանանում ողջ աշխարհի ուշադրությանը։ Նկատի ունենալով, որ Կենտրոնական Ասիայում իրենց ազդեցությունն ուժեղացնելու ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փորձերը ոչ միշտ են ավարտին հասնում և բախվում են բազմաթիվ տնտեսական ու քաղաքական խոչընդոտների և սահմանափակումների, Չինաստանը, ընդհակառակը, հասնում է հաջողության։ Հատկապես նավթի ու գազի տարանցման առավել կարևոր նախագծերի իրականացման, ինչպես նաև գունավոր, սև, լեգիրացնող մետաղների, այլ հումքի ձեռքբերման ուղղությամբ, չխոսելով արդեն իր ապրանքներով սպառողական շուկաների տոտալ հեղեղման մասին։
Ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու այլ պետությունների, որոնք Կենտրոնական Ասիայում ներկայացված են հիմնականում մասնավոր ընկերությունների միջոցով, դիրքեր գրաված չինական ընկերությունները հիմնականում պետական են` կառավարման և որոշումների ընդունման համապատասխան մոտեցումներով։ Նրանք ունեն նպատակների և խնդիրների, մասնակի և գլոբալ շահութաբերության հստակ գիտակցում, ինչպես նաև լայն հեռանկարի ընկալում։ Կենտրոնական Ասիայի հումքային և էներգետիկ ռեսուրսները Չինաստանի համար շատ կողմերով այլընտրանք չունեն, ելնելով հատկապես տրանսպորտային հասանելիության, տնտեսական արդյունավետության, հարաբերականորեն ցածր ծախսատարության, ռեսուրսների մանևրային օգտագործման խնդիրներից։ Չինաստանը ցույց տվեց, որ առանց մրցակից պետություններին նայելու կարող է իրականացնել փայլուն մենեջերական աշխատանք Ղազախստանի, ՈՒզբեկստանի և Թուրքմենստանի նավթի ու գազի տարանցումը կազմակերպելու առումով։ Իսկ դրանք արդեն իսկ փոքր ծավալներ չեն և սա միայն սկիզբն է տարածաշրջանում չինական մարաթոնի։ Միանգամայն հնարավոր է, որ 10-15 տարի հետո կենտրոնասիական երկրները կսկսեն բավարարել Չինաստանի նավթի ու գազի պահանջարկի կեսը։ Չինաստանը դեռևս նոր է սկսել իր էքսպանսիան տարածաշրջանի սև և գունավոր մետալուրգիայի պաշարների յուրացման առումով, ընդ որում, ներառելով տարածաշրջանի բոլոր պետությունները` ներառյալ Աֆղանստանը։
Չինաստանը չի ձգտում ընդգծված արտահայտել իր աշխարհաքաղաքական հավակնությունները Կենտրոնական Եվրասիայում, սակայն բավական հետևողականորեն դիրքեր է ձևավորում` առայժմ չհավակնելով քաղաքական գործընթացների «դիրիժորի» դերին։ Ձևավորելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դաշինքը Ռուսաստանի ու կենտրոնասիական պետությունների հետ համատեղ, Չինաստանը դրանով իսկ տարածաշրջանում իր քաղաքական ու տնտեսական ներկայության համար «լեգիտիմություն» ապահովեց։ Առավել բնութագրական է այն, որ Չինաստանը բացառիկ կերպով կարողանում է համադրել իր գեոտնտեսական և աշխարհաքաղաքական շահերն ու ծրագրերը։ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, փորձելով իրացնել իրենց հավակնությունները, Մոսկվան` ՀԱՊԿ-ի, իսկ Վաշինգտոնը` Կենտրոնական Ասիայում մշտական բազավորման միջոցով, գործնականում անվտանգ պայմաններ ապահովեցին տնտեսական դաշտում հիմնական խաղացողի` Չինաստանի համար։ Անվտանգության ապահովման այդ ծառայությունը ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մատուցեցին Չինաստանին, որն էլ դրանից օգտվեց և այն դարձրեց նախապայման իր նախագծերի հաջող իրագործման համար։ Որովհետև Ռուսաստանը, ՇՀԿ-ում ընդգրկված լինելով, չի կարող ինչ-որ պահանջներ առաջադրել Չինաստանին նրա էքսպանսիայի առումով, իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես չունի այդպիսի պահանջներ ներկայացնելու առիթ։ Չինաստանը գործում է բավական ազատ, չկորցնելով ժամանակը և չվատնելով իր ռեսուրսները քաղաքականության մեջ մրցակցության վրա։
Անշուշտ, ԱՄՆ-ը չի կարող անտարբեր հետևել չինական էքսպանսիային և ավելի ու ավելի կորցնել իր դիրքերը տարածաշրջանում։ Գործնականում խճճվելով աֆղանական աղետի մեջ, ինչպես նաև ներքաշվելով հասունացող և ոչ պակաս սարսափելի աղետալի իրադրության մեջ Պակիստանում, ԱՄՆ-ն ավելի քան բարձր գին է վճարում անվտանգության ապահովման և ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, ընդ որում` Չինաստանի շահերից ելնելով։ Ամերիկացիների կողմից ռազմաօդային բազաների ստեղծումը Կենտրոնական Ասիայում, ներառյալ դրանց հզոր հետախուզական հնարավորությունները, այնուհանդերձ, այդպես էլ չստեղծեցին չինական էքսպանսիայի զսպման իրական սահմանափակումներ։ Չինացիները շարունակում են իրագործել իրենց ծրագրերը, հնարավորինս քիչ ուշադրություն դարձնելով այն խոչընդոտներին, որ հուսահատ փորձում են ստեղծել ամերիկացիները։
Չնայած այն հանգամանքին, որ առկա է լայն բանավեճ տարածաշրջանի բնական պաշարների շահագործման և դրանց առնչվող քաղաքական խնդիրների շուրջ, և այդ բանավեճն ամերիկացիները շարունակում են արդեն երկու տասնամյակ, ԱՄՆ-ն այդպես էլ չի դարձել իրական մրցակից Չինաստանի համար, ինչպես բնական պաշարների շահագործման, այնպես էլ քաղաքական ազդեցության առումով։ Եթե դիտարկենք ամերիկացիների, իսկ ավելի ճշգրիտ` ամերիկա-բրիտանական դիրքերը Սևծովյան-Կովկասյան-Կասպիական-Կենտրոնասիական լայն տարածաշրջանում, ապա ԱՄՆ-ը, անշուշտ, լիդեր է, իսկ Չինաստանը միայն նոր է սկսում իր գեոտնտեսական էքսպանսիան։ Սակայն, միևնույն ժամանակ, երկու կարևոր նավթամուղները` Թենգիզ-Նովոռոսիյսկ և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, ինչպես նաև որոշ այլ էներգակոմունիկացիաներ արդեն իսկ կորցրել են իրենց քաղաքական բովանդակությունը, ինչը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ չափով չէր վերահսկում դրանց մի մասը, ինչպես նաև փոխվել է Թուրքիայի դիրքորոշումը, որը փորձում է դուրս գալ ԱՄՆ-ի վերահսկողությունից։ Այս իմաստով ԱՄՆ-ի դիրքերը Կովկասյան-Կասպիական տարածաշրջանում նկատելիորեն թուլացել են, բայց այդ մասին առայժմ ընդունված չէ դատողություններ անել։
Չինացիները չհասան և չէին էլ կարող հասնել Կասպից ծովի արևմտյան ափի նավթի ու գազի պաշարներին։ Սակայն այստեղ էլ հեռանկարում հնարավոր են փոփոխություններ և սրբագրումներ, ելնելով այն իրողությունից, որ ԱՄՆ-ը կորցնում է հետաքրքրությունն էներգակիրների այդ աղբյուրների նկատմամբ։ ԱՄՆ-ը հայտնվել է բավական բարդ խաղարկային իրավիճակում, երբ նույնիսկ եվրոպացիներն են հանդես գալիս էներգետիկ հոսքերի կառավարման նախաձեռնություններով, և նրանց շահերը տարբեր են ամերիկյանից։ Այդ համատեքստում ԱՄՆ-ը կնախընտրեր ահռելի իրանական ռեսուրսներն ուղղորդել ոչ թե դեպի Արևմուտք, այլ Արևելք` դեպի Հնդկաստան և Պակիստան։ ԱՄՆ-ի նպատակն է թույլ չտալ, որ էներգակիրների իրանական ուղղությունը հայտնվի Ռուսաստանի վերահսկողության ներքո, որն էլ կկազմակերպի այդ ռեսուրսների