ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ԵՐԲ ԲԱՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՈՒՔ ԼԱՎ ԳԻՏԵՔ` ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵԼ»

«ԵՐԲ ԲԱՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՈՒՔ ԼԱՎ ԳԻՏԵՔ` ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵԼ»
20.10.2009 | 00:00

«Մենք չունենք մշտական բարեկամներ ու թշնամիներ, ունենք միայն մշտական շահեր»։ Անգլիացի հայտնի քաղաքական գործիչ լորդ Պալմերսթոնի այս հայտնի արտահայտությունն աշխարհի վերակառուցման ժամանակակից գործընթացներում դարձել է ոչ միայն միջազգային հարաբերությունների դաժան իրողություն, այլև սկսել է հանգեցնել նոր, անսպասելի հետևանքների։ Վերջին ժամանակներս գլոբալ քաղաքական գործընթացներում լուրջ ինտրիգի են վերածվել իսրայելա-թուրքական հարաբերությունները։
Առաջին ճեղքվածքն այս փոխհարաբերություններում ի հայտ եկավ Դավոսում` Թուրքիայի վարչապետի հայտնի ելույթում, երբ նա Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին անվանեց «ծեր ստախոս» և զայրացած արեց հետևյալ ճակատագրական արտահայտությունը. «Երբ բանը հասնում է սպանության, դուք լավ գիտեք` ինչպես սպանել»։ Այս հայտարարությունից հետո Էրդողանը հպարտ լքեց Դավոսի գագաթաժողովը։ Անցել է մի քանի ամիս, և այժմ, կարծես, ականատես ենք դառնում իսրայելա-թուրքական գործընկերային հարաբերությունները փլուզող գործընթացի երկրորդ արարին։ Հերթական սկանդալը ծնունդ առավ կիրակի օրը, երբ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարեցին, թե Անկարան չեղյալ է հայտարարել «Անատոլիական արծիվ» կոչված զորավարժությունների միջազգային մասնակցության փուլը, թեպետ նախատեսված էր ՆԱՏՕ-ի երկրների, ինչպես նաև իսրայելական ռազմաօդային ուժերի մասնակցությունը։ Թուրքական բացատրությունները բավական զգացական էին, հայտարարվեց, թե այն ինքնաթիռները, որոնք Իսրայելը կուղարկի զորավարժություններին մասնակցելու համար, ամենայն հավանականությամբ, մասնակցել են նաև Գազայի ռմբակոծությանը։ Անկարան միաժամանակ ընդգծեց, թե Իսրայելը նոր հարձակողական գործողություններ է նախապատրաստում ընդդեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման, իսկ դա ոչ միայն անընդունելի, այլև զզվելի է դարձել Թուրքիայի համար։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե արդեն ավանդական դարձած այդ զորավարժությունների հետաձգումը քաղաքական դրդապատճառներ չունի, դրանք, այնուհանդերձ, կիրականացվեն, սակայն առանց այլ երկրների մասնակցության։ Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն չթաքցրեց, որ զորավարժությունների հետ կապված ամբողջ պատմությունն առնչվում է Գազայում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությանը և հայտարարեց. «Մենք հուսով ենք, որ իրավիճակը Գազայում կբարելավվի ու կվերադառնա դիվանագիտության հուն։ Դա կարող է նոր մթնոլորտ ստեղծել թուրք-իսրայելական հարաբերություններում»։
Սակայն իրականում իրավիճակը գնալով ավելի է բարդանում, միաժամանակ հստակեցնելով այն, որ այս կոնֆլիկտը բոլորովին էլ պատահական չէ, ունի խորքային և հեռուն գնացող շարժառիթներ։ Եթե զորավարժությունների հետ կապված պատմությանն առնչվում է ընդամենն այդ որոշումը կայացրած թուրքական վերնախավի մի փոքրիկ հատվածը, ապա հասարակական գիտակցության մեջ որոշակի փոփոխություններ մտցնելու քաղաքականությունն այլ բան է հուշում։ Մասնավորապես, թուրքական ամենամեծ ժողովրդականությունը վայելող հեռուստաալիքներից մեկով հեռարձակվեց «Բաժանում» 6-մասանոց հեռուստասերիալը, ուր առաջին հայացքից անմեղ սիրային դրամա է, և գործողությունները տեղի են ունենում Պաղեստինում։ Սակայն հեռուստասերիալը նկարահանված է Իսրայելի իրականացրած «Ծանր արճիճ» հայտնի գործողությունը համապատասխան տեսանկյունից ներկայացնելու միտումով։ Իսրայելական ԶԼՄ-ները նշում են, որ Թուրքիայում մեծ ժողովրդականություն վայելող այս սերիալում իսրայելական բանակի զինվորները ներկայացված են իբրև արյունախում հրեշներ, ովքեր առանց որևէ պատճառի պարզապես գնդակահարում են անմեղ, խաղաղ բնակչությանը։ Համապատասխան արձագանքը չուշացավ, և Իսրայելի արտգործնախարարությունն իր բողոքը հայտնեց հեռուստասերիալի ցուցադրման առնչությամբ, Իսրայելում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվեց արտգործնախարարություն` բացատրություններ տալու, իսկ արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ. «Սա ամենակոպիտ սադրանքն է, որ իրականացվել է պետության հովանավորությամբ»։
