2015 թ. մայիսի 9-ին մենք մոլորակի բոլոր նորմալ երկրների նման կնշենք գերմանական ֆաշիզմի դեմ նախկին ԽՍՀՄ ժողովուրդների տարած Մեծ հաղթանակի հերթական, 70-րդ տարեդարձը։ Այնքան էլ էական չէ, թե նախկին խորհրդային տարածության նախկին միութենական հանրապետություններում, իսկ ներկայումս` անկախ պետություններում, շարունակո՞ւմ են, արդյոք, այն պատերազմն ընդունել որպես Մեծ հայրենական, թե՞ վերջնականորեն նրանում տեսնում են միայն Երկրորդ համաշխարհայինը, իսկ սեփական մասնակցությունը նրան` համարյա հարկադրական։ Կարևորն այլ բան է. այն իրադարձությունների մասին մարդկային հիշողությունը։ Հիշողությունը, որ մեծավ մասամբ ժամանակակից «պատմությունը սարքողներին» զսպել և զսպում է խորհրդային զինվորների ու նավաստիների հուշարձանների դեմ էստոնական իշխանությունների «պատերազմի» կամ նախընթաց տարիներին Քութայիսում «Զինական փառքի» հուշահամալիրի վերացման վերաբերյալ վրացական իշխանությունների որոշման տիպի ամոթալի գործողություններից, հիմա էլ իրենց հանրապետությունում «ուկրաինացի հայրենասերների» ծավալած «պատերազմը» սովետական ռազմիկների ու զորապետերի հուշարձանների դեմ։ Ցանկություն չունեմ խոսելու այն մասին, թե ինչպես էին այն պատերազմի մասնակիցների հիշատակը ոտնակոխ անում ՈՒկրաինայում, այդ հանրապետության առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ հրապարակայնորեն բացելով էսէսական պատժիչ զորքերի զինծառայողների հուշարձանները և «ՈՒկրաինայի հերոս» կոչում շնորհելով ֆաշիստական Գերմանիայի ուղղակի մեղսակիցներին, բայց, ավա՜ղ, սա իրողություն է։
Հայաստանը, ամբողջ հայ ժողովուրդը, ավանդաբար մեծ ցավով են վերաբերվել այն տարիների իրադարձություններին։ Բազում-բազմաթիվ անգամ է գրվել, թե մեր հայրենակիցները ինչ լայն մասնակցություն են ցուցաբերել Մեծ հայրենականին և որոշ օկուպացված եվրոպական երկրներում ծավալված պարտիզանական շարժմանը։ 1941-ի հունիսի 22-ից մինչև 1945-ի մայիս խորհրդային բանակ էր զորակոչվել ավելի քան 500 հազար հայ։ Պատերազմի տարիներին ստեղծվել էր վեց հայկական դիվիզիա։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան ծնունդ էր առել Խորհրդային Հայաստանի հետ և փառավոր մարտական ուղի անցել։ Նրա շարքերում է կոփում ստացել հայ զինվորական կադրերի մեծ մասը։ Այդ դիվիզիան պատերազմի առաջին իսկ օրերից գործող բանակի զորամիավորումներից մեկն էր։ Այն աչքի էր ընկել պաշտպանական մարտերում, և Ստալինգրադի ճակատամարտի ընթացքում գործած սխրանքների համար ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի հրամանով վերակազմավորվեց 51-րդ գվարդիական դիվիզիայի։ 89-րդ դիվիզիան կազմավորվել էր 1941-ին Երևանում։ Դիվիզիան ռազմաճակատ մեկնեց 1942-ի սեպտեմբերին և Կովկասի նախալեռներից մարտերով հասավ Բեռլին։ 390-րդ դիվիզիան ստեղծվել էր 1941-ի աշնանը` Անդրկովկասյան զինվորական օկրուգի կազմում։ 1942 թ. հունվարից մասնակցել էր Կերչի թերակղզու համար մղված մարտերին։ 409-րդ դիվիզիան ստեղծվել էր 1941-ի աշնանը և Թերեքի ափերից մարտերով հասել Դանուբ։ 408-րդ դիվիզիան, որ ստեղծվել էր 1942 թ. գարնանը, մասնակցել էր Կովկասի սևծովյան ափերին մղված ծանր մարտերին։ 261-րդ դիվիզիան կազմավորվել էր 1942 թ. ամռանը Հայաստանում։ Դիվիզիան թուրքական ներխուժումից պաշտպանում էր սովետական սահմանը և համալրում ուղարկում գործող բանակ։ Պատերազմի նախօրեին Հայաստանում ստեղծվել էին ռազմական ուսումնական հաստատություններ, մասնավորապես` հրետանային հատուկ դպրոց և ռազմաօդային ուժերի հատուկ դպրոց։ 1941 թ. հունիսի 29-ին Հայաստանի կոմկուսի կենտկոմի որոշմամբ հանրապետությունում ստեղծվել էին ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանության և թշնամու դիվերսանտների դեմ պայքարի կործանիչ գումարտակներ։ Գումարտակի կազմի մեջ կար 12 հազար մարդ, որոնցից ութ հազարը ուղարկվեց ռազմաճակատ, այդ թվում` 700 պարաշյուտիստ դեսանտայիններ։
