09.04.2023|
22:34
2020 թվականի կապիտուլյացիայից հետո ՀՀ ՔՊ-ական վարչախումբը որդեգրել է, այսպես կոչված, «խաղաղության» կեղծ օրակարգ, և, որպես ամենօրյա կանոն, խաղաղության հասնելու փոխարեն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից հայկական սուվերեն տարածքների բռնազավթում: Ընդ որում, գործընթացը անընդհատ է, գրավված տարածքներում թշնամին իրականացնում է ինժեներական պաշտպանության միջոցառումներ, որոնց ծավալն ու արագությունը փաստում են, որ դրանք անեքսիայի ենթարկվող տարածքներ են և երբևէ չեն էլ վերադարձվելու Հայաստանի Հանրապետության տիրապետությանը։ Ընդհանրապես, «»խաղաղության պայմանագիր բառակապակցությունը լսելիս, շատերն են հիշում նման մի գործընթաց, որը ծավալվեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև։ 1948 թվականից հետո Իսրայելի և արաբական պետությունների միջև ընթացել են չորս ռազմական բախումներ, որոնց ընթացքում հաջողությունը մշտապես ուղեկցել է հրեական կողմին։ 1973 թվականի պատերազմից հետո երկու կողմերի ղեկավարների և հանրությունների շրջանում ևավորվեց համոզմունք, որ ի վերջո կարելի է և պետք է բանակցությունների միջոցով փորձել հասնել հարաբերությունների կարգավորման։ Եգիպտոսի առաջնորդ Անվար Սադաթը, պատերազմում կրած հերթական պարտությունից հետո, հանգեց խաղաղ բանակցություններով Սինայի թերակղզու հետվերադարձի մտքին, միևնույն ժամանակ, Իսրայելում պարզորոշ գիտակցեցին, որ ժամանակի ընթացքում արաբական միացյալ ուժերը դառնում են ավելի հզոր և լավ զինված, որի արդյունքում հաջորդ անխուսափելի պատերազմի արդյունքը չէր լինելու Իսրայելի անվիճելի հաղթանակը։ Կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերեց ամերիկյան փայլուն դիվանագիտությունը, հատկապես՝ ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարտերը, որը, ըստ երևույթին, անձնական քաղաքական կամքի և կամային հատկությունների շնորհիվ, հարթեց երկու կողմերի առաջնորդների միջև առկա անձնական ատելությունն ու չեզոքացրեց գործընթացի շահագրգիռ այլ միջնորդների, մասնակիցների շահերով պայմանավորված հակասությունները։ Իրավիճակը բավականին ծանր էր, որովհետև Եգիպտոսը համարվում էր հակաիսրայելյան արաբական կոալիցիայի շարժիչ ուժը, եգիպտական բանակը ամենամարտունակն էր արաբական աշխարհում, ինչ-որ իմաստով Եգիպտոսը Պաղեստինի արաբ բնակչության շահերի հիմնական պաշտպանն ու երաշխավորն էր։ Համաարաբական շարժման խոշորագույն երկրի ղեկավարը կանգնեց լրջագույն խնդրի առջև. ըստ երևույթին, եթե հաղթանակած Իսրայելում վարչապետ Բեգինը ուներ հանրային զգալի աջակցություն՝ զիջումներ կատարելով խաղաղության հասնելու համար, պատկերն այլ էր պարտված Եգիպտոսում, որտեղ Սադաթը հայտնվել էր սուր քննադատության տակ և՛ երկրի ներսում, և՛ բարեկամ արաբ դաշնակիցների կողմից։ Ամերիկյան դիվանագիտությունը երկու կողմերին, կարելի է ասել, բերման ենթարկեց Քեմփ Դևիդ քաղաք՝ Ֆլորիդա նահանգում։ Բանակցությունները տևեցին երկու շաբաթ, որոնց ընթացքում քանիցս դրանք եղել են տապալման եզրին, և միայն ամերիկյան ծանրակշիռ միջամտությունը ապահովեց խաղաղության պայմանագրի կնքումը։ Բազմաթիվ անգամ Բեգինը և Սադաթը որոշել են դադարեցնել բանակցությունները, և միայն նախարար Քարթերի անձնական կոչերի արդյունքում դրանք կրկին շարունակվել են։ Լինելով գերազանց միջնորդ՝ Քարթերը անդադար փորձում էր գտնել ձևակերպումներ, լուծումներ, որպեսզի հաղթահարի կողմերի անհանգստությունն ու վախը և ճանապարհ հարթի համաձայնության կայացման համար։ Քեմփ Դևիդի համաձայնագրերը բաղկացած էին երկու առանձին համաձայնագրերից՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիր» և «Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղություն կնքելու շրջանակային համաձայնագիր»։ Երկրորդը հիմք հանդիսացավ 1979 թվականի մայիսին «Իսրայել֊-Եգիպտոս խաղաղության պայմանագրի» կնքման համար։