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջին մահմեդական պետությունն է, որ ճանաչել է Իսրայելը դեռևս 1949-ին, և երկու երկրների «ռազմավարական գործընկերությունը» տասնամյակների պատմություն ունի։ Թուրքիայի հետ ունեցած լավ հարաբերությունները երկար տարիներ թուլացնում էին Իսրայելի մեկուսացվածությունը տարածաշրջանում, այդ երկրից Թուրքիա ժամանած զբոսաշրջիկներն Անթալիայում իրենց զգում էին ինչպես սեփական տանը, հաջողությամբ լուծվում էին Թուրքիայի կողմից Իսրայելին խմելու ջուր մատակարարելու խնդիրները, որոնք այնքան կարևոր են Թել Ավիվի համար։ Իր հերթին թուրքական բանակը միշտ նպաստում էր, որ կառավարությունն Իսրայելի հետ կնքի ռազմատեխնիկական համագործակցության գործարքներ, և այդ ավանդույթը շարունակվեց նույնիսկ Թուրքիայում իսլամիստների իշխանության գալուց հետո։ Դեռևս ոչ շատ վաղուց մի շարք իսրայելական ընկերություններ Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքեցին ռազմաօդային ուժերի համար նախատեսված հետախուզական համակարգերի, ինչպես նաև անօդաչու թռչող ապարատների մատակարարման վերաբերյալ` 141 մլն դոլարին համարժեք։ Իսրայելը Թուրքիայում իրականացնում է ավելի քան 1 մլրդ դոլարի խոշոր ծրագրեր, մասնավորապես թուրքական տանկային զորքերի և կործանիչ ավիացիայի արդիականացման ուղղությամբ։ ՈՒստի, բնական հարց է առաջանում, թե ի՞նչը դրդեց Անկարային` դիմելու այսպիսի քայլերի, և որքանով է զոհված պաղեստինցի երեխաների համար «ապրված ցավը» հանդիսանում հիմնական շարժառիթը պրագմատիկ թուրքական դիվանագիտության համար։
Եվ այստեղ է, որ անհնար է չարձանագրել այն ակնհայտ փաստը, որ Թուրքիան փոխվում է, և այդ փոփոխությունները խորքային ու ռազմավարական բնույթ ունեն։ Ավանդական էլիտաները Թուրքիայում կորցնում են իրենց ազդեցությունը, և բանակը, ինչպես երբևէ, այլևս չի վերահսկում ամբողջ պետությունը։ Արևի տակ իրենց տեղն են զբաղեցրել իսլամական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչները, ովքեր ցանկանում են և պատրաստ են այլ կերպ ներկայանալ աշխարհին։ Անշուշտ, այսքանով հանդերձ, արդիական են մնում Թուրքիայի` մնացյալ աշխարհի հետ ինտեգրվելու բոլոր երեք հիմնական վեկտորները` եվրոպականը, իսլամականը և բուն թուրքականը։ Երկրի քաղաքական էլիտան ու հասարակությունն այսօր փորձում են կողմնորոշվել, թե որ վեկտորն ապագայում Թուրքիայի համար ավելի հեռանկարային կդառնա։ Փորձագետների մեծամասնության կարծիքով, Թուրքիայում նկատելի է հոռետեսության անշեղ ու անդառնալի աճ այն առումով, որ երկիրը, ընդունելով աշխարհիկ պետություն կառուցելու սկզբունքները, բայց միաժամանակ ունենալով խոր կրոնական ավանդույթներ, երբեք չի դառնա Եվրամիության լիիրավ անդամ։ Այդ կապակցությամբ բանակցությունները ձգվում են արդեն մի քանի տարի` փոփոխական հաջողությամբ, սակայն Եվրամիությունում որոշիչ ձայն ունեցող պետությունները, մասնավորապես Ֆրանսիան ու Գերմանիան, շարունակում են համառորեն դեմ հանդես գալ Թուրքիայի ընդունմանը։ Ինչ վերաբերում է զարգացման «թուրքական վեկտորին», ապա պանթուրքիզմը, իր ողջ գրավչությամբ հանդերձ, շատ խորդուբորդ ճանապարհ է Թուրքիայի համար։ Այդ երևույթի շուրջ աշխարհում, այդ թվում և` իսլամական աշխարհում, խիստ բացասական վերաբերմունք կա ձևավորված։ Եվ չնայած «թրքական եղբայրության» մասին բարձրագոչ հայտարարություններին, ակնհայտ է, որ թուրքալեզու ժողովուրդներով բնակեցված երկրները միմյանց միջև ունեն հակասություններ, չունեն ինտեգրացիոն ընդհանուր ծրագրեր ու նպատակներ։ Թերևս նաև դրանով է պայմանավորված, որ Թուրքիան, միգուցե միայն արտաքուստ, այս դաշտում առաջնային դերակատարությունը փոխանցել է «կրտսեր» եղբայր-պետություններին։ Այս խորապատկերի վրա Թուրքիայում մեծանում են իսլամական ուղու կամ վեկտորի կողմնակիցների շարքերը։ Վերջին շրջանում Թուրքիայի կառավարող ու ինտելեկտուալ շրջանակներում չափազանց հաճախ են խոսում երկրի երբեմնի հզորության վերականգնման, ու նաև այն մասին, որ անհրաժեշտ է արտաքին քաղաքականությունը կենտրոնացնել մերձավորարևելյան տարածաշրջանի, Կովկասի, հարևան իսլամական պետությունների ուղղությամբ։ Կան կանխատեսումներ, որ գաղափարական հողի վրա տեղի է ունենում Անկարայի բավական արագ մերձեցումն Իրանի ու Սիրիայի կառավարող ռեժիմների հետ, Թուրքիան անթաքույց փորձում է իսլամական հողի վրա խաղ սկսել արաբական աշխարհում։ Հենց այս գործընթացի հետ էլ պետք է կապել «կտրուկ շարժումները» ընդդեմ Իսրայելի, պաղեստինյան հիմնախնդրի շահարկումը, ինչպես նաև Թուրքիայի վճռական «ոչ»-ը իրաքյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ին ռազմական տրանզիտ, օդանավակայաններ և հենակետեր տրամադրելու կապակցությամբ։ Այս ողջ գործընթացը հանգեցրել է միգուցե ոչ անհիմն եզրահանգումների, որ տարածաշրջանում ծանրակշիռ դերակատարություն ձեռք բերելուն զուգահեռ Անկարայի ձայնը գնալով ավելի անկախ նրբերանգներ է ստանում, և Թուրքիան իրեն ուժեղ է զգում այնքան, որ չի խուսափում անգամ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հակադրության մեջ մտնելուց, առաջին հայացքից միաժամանակ վտանգելով իր հարաբերություններն Արևմուտքի, հատկապես Եվրամիության հետ։
Դժվար է պնդել, թե սա միանշանակ իրողություն է, և Թուրքիան չի գործում լավ պլանավորված խաղի շրջանակներում, որի նպատակն Իրանի ու Սաուդյան Արաբիայի գերակա դերն իսլամական աշխարհում նվազեցնելն է։ Թերևս իսլամական արժեքներին սերտ կապվածություն ունեցող թուրքական կառավարությունը փորձում է օգտակարն ու հաճելին համատեղել։ Այսինքն` իր վրա վերցնել մահմեդականների գլխավոր ներկայացուցչի դերը, բայց, միաժամանակ, պահպանել դաշինքն Արևմուտքի հետ։ Ավելին, չի բացառվում, որ այս մոտեցումը թույլ կտա Թուրքիային` ստանձնել «եվրոպականացված իսլամի» առաջամարտիկի դերակատարություն, ինչն այս փուլում կարող է միանգամայն բավարարել Եվրոպային, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին։ Ընդ որում, վերջիններս Թուրքիայի այս բոլոր խաղերին վերաբերվում են շատ հանգիստ, թերևս, համարելով, որ գործընթացը վերահսկելի է և իրենց համար` անվտանգ։ Անշուշտ, Իսրայելի նկատմամբ քարոզչական հարձակումները, այս նույն տրամաբանությունից ելնելով, վերոնշյալ «երկկողմանի» քաղաքականության տհաճ, բայց պարտադիր հետևանքներն են։ Մանավանդ որ Թուրքիան ամեն դեպքում փորձում է հավասարակշռություն պահպանել, և, ասենք, հակաիսրայելական ելույթներից հետո ոստիկանությունը կարող է հանգիստ ձերբակալել 33 մարդու, որոնցից շատերը, իբր, կասկածվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի դեսպանությունների և երկրի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական բազաների նկատմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ։
Իհարկե, միաժամանակ ձուկ բռնելու և ոտքերը չթրջելու այս քաղաքականության իրագործումը բավական բարդ է և առաջիկայում ավելի դժվար է լինելու։ Մասնավորապես, իսրայելական ԶԼՄ-ներում Թուրքիայի վարչապետի հասցեին արդեն կարելի է կարդալ և այսպիսի տողեր. «Պարոն Էրդողան, ավելի լավ կլինի լռեք։ Եթե շարունակեք ձեր պնդումները, մենք էլ կարող ենք պատմել բոլոր այն ռազմական հանցագործությունների մասին, որոնք կատարել է Թուրքիան։ Եվ առայժմ բառ չենք ասել հայ ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ, որ իրագործեցին թուրքերը 100 տարի առաջ։ Մենք դեռևս խոսում ենք միայն վերջին տասնամյակների մասին»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