Գերմանաֆաշիստական զավթիչների դեմ հայ մարտիկները կռվել սկսել են պատերազմի առաջին իսկ օրերից։ Մասնավորապես, Բրեստի ամրոցում և նրա մերձակայքում պատերազմի սկզբին ծառայում էր 200-ից ավելի հայազգի մարտիկ։ Մոտակայքում հերոսական մարտեր էր մղում գեներալ-մայոր Քրիստափոր Ալավերդյանի հրամանատարության ներքո գտնվող դիվիզիան։ Մոսկվայի պաշտպանության մասնակիցների շարքում հարկ է նշել հարավարևմտյան ռազմաճակատի հրետանու պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Բարսեղյանին և 33-րդ բանակի շտաբի պետ, գնդապետ Ստեփան Գինոսյանին, որը հետագայում ստացավ գեներալ-մայորի կոչում։ Լենինգրադի մարտերում աչքի ընկավ Բալթյան նավատորմի լեգենդար գրոհային օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը։ Սևաստոպոլի երկաթուղային գծերը թշնամուց պաշտպանում էր նաև «Ժելեզնյակ» զրահագնացքը, որի հրամանատարն էր Գուրգեն Սահակյանը։ Կերչի թերակղզու մարտերում աչքի ընկավ 390-րդ հայկական դիվիզիան։ 1942 թ. 89-րդ հայկական դիվիզիան պաշտպանում էր Կովկասը ֆաշիստական զորքերից, իսկ հետո, անցնելով հարձակման, մասնակցեց Թամանյան թերակղզու ազատագրմանը և ի պատիվ դրա ստացավ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիա անունը։ Թամանյան դիվիզիայի զինծառայող, սերժանտ Հունան Ավետիսյանը կրկնեց Ալեքսանդր Մատրոսովի սխրանքը, կրծքով փակելով թշնամու հրակնատը։ Այդ սխրանքի համար նրան հետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։
Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 51-րդ հայկական գվարդիական դիվիզիան, որը մարտերում ոչնչացրել է 8 հազարից ավելի հիտլերականների, հակառակորդի 340 տանկ։ Բացի այդ, 51-րդ դիվիզիայի մարտիկները զավթել էին 193 ինքնաթիռ, 91 տանկ, գերի վերցրել 5650 գերմանական զինվոր և 2 հիտլերյան գեներալ։ Ստալինգրադի ճակատամարտում ցուցաբերած հերոսության համար տասը հայ մարտիկներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, այդ թվում` լեգենդար օդաչու Սերգեյ Բուռնազյանը։ Բեռլինի գրավմանը մասնակցել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան` գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ։ Դիվիզիան Կովկասից հասավ Բեռլին` 7300 կմ, նրա 7000 սպաներ ու զինվորներ արժանացան կառավարական պարգևների։ Դիվիզիան ոչնչացրել է հակառակորդի 9 հազար զինվոր ու սպա, գերի է վերցրել 11 հազար հիտլերականի։ Բեռլինի գրավումից հետո հիտլերականների վերջին պատվարի` Ռայխստագի պատերի մոտ հայ մարտիկները` զենքը ձեռքներին, երգը շուրթերին, զուռնայի նվագակցությամբ պարեցին իրենց հաղթական «Քոչարին»։ Երևի այս տվյալները լրիվ բավարար են հասկանալու, թե ինչու են նույնիսկ հետխորհրդային Հայաստանում շարունակում Մեծ հայրենականն ընդունել որպես «սեփական» պատերազմ։
Ակամա հիշում ես 90-ականների սկիզբը Երևանում։ Հիմա հազիվ թե որևէ մեկը փորձի առարկել, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին մեզ, ըստ էության, փորձում էին արգելել նշել Մայիսի 9-ը, պարտադրելով «Արևմուտքում ընդունված» մայիսի 8-ը։ Իշխանությունները չէին ուզում այն պատերազմը համարել Մեծ հայրենական։ Եվ պատահականության կամոք արցախյան Շուշին բազմադարյա թուրքական օկուպացումից ազատագրվեց հենց մայիսի 9-ին, ինչը ստիպեց Երևանում սթափվել ու գիտակցել, որ անհնար է հայ ժողովրդի հավաքական հիշողությունից ջնջել Մայիսի 9 ամսաթիվը։ Այսօրվա նեոֆաշիստական ՈՒկրաինան տառապում է սեփական պատմության, սեփական ժողովրդի դեմ պայքարի է՛լ ավելի ծանր համախտանիշով։
Զուր չէ, որ մենք հիշատակեցինք այն հանգամանքը, որ այն տարիներին Հայաստանում կային զորամիավորումներ, որոնք խորհրդային հարավարևմտյան սահմանը պաշտպանում էին Թուրքիայից։ Այն ժամանակ ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ թուրքերը սպասում էին հենց Ստալինգրադի անկմանը, որպեսզի պատերազմի մեջ մտնեին Գերմանիայի կողմից։ Այնպես որ, արևելյան ճակատում գերմանական ցանկացած, անգամ տեղային պարտություն, գերմանական ֆաշիզմի ջախջախման գործին հայ զինվորների ցանկացած մասնակցություն ցանկացած շարքային հայի համար միաժամանակ նշանակում էր նաև փրկություն հայ ժողովրդի պատմության մեջ թուրքերի դերի հետ կապված նոր ողբերգությունից։ Ողջ են դեռևս այն մարդիկ, ովքեր հիշում են. Հայաստանում այն ժամանակ բոլորին պատրաստում էին, որ Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու դեպքում քաղաքներից ու գյուղերից հեռանան սարեր։ Ողջ են նաև նրանք, ովքեր հիշում են. 1945-ին խորհրդային բանակի հայկական դիվիզիաները կազմ ու պատրաստ սպասում էին հրամանի` ազատագրելու Կարսի մարզը։ Այլ բան է, որ այն ժամանակ էլ Հայկական հարցը զոհաբերվեց համաշխարհային աշխարհաքաղաքականությանը։
Հիշում եմ, որ մի անգամ ռուսական պատմագիտական հանրույթը ձեռնամուխ էր եղել այն վերլուծությանը, թե հիմա ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետություններում ինչպես են վերաբերվում այն ողբերգական օրերի ու տարիների հիշատակին։ ՈՒ պարզվեց, որ պատմության կեղծարարություն և հանրահայտ փաստերի տարբեր տեսակի կոնյունկտուրային ձեռնածությունների չեն դիմում միայն երեք երկրներում` Ռուսաստանում, Հայաստանում ու Բելառուսիայում։ Հնարավոր է, որ դա օրինաչափություն լինի, այստեղ ոչինչ չենք մեկնաբանի։ Բայց, երևի, դա էլ իր իմաստն ունի, եթե վերհիշելու լինենք ընդհանուր, Մեծ հաղթանակի զոհասեղանին այն պատերազմի տարիներին Ռուսաստանի, Հայաստանի ու Բելոռուսիայի ժողովուրդների մատուցած զոհերը։ Այնպես որ, հայ ազգի համար, հատկապես խորհրդային բանակ զորակոչված հայերի համար, այդ պատերազմը հենց հայրենական էր և ոչ թե սոսկ Երկրորդ համաշխարհային. գիտեին մեր հայրերն ու պապերը, թե ինչ սպառնալիք վերստին մեր գլխին կկախվեր, եթե իրենք չհաղթեն գերմանացիներին ու նրանց հանցակիցներին։ Գիտեին, որ ամեն գնով հարկավոր է թույլ չտալ թուրք-գերմանական ռազմական դաշինքի վերակենդանացում. 1915-20 թթ. հիշողությունները դեռ ծխում էին...
Ի դեպ, Մայիսի 9-ի ամսաթվի հանդեպ մեր արցախցի հայրենակիցների առանձնակի ակնածանքը ոչ միայն ադրբեջանական ուլտրաազգայնականների դեմ վերջին պատերազմում տրված զոհերի և այդ օրերի հիշատակի դրսևորում է, այլև հարգանքի տուրք իրենց նշանավորագույն հայրենակիցների հիշատակին, ովքեր Մեծ հայրենականի տարիներին փառաբանեցին սովետական զենքն ու հավաստեցին խորհրդային բանակի հրամկազմի բարձր մակարդակը։ Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ մարշալներ Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խուդյակովը (Խանփերյանցը), Ագանովը, ծովակալ Իսակովը, հերոս օդաչու Ստեփանյանը և շատ ու շատ ուրիշներ հենց արցախցի են։ Հատկանշական է, որ թվարկված հայ զորավարները ներկայացնում են խորհրդային զինված ուժերի բոլոր զորատեսակները։ Համեմատության համար ասեմ, որ ամբողջ Միջին Ասիան, ամբողջ Անդրկովկասը ոչ մի (բացի Բերիայից) մարտական մարշալ չեն տվել։ Միգուցե տեղին ու ժամանակին չէ ասելը, սակայն ինձ թվում է, որ մենք էլ իրավունք ունենք 1990-94 թթ. ազգային ազատագրական պատերազմը վերաորակավորելու որպես մե՛ր Մեծ հայրենական։ Թող մտածեն այս մասին Հայաստանի և Արցախի քաղաքական ու զինվորական գործիչները...
