ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ՁևԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԸ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԵՆՈՎ Է ԱՐԵԼ, ՀԱՄԱԼՐԵԼ Է «ԹԱՐՄ» ԴԵՄՔԵՐՈՎ»

«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ՁևԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԸ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԵՆՈՎ Է ԱՐԵԼ, ՀԱՄԱԼՐԵԼ Է «ԹԱՐՄ» ԴԵՄՔԵՐՈՎ»
06.11.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ն (թիվ 84, 2009) արդեն փաստել է, որ թիվ 10 ընտրատարածքի շուրջ «կրքերը սկսեցին բորբոքվել ճիշտ այն պահից, երբ հիշյալ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվելու իր մտադրությունը հայտնեց վերջին տարիներին քրեական հետախուզումից արտասահման փախած Էդուարդ Մադաթյանը, նույն ինքը` «Խուճուճ Էդոն»։
Խնդրին կրկին անդրադառնալու անհրաժեշտություն, թերևս, չլիներ, եթե «Առավոտին» (4 նոյեմբերի 2009) տված հարցազրույցում հայտնի «թաղային հեղինակությունը» լրագրողի` «Ի դեպ, այդ ընտրատարածքի (թիվ 10- Փ. Մ.) ևս մեկ հավակնորդ` Հմայակ Հովհաննիսյանը, հայտարարել է Նիկոլի հետ համագործակցելու պատրաստակամության մասին» հարցին ի պատասխան չբարձրաձայներ իր սրտի բաղձանքը. «Եթե Հմայակն այդքան տղամարդկություն ունի, եթե պատրաստ է համագործակցել` թող զիջի Նիկոլին»։ Որոշեցինք «զիջել-չզիջելու» նաև Էդուարդ Մադաթյանի շահագրգռության` իմա` Հմայակին մրցակից չունենալու հանգամանքները ճշտել հենց իրենից` Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ։

-Որպես քաղաքագետ, ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ թիվ 8 և թիվ 25 ընտրատարածքներում անցկացվելիք պատգամավորական լրացուցիչ ընտրություններում քաղաքացիները, ըստ էության, զրկվեցին ընտրության հնարավորությունից, քանզի այնտեղ այլընտրանքային թեկնածուները` մարքսիստ Դավիթ Հակոբյանը և նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, համերաշխությամբ ասպարեզը զիջեցին հանրահայտ օլիգարխների հովանավորյալներին։
-Իհարկե, երկրի համար (որը կուսակցությունների և կուսակցապետերի, առաջնորդների և առաջնորդիկների թվով կարող է հավակնել աշխարհում առաջին տեղին) այն, ինչ կատարվեց 8-րդ և 25-րդ ընտրատարածքներում, խայտառակություն է։ Դա հասարակ մարդկանց, մեր երկրի քաղաքացիների դեմ ուղղված դավադրություն էր, որին մասնակցեցին իրենց «քաղաքական» հորջորջող ներկայիս խմբավորումները` «կուսակցությունները»։ Դա դավաճանություն էր Մալաթիա-Սեբաստիայի ընտրողների նկատմամբ, քանզի նրանց ո՛չ միայն զրկեցին ընտրության հնարավորությունից, այլև «քաղաքական դաշտի» անունից վավերացրին Լֆիկ Սամոյի գերդաստանին մի ամբողջ համայնքի հպատակվելու անայլընտրանքայնությունը։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները շատ շուտով սեփական մաշկի վրա կզգան հայրենական «քաղաքական ուժերի» անունից իրենց նկատմամբ Սամվել Ալեքսանյանի «սյուզերենական իրավունքների» վավերացման տխուր հետևանքները։ Շուտով օլիգարխը նրանց ձեռքից կխլի վերջին բիզնեսները` ընդհուպ մինչև լուցկու և արևածաղկի սերմի մանրածախ վաճառքը, առաջարկելով սնվել Դավիթ Հակոբյանի և մյուսների ընդդիմադիր ճառերով։
Այն, որ Սամվել Ալեքսանյանը սեփական փեսային Մալաթիա-Սեբաստիայում պատգամավոր նշանակելու «իրավունք» ստացավ, որ ընդդիմությունը չհակադրվեց նմանատիպ նշանակմանը նաև արցախյան պատերազմի հերոս Սասուն Միքայելյանի ընտրատարածքում, որևէ արդարացում չունի։
«Ավգյան ախոռները» մաքրելու ընդդիմության խոստումներին մարդիկ կհավատային, եթե տեսնեին, որ այդ խոստումները միս ու արյուն են ստանում, որ ընդդիմությունը կռիվ է տալիս ախոռապանների դեմ յուրաքանչյուր գյուղում, ավանում, թաղում, համայնքում, քաղաքում, էլ չեմ խոսում ԱԺ ընտրությունների մասին։ Ինչպես գերմանացի մեծ գրողն ու մտածողն է գրել. «Միայն նա է արժանի վայելելու կյանքն ու ազատությունը, ով ամեն օր գնում է դրանց համար կռվի»։
-Փաստենք, որ Ձեր նշած «գերմանացի մեծ մտածողը» Գյոթեն է և շարունակենք. ի տարբերություն 8-րդ և 25-րդ ընտրատարածքների` թիվ 10-ում թեկնածուների պակաս առայժմ չկա։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ այն դեպքերում, երբ իշխանության թևերը գալիս են ընդհանուր հայտարարի, իմա` միասնաբար որոշում են պաշտպանել թեկուզ ամենաապաքաղաքական և հանրությանը բացարձակապես անհայտ մեկին, իրենց ընդդիմադիր հորջորջող հայրենական շատ կուսակցություններ գլխապատառ շտապում են «մտնել մկան ծակը»` օլիգարխիայի դրածոյին սկուտեղի վրա մատուցելով հերթական մանդատը։ Համաձայն չե՞ք, որ 10-րդ ընտրատարածքում առաջադրվածների առատությունը, ինչպես նաև Դավիթ Հակոբյանի «десантная переброска»-ն` թիվ 8-ից 10-րդ ընտրատարածք, պայմանավորված է նրանով, որ իշխանության հայտնի «թևերը» դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի, և իշխանությունը թիվ 10 ընտրատարածքում դեռևս թեկնածու չունի։
-Ես ծանոթ եմ Ձեր վերլուծությանը, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ո՞վ է կանգնած «Խուճուճ Էդոյի» առաջադրման հետևում» վերտառությամբ հրապարակվել է «Իրավունքը de facto»-ում։ Դուք ճշգրիտ բացահայտել եք թիվ 10 ընտրատարածքում պատգամավորական լրացուցիչ ընտրությունների շուրջ հունցվող խմորումների իմաստը և դրանց դիրիժորին, սակայն եկեք հիմա մի կողմ դնենք այն անհերքելի փաստը, որ հոկտեմբերի 17-ին Էդիկ Մադաթյանը մասնակցել է «դարի հարսանիքին» և ներկա է եղել Հովիկ Աբրահամյանի հրավերով։ Ի վերջո, եթե նույնիսկ չլիներ այդ փաստը, միևնույն է` հաստատ կարելի էր ասել, որ խորհրդարանական օլիգարխիայի կնքահայրը, իմա` Հովիկ Աբրահամյանը, պաշտպանելու է հենց «Խուճուճ Էդոյին»։ Այստեղ կարևոր է ոչ այնքան այդ ճշմարտության բարձրաձայնումը, որքան քաղաքական դաշտի «օլիգարխացման ու քրեականացման» մետաստազների ախտորոշումը։ Դրանք տարածվել են ամենուրեք, քանզի Հովիկ Աբրահամյանը վաղուց արդեն սեփական թակարդն է գցել ինչպես «կրուտոյ ընդդիմադիրների» իմիջով մի քանի հայտնի լրագրողների, այնպես էլ մի շարք «ընդդիմադիր» պատգամավորների։ Այդ գործում նա վաղուց տվել անցել է Աղվան Հովսեփյանին, ում տարիների ընթացքում ընդդիմադիր դաշտում ձևավորած գործակալական ցանցը Հովիկ Աբրահամյանը ոչ միայն հաջողությամբ իրենով է արել, այլև էապես ընդարձակել, համալրել է «թարմ դեմքերով»։
-Ձեր խոսքերը կարող են հնչել որպես «ձայն բարբառո հանապատի», եթե չհիմնավորեք կոնկրետ օրինակներով։
-Ասածիս ապացույցները գտնելու համար բավական է ուշադիր կարդալ մամուլը և հետևել թիվ 10 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների արդեն սկիզբ առած PR-ին. ինչպես «սպիտակ», այնպես էլ «սև»։ Ո՞վ և ինչպե՞ս է իրականացնում այդ PR-ը։ Օրինակ, «Առավոտ» օրաթերթի նոյեմբերի 4-ի համարում Էդիկ Մադաթյանը, օգտվելով լրագրողի «PR պասից»` «Ձեր քաղաքական ակտիվությունն ավարտվեց քրեական պատմությամբ», պատասխանում է. «Քաղաքականության մեջ եղել եմ և կամ, այդ բոլոր հետապնդումներն էլ դրա արդյունքն էին»։ Բայց դա դեռ հարցազրույցի ո՛չ թե «գոլն» է, այլ գոլին նախորդող խաբուսիկ ֆինտը։ Գոլը նրա հայտարարությունն է, թե իբր ինքը Նիկոլ Փաշինյանի նման և նրան հավասար քաղաքական հալածյալ է. «Ես Նիկոլի կարգավիճակում եղել եմ, գիտեմ` դա ինչ է»։ Ինչպես ռուսը կասեր` «приехали»!..
