38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՊՆ առաջին կիսամյակի մարտական պատրաստության ծրագիրն ամբողջովին կատարված է

ՊՆ առաջին կիսամյակի մարտական պատրաստության ծրագիրն ամբողջովին կատարված է
01.08.2015 | 00:25

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 31-ին անցկացվել է 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլում զինված ուժերի մարտական պատրաստության և կարգապահական վիճակին առնչվող խնդիրներին և դրանց բարելավման ուղիներին նվիրված կոլեգիայի նիստ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկ տվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են նաև Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Բացելով կոլեգիայի նիստը և ներկայացնելով օրակարգը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ երկու կարևորագույն խնդիրների՝ մարտական պատրաստության և կարգապահության հենքի վրա է կազմավորվում անսասան և մարտական ոգու տեր հայրենիքի պաշտպանը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախարարը շեշտել է մարտական պատրաստության և կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքը հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանը նկատել է նաև, որ այն դրական դրսևորումները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում՝ պետք է լինեն ուղենիշ առաջիկա աշխատանքների ընթացքում, իսկ առկա որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հարկ է ձեռնարկել նպատակային քայլեր:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմայնանն իր զեկույցի շրջանակում հանգամանալից անդրադարձել է ԶՈւ մարտական պատրաստության վիճակին, ներկայացրել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատականն ու դրա հիման վրա արված վերլուծականը:
Ներկայացվել են նաև հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, դրական ձեռքբերումները և արձանագրված որոշակի բացթողումները: Զեկույցում նշվել է, որ ուսումնական կիսամյակի ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստւթյան բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները, արվել են կոնկրետ առաջարկներ առկա բացթողումները շտկելու և զինծառայողների շրջանում առավել նպատակաուղղված ուսուցում իրականացնելու ուղղությամբ:
Զինված ուժերի անձնակազմի կարգապահական խնդիրներին նվիրված զեկույցով հանդես է եկել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով անդրադարձել է 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված կարգապահական իրավիճակին և զինծառայողների շրջանում անցկացված դաստիարակչական աշխատանքներին:
Մովսես Հակոբյանը գոհունակությամբ փաստել է, որ փողոցային արատավոր բարքերի դեմ հետևողականորեն իրականացվող միասնական պայքարի արդյունքում զինված ուժերում արդեն իսկ առկա է կարգապահական խախտումների նվազման դրական միտում, կարևորել միասնական պայքարին շարունակական բնույթ հաղորդելու և պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից ուղենշված ցուցումներն ու հանձնարարականները կյանքի կոչելու անհրաժեշտությունը:
Կոլեգիայի նիստի ընթացքում հանդես են եկել մի շարք զորամասերի հրամանատարներ, ովքեր անդրադարձել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունների պլանավորմանը, կազմակերպմանն ու անցկացմանը, դրանց ընթացքում հրամանատարների և շտաբերի կողմից ենթակա ստորաբաժանումների փոխգործակցության ապահովմանը:
Զեկույցներում անդրադարձ է կատարվել նաև մարտական պատրաստության կազմակերպման գործընթացում առկա որոշակի հարցերին, դրանց լուծման ուղիներին, զորամասերի հրամանատարության և զինվորական իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությանը:
Ամփոփելով կոլեգիայի նիստը` Սեյրան Օհանյանը նշել է, որ 2015 թվականի առաջին կիսամյակի մարտական պատրաստության ծրագիրն ամբողջովին կատարված է: Պաշտպանության նախարարը նկատել է նաև, որ թե՛ մարտական պատրաստության և թե՛ կարգապահական առումով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է բավական լուրջ աշխատանք:
Մասնավորապես` վերհանվել են զորքերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող բացասական երևույթները, նախանշվել են զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման ուղիներն ու միջոցները, Միաժամանակ՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու, ժամանակակից բանակաշինությանը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու նպատակով կատարվել են վերադաս հրամանատարության կողմից տրված հանձնարարականները:

Դիտվել է՝ 2435

Մեկնաբանություններ