168.am-ը կապ է հաստատել ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ և փորձել պարզել՝ ի՞նչ է մտածում պատերազմի ելքի մասին, հետևանքների, և ինչ միջոցներ է նա ձեռնարկել Արցախ մեկնելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Գեներալը տեղեկացրեց, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի սկզբին, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել գալ Հայաստան, Արցախ և նրա կողքին լինել՝ իր մասնագիտական փորձով, Տոնոյանն ասել է՝ հաղթելու ենք, դրա կարիքը չկա:
Սեպտեմբերի 29-ին ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ դիմել է ՀՀ ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ, սակայն պատասխան չի ստացել: Միքայել Հարությունյանն իմանալով, որ Արցախում ռուսական արտադրության տեխնիկա կա, որը մասնագետների բացակայության պատճառով չեն կարողանում օգտագործել, առաջարկել է մասնագետներ ուղարկել, սակայն այս առաջարկը ևս մերժվել է: «Ռուսական տեխնիկա կար, որը չէին կարողանում օգտագործել, քանի որ մասնագետ չկար: Այդ մասնագետները մենք ունեինք, և ես ասացի՝ գիտեմ, որ այսպիսի խնդիրներ կան, ես պատրաստ եմ օգնել մասնագետներով, որ գան և՛ սովորեցնեն, և՛ այլ հարցերում օգտակար լինեն: Տոնոյանն ասաց՝ պետք չի, մենք ունենք ամեն ինչ, ամեն ինչի մասնագետներն էլ ունենք: Եվ այսպես խոսակցությունն ավարտվեց: Բայց գիտեմ, որ այդ տեխնիկան չի օգտագործվել՝ մասնագետներ չլինելու պատճառով», - նշեց ՊՆ նախկին նախարարը:
Գեներալ Հարությունյանը Դավիթ Տոնոյանին առաջարկել է նաև, քանի որ ՀՀ ղեկավարությունը հնարավորություն չի ստեղծում, որ գա Հայաստան, ինքը պատրաստ է ՌԴ-ում օգտակար լինել: