Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Լուրեր

Լուրեր
18.07.2008 | 00:00

ՈՒրիշ ճար չկա
ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերող Արևմուտքի ազդեցիկ քաղաքական շրջանակները, իրազեկ աղբյուրների հավաստմամբ, առաջարկում են 2009-ի գարնանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այլ երկրի ներքին գործերին միջամտելու ենթատեքստ ունեցող այս «առաջարկը» արևմտյան քաղտեխնոլոգները հիմնավորում են այն իրողությամբ, որ Հայաստանի գործող խորհրդարանը չի արտացոլում ներքաղաքական ուժերի իրական պատկերը, քանզի նրանում մեծ թիվ են կազմում ինչպես խոշոր գործարարները, այնպես էլ կրիմինալ-օլիգարխիկ վերնախավի ներկայացուցիչները, ինչն էլ արգելակում է երկրում հիմնարար բարեփոխումների ընթացքը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհի առաջին քայլը, Արևմուտքի քաղաքական էլիտայի համոզմամբ, կարող է հայոց պառլամենտում ներկայացված միակ ընդդիմադիր ուժը՝ «Ժառանգությունն» անել՝ վայր դնելով պատգամավորական մանդատները, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի խորհրդարանական ճգնաժամի։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց այս խնդիրն էլ կարող է դառնալ իշխանություն-ընդդիմություն սպասվող երկխոսության առանցքը։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Վտանգավոր խաղեր
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը շատ կտրուկ հերքում է օրերս մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե իրեն ՀՀ վարչապետ չնշանակելու պատճառով սև կատու է անցել իր մեծահարուստ եղբոր՝ Սամվել Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև։ Այնուամենայնիվ, ՀՀԿ վերնախավին մոտ կանգնած մեր աղբյուրներից հաջողվեց ճշտել, որ եթե Ս. Կարապետյանի «մասով» տեղեկատվական արտահոսքը մի քիչ չափն անցել է, ապա Կ. Կարապետյանի «կտրվածքով» ինֆորմացիան շատ էլ հեռու չէ բուն ճշմարտությունից։ Բանն այն է, որ նրա ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում «թարսվել» են՝ նախագահի ականջին հասած այն լուրերից հետո, թե ՀՀԿ խմբակցության ղեկավարը ստվերային «խաղեր է տալիս» Ռ. Քոչարյանի հետ` ֆինանսավորելով կամ համաֆինանսավորելով «երրորդ ուժի» գաղափարը տարփողող որոշ ԶԼՄ-ների, գաղափար, որի հեղինակը կամ համահեղինակը Ռ. Քոչարյանն է։ Բացի այդ, նույն աղբյուրների փոխանցմամբ, արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀԿ վերնախավում լուրջ դժգոհություններ կան ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի աշխատանքից, քանի որ վերջինս դադարել է լիարժեքորեն վերահսկելի կուռ մարմին լինելուց, իսկ նրա ղեկավարն էլ, որպես հրապարակային քաղաքական գործիչ, ցանկալի ակտիվություն չի դրսևորում, փոխարենը բավականին հմտացել է ներհանրապետական ինտրիգների հրահրման մեջ։ Երկակի խաղ վարելու այս տեխնոլոգիան, եթե հավատանք շրջանառվող լուրերի իսկությանը, լուրջ սառնություն է մտցրել Սարգսյան-Կարապետյան հարաբերություններում՝ նույնիսկ կասկածի տակ դնելով վերջինիս՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոն ստանձնելու հեռանկարը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Մի խորհուրդ տվող էլ ավելացավ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Փիրումյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Մասնագիտությամբ ճարտարագետ-շինարար Փիրումյանը տարբեր տարիների եղել է շինարարության, ապա քաղաքաշինության նախարար, Շիրակի մարզպետ, Տնտեսական մրցակցության մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 2004 թ. «Կոնցեռն Մոնարխ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր: Ի դեպ, Փիրումյանն այս կարգավիճակում առաջին անգամը չէ. 2003-2004 թթ. նա դարձյալ նույն պաշտոնին էր: ՀՀ նախագահի մամուլի պատասխանատու Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեցինք, թե Փիրումյանը, լինելով նախագահի թվով արդեն 7-րդ խորհրդականը, ի՞նչ պարտականություններ է իրականացնելու և ո՞ր ոլորտներում: «Խորհրդականների պարտականություններն ու լիազորությունները բաշխում է ՀՀ նախագահը` ըստ հանձնարարականների, քանի որ այդ պաշտոնը հայեցողական է»,- նշեց նախագահի մամուլի պատասխանատուն: Հիշեցնենք, որ Փիրումյանից զատ Սերժ Սարգսյանին խորհուրդներ են տալիս Վահրամ Ներսիսյանցը (գլխավոր խորհրդական տնտեսական գծով), Վարդան Խաչատրյանը (ֆինանսների նախկին նախարար), Գառնիկ Իսագուլյանը, Միքայել Հարությունյանը (պաշտպանության նախկին նախարար), Անդրանիկ Մանուկյանը (կապի և տրանսպորտի նախկին նախարար), Մանուկ Թոփուզյանը (կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար): Առանձնահատուկն այն է, որ բոլոր խորհրդականները, բացառությամբ նորանշանակ Փիրումյանի, տարիներ շարունակ եղել են, այսպես ասած, իշխանական նոմենկլատուրայի մեջ։ Իսկ գուցե Փիրումյանի «ռեանիմացիան» ընդամենը ցատկահարթա՞կ է կարևոր մի նշանակումից առաջ։
Ռ. Խ.

«Բարեշրջումների» առաջին արդյունքը
Երեկ կառավարության հերթական նիստում կայացվեց երկու հետաքրքիր որոշում, որոնք թերևս բնորոշում են հայրենի իշխանության ձեռնարկած «բարեշրջումների» ընթացքը։ Եթե առաջին և միանգամայն տրամաբանական որոշմամբ 141 միլիոն դրամ հատկացվեց սփյուռքի հետ կապերի նորաստեղծ պետական կոմիտեի աշխատանքների կազմակերպման համար, ապա հընթացս 17 միլիոն էլ հատկացվեց կառավարությանը ծառայողական նոր մեքենաներով ապահովելու նպատակով։ Կարելի է կարծել, թե անցած տարիներին հայրենի բարձրաստիճան և միջին չինովնիկները հալումաշ են եղել, քանի որ երթևեկում էին «ԵրԱԶ» ավտոմեքենաներով, ինչը նրանց մեջ ուժգնացնում էր երբևէ նորմալ մեքենայի սրահում հայտնվելու՝ մանկության պայծառ երազանքը։ Մինչդեռ անցած տարիներին մամուլն ուղղակի հեղեղված էր լուսանկարներով և լուրերով, թե որ պետական պաշտոնյան բյուջետային միջոցների հաշվին ինչ ահռելի արժողության մեքենա է ձեռք բերել։ Որպես կանոն, գերմանական կամ ամենաէժանը՝ ճապոնական արտադրության։ Ինչպես տեսնում ենք, ավանդույթն այս երկրում անխախտելի հիմքեր ունի։
Ի դեպ, կառավարության նույն նիստում ևս 226 մլն դրամ հատկացվեց ԱԺ` դեռևս Արթուր Բաղդասարյանի օրոք սկսված նոր շենքի կառուցումն ավարտին հասցնելու համար։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Մենք՝ ներքոստորագրյալներս
Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Մենք` 1988-ից սկսած հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի ոչինչ չխնայածներս, ամենահոռետես կանխագուշակումներում անգամ չէինք կարող պատկերացնել, որ երբևէ մեր ընկերների հետ կհայտնվենք անկախ Հայաստանի բանտերում: Հանուն ինքնանպատակ իշխանության, հանուն թալանած ունեցվածքի պահպանման մի խումբ անպատասխանատու անհեռատեսներ վտանգում են Հայաստանի և Արցախի ապագան: Այս վտանգը կանխելու, իշխանությունն իրական տիրոջը` ժողովրդին վերադարձնելու համար մենք` նախկին քաղբանտարկյալներս, այսուհետ նույնպես պատրաստ ենք ցանկացած զոհողության: Ոչ ազատազրկումը, ոչ բանտերը և ոչ էլ անտրամաբանական պատժաչափերը չեն կարող կասեցնել մեր պայքարը կամ կասկածի տակ դնել հաղթանակի նկատմամբ ունեցած մեր հավատը»: Վերահաստատելով «ժողովրդի կամքին բռնանալով իշխանության զավթման» փաստը` հայտարարության հեղինակները փաստում են. «Մենք ավելի քան պատրաստ ենք ցանկացած զոհողության և որպես իրավիճակից լավագույն ելք, գտնում ենք, որ ժողովրդից իշխանությունը բռնի ուժով խլած Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա»: Հայտարարության տակ ստորագրել են Կարապետ Ռուբինյանը, Սուրեն Սուրենյանցը, Ավետիք Ներսիսյանը, Սամվել Գևորգյանը, Խաչիկ Գասպարյանը, Նորայր Նորիկյանը, Ժիրայր Սէֆիլյանը և ուրիշներ:
Ռ. Խ.

Քաղաքական թիվ մեկ սենսացիան
Երեկ արևմտյան և ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ ԱՄՆ-ը մտադիր է շուրջ 30 տարվա ընդհատումից հետո վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։ Այս սենսացիոն լուրն առաջինը տարածել է բրիտանական «Գարդիան» պարբերականը՝ հղում անելով Բուշի վարչակազմում գործող բարձրաստիճան անձանցից մեկի հայտարարությանը, որը, սակայն, չի ցանկացել հայտնել իր անունը։
1979 թվականից ԱՄՆ-ի շահերը Թեհրանում ներկայացված են Շվեյցարիայի դեսպանատան միջոցով։ Ըստ «Գարդիանի»՝ Վաշինգտոնը նախատեսում է, որ Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո ևս առժամանակ ամերիկյան դիվանագիտական կազմի ներկայացուցիչները կգործեն շվեյցարական դեսպանատան տարածքում։
Վ. Մ.

Չախմախչյանին՝ 9 տարի, Սմբատյանին՝ «на ковер»
Երեկ Մոսկվայի քաղաքային դատարաններից մեկը ՌԴ Կալմիկիայի հանրապետությունից նախկին սենատոր Լևոն Չախմախչյանին դատպարտեց 9 տարվա ազատազրկման՝ ամբողջությամբ հիմնավորված համարելով նրա մեղավորությունը։ Հիշեցնենք, որ Չախմախչյանը ձերբակալվել էր նախանցած տարի՝ կաշառակերության մեղադրանքով, այնուհետև ազատ արձակվել՝ չբացակայելու ստորագրություն տալուց հետո։ Երկար ժամանակ նա գտնվում էր հիվանդանոցում` սրտի անբավարարության ախտորոշմամբ, սակայն այդ հանգամանքը խոչընդոտ չի հանդիսացել նրա նկատմամբ կալանքը իբրև խափանման միջոց կրկին ընտրելու հարցում։ Այժմ, ըստ շրջանառվող լուրերի, Չախմախչյանը գտնվում է «Մատրոսսկայա տիշինա» նշանավոր մեկուսարանում։
Ի դեպ, Չախմախչյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի մերձավոր ռուսահայ գործիչներից մեկը, որի ազատման կապակցությամբ, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ նախկին նախագահը նույնիսկ դիմել էր Ռուսաստանի նախկին նախագահին։ Ակնհայտ է, որ բոլոր դիմումներն ավարտվել են անարդյունք։ Միաժամանակ, «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը հանդես է եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակով, ըստ որի Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «подставка» է արել Հայաստանը՝ կեղծ տեղեկանք վաճառելով Չախմախչյանին։ Վերջինիս կողմից ներկայացված բոլոր տեղեկանքները և բնութագրերը, բացառությամբ բնակության վայրից ներկայացվածի, դատախազությունը որակել է իբրև գնված։ Եվ այդ գնված տեղեկանքների մեջ է եղել նաև Մոսկվայում Հայաստանի դեսպանության կողմից Չախմախչյանին տրված դրական բնութագիրը։ «Հերթական անգամ Ռուսաստանի Դաշնությունն ամենաբարձր մակարդակով ապտակ է հասցնում Հայաստանին՝ նրան մեղադրելով հանցագործին կեղծ բնութագիր տալու մեջ։ ՈՒստի հաշվի առնելով վերոհիշյալը՝ Հայաստանի ինքնիշխան պետության երիտասարդներս մեր խոր մտահոգությունն ենք հայտնում այս փաստի կապակցությամբ և պահանջում ենք, որ Արմեն Սմբատյանը կանչվի Երևան՝ վերոնշյալ հանգամանքները պարզելու համար»,- ասված է «Հիմա» շարժման հայտարարության մեջ։
Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Պտույտ մը մարտի 1-ի հուշերուն մեջ
Կառավարության երեկվա նիստում պետգույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի առաջարկով որոշում է կայացվել Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակ տրամադրելու մասին: Էքսնախագահի «օթևանը» լինելու է Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկը, որն ունի 374,1 քառակուսի մետր տարածք և պատկանում է «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ին՝ մարտի 1-ի ողբերգությունը «վերապրած» տարածքում: Տասը տարի ժամկետով վարձակալած այս շենքը պետբյուջեի վրա «թանկ է նստելու»` յուրաքանչյուր տարի 2 մլն դրամ` պետական միջոցների հաշվին: Քոչարյանի կենցաղային «պետքերի» դիմաց (ավտոկայանատեղեր, կոմունալ հարմարություններ ու կոմունիկացիաներ` հոսանք, ջուր, գազ, հեռախոս, ինտերնետ և այլն) ևս պետբյուջեն է «մուծվելու»: Սակայն այս տարի Քոչարյանը ստիպված է «համեստ» կենցաղավարել, քանի որ տարածքի վարձակալման համար գումարի միայն կեսը` 1 մլն դրամն է տրամադրվելու: Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչների ներկայացրած առաջարկության համաձայն` գրասենյակային տարածքը կահավորելու նպատակով անհրաժեշտ է ևս 17661,4 հազար դրամ, որը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Հետաքրքիր է` իր գրասենյակի պատուհանից դիմացի այգուն նայելիս Քոչարյանը կվերհիշի՞ մարտի 1-ի սարսափները կամ առանց թիկնապահի գեթ «պտույտ մը» կանի՞ «կոմայգով»:
Ռ. Խ.

Сообразим на четверых
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը երեկ հայտարարել է, թե մտադիր է նախաձեռնել «Կովկասյան խորհրդարանական քառյակի» աշխատանքների վերսկսում։ Այդ ձևաչափով խորհրդարանական համագործակցությանը մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը։ «Հնարավոր է, որ ԱՊՀ միջխորհրդարանական գագաթնաժողովի գարնանային նստաշրջանում ես առաջ քաշեմ այս հարցը, քանի որ այդ հարաբերությունների համար այլընտրանքային տարբերակ չկա»,- նշել է Միրոնովը։ Նա վստահություն է հայտնել, որ ռուս-վրացական հարաբերությունների վերջին սրումն այդ կապակցությամբ նոր խոչընդոտներ չի հարուցի, իսկ անհամաձայնությունները կկարգավորվեն միջազգային իրավունքի շրջանակում։
Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թալանվել է Ռամլեի հայկական եկեղեցին
Ինչպես հաղորդում է Կրասնոդարի «Երկրամաս» հայկական թերթը, օրերս կողոպուտ է տեղի ունեցել Իսրայելի Ռամլե քաղաքում գտնվող հայկական եկեղեցում։ Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մաթևոսը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ եկեղեցուց գողացել են ծիսակատարության ժամանակ օգտագործվող թանկարժեք իրեր, սրբապատկեր և նկարներ։ Իսրայելական «7-րդ ալիք» լրատվական ծառայության հաղորդմամբ, ոստիկանությունը դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել։
Վ. Ս.

Հայ աշխատավորի հանգրվանը
Երեկ «Աշխատանքային միգրացիայի արդյունավետ կառավարում» սեմինարի ժամանակ Երևանում հայտարարվել է, որ Հայաստանից յուրաքանչյուր տարի արտագնա աշխատանքի է մեկնում 70 հազար մարդ։ Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ԵԱՀԿ կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ աշխատանքային միգրանտների 90 տոկոսը նախընտրում է մեկնել Ռուսաստան, իսկ այդ 90 տոկոսից 40 տոկոսը՝ կոնկրետ Մոսկվա։ Արտագնա աշխատանքի մեկնողների գործունեության հիմնական ոլորտը շինարարությունն է։
Ս. Վ.

Դիտվել է՝ 5044

Մեկնաբանություններ