Հայաստանն ու հայերը Հայրենական մեծ պատերազմում մեծ կորուստներ կրեցին։ Երկուսից մեկը ռազմաճակատից չվերադարձավ։ Խորհրդային հայերի կորուստները կարելի է գնահատել` համեմատելով ամբողջ ամերիկյան բանակի կորուստների հետ։ Ավելի քան 300 հազար մարդ։ Բուն Հայաստանում պատերազմից առաջ ապրում էր մոտ 1,3 միլիոն մարդ, իսկ հանրապետության սահմաններից դուրս երկրում կար ավելի քան 1,5 միլիոն հայ։ Այս թվերը բավական են հասկանալու համար, թե մեր ժողովրդի գենոֆոնդի համար ինչ ծանր հարված դարձան Մեծ հայրենականում նրա կրած կորուստները։ Այստեղ ավելացնենք նաև դրանից ոչ շատ առաջ 1915-23 թթ. Թուրքիայում և Անդրկովկասում հայերի կրած ցեղասպանությունը։ Բայց մեր հայրենակիցների հերոսությունը հիրավի ծանրակշիռ ավանդ դարձավ ընդհանուր հաղթանակում։ Հայրենական պատերազմի ռազմաճակատներում ցուցաբերած խիզախության և արիության համար ավելի քան 70 հազար հայ ռազմիկներ պարգևատրվեցին մարտական շքանշաններով ու մեդալներով։ Տոկոսային առումով հայերը չորրորդ-հինգերորդ տեղն են գրավում ռուսներից, ուկրաինացիներից ու հրեաներից հետո։ 27 շարքային ռազմիկներ դարձան Փառքի շքանշանի լիակատար ասպետներ։ 104 մարդ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման։ Այս թվի մեջ տեղ չեն գտել Ռուբեն Եսայանն ու Սուրեն Թաշչյանը, ովքեր հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում ստացան արդեն ՌԴ նախագահ Բ. Ելցինի օրոք։ Հայերից երկուսին` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և լեգենդար օդաչու, բալթյան երկնքի հերոս, «Բալթիկայի մրրկահավ» Նելսոն Ստեփանյանին (բարձրագույն կոչմանն արժանացած 6 ծովային օդաչուներից միակ հայը) այդ կոչումը շնորհվել է երկու անգամ։ Ավելացնենք նաև, որ վերոհիշյալ հերոս հայերի ցուցակի մեջ տեղ չեն գտել Հայաստանից ելած այլ ազգությունների 7 ռազմիկները` ռուս Դուդկան, ՈՒդալցովը, Բոնդարևը, հույն Հաջիևը, քուրդ Սիաբանդովը, ասորի Սարխոշևը և ադրբեջանցի Մուստաֆաևը։
Այնպես որ, Մեծ հայրենականը հենց մե՛ր պատերազմն է եղել և մե՛ր հաղթանակը։ Հայերի պատերազմը իրենց ապագայի համար` զերծ նացիզմից և Կովկասի թուրքական օկուպացումից։ ՈՒստի և պետական մակարդակով Մայիսի 9-ի տոնակատարությունից հրաժարվելու մեր առանձին քաղաքական գործիչների փորձերը եղել են ոչ այլ ինչ, եթե ոչ սեփական ժողովրդի դեմ ուղղված գաղափարական դիվերսիա։ Միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի ու Հայաստանի միջև 1996 թվականին կնքվեց «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» Մեծ պայմանագիրը, դրությունը սկսեց փոխվել, և Մեծ հաղթանակի տոնին պաշտոնապես վերադարձվեց «ընդհանուրի, պետականի» կարգավիճակը։ Եվ այսօր ոչ ոք իրավունք չունի հակադրելու Շուշիի ազատագրման Մայիսի 9-ի օրը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի Մայիսի 9-ի օրվան։ Թող վիճեն խռպոտելու աստիճանի, բայց հայ ժողովրդի պատմության մեջ չէր լինի 1992-ի Մայիսի 9-ը, եթե եղած չլիներ 1945-ի Մայիսի 9-ը։ Եվ ուրեմն, շնորհավոր ձեր տոնը, հայեր, շնորհավոր 1945-ի մեծ տոնը, որը դարձավ 1992-ի մեր հաղթանակի գրավականը։ Եվ տա Աստված, որ մեր ազգին այլևս չվիճակվի անցնել այդպիսի պատերազմների միջով և ապրել պատերազմի օրերի դառնություններն ու զրկանքները։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