ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչո՞ւ է հայը երբեմն իրեն ավելի լավ զգում օտարների մեջ, քան սեփական հայրենիքում. Հարություն Խաչատրյան

Ինչո՞ւ է հայը երբեմն իրեն ավելի լավ զգում օտարների մեջ, քան սեփական հայրենիքում. Հարություն Խաչատրյան
10.01.2023 | 11:06

Իմ բոլոր ֆիլմերը հայի մասին են, հայի տեսակի՝ առանց գունազարդումների, ազգային սնապարծության երանգների, պաթոսի։ Այսինքն՝ իրական հայի մասին։

Ես տեսել եմ արտասահմանում ապրող հայերի, ովքեր եղեռնից մազապուրծ արևմտահայերի սերունդ են, նախնիներից անորոշ պատմություններ են լսել Էրգրի, ջարդի, իրենց ակունքների մասին, սակայն հայերեն խոսել անգամ չգիտեն, չգիտեն ո՞վ են իրենք, ի՞նչ են ուզում և ապրում են այդպես՝ ներկայի ու անցյալի սահմանագծում՝ անորոշ ու չիմաստավորված ապագայով։ Ես չէի կարող ֆիլմ չնկարել հայի այդ տեսակի մասին։ Ես փորձում եմ հասկանալ, թե որտեղի՞ց է ծնվում ինքնամերժումի չարիքը, ինչո՞ւ է հայը երբեմն իրեն ավելի լավ զգում օտարների մեջ, քան սեփական հայրենիքում։

Ես փորձում եմ հասկանալ մուրացկանների կյանքը, նրանց ապրումները, ուրախություններն ու տխրությունները։ Փորձում եմ պարզել, թե որտեղի՞ց է ծնվում անտարբերությունը մարդկային ցավի ու թշվառության հանդեպ։ Արվեստագետը նման է երկրախույզի, նա պեղում է ու չգիտի՝ ինչ է գտնելու, ինչ է բացվելու իր առաջ։ Ես չեմ ասում՝ ինչն է լավ, ինչն է վատ, առավել ևս՝ չեմ քննադատում։ Ես չեմ ասում՝ չի կարելի սպանել, ուզում եմ հասկանալ ինչո՞ւ է մարդը սպանում, ե՞րբ է սպանում, ինչպե՞ս է հասնում այդ հոգեվիճակին։ Եվ ցանկանում եմ, որ ուրիշներն էլ որոնեն այս հարցերի պատասխանները։ Երևի այդ դեպքում ավելի քիչ կսպանեն, ավելի քիչ մուրացկաններ կլինեն, կպակասի ցավը, թշվառությունը, տառապանքը... Մարդն ամեն տեղ նույնն է։ Նայելով իմ ֆիլմերը՝ հոլանդացին, շվեդը, պարսիկը գտնում են իրենց։

Նրանք ասում են՝ այդ ֆիլմն իմ մասին է։ Որովհետև մոլորակի ցանկացած մասում մարդը կարիք ունի ուշադրության, սիրո, կարեկցանքի։ Մոլորակի ցանկացած ծայրում կա ցավ, կորուստ, կարիք, զրկանք, որ ժամանակի թոհուբոհի մեջ մնում են անկարևոր ու աննկատ։ Մոլորակի ցանկացած ծայրում կան մերժված մարդիկ, լքված հոգիներ, երեխայի արցունք…Իմ կինոն բարձրացնում է հարցեր՝ առանց դեղատոմսեր, պատասխաններ պարտադրելու։ Պատասխանը պիտի գտնենք մենք՝ ամեն մեկս յուրովի։

Գայանե Պողոսյանի (Gayane Poghosyan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 16268

Մեկնաբանություններ