38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մենք հիմա Բեռլինը նորից գրավելու կարիք չունենք

Մենք հիմա Բեռլինը նորից գրավելու կարիք չունենք
07.05.2015 | 15:53

Առավոտից Երևանի, գուցե նաև ոչ միայն Երևանի, երկինքը դղրդում է. ռազմական ինքնաթիռների ու ուղղաթիռների աղմուկից ոչ միայն թռչուններն են երկնքից հեռանում, այլև գետնի վրա միանում են ավտոմեքենաների ազդանշանային համակարգերը ու սկսվում է երկինք-երկիր կակաֆոնիան: Ինչո՞ւ: Պատերա՞զմ է սկսվել: Ի՞նչ գործ ունի ռազմական ավիացիան Երևանի երկնքում: Պարզվում է՝ ունի: Պատերազմ չի սկսվել: Ավիացիան ռուսական է, նախապատրաստվում են շքերթի: Նախ՝ ինչուշ՞ւ պիտի ռուսական զինուժը Երևանում շքերթ անի: Հետընթաց որոշումով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդամենը հայտարարեց, որ միջոցառումները համատեղ են: Ի՞նչն է համատեղ: Մարդկանց դիվադադար անե՞լը՝ քանի՞ սրտային ու նյարդային հիվանդ այդ պարբերաբար ականջ սղոցող աղմուկից շտապ օգնության դիմեց՝ չգիտեմ: Ո՞րն է անհրաժեշտությունը: Ռուսական զինուժի երևանյան ցուցադրությունը ո՞ւմ է պետք: Կա՞ն երաշխիքներ, որ տեխնիկան միայն երկինքն է պատառոտելու, իսկ եթե վթա՞ր եղավ: Խիտ բնակեցված մայրաքաղաքի վրա ռազմական ավիացիայի ուսումնավարժանքը ո՞ր օրենքով է արտոնված: Վերջապես՝ ո՞ւմ է ցուցադրվում: Հայերի՞ս, թե՞ հարևաններին: Հայերս արդեն անգիր գիտենք՝ երբ և ում վրա է ռուսական զենքը կրակում, հարևաններն էլ, կարծես, տեղեկացված են: Հիշեցման հիմքը ո՞րն է: Հայրենական մեծ պատերազմում, ընդհանրապես Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային բանակի ու խորհրդային ժողովրդի հաղթանակը անանց արժեք է, որ չի կարելի մանր կարկատանների վերածել ու քաղաքական ճեղքերը փակել: Մինչդեռ Մոսկվան այսօր հենց դրանով է զբաղված՝ հայտարարելով, սակայն, ճիշտ հակառակ նպատակները: Ռուսական լրատվամիջոցները առավոտից երեկո զբաղված են Արևմուտքը նորից զգետնելու սուրբ գործով՝ այս անգամ հաղթանակի գետնի վրա: Անգամ եղանակի տեսություն հաղորդելիս՝ պարտադիր ռեմարկ կա՝ պատմությունը չի կարելի վերախմբագրել, չի կարելի ռուսական դերը նվազեցնել: ՈՒ նույն քարոզչությունը Հայաստանում ծավալում են բոլոր կառույցներն ու հաստատությունները, որոնք ռուսական սնուցում ունեն: Լրագրողներն էլ լուսաբանում են: ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի աստղային պահն է՝ ուղերձներ է գրում, անձամբ ելույթներ է ունենում, որ ֆաշիզմը նորից հարձակվում է, Եվրոպան նորից լռում է: Խորհրդային ժողովուրդների հաղթանակը կասկածի տակ է առնվում, պատմություն է վերախմբագրվում: Լավ, բայց ո՞վ է կասկածի տակ առնում Հայաստանի մասնակցությունը Մեծ հայրենականին, ո՞վ է Հայաստանում ֆաշիստական լոզունգներ պարզում, ո՞վ է Հայաստանում կասկածում, որ իրոք Երկրորդ համաշխարհային պատերազմը այլ ընթացք կունենար ու համաշխարհային պատմությունն այլ ընթացք կունենար, եթե չլիներ խորհրդային ժողովրդի հաղթանակը: Ինչո՞ւ է Հայաստանը դարձել Ռուսաստան-Արևմուտք հակասությունների ու քարոզչական պատերազմի մարտադաշտ: Ինչո՞ւ են մեզ ևս հարկադրում տարատեսակ հայտարարություններ անել զուտ ռուսական քարոզչամեքենայի բանաձևումներով: Որովհետև ԵԱՏՄ անդա՞մ ենք: Ինչո՞ւ Բելառուսում չեն քարոզում: Ինչո՞ւ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսին իննին Մոսկվա չի գնում, բայց Լեհաստան է գնում՝ Երկրորդ համաշխարհայինում լեհերի մեծ ավանդը արժևորելու: Լեհաստանի, որ այսօր Արևմուտքն է մարմնավորում: Ինչո՞ւ Ղազախստանում շարքային քաղաքացիները բունտ են անում Գեորգիևյան ժապավենների դեմ՝ համարելով, որ դա իրենց ազգային արժանապատվությունը վիրավորում է, որովհետև մարմնավորում է Ռուսական կայսրությունը: Ռուս-ուկրաինական հակասությունների դիվանագիտական դաշտում Հայաստանի Հանրապետության անկախությունը ոտատակ տվեցինք քի՞չ էր, հիմա էլ Հայաստանը ռուսական քարոզչության փորձադաշտ պիտի դառնա: Որևէ մեկը Հայաստանում խորհրդային զինվորի սխրանքը կասկածի տակ չի առնում ու փորձ չի անում ստվերել, այդ զինվորը նաև հայ է եղել ու ազգային դիվիզիաներից միայն հայկական Թամանյան դիվիզիան է Բեռլին մտել: Բայց մենք հիմա Բեռլինը նորից գրավելու կարիք չունենք: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը այն արժեքը չէ, որ պիտի ծառայեցվի օրվա քաղաքականությանը, վերջապես եթե ոչ պետությանը, գոնե ժողովրդին պետք է թողնել սրբություններ, արժեքներ, հիշողություններ՝ չարատավորված, չքաղաքականացված, չվերախմբագրված:

Խնդի՞ր ունի Ռուսաստանը, թող լուծի նրանց հետ ու այնտեղ, որտեղ այդ խնդիրը կա: Հասկացանք ԵԱՏՄ, բայց տնտեսական միությունը չի նշանակում քարոզչական ագրեսիա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կրկնում եմ՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակը անիմաստ է վիճարկել՝ ով էլ փորձի: Խորհրդային զինվորի հաղթանակը քննարկման թեմա չէ: Բայց հենց նույն այդ հաղթանակի ու նույն այդ զինվորի դեմ են ուղղվում քարոզչական հնարանքները, որ օրվա քաղաքականության հարցերը փորձում են լուծել սպանված զինվորի արյունով: Անվայել է: Դիվանագիտությունն էլ պետք է արժեքներ ունենա: Պատմության վերախմբագրման դեմ կոչերը պետք է ուղղել այդ կոչերն անողներին ու նրանց դեմ է պետք պայքարել: Համենայն դեպս դա է արդյունքի հասնելու ճանապարհը:

Դիտվել է՝ 2382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