Այսօր առավոտյան Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է անցած շաբաթավերջին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված 20-ամյա Սամվել Հակոբյանը։ Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով՝ բժիշկներն արեցին հնարավորը։ «Նրա վիճակը ի սկզբանե շատ ծանր էր, բայց և բժիշկներն անում էին հնարավորը, և բոլորս աղոթում էինք, որ հրաշք կատարվեր»,- ասել է նա։ Մարտի 19-ին վիրավորված մյուս երեք զինվորները շարունակում են բուժումը։ Մեկը դեռ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է, նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։