Բայց պարզվում է, որ ո՛չ` դա դեռ վերջը չէ։ Հետաքրքիր զուգադիպությամբ այդ նույն օրը` նոյեմբերի 4-ին, «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում, կարծես, ձայնակցելով «Խուճուճ Էդոյին», վերջինիս «քաղաքական գործիչ» է ճանաչում «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Քաղաքական դեռահասի միամտությամբ կարծելով, թե Էդիկ Մադաթյանի օգտին իրականացվող «նուրբ» PR-ի հետևում մարդիկ չեն նկատի Հովիկ Աբրահամյանի ցցված ականջները, Ստեփան Սաֆարյանը հայտարարում է, որ թիվ 10 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ինքը գիտի միայն Փաշինյանին ու Մադաթյանին, իսկ «մնացածին չի ճանաչում»։ Այո՛, իհարկե, Հովիկ Աբրահամյանի շկալայով, որով առաջնորդվում են ներկուսակցական ընտրությունները կեղծող և նույն Աբրահամյանին սեփական տեղերն ընտրահանձնաժողովներում վաճառող «Ժառանգության» պարագլուխները, «Խուճուճ Էդոյի» գաղափարական-քաղաքական զինանոցը շատ ավելի լուրջ է և ճանաչելի, քան, օրինակ, Դավիթ Հակոբյանի դավանած մարքսիզմը։
«Ժառանգության» դեղնակտուցներն այնքան են կախարդվել, որ չեն հասկանում. մարդիկ շատ հնարավոր է` հետաքրքրվեն. իսկ դուք որտեղի՞ց «պատիվ ունեք» ճանաչելու «Խուճուճին», եթե իշխանությունների «դաբրոյով» խորհրդարանում ձեր հայտնվելու ժամանակաշրջանում նա արդեն փախուստի մեջ էր։ Գուցե Հովիկ Աբրահամյանի և Մադաթյանի խնամի` Մհեր Սեդրակյանի միջոցով հեռակա կարգո՞վ են նրա հետ շփվել, գուցե համատեղ բիզնեսնե՞ր են աշխատեցնում կամ էլ հանձնաժողովների անդամների տեղերը ծախելու գործը միասի՞ն են «խոդի գցել»։ Ես չեմ զարմանա, եթե վաղը «ժառանգականները» հերքեն այս միանգամայն տրամաբանական վարկածները և իրենց խորհրդարանական խմբակցության ղեկավարի շուրթերով հայտարարեն, որ հենց «ճանաչված քաղաքական գործիչ» «Խուճուճ Էդոյի» օգնությամբ է մշակվել «Ժառանգության» ծրագիրը։
Իհարկե, «ժառանգականներն» արժանի են ոչ միայն Հովիկ Աբրահամյանի հովանավորությանը, այլ նաև Թալինում հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանի 2 տոկոսանոց արդյունքին։ Նրանք երկու տոկոսանոց խելք, բայց և Աբրահամյան Հովիկի ջանքերով առատորեն սնուցվող և շատ մեծ «տուրիստական» ստամոքսներ ունեն։
-Հոկտեմբերի 13-ին «Արցախ» ակումբում տված մամուլի ասուլիսում Դուք հայտարարել էիք, թե ընտրական օրենսգրքի խախտմամբ Հովիկ Աբրահամյանն արհեստականորեն ձգձգում է նախընտրական գործընթացը, և կասկած էիք հայտնել, թե դա արվում է ընտրությունների օրն ամանորյա տոներին մոտեցնելու նպատակով։ Ձեր կանխատեսումներն արդարացան. ընտրությունները նշանակվեցին հունվարի 10-ին` նոր և հին տոմարով ամանորների արանքում։ Ի՞նչ նոր բան կավելացնեք շուրջ մեկ ամիս առաջ Ձեր ասածին։
-Այո՛, քարոզարշավը, փաստորեն, անցնելու է ամանորյա տոնակատարությունների եռուզեռի մեջ։
-Հնարավո՞ր էր խուսափել առաջին հայացքից անմեղ թվացող այդ խախտումից։