տարանցումը դեպի Եվրոպա։ ԱՄՆ-ի համար անթույլատրելի է նաև «Նաբուկո» ծրագրի իրագործումը իրանական գազի պաշարների շահագործումով։ Սակայն դեպի Արևմուտք իրանական գազի արտահանման ցանկացած արգելակում բոլորովին էլ չի նշանակում, թե իրագործվում է Հնդկաստան-Պակիստան նախագիծը։ Ավելի շուտ այդ ռեսուրսները կտարանցվեն մեծ մասով դեպի Չինաստան` կենտրոնասիական գազատրանսպորտային համակարգի միջոցով։ ԱՄՆ-ը տանուլ է տալիս խորքային առումով և առայժմ ընդունակ չէ լրջորեն միջամտելու Չինաստանի ծրագրերին։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը զգալի չափով զգուշանում է կոպիտ միջամտությունից Չինաստանի շահերի ոլորտում և նախընտրում է բանավեճի «փափուկ» հնարքները։ Բացի այդ, ԱՄՆ-ին Չինաստանի հետ կապում են ֆինանսատնտեսական բնույթի անհամեմատ ավելի գլոբալ պրոբլեմներ, ինչը ենթադրում է նրա հետ հարաբերությունների կառուցման այլ հետևողականություն ու առաջնահերթություններ։ ԱՄՆ-ն առայժմ չունի բավարար մշակված երաշխավորություններ Չինաստանի նկատմամբ «նոր» քաղաքականություն նախաձեռնելու համար, նախկին մոտեցումները բազմիցս հանգեցրել են տապալման, և Չինաստանը շարունակել է հաջողությամբ պաշտպանել իր շահերն աշխարհում ու տարբեր տարածաշրջաններում։ ԱՄՆ-ը փորձում է ստեղծել Չինաստանի շուրջ անվտանգության լայն գոտի, ներառելով Հեռավոր Արևելքի ու Հարավարևելյան Ասիայի պետությունները, Հնդկաստանն ու Կենտրոնական Ասիան։ Այս դոկտրինն աստիճանաբար իրագործվում է, քանի որ այդ տարածաշրջանների պետությունները շահագրգռված են արտաքին աջակցությամբ` ընդդեմ Չինաստանի էքսպանսիայի ու դրանից բխող սպառնալիքների։ Սակայն միաժամանակ բոլոր այդ պետությունները, առանց բացառության, որդեգրել են հավասարակշռման քաղաքականությունը և նախընտրում են համագործակցել Չինաստանի հետ գեոտնտեսական ոլորտում` տրամադրելով նրան էներգակիրներ և այլ հումք։
Կենտրոնական Ասիայի պետությունները խիստ զգուշանում են Չինաստանից ու պատրաստ են բազմաթիվ զիջումների ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացող մրցակցային պայքարում` հանուն բնական պաշարների։ Դիտարկելով չինական էքսպանսիայի տեմպերն ու ուղղությունները Կենտրոնական Ասիայում, կարելի է կանխատեսել, թե ժամանակի ընթացքում ինչպիսին կլինի չինական ներկայությունն այդ տարածաշրջանում։ ԱՄՆ-ը, նավթից ու գազից բացի, շահագրգռված է նաև տարածաշրջանի ուրանի հանքերի միանձնյա շահագործմամբ։ Եվրոպական պետությունների շահերը տարածաշրջանում արտահայտված են ամենից առաջ սև և գունավոր մետաղների հումքի հասանելիությունն ապահովելու Գերմանիայի ձգտումներով։ Ռուսաստանի շահերն ավելի բազմաբնույթ են և առնչվում են բոլոր ոլորտներին, սակայն հազիվ թե Ռուսաստանն ընդունակ կլինի դառնալու լիդեր և ձևավորելու նոր գերակա դիրքեր կենտրոնասիական պետությունների տնտեսության մեջ։ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի նոր ձեռքբերումները հնարավոր են միայն ԱՄՆ-ի, Գերմանիայի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների լուրջ և երկարաժամկետ աջակցության պարագայում, ինչն առայժմ ֆանտաստիկա է և որևէ հիմնավորում չունի համաշխարհային ուժային կենտրոնների իրական շահերը հաշվի առնելով։ Համատեղ ռուս-գերմանական միջտարածաշրջանային նշանակության ընկերությունների ստեղծումը նույնպես սպասելի չէ տեսանելի հեռանկարում։ Չինաստանի կողմից նոր հնարավորությունների ձեռքբերումն այս տարածաշրջանում ոչ այլ ինչ է, եթե ոչ նախազգուշական ազդանշան առաջատար եվրոպական պետություններին, Ճապոնիային, Կորեային և Հնդկաստանին, որ «տեղն այլևս զբաղված է»։ Տարածաշրջանի կամ արևմտյան ոչ մի պետություն չի կարող հուսալ ԱՄՆ-ի աջակցությանը Կենտրոնական Ասիայում այս կամ այն ծրագրի իրագործման առումով։ Տրամաբանական կլիներ ենթադրել, որ ժամանակի ընթացքում ՇՀԿ-ին փոխարինելու կգա ռուս-ամերիկյան դաշինքը, որի խնդիրը կլիներ չինացիների դարաշրջանային երթի կասեցումը դեպի Արևմուտք` Կենտրոնական Եվրասիա։ Բայց դա հազիվ թե հավանական է, եթե նկատի ունենանք, որ ամերիկացիները դեռևս հույս ունեն բախում առաջացնելու մի կողմից` Չինաստանի և Ռուսաստանի, մյուս կողմից` Հնդկաստանի ու Չինաստանի միջև։ Այժմ հազիվ թե որևէ մեկը կասկածում է, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև այս պայքարում ժամանակն աշխատում է Չինաստանի օգտին։
Անկասկած է, որ Չինաստանը ձգտում է ներառել Կենտրոնական Ասիան իր առաջնային շահերի գոտում, առնվազն` էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարման ապահովման առումով։ Սակայն Չինաստանն այնքան ուժեղ չէ, որ առհասարակ հաշվի չնստի երկու հիմնական մրցակիցների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ինչպես նաև Հնդկաստանի հետ։ Անշուշտ, Չինաստանը կցանկանար ամրագրել այնպիսի իրավիճակ, որը կընդունվեր համաշխարհային ուժային կենտրոնների կողմից։ Օրինակ, Չինաստանը չի կարող հուսալ, թե Հարավարևելյան Ասիայում կհաստատվի իր գերակա ազդեցությունը։ Այդ տարածաշրջանում բազմամիլիոն բնակչություն ունեցող պետություններ կան, որոնք ունեն ուժեղ տնտեսական ու քաղաքական դիրքեր, կայացած զինված ուժեր, համագործակցում են ԱՄՆ-ի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական բնագավառներում։ Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության պակտը մոդեռնացվում է, վերակազմակերպվում, աշխարհում ձեռք բերում նոր հնչողություն, և դա պայմանավորված է հենց Չինաստանից բխող մարտահրավերներով։ Չինաստանը չի կարող իր ազդեցության գոտի դիտարկել նաև հինդուստանական ծագում ունեցող պետությունները։ Մանավանդ որ այդ երկրների հումքային հնարավորությունները խիստ կասկածելի են, նավթի ու գազի զգալի պաշարներ չկան կամ առհասարակ բացակայում են։ Գլոբալ առումով ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ ուժային կենտրոնների միջև պայքարը ծավալվում է Աֆրիկայի համար, որը հումքային ու ածխաջրածնային «կուսական» պաշարներ ունեցող վերջին մայրցամաքն է աշխարհում։ Այդ պայքարի ելքերը դեռևս պարզ չեն։ Չինաստանի համար դժվար է պայքար մղել մի մայրցամաքում, ուր նա չունի ավանդական քաղաքական և ռազմական «հենակետեր», քաղաքական աջակցություն։ Միևնույն ժամանակ Չինաստանի դիրքերն Աֆրիկայում կարող են առևտրի առարկա դառնալ ԱՄՆ-ի և այլ տերությունների հետ` Կենտրոնական Ասիայում ազդեցության հաստատման դիմաց։ Կան նախադրյալներ, որ Կենտրոնական Ասիան կարող է տրվել Չինաստանին, եթե վերջինս հրաժարվի այլ ուղղություններով հավակնություններից։ Չինաստանն արդեն զգացել է իր և ԱՄՆ-ի շահերի համապատասխանությունը Կենտրոնական Ասիայում, որն ամենից առաջ վերաբերում է ամերիկացիների կողմից Թուրքիայի էքսպանսիայի սահմանափակմանն այդ տարածաշրջանում։ Չինաստանը հրաշալի հասկանում է, որ ԱՄՆ-ի շահերը Թուրքիայի մասով շատ կողմերով համապատասխանում են իր և Ռուսաստանի շահերին։ ԱՄՆ-ը քիչ քաղաքական ու նյութական ռեսուրսներ չի ծախսել Կենտրոնական Ասիայում, և հասկանալի է, որ այդ տարածաշրջանն անհատույց չի զիջի Չինաստանին, այլ կցանկանա ձևավորել շատ լուրջ և երկարաժամկետ պայմանավորվածություն։ Այդ պայմանավորվածության մեջ Թուրքիան կունենա կարևոր դեր որպես իր քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում ընդդեմ Չինաստանի ակտիվացնելու ընդունակ երկիր, եթե հասունանա տարածաշրջանը Պեկինին հանձնելու ժամանակը։ Թուրքիան խիստ անցանկալի գործընկեր ու մրցակից է Կենտրոնական Ասիայում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի ու Չինաստանի համար։ Բացի այդ, ԱՄՆ-ի շահագրգռությունը տարածաշրջանը Չինաստանին հանձնելու առումով բացատրվում է նաև նրանով, որ ամերիկացիներին հիմա և ապագայում ավելի ձեռնտու է Չինաստանի, քան Ռուսաստանի գերակայությունը։ Թվում է, որ հենց Չինաստանն է հանդես գալիս իբրև ԱՄՆ-ի հակառակորդ աշխարհաքաղաքական և գեոտնտեսական առումով, սակայն Չինաստանի հետ միաժամանակ առևտուր անելու բան կա, իսկ Ռուսաստանի հետ` հազիվ թե։
Կենտրոնասիական պետությունների էլիտաները շատ լավ են պատկերացնում իրենց երկրների քաղաքական և սոցիալ-մշակութային ապագան։ Նրանք, անկասկած, կմնան էներգահումքային երկրներ` ուժեղ ավտորիտար ռեժիմներով, իսլամական ազդեցության մեծացման հնարավորությամբ։ Այս պետությունների էլիտաները չեն կարող իրենց թույլ տալ միակողմանի որոշումներ կամ միանշանակ կողմնորոշում։ Տարածաշրջանի պետությունների անվտանգության ապահովման կարևորագույն գործոնը շարունակում է մնալ քաղաքական և տնտեսական համագործակցությունն արտաքին աշխարհի հետ, երբ էներգիայի և հումքի աղբյուրները վերածվում են կայունության գործոնների, որոնցից կախված են հարևան հզոր պետությունները` Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը։ Առայժմ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հանդես են գալիս տարածաշրջանի պետությունների անվտանգության երաշխավորներ` Աֆղանստանից, Պակիստանից, տրանսազգային իսլամական արմատական կառույցներից, ինչպես նաև Չինաստանից բխող վտանգների առումով։ Բայց միևնույն ժամանակ հենց Չինաստանի հետ համագործակցությունը, գազի ու նավթի տարանցումը չինական ուղղությամբ վերածվեցին կարևորագույն կայունացնող գործոնի տարածաշրջանում։ Կենտրոնասիական պետությունների գեոտնտեսական ինտեգրացիան Չինաստանի հետ շուտով կդառնա նոր տնտեսական ու քաղաքական իրողություն, որի հետ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Հնդկաստանը չեն կարող հաշվի չնստել։ Էներգետիկ և հումքային ոլորտներից բացի, Չինաստանի դերը որոշիչ կարող է դառնալ տարածաշրջանի գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների օգտագործման, տարբեր կոմունիկացիաների շահագործման, թեթև ու սննդի արդյունաբերության ոլորտներում։ Չկա արդյունաբերության և կենսագործունեության որևէ ոլորտ Կենտրոնական Ասիայի երկրներում, ուր Չինաստանը չկարողանա ձեռք բերել գերակա դիրքեր։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4648

Մեկնաբանություններ