-Իհարկե, կարելի էր խուսափել, եթե հայաստանյան ժամանակակից պլուտոկրատիայի կնքահայրը և համատեղության կարգով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չխախտեր լրացուցիչ պատգամավորական ընտրությունների անցկացման օրենքով սահմանված ժամկետները։ Խաչատուր Սուքիասյանի` մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը հրապարակվել է ԱԺ ընթացիկ նստաշրջանի առաջին օրը` սեպտեմբերի 15-ին։ Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե 15 օրից հրաժարականի մասին հայտարարությունը հետ չի վերցվում, այն մտնում է ուժի մեջ։ Օրենքով սահմանված կարգով այդ ժամկետը լրանում էր հոկտեմբերի մեկին, և այդ օրից սկսած ԱԺ նախագահը պարտավոր էր 5 օրվա ընթացքում տեղեկանք ուղարկել ԿԸՀ առ այն, որ տվյալ ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր է։ Արդեն հոկտեմբերի 5-ին, երկուշաբթի, ԿԸՀ-ն կարող էր նշանակել առաջադրման ժամկետը և ընտրությունների անցկացման օրը։ Հաշվի առնելով այն, որ գործընթացն արհեստականորեն ձգձգելու պատճառով առաջադրման ժամկետը նշանակվեց հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը, պետք է արձանագրել, որ եթե դա արվեր օրենքով նախատեսված ժամկետներում, ընտրությունները կնշանակվեին ոչ թե 2010 թվականի հունվարի 10-ին, այլ 20 օր առաջ` 2009-ի դեկտեմբերի 20-ին։ Այդ դեպքում ամանորյա տոնակատարությունները չէին խանգարի ընտրական քարոզարշավին, ինչը կնպաստեր քարոզարշավի լրջությանը, առավելություն կտար ոչ թե մականունավոր թեկնածուներին, ովքեր սովոր են հարցերը լուծել ընտրակաշառքների և կեղծարարության միջոցով, այլ քաղաքական դեմքերին։
-«Առավոտ» թերթին տված հարցազրույցում Էդուարդ Մադաթյանը Ձեզ հորդորում է հանել թեկնածությունը Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հետևելո՞ւ եք նրա խորհրդին։
-Մադաթյանը թող խորհուրդներ տա «Ժառանգության» պատգամավորներին, ում համար ինքը քաղաքական հեղինակություն է, իսկ ես մասնակցելու եմ քարոզարշավին, քանզի օրենքով սահմանված կարգով մինչև դեկտեմբերի 31-ն իրավունք ունեմ հանելու իմ թեկնածությունը։
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Մադաթյանն անթաքույց շահագրգռություն ցուցաբերում ընտրապայքարից ժամանակից շուտ Ձեր դուրս գալու հարցում։
-Եթե խոր մտածեք, այդ հարցի պատասխանն ինքնուրույն կգտնեք։
-Տպավորությունն այնպիսին է, որ Դուք հույս եք տածում, թե մեր երկրում օլիգարխիան, ի վերջո, կնահանջի։
-Չնայած Հովիկ Աբրահամյանի ակնհայտ նախագահական ամբիցիաներին, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նրան զիջել ո՛չ հանրապետության նախագահի, ո՛չ էլ ՀՀԿ նախագահի պաշտոնները։ Ինչպես 1999-ին ԱՄՆ-ի այն ժամանակվա փոխնախագահ Ալբերտ Գորը Վազգեն Սարգսյանի առջև դրեց հայաստանյան քրեածին պլուտոկրատիայի ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ` պահանջելով այդ ցուցակում ընդգրկված հայտնի մականունավոր դեմքերին անհապաղ պատասխանատվության կանչել և վնասազերծել, այնպես էլ մեր օրերում է հասունանում Հայաստանին նույնանման պահանջ ներկայացնելու պահը։ Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու իր «շախմատային հաշվարկն» անել` հանգելով այն եզրակացության, որ իր համար նպաստավոր է ո՛չ թե ձեռքերը ծալած սպասել պարտադրանքի, այլ սեփական նախաձեռնությամբ ընդառաջ գնալ հասունացած անհրաժեշտությանը։ Հայ-թուրքական հարաբերություններում «ֆուտբոլային դիվանագիտության» որդեգրումը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը հասունացած անհրաժեշտությունների ընկալման հարցում գերադասում է հանդես գալ նախաձեռնողի դերում։ Իմ անցկացրած զուգահեռը միանգամայն տրամաբանական է։ Ես համոզված եմ, որ օլիգարխիայի վնասազերծումը ժամանակի թելադրանք է և այլընտրանք չունի։ Ինչպես ժողովուրդն է ասում` «մկան վազքը մինչև կատվի մարագն է»։
Զրույցը` Